Համարը 
N 363
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.09.10/2(02)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.08.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.08.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
31.10.2021

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՍՊԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2005թ.

N 363

  ք.Ստեփանակերտ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՍՊԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնակչության պատսպարման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության վրա:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

23 օգոստոսի 2005թ.

թիվ 363 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Բնակչության պատսպարման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են բնակչության պատսպարման կազմակերպման հիմնական պահանջները, պաշտպանական կառույցների տեսակները և դրանց պահպանման ու շահագործման կարգը:

2. Արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում մարդկանց կյանքի և գործունեության ապահովման հիմնական միջոցն է:

3. Արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումն իրականացվում է հետևյալ պաշտպանական կառույցներում.

ա) ստորգետնյա հատուկ շինություններ, ապաստարաններ, թաքստոցներ (հակաճառագայթային, պարզագույն նկուղներ, կիսանկուղներ, խորացված տարածքներ, հանքախորշեր, ստորգետնյա անցումներ) .

բ) բնակելի ֆոնդի տարածքներ (առաջին հարկի տարածքներ` հարմարեցված որպես հակաճառագայթային թաքստոցներ, նկուղներ, կիսանկուղներ):

4. Բնակչության պատսպարման համալիր միջոցառումներն ընդգրկում են`

ա) պաշտպանական կառույցների վաղօրոք շինարարություն:

բ) պաշտպանական կառույցների պահպանումը պատրաստ վիճակում.

գ) պաշտպանական կառույցների նպատակային օգտագործման կազմակերպումը.

դ) արագ կառուցվող ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների շինարարության կազմակերպումն ու ապահովումը պատերազմի սպառնալիքի ժամանակ:

5. Պաշտպանական կառույցների համակարգը, որն ապաստարանների և թաքստոցների ամբողջություն է, կախված պաշտպանական կառույցների տեղակայման վայրից և նշանակությունից, ապահովում է բնակչության պատսպարումը`

ա) ապաստարաններում` Ստեփանակերտ քաղաքի և շրջկենտրոնների կենսագործունեությունն ապահովող և պատերազմի ժամանակ իրենց գործունեությունը շարունակող կազմակերպություններում աշխատողներին և ծառայողներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հատուկ կարևորության և քիմիական վտանգավոր օբյեկտների աշխատողներին, ծառայողներին` անկախ նրանց տեղակայման վայրից.

բ) նկուղային և այլ խորացված տարածքներում, հանքախորշերում, պատսպարման նպատակով նախատեսված շենքերի և շինությունների առաջին հարկերում, պարզագույն թաքստոցներում մնացած բնակչությանը:

6. Խաղաղ ժամանակ, պաշտպանական կառույցները, համաձայն քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների նորմերի պահանջների, կարող են օգտագործվել տնտեսական նպատակներով, որի ժամանակ պետք է ապահովվի շինությունների և կառուցվածքների պահպանությունն ավերածությունից ու խոնավությունից և պաշտպանական կառույցները պատսպարվողների ընդունման համար ժամանակին պատրաստականության բերումը:

Պաշտպանական կառույցների օգտագործումը տնտեսական նպատակով թույլատրելի է պաշտպանական կառույցների ծավալի 40%-ի չափով և ազատման ժամանակը պետք է լինի ոչ ավելի, քան 6 ժամ:

7. Պաշտպանական կառույցները տարբերվում են կառուցման ժամկետներով՝

ա) խաղաղ ժամանակ կառուցվող ապաստարաններ և հակաճառագայթային թաքստոցներ.

բ) պատերազմի սպառնալիքի ժամանակ կառուցվող պաշտպանական կառույցներ.

արագ կառուցվող ապաստարաններ,

արագ կառուցվող թաքստոցներ,

պարզագույն թաքստոցներ:

8. Արագ կառուցվող ապաստարանները և թաքստոցները կառուցվում են ամենասեղմ ժամկետներում` առավելագույնս օգտագործելով առկա հավաքովի կառուցվածքներն ու նյութերը, պարզեցված սարքավորումները:

9. Արագ կառուցվող պաշտպանական կառույցների տեղակայման վայրն ու թիվը որոշվում են քաղաքացիական պաշտպանության մարմինների կողմից՝ ելնելով խաղաղ ժամանակ դրանցով բնակչության փաստացի ապահովվածությունից:

10. Պարզագույն թաքստոցները կառուցվում և հարմարեցվում են արտակարգ իրավիճակների և պատերազմների սպառնալիքի ժամանակահատվածում բնակչության այն մասի համար, որն ապահովված չէ պաշտպանական կառույցներով, որոնց շինարարության պլաններն ու ժամանակացույցերը վաղօրոք մշակվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների կողմից:

Պարզագույն թաքստոցների կառուցման բոլոր աշխատանքները համապատասխանեցվում են արագ կառուցվող շինությունների շինարարության, ինչպես նաև բնակչության տարահանման պլաններին:

 

II. Բնակչության պատսպարման իրականացումը

 

11. Բնակչության կազմակերպված և ժամանակին պատսպարման համար պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունների ղեկավարներն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների հետ համատեղ անցկացնում են բնակչության, աշխատողների և ծառայողների պաշտպանական կառույցներին ամրագրման միջոցառումներ: Պաշտպանական կառույցների մուտքի վրա կախվում են ցուցատախտակներ, իսկ դեպի պաշտպանական կառույցներ տանող շարժման երթուղիների վրա՝ ցուցանշաններ:

12. Պաշտպանական կառույցների սպասարկման և պատսպարման կազմակերպման նպատակով դրանց կից ստեղծվում են փրկարար ուժեր (սպասարկող խմբեր և օղակներ), որոնց անձնակազմը պարտավոր է`

ա) ապահովել պաշտպանական կառույցների նախապատրաստումը պատսպարվողների ընդունման համար.

բ) հետևել պաշտպանական կառույցները պատսպարվողներով լրացման և շահագործման ընթացքին.

գ) իմանալ շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնները պաշտպանական կառույցների բոլոր սարքավորումների շահագործման դեպքում.

դ) կազմակերպել պատսպարվող բնակչության սնումը, բժշկական ապահովումը:

Ապաստարաններն ու թաքստոցները սպասարկող խմբերի և օղակների կազմում կարող են ներգրավվել բոլոր աշխատունակ մարդիկ:

13. Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումը տեղի է ունենում քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով`

ա) շչակի ընդհատվող հնչեցման դեպքում («օդային տագնապ» ազդանշան) բնակչությունն անմիջապես պատսպարվում է պաշտպանական կառույցներում.

բ) շչակի անընդհատ հնչեցման դեպքում («Ուշադրություն բոլորին» ազդանշան) բնակչությունը պարտավոր է միացնել հեռուստացույցները և ռադիոընդունիչները, որոնցով արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների կողմից տրվում են հաղորդագրություններ տեղանքի քիմիական կամ ճառագայթային վարակի սպառնալիքի կամ դրա առաջացման և բնակչության գործողությունների մասին ու գործում համաձայն այդ հաղորդագրությունների:

14. Համապատասխան ազդանշան ստանալով պաշտպանական խմբերի և օղակների անձնակազմերը բերվում են պատրաստականության և ժամանելով իրենց աշխատատեղերը, պաշտպանական կառույցները պատրաստում են պատսպարվողների ընդունման համար:

15. Պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմիններն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների հետ համատեղ կազմակերպում են բնակչության պատսպարման համալիր միջոցառումներ:

16. Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումն իրականացվում է նախապես մշակված և հաստատված ամրագրման պլանների համաձայն:

17. Աշխատանքային հերթափոխի աշխատողներն ու ծառայողներն օբյեկտների համապատասխան պաշտոնատար անձանց ղեկավարությամբ զբաղեցնում են պաշտոնական կառույցները` համաձայն օբյեկտի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության պետի կողմից նախապես մշակված պլանների:

18. Հասարակական վայրերում գտնվող բնակչությունը պատսպարվում է ըստ գտնվելու վայրի` պաշտպանական կառույցներում օգտագործելով, ստորգետնյա անցումները, շենքերի և այլ կառույցների առաջին հարկերը:

Պաշտպանական կառույցներով չապահովված բնակչությունը մասնակցում է պարզագույն թաքստոցների կառուցմանը, հետագայում դրանցում պատսպարվելու նպատակով` համաձայն պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից հաստատված պլանի:

19. Պաշտպանական կառույցները բերվում են պատրաստականության պատսպարվողների ընդունման համար ազդանշան տալու պահից սկսված 12 ժամվա ընթացքում, իսկ քիմիական վտանգավոր օբյեկտներում, որոնք գտնվում են մշտական պատրաստականության վիճակում` անմիջապես:

20. Պաշտպանական կառույցներում տեղավորվում են կազմակերպված և արագ` կառույցի պարետի (ավագի) ցուցումով: Քաղաքացիական պաշտպանության ազդանշանից հետո համապատասխան մարմինների կողմից նախօրոք նշված ժամանակն սպառվելուն պես պաշտպանական կառույցներում մարդկանց տեղավորումը դադարեցվում է, դռները փակվում են:

21. Պաշտպանական կառույցներում անհրաժեշտ է խստորեն պահպանել սահմանված ռեժիմն ու կարգը: Պատսպարվողները պարտավոր են անվերապահորեն կատարել պարետի (ավագի) և հերթապահների բոլոր կարգադրությունները:

 

III. Բնակչության պատսպարման համար նախատեսվող ֆինանսավորումը և նյութատեխնիկական ապահովումը

 

22. Պաշտպանական կառույցների նախապես պլանավորման, նախագծման, պահպանման ու շահագործման և վերանորոգման միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումը իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների միջոցների հաշվին:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան