Համարը 
N 152-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.02.28/05(462)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.02.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.02.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.03.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՈՉ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2022թ.

N 152-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

ՈՉ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ

ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 3-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից տասնօրյա ժամկետում, կազմակերպել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության համակարգում գործող «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» և «Սոցիալական շտապ օգնության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկների գույքի՝ «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկին հանձնման-ընդունման աշխատանքները, իրավունքների և պարտականությունների փոխանցումը՝ փոխանցման ակտի միջոցով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

փետրվարի 21-ի N 152-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

ՈՉ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկը (այսուհետ՝ կենտրոն) գործում է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համակարգում։ Կենտրոնը ծառայություններ է մատուցում սոցիալական սպասարկման բնագավառում՝ հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:

2. Կենտրոնը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Կենտրոնը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը՝ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ:

3. Կենտրոնը հանդիսանում է «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» և «Սոցիալական շտապ օգնության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկների իրավահաջորդը:

4. Կենտրոնի լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

5. Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

6. Կենտրոնն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

7. Կենտրոնն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:

 

II. ԿԵՆՏՐՈՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Կենտրոնի գործունեության հիմնական նպատակները և խնդիրներն են՝

1) բնակչության խոցելի խմբերի ներկայացուցիչների՝ ներառական ակտիվացմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը.

2) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, երեխաների և ընտանիքների դիմակայության ամրապնդմանն ու սոցիալական ներառմանն ուղղված ծառայությունների տրամադրումը.

3) բնակչության սոցիալական հիմնախնդիրների խորացման կանխարգելումը և առկա կարիքներին արագ արձագանքման ապահովումը՝ ռիսկային իրավիճակների վաղ բացահայտման և մասնագիտական միջամտության միջոցով.

4) ընտանիքների ամրապնդումը, գործող ծառայությունների հասանելիության ապահովումը.

5) առավել հասցեական աջակցության տրամադրումը բնակչությանը՝ բնակչության կարիքների և ռեսուրսների համալիր գնահատման, ռեսուրսների մոբիլիզացման և համադրման միջոցով.

6) բնակչության սոցիալական ակտիվացման խթանումը, որը ներառում է աշխատաշուկայում ներգրավումը, համայնքային կյանքին մասնակցության խթանումը։

 

III. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Կենտրոնն իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) սոցիալական մոնիթորինգի կազմակերպում` տնային այցելությունների միջոցով ընտանիքների եկամուտների, սոցիալական պայմանների, կարիքների ուսումնասիրություն և գնահատում.

2) պետական և տարածքային կառավարման մարմիններից ընտանիքների եկամուտների, սոցիալական պայմանների, կարիքների վերաբերյալ տեղեկատվության ստացում.

3) մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա համալիր վերլուծության իրականացում, սոցիալական աջակցության տեսակների և չափերի որոշում.

4) սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին աջակցության տրամադրման կազմակերպում և դրա պատշաճ մակարդակի ապահովում.

5) սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն.

6) սոցիալական սպասարկման և սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովում.

7) նախարարության թեժ գծի սպասարկում՝ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին հրատապ լուծում և խորհրդատվության տրամադրում.

8) բնակչության խոցելի խմբերի ներկայացուցիչների ներառական ակտիվացմանն ուղղված անհատական ծրագրերի մշակում և իրականացում.

9) բնակչության խոցելի խմբերի տնտեսական ակտիվացմանն ուղղված սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրման կազմակերպում.

10) բնակչության խոցելի խմբերի համար անհատական ծրագրերի իրականացման համար հնարավոր ռեսուրսների ներգրավում.

11) ռիսկային իրավիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կազմակերպում.

12) ռիսկային իրավիճակում հայտնված անձանց՝ երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող, ազատազրկման վայրից վերադարձած և այլ անձանց, հայտնաբերում, իրավիճակի համալիր սոցիալական գնահատում, այդ թվում՝ ռիսկայնության որոշում.

13) աջակցության և խորհրդատվության տրամադրում ընտանիքին՝ նրա սոցիալական ակտիվացումը ապահովելու համար.

14) ռիսկային դեպքերի վարում, ընտանիքի հետ աշխատող տարբեր մասնագետների աշխատանքի համակարգում, այդ թվում՝ միջգերատեսչական աշխատանքների կազմակերպում, համագործակցության խթանում, ռեսուրսների համախմբում, ծառայությունների մատչելիության ապահովում.

15) ծնողների համար ծնողավարման հմտությունների, կենցաղի կազմակերպման և այլ թեմաներով ուսուցողական հանդիպումների կազմակերպում.

16) փոխուսուցման խմբերի (երիտասարդներ, երեխաներ, ծնողներ և այլն) ձևավորում և վարում.

17) համայնքային իրազեկումների, հանդիպումների, ինչպես նաև համայնքային համախմբման միջոցառումների իրականացում.

18) ընտանիքի անդամի՝ ընտանիք վերադարձի, ընտանիքից դուրս բերման կամ այլ վայրում տեղավորման, բռնության կամ այլ ռիսկային դեպքերի պարագայում՝ դեպքի քննարկումների հրավիրում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և շահառուների լավագույն շահից բխող որոշումների կայացման խթանում.

19) տնային պայմաններում սոցիալական սպասարկման կարիք ունեցող տարեց և հաշմանդամ քաղաքացիների հայտնաբերում և նրանց սպասարկման կազմակերպում.

20) միայնակ տարեց և հաշմանդամ քաղաքացիների համար տնային պայմաններում կենցաղային սպասարկման, իրավաբանական և սոցիալ-հոգեբանական խորհրդատվության, բժշկական օգնության կազմակերպում.

21) սոցիալական հիմնախնդիրների, դրանց միտումների ուսումնասիրում և վերլուծությունների կազմակերպում։

 

IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Կենտրոնը կառավարում և նրա գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է նախարարը:

11. Կենտրոնի անմիջական ղեկավարումն իրականացնում է կենտրոնի տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը: Կենտրոնի տնօրենն անմիջականորեն ենթակա և հաշվետու է նախարարին:

12. Կենտրոնի աշխատակիցները քաղաքացիական աշխատանք կատարողներ են, նրանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է նախարարը:

13. Կենտրոնի տնօրենն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

14. Նախարարը օրենքով և նախարարության կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում

կենտրոնի տնօրենի` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հանձնարարականները, կարգադրություններն ու ցուցումները:

15. Կենտրոնի տնօրենը պատասխանատու է սույն կանոնադրությամբ սահմանված գործառույթների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:

16. Կենտրոնի տնօրենը՝

1) ղեկավարում է կենտրոնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կենտրոնի առջև դրված խնդիրների լուծման, նպատակների և գործառույթների իրականացման համար.

2) առաջարկություններ է ներկայացնում նախարարին՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների վերաբերյալ.

3) իր իրավասության սահմաններում տալիս է հանձնարարականներ, կարգադրություններ ու ցուցումներ.

4) իր իրավասության սահմաններում նախարարին ներկայացնում է առաջարկություններ՝ կենտրոնի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների, հանձնարարականների և ցուցումների կատարումն ու արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

7) նախարարին ներկայացնում է առաջարկություններ կենտրոնի աշխատողների թվի մասին.

8) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

9) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

17. Կենտրոնի տնօրենի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, նրան փոխարինելու հարցը կարգավորվում է նախարարի հրամանով:

 

V. ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրությամբ կենտրոնին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

19. Կենտրոնի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

փետրվարի 21-ի N 152-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

«ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

ՈՉ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

1. Ծրագրերի համակարգման և վերլուծությունների բաժին

2. Մեթոդական ղեկավարման և վերապատրաստման բաժին

3. Թեժ գծի բաժին

4. Ստեփանակերտի սոցիալ-հոգեբանական աջակցության բաժին

5. Մարտակերտի սոցիալ-հոգեբանական աջակցության բաժին

6. Մարտունու սոցիալ-հոգեբանական աջակցության բաժին

7. Ասկերանի սոցիալ-հոգեբանական աջակցության բաժին

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ