ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| «15» նոյեմբերի 2021թ. |
N 640-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 25.6-րդ կետը`
Հրամայում եմ՝
1. Սահմանել «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Մ. Համբարձումյանին:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
2021 թվականի նոյեմբերի 15-ի
N 640-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ Հաստատություն) երկարօրյա ուսուցման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Հաստատությունում երկարօրյա ուսուցման կազմակերպումը ծառայում է «Հանրակրթության մասին» օրենքից բխող համակողմանիորեն զարգացած անձի ձևավորման կրթադաստիարակչական նպատակին: Հաստատության երկարօրյա ուսուցումն իրականացվում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները, ստեղծագործական ունակությունները զարգացնելու, կրթական հավասար հնարավորություններ ապահովելու և մանկավարժական համապարփակ մոտեցման միջոցով սովորողների ու նրանց ընտանիքի զբաղվածության և այլ կարիքներին արդյունավետ արձագանքելու նպատակով:
3. Երկարօրյա ուսուցումը կազմակերպվում է աշակերտների երկարօրյա ուսուցման խմբերում (այսուհետ՝ Երկարօրյա խմբեր) անհրաժեշտ աշխատակազմի ներգրավմամբ և համակարգվում է տվյալ Հաստատության փոխտնօրենի կողմից կամ տնօրենի նշանակած այլ պատասխանատու աշխատակցի կողմից:
4. Հաստատությունում Երկարօրյա խմբերի կազմակերպման հիմնական խնդիրներն են՝
1) Հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա երեխայի կրթական աջակցության և նրա անհատական ու սոցիալական նախադրյալներին համապատասխան ուսուցման և ժամանցի գործընթացի կազմակերպումը.
2) տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչների և երկարօրյա ուսուցման պատասխանատու մանկավարժների միջև հետադարձ կապի միջոցով կրթության արդյունավետության բարձրացումը.
3) տվյալ համայնքում բնակվող տարբեր մասնագետներին և մանկավարժներին, կամավորական հիմունքներով, դպրոցում գիտելիքի և հմտությունների փոխանցման գործընթացին ներգրավումը.
4) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացումը.
5) արտադպրոցական գործընկերների հետ համագործակցությամբ արտադպրոցական ուսուցման հնարավորությունների բացահայտումը և օգտագործում.
6) ուսումնական գործընթացի և մասնագիտական կողմնորոշման միջև փոխադարձ կապերի ստեղծումը.
7) երկարօրյա ուսուցման և դպրոցական առօրյայի ձևավորման գործում սովորողների մասնակցության և անձնական պատասխանատվության խթանումը.
8) երկարօրյա ուսուցման ձևավորմանը սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) ներգրավումը.
9) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելը:
2. ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
5. Յուրաքանչյուր Հաստատություն ձևակերպում է երկարօրյա ուսուցման սեփական մանկավարժական հայեցակարգը, որը քննարկվում և հավանության է արժանանում տվյալ Հաստատության մանկավարժական խորհրդում: Հայեցակարգի մշակման փուլում հաշվի են առնվում համայնքում առկա ուսուցման ու ժամանցային հնարավորությունները և ներգրավվում են Հաստատության մանկավարժական խորհուրդը, ծնողական ու աշակերտական խորհուրդները, ինչպես նաև այլ խորհրդակցական մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմնի, կրթամշակութային կազմակերպությունների, արտադասարանական խմբակների ներկայացուցիչները և Հաստատության արտադպրոցական գործընկերները: Մանկավարժական հայեցակարգում ներառվում են հետևյալ հարցերը.
1) ուսուցման գործընթացի և սովորել սովորելու մշակույթի զարգացումը.
2) սովորողի անհատական կարիքներին արձագանքումը.
3) դպրոցում ուսումնափորձարարական հնարավորությունների ընդլայնումը.
4) սովորողների և ծնողների մասնակցությունը.
5) ժամանցի հնարավորությունների ստեղծումը.
6) Հաստատության համագործակցությունը արտադպրոցական գործընկերների հետ:
6. Երկարօրյա ուսուցումը ձևավորվում է բազմազան տարրերից, որոնք բխում են տվյալ Հաստատության մանկավարժական հայեցակարգից: Երկարօրյա ուսուցումն ու երկարօրյա խմբերի աշխատանքների կարգացուցակը (այսուհետ՝ կարգացուցակ) պետք է ներդաշնակ լինեն Հաստատության ամբողջական դասացուցակին և ռեժիմին:
3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ
ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Երկարօրյա ուսուցումը նախատեսված է երկարօրյա ուսուցում կազմակերպող Հաստատության 1-ին աստիճանի տարրական (այսուհետ՝ տարրական) և 2-րդ աստիճանի (այսուհետ՝ միջին) դպրոցների բոլոր աշակերտների համար: 500-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում երկարօրյա ուսուցումը կարող է կազմակերպվել տարբերակված եղանակով: Ավագ դպրոցի աշակերտները կարող են մասնակցել երկարօրյա ուսուցման առանձին նախագծերին, մասնագիտական կողմնորոշմանն ուղղված ուսումնական ծրագրերին և ներգրավվել երկարօրյա աշխատանքներում: Երկարօրյա ուսուցումը իրականացվում է հնգօրյա տևողությամբ՝ անկախ դպրոցի հնգօրյա կամ վեցօրյա լինելուց և տևում է ըստ կրթական աստիճանների, ուսումնական պլանով նախատեսված դասերի ավարտից մինչև առնվազն ժամը 17:30-ը: Եղանակային կամ այլ անհաղթահարելի պայմանների առկայության դեպքում հնարավոր են բացառություններ:
8. Երկարօրյա խմբերը ձևավորվում են սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի)՝ Հաստատության տնօրենի անունով ներկայացված դիմումի հիման վրա, հաշվի առնելով սովորողի կրթական աստիճանը: Հաստատության տնօրենի և սովորողի ծնողի միջև ընթացիկ ուսումնական տարվա համար կնքվում է Հաստատության կողմից երկարօրյա ուսուցման կազմակերպման պայմանագիր:
9. Երկարօրյա խմբերը ձևավորվում են ըստ կրթական աստիճանի (տարրական և (կամ) միջին դպրոց, ինչպես նաև հնարավոր է ավագ դպրոց) կամ զուգահեռ դասարանների: Անհրաժեշտության դեպքում կարող են ձևավորվել տարատարիք խմբեր:
10. Երկարօրյա խմբերի կազմը, դրանց հետ աշխատող մանկավարժական աշխատողների անվանական կազմը, աշխատանքի տարեկան պլանը և ուսումնադաստիարակչական աշխատանքների կարգացուցակը ձևավորվում են երկարօրյա ուսուցումը համակարգող փոխտնօրենի կամ տնօրենի նշանակած այլ պատասխանատու աշխատակցի կողմից՝ սույն կարգի 5-րդ կետում նշված մանկավարժական հայեցակարգին համապատասխան և հաստատվում են Հաստատության տնօրենի հրամանով:
11. Երկարօրյա ուսուցման կազմակերպման համար հաշվի են առնվում Հաստատությունում ուսումնական պլաններին համապատասխան գործող դասացուցակը, սովորողների տարիքային և անհատական առանձնահատկությունները, սանիտարահիգիենիկ կանոնների և նորմատիվների պահանջները: Կարգացուցակում նշվում են սովորողների դասապատրաստման, սննդի, հանգստի, ըստ անհրաժեշտության անհատական աշխատանքների, զբոսանքի, էքսկուրսիաների և խմբակներում ընդգրկված սովորողների անվանական կազմը, խմբակի աշխատանքի ժամերը, աշխատանքների իրականացման համար պատասխանատու մանկավարժական աշխատողների անունները:
12. Կարգացուցակում փոփոխություններ կարող են կատարվել Հաստատության տնօրենի հրամանով:
13. Կարգացուցակով իրականացված աշխատանքները, ինչպես նաև խմբում ընդգրկված սովորողների հաճախումները գրանցվում են մատյանում:
14. Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների առավելագույն թիվը 30 է:
15. Հաստատության Երկարօրյա խմբերը ձևավորվում են մինչև ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերի 10-ը և համալրվում են ուսումնական տարվա ընթացքում:
16. Երկարօրյա խմբերի ռեժիմը (պարապմունքներ, միջոցառումներ, հանգիստ, սննդի կազմակերպում) չի կարող գերազանցել 30 ակադեմիական ժամ՝ տարրական, 20 ակադեմիական ժամ՝ միջին դպրոցների սովորողների համար:
17. Երկարօրյա խմբերում դասապատրաստմանն օրական հատկացվում է 1-4-րդ դասարաններում՝ մինչև 2, 5-9-րդ դասարաններում՝ մինչև 3 ակադեմիական դասաժամ:
18. Հաստատության Երկարօրյա խմբերում մանկավարժական աշխատողի մեկ դրույքի լրիվ ծանրաբեռնվածությունը (աշխատանքի ծավալը) չի կարող գերազանցել շաբաթական 22 ակադեմիական ժամը:
19. Երկարօրյա խմբերը ըստ դասարանների կամ կրթական աստիճանի կազմավորելիս մանկավարժական աշխատողի համար սահմանվում է վճար տվյալ խմբի համար կարգացուցակով սահմանված աշխատանքների դասաժամերի չափով: Երկարօրյա խմբերի հետ աշխատող մանկավարժական աշխատողի վճարի չափը ձևավորվում է սովորողների հետ աշխատակարգով սահմանված փաստացի աշխատաժամանակից (մինչև 22 ակադեմիական ժամ):
20. Երկարօրյա խմբերի սովորողները կարող են օգտվել Հաստատության գրադարանից, ընթերցասրահից, լաբորատորիաներից և ուսումնական այլ ռեսուրսներից:
21. Հաստատության Երկարօրյա խմբերում աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հաստատության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և սույն կարգով:
22. Հաստատության Երկարօրյա խմբերի ղեկավարների պարտականությունների մեջ են մտնում սովորողների արտադասարանական և արտադպրոցական, կրթադաստիարակչական ու առողջարարական միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև սովորողների ինքնուրույն աշխատանքի համար պայմանների ապահովումը, անհրաժեշտության դեպքում սովորողներին անհատական օգնության ցուցաբերումը: Երկարօրյա խմբերի ղեկավարները պատասխանատվություն են կրում երեխաների կյանքի և առողջության պահպանման, երկարօրյա ժամանակահատվածում կրթադաստիարակչական աշխատանքի որակի և դպրոցի ներքին կանոնակարգի աշխատանքային ռեժիմի պահպանման համար:
23. Հաստատության Երկարօրյա խմբերի աշխատանքների կազմակերպման, սովորողների կյանքի և առողջության պահպանման, հանգստի ապահովման պատասխանատու է խմբերի ղեկավարները: Երկարօրյա խմբերի աշխատանքների կանոնակարգման համար պատասխանատու է Հաստատության փոխտնօրենը կամ տնօրենի նշանակած այլ պատասխանատու աշխատակիցը:
24. Երկարօրյա ուսուցման վերահսկողության համար պատասխանատու է Հաստատության տնօրենը:
25. Երկարօրյա խմբերի ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացման, սովորողների հաճախումների ապահովման համար պատասխանատու են մանկավարժական աշխատողները և սովորողների ծնողները:
4. ԵՐԿԱՐՕՐՅԱ ԾՐԱԳՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
26. Երկարօրյա ուսուցման իրականացման նպատակով յուրաքանչյուր Հաստատության համար նախատեսվում է մանկավարժական աշխատողների հաստիքների համալրում ըստ 1-ից 9-րդ դասարաններում սովորողների թվաքանակի՝
1) մինչև 60 սովորողի դեպքում՝ երկու դրույք (նվազագույն դրույք).
2) 60-ից 100 սովորողների դեպքում՝ նվազագույն դրույք գումարած մեկ դրույք.
3) 100-ից 140 սովորողների դեպքում՝ նվազագույն դրույք գումարած երկու դրույք.
4) 140-ից 180 սովորողների դեպքում՝ նվազագույն դրույք գումարած երեք դրույք.
5) 180-ից ավելի սովորողների դեպքում՝ նվազագույն դրույք գումարած չորս դրույք:
27. Երկարօրյա ուսուցման մանկավարժական աշխատողների դրույքը համապատասխանում է ուսուցչի համար նախատեսված դրույքին:
28. Երկարօրյա ուսուցման մանկավարժական աշխատողների նվազագույն դրույք ունեցող Հաստատությունում այդ հաստիքները կարող են բաժանվել նվազագույնը 0,5 հաստիքի: Նախապատվությունը տրվում է լիարժեք հաստիքներին: Երեքից վեց դրույք ունեցող Հաստատությունում այդ հաստիքները կարող են բաժանվել տարրական և միջին աստիճանների համար երկու լիարժեք հաստիքների, իսկ երրորդ դրույքը կարող է բաժանվել ըստ մասնագիտական նպատակահարմարության:
29. Երկարօրյա ուսուցման մանկավարժական աշխատողների ընտրությունը կատարվում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նախապես անցնելով երկարօրյա ուսուցման համար նախատեսված վերապատրաստման դասընթացը: Նախապատվությունը տրվում է տվյալ Հաստատությունում դեռևս չաշխատող մանկավարժական աշխատողներին: Տվյալ Հաստատության աշխատողներ չհանդիսացող մանկավարժական աշխատողների ներգրավման անհնարինության դեպքում կարող են ներգրավվել Հաստատությունում աշխատող ուսուցիչներ:
30. Հաստատության Երկարօրյա խմբերի աշխատանքների կազմակերպման համար մանկավարժական դրույքի 20%-ի չափով հավելավճար ստանում են Հաստատության տնօրենը, տնօրենի նշանակած պատասխանատու աշխատողը, Հաստատության տնտեսական աշխատանքների գծով տեղակալը կամ տնտեսվարը:
5. ԵՐԿԱՐՕՐՅԱ ԽՄԲԵՐՈՒՄ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
31. Երկարօրյա խմբերում երեխաների համար կազմակերպվում են երկանգամյա սնունդ (ճաշ և ետճաշիկ): Ճաշի համար նախատեսվում է առնվազն 30 րոպե: Ճաշի և ետճաշիկի միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի երեքից չորս ժամը՝ ելնելով տարիքային առանձնահատկություններից:
32. Երկարօրյա ուսուցման իրականացման նպատակով յուրաքանչյուր հաստատության համար նախատեսվում է խոհարարական աշխատողների հաստիքներ, հաշվի առնելով երկարօրյա ուսուցման խմբերում ընդգրկված 1-9-րդ դասարաններում սովորողների թվաքանակի՝
1) մինչև 35 սովորողի դեպքում՝ մեկ դրույք.
2) 35-ից 69 սովորողների դեպքում՝ երկու դրույք.
3) 70-ից 100 սովորողների դեպքում՝ երեք դրույք.
4) 101-ից 200 սովորողների դեպքում՝ չորս դրույք.
5) 201-ից 300 սովորողների դեպքում՝ հինգ դրույք.
6) 301-ից 350 սովորողների դեպքում՝ վեց դրույք.
7) 350-ից ավելի սովորողների դեպքում՝ յոթ դրույք:
33. Երկարօրյա ուսուցման խոհարարական աշխատողների աշխատաժամանակը սահմանվում է Աշխատանքային օրենսգրքի համաձայն:
34. Երկարօրյա ուսուցման խոհարարական աշխատողների դրույքը համապատասխանում է նվազագույն աշխատավարձի համար նախատեսված դրույքին:
35. Երկարօրյա ուսուցման խոհարարական աշխատողների սանիտարական վիճակի վերահսկողության և սովորողների բուժսպասարկման աշխատանքները իրականացվում են համապատասխան բժշկական ծառայությունների միջոցով: