Համարը 
N 640
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.01.11/01(42)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.12.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.11.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 20 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» դեկտեմբերի 2006թ.

N 640

ք.Ստեփանակերտ

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 20 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել գործազուրկի, հաշմանդամի և զբաղվածության տարածքային պետական մարմնի միջև կնքվող ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին հայտ-պահանջագրի օրինակելի ձևերը և գործազուրկին, հաշմանդամին` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցության տրամադրելու մասին զբաղվածության տարածքային պետական մարմնի որոշման ձևաթուղթը:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 4-ի «Բնակչության զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 20 որոշման 1-ին կետի «դ» ենթակետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«26» դեկտեմբերի 2006թ.

թիվ 640 որոշման

 

ԿԱՐԳ

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբաղվածության տարածքային պետական մարմինների (այսուհետ` տարածքային մարմին) կողմից գործազուրկին, հաշմանդամին (այսուհետ` անձ) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու (այսուհետ` ֆինանսական աջակցության ծրագիր) հետ կապված հարաբերությունները և նպատակ ունի խրախուսել անձին սեփական գործ սկսելու և նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում:

2. Անձը ֆինանսական աջակցության ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:

3. Տարածքային մարմնի կողմից անձին ֆինանսական աջակցության ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցներն օգտագործվում են անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից հիմնադրվող առևտրային կազմակերպության պետական գրանցման համար:

4. Ֆինանսական աջակցության ծրագիրը ֆինանսավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Ֆինանսական աջակցության ծրագրի իրականացումը և ֆինանսական աջակցության տրամադրման կարգն ու պայմանները

 

5. Ֆինանսական աջակցության ծրագրի իրականացման նպատակով տարածքային մարմինը.

ա) յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 20-ը «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է տեղեկատվություն տվյալ տարվա ընթացքում իրականացվող ֆինանսական աջակցության ծրագրի մասին` նշելով ֆինանսական աջակցության ծրագրի նպատակը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհատ ձեռնարկատիրոջ կամ առևտրային կազմակերպության պետական գրանցման համար տրամադրվող գումարի չափը, ֆինանսական աջակցության ծրագրում ընդգրկվելու պայմանները և գործարար ծրագրի գնահատման` սույն կարգի 8-րդ կետում նշված չափորոշիչները.

բ) անձին տրամադրում է խորհրդատվություն` աշխատաշուկայում տիրող իրավիճակի և ֆինանսական աջակցության ծրագրում ընդգրկվելու համար տարածքային մարմին ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ.

գ) ֆինանսական աջակցության ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անձանց համար կարող է կազմակերպել ձեռնարկատիրական գործունեության կազմակերպմանն ուղղված մասնագիտական ուսուցում:

6. Անձը ֆինանսական աջակցության ծրագրում ընդգրկվելու համար տարածքային մարմին է ներկայացնում գործարար ծրագիր՝ 2 օրինակից: Գործարար ծրագիրը պետք է ներառի.

ա) ընդհանուր բաժին (այս բաժնում նշվում են գործարար ծրագրի նպատակը, խնդիրները և նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտի գործունեության կազմակերպական-իրավական ձևը).

բ) գործունեության տեսակը (այս բաժնում նշվում են արտադրվող ապրանքների անվանացանկը և (կամ) կատարվող աշխատանքների տեսակները և (կամ) մատուցվող ծառայությունների անվանումները).

գ) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների իրացման շուկան (այս բաժնում նշվում են ապրանքների իրացման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման տեղը, ծավալը).

դ) տեղեկություններ մրցակիցների մասին (այս բաժնում նշվում է մրցակիցների մասին ընդհանուր տեղեկատվություն).

ե) ռիսկերի կանխատեսումը (այս բաժնում նշվում են հնարավոր ռիսկերը և դրանց կանխարգելումը).

զ) գործարար ծրագրի ֆինանսական նկարագիրը (այս բաժնում նշվում են գործարար ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհատ ձեռնարկատիրոջ կամ առևտրային կազմակերպության պետական գրանցման համար տրամադրվող գումարի չափը և սեփական ներդրումների չափը` կցելով այն հիմնավորող փաստաթղթերը):

7. Տարածքային մարմինը սույն կարգի 6-րդ կետում նշված գործարար ծրագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնում ստեղծված հանձաժողով` քննարկման:

8. Հանձնաժողովը 7-օրյա ժամկետում քննարկում ու գնահատում է գործարար ծրագիրը և այն ֆինանսավորելու նպատակահարմարության մասին եզրակացություն է ներկայացնում տարածքային մարմին` հիմք ընդունելով գնահատման հետևյալ չափորոշիչները`

ա) գործունեության ուղղվածության համապատասխանությունը տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին.

բ) թողարկվող արտադրանքի կամ մատուցվող ծառայության սպառման շուկայի հիմնավորվածությունը.

գ) գործարար ծրագրով նախատեսված գործունեության զարգացման և ընդլայնման տնտեսագիտական հիմնավորումը.

դ) գործարար ծրագրում անձի կողմից կատարվող ներդրումների չափը, տեսակը, ձևը և ծախսերի հիմնավորումը:

9. Հանձնաժողովը գործարար ծրագիրը գնահատում է «բավարար» կամ «անբավարար»` հաշվի առնելով սույն կարգի 10-րդ կետում նշված չափորոշիչները:

10. Հանձնաժողովը գործարար ծրագրի վերաբերյալ տալիս է բացասական եզրակացություն, եթե սույն կարգի 8-րդ կետում նշված չափորոշիչներից որևէ մեկով գործարար ծրագիրը գնահատվել է «անբավարար»:

11. Գործարար ծրագրի բացասական եզրակացության դեպքում հանձնաժողովը 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է տարածքային մարմնին` նշելով մերժման հիմքերը:

12. Տարածքային մարմինը հանձնաժողովի բացասական եզրակացությամբ գործարար ծրագիրը` կից գրությամբ, երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է անձին` նշելով մերժման հիմքերը:

13. Հանձնաժողովը գործարար ծրագրի մասին տալիս է դրական եզրակացություն, եթե սույն կարգի 8-րդ կետում նշված բոլոր չափորոշիչներով գործարար ծրագիրը գնահատվել է «բավարար»:

14. Հանձնաժողովի դրական եզրակացությամբ գործարար ծրագիրը եռօրյա ժամկետում ներկայացվում է տարածքային մարմին:

15. Տարածքային մարմնի տնօրենը հանձնաժողովի դրական եզրակացությամբ գործարար ծրագիրն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ և անձի հետ կնքում է ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր:

 

III. Ֆինանսական աջակցության ծրագրում ընդգրկվելու նպատակով անձին տրամադրվող ֆինանսական միջոցները

 

16. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անձին տրվում են ֆինանսական միջոցներ`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման նպատակով անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն գրանցվելու համար` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի չափով.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման նպատակով ֆիրմային անվանումը գրանցելու համար` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի չափով.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման նպատակով կնիքի պատրաստման թույլտվություն տալու համար` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի չափով.

դ) կնիք ձեռք բերելու համար` կնիք պատրաստող մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված գների սանդղակի նվազագույն գնի չափով:

17. Տարածքային մարմինը սույն կարգի 15-րդ կետում նշված որոշման պատճենի հիման վրա կազմում է ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման նպատակով անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը (այսուհետ` ֆինանսավորման հայտ-պահանջագիր), որը կից գրությամբ, 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն (այսուհետ` նախարարություն):

18. Նախարարությունը տարածքային մարմնից ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է հիմնադրամ:

19. Հիմնադրամը նախարարությունից ֆինանսավորման հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված գումարը:

20. Նախարարությունը սույն կարգի 19-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժիններում նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվներին:

21. Սույն կարգի 20-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո այն 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե` սույն կարգի 16-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված նպատակով` պետական տուրքերի վճարման համար.

բ) կնիք պատրաստող մասնագիտացված կազմակերպության հաշվին` սույն կարգի 16-րդ կետի «գ» ենթակետում նշված նպատակով` կնիք ձեռք բերելու համար:

Տարածքային մարմինը կատարված վճարման փոխանցումների մասին տեղեկացնում է գործազուրկին, հաշմանդամին` հանձնելով նրան համապատասխան վճարումների փոխանցագրերը:

22. Անձը սույն կարգի 15-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում տարածքային մարմին է ներկայացնում անհատ ձեռնարկատիրոջ կամ իր կողմից հիմնադրված առևտրային կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը:

 

IV. Ֆինանսական աջակցության ծրագրում ընդգրկված անձի հաշվառումը և հաշվառումից հանումը

 

23. Տարածքային մարմինը ֆինանսական աջակցության ծրագրում ընդգրկված անձի հաշվառումն իրականացնում է գրանցամատյանում, նշելով`

ա) անձի անունը, ազգանունը և հայրանունը.

բ) հաշվառման քարտի համարը.

գ) առևտրային կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը.

դ) անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարը.

ե) գործունեության իրականացման վայրը.

զ) աշխատողների թիվը.

է) անձին տրամադրված ֆինանսական միջոցների չափը:

24. Որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելուն կամ առևտրային կազմակերպության պետական գրանցմանը հաջորդող օրվանից, տարածքային մարմինը դադարեցնում է գործազրկության նպաստի վճարումը, գործազուրկի կարգավիճակը և անձը` որպես աշխատանք փնտրող, հանվում է հաշվառումից:

25. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. Հաշվետվությունը

 

26. Տարածքային մարմինը յուրաքանչյուր ամիս նախարարություն է ներկայացնում հաշվետվություն ֆինանսավորված գործարար ծրագրերի թվի, տրամադրված ֆինանսական միջոցների չափի և իրականացվող գործարար ծրագրերի մասին:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան