Համարը 
ՀՕ-54
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
09.01.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.03.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2004

Ծանուցում
Սույն օրենքի դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գույքահարկի որոշման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գույքահարկ վճարողների (այսուհետ՝ հարկատուներ) շրջանակը, գույքահարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

 

Հոդված 2.

Գույքահարկի հասկացությունը

 

1. Գույքահարկը հարկատուներին սեփականության կամ լրիվ (մասնակի) տնտեսավարման իրավունքով (այսուհետ՝ սեփականության իրավունք) պատկանող՝ սույն օրենքի 4 հոդվածով սահմանված գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով վճարվող ուղղակի հարկ է:

2. Գույքահարկը կախված չէ հարկատուների տնտեսական գործունեության արդյունքից:

 

Հոդված 3.

Հարկատուները

 

1. Սույն օրենքի իմաստով՝ հարկատու են համարվում (գույքահարկ են վճարում) ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, որոնց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով պատկանում է սույն օրենքի 4 հոդվածի 1-ին կետում նշված գույքը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների:

2. Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (բացառությամբ՝ գյուղացիական տնտեսությունների) վրա տարածվում է գույքահարկի՝ իրավաբանական անձանց համար սույն օրենքով սահմանված հարկման կարգը:

Գյուղացիական տնտեսությունների վրա տարածվում է գույքահարկի՝ սույն օրենքով ֆիզիկական անձանց համար սահմանված հարկման կարգը:

3. Եթե հարկման օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկատուների, ապա գույքահարկի և դրանից բխող այլ պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն: Եթե հարկման օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկատուների, ապա նրանք գույքահարկի և դրանից բխող այլ պարտավորությունների համար կրում են պատասխանատվություն՝ յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

 

ԳԼՈՒԽ  II

 

ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ

 

Հոդված 4.

Հարկվող օբյեկտը և հարկման բազան

 

1. Սույն օրենքի իմաստով՝ հարկվող օբյեկտ է համարվում սեփականության իրավունքով հարկատուին պատկանող՝

ա/ բնակելի (բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանը, ավտոտնակը, այգետնակը, բնակելի տունը և նրան կից տնտեսական շինությունները՝ անասնաշենք, հացատուն, ամառային խոհանոց, մարագ և այլն), հասարակական և արտադրական նշանակության շինությունները (այսուհետ՝ շինություններ).

բ/ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցները, բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտի այն միջոցների, որոնք իրականացնում են տրանսպորտային գործունեություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա.

գ/ ջրային փոխադրամիջոցները:

2. Սույն օրենքի իմաստով՝ շինություններ են համարվում՝

ա/ հասարակական նշանակության` բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շենքերը և շինությունները.

բ/ արտադրական նշանակության՝ արդյունաբերական, գյուղատնտեսական և տնտեսության մյուս ճյուղերի արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շենքերը և շինությունները.

գ) բնակելի՝ մարդկանց բնակության համար նախատեսված շինությունները՝ բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով.

դ/ բնակարան՝ շենքում գտնվող առանձին տարածքը՝ բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով.

ե/ բազմաբնակարան բնակելի շենք՝ մեկից ավելի առանձին բնակարաններ ունեցող շենքը.

զ/ բնակելի տուն՝ բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա կառուցված բնակելի, օժանդակ և կոմունալ հարմարություններով օժտված, իր տնտեսական շինություններով կառույցը.

է/ այգետնակ՝ այգեգործական զանգվածում առանձին հողամասի վրա կառուցված շենքը՝ իր տնտեսական շինություններով:

3. Սույն օրենքի իմաստով՝ հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ բնութագրիչը, որի հիման վրա սույն օրենքի III և V գլուխներով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է գույքահարկի գումարը:

 

Հոդված 5.

Շինությունների հարկման բազան

 

1. Շինությունների հարկման բազա է համարվում դրանց արժեքը:

2. Հարկման բազան որոշելու նպատակով շինությունների գնահատումը կատարվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքերի: Ընդ որում` հարկատուները պարտավոր են անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնին հնարավորություն ընձեռել իրականացնելու շինության գնահատումը՝ հարկատուի համար հարմար աշխատանքային ժամերին:

3. Հասարակական և արտադրական նշանակության շինությունների գնահատման կարգը սահմանվում է օրենքով:

4. Շինությունների գնահատումը (վերագնահատումը) կատարվում է երեք տարին մեկ անգամ, անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի կողմից` հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով, և, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքերի, հիմք է ընդունվում գնահատման (վերագնահատման) տարվան հաջորդող երեք տարիների համար հարկման բազան որոշելու նպատակով:

5. Օրենքով կարող է սահմանվել շինության հարկման բազայի ինդեքսավորման գործակից՝ յուրաքանչյուր տարվա համար տվյալ տարվան անմիջապես նախորդող տարվա հուլիսի 1-ից ոչ ուշ:

6. Նոր կառուցված, ինչպես նաև մասնավորեցված (սեփականաշնորհված) շինությունների հարկման բազան որոշվում է սույն հոդվածին համապատասխան և հիմք է ընդունվում մինչև սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան շինությունների հաջորդ վերագնահատումը:

7. Հարկման բազան որոշելիս շինության արժեքի չափման միավորը դրամն է:

 

Հոդված 6.

Փոխադրամիջոցի հարկման բազան

 

1. Փոխադրամիջոցի հարկման բազան տվյալ հարկատուին սեփականության իրավունքով պատկանող՝ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունն է: Փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:

2. Հարկման բազան որոշելիս շարժիչի հզորության չափման միավորը ձիաուժն է կամ կիլովատը:

 

ԳԼՈՒԽ  III

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 7.

Շինությունների գույքահարկի դրույքաչափերը

 

Շինությունների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.

ա/ հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար՝ հարկման բազայի 0.6 տոկոսը.

բ/ հարկատու համարվող ֆիզիկական անձանց պատկանող այգետնակների և առանձին կանգնած ավտոտնակների գույքահարկի դրույքաչափը կազմում է հարկման բազայի 0.2 տոկոսը.

գ/ այլ բնակելի շինությունների համար գույքահարկի դրույքաչափը կազմում է.

 

հարկման բազան

հարկի դրույքաչափը

մինչև 3 մլն դրամ

հարկման բազայի 0 տոկոսը.

3 մլն դրամից միչև 10մլն դրամ

100դրամ՝ գումարած հարկման բազայի 3 մլն դրամը գերազանցող գումարի 0,1 տոկոսը.

10 մլն դրամից մինչև 20մլն դրամ

7.100 դրամ՝ գումարած հարկման բազայի 10 մլն դրամը գերազանցող մասի 0,2 տոկոսը

20 մլն դրամից մինչև 30 մլն դրամ

27.100 դրամ՝ գումարած հարկման բազայի 20 մլն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը

30 մլն դրամից մինչև 40 մլն դրամ

67.100 դրամ՝ գումարած հարկման բազայի 30 մլն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը

40 մլն դրամ և ավելի

127.000 դրամ՝ գումարած հարկման բազայի 40 մլն դրամը գերազանցող մասի 0.8 տոկոսը

 

Հոդված 8.

Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը

 

1. Ջրային փոխադրամիջոցների համար գույքահարկի տարեկան դրույքաչափը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց՝ 150 դրամ կամ յուրաքանչյուր կիլովատի դիմաց՝ 204 դրամ:

2. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.

ա) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան՝

-- մինչև 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց՝ 200 դրամ,

-- 120-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց՝ 400 դրամ,

-- 250 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց՝ 500 դրամ.

բ) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան՝

-- մինչև 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց՝ 100 դրամ,

-- 200 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց՝ 200 դրամ:

3. Մինչև երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:

Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան՝ հարկի գումարի 50 տոկոսը:

 

ԳԼՈՒԽ  IV

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 9.

Գույքահարկից ազատված հարկվող օբյեկտ համարվող գույքը

 

Գույքահարկից ազատվում են՝

ա/ գծային ինժեներատրանսպորտային շինությունները, եթե դրանցից օգտվելու համար վճար չի գանձվում.

բ/ ջրամբարները.

գ/ ժամանակավոր տնակները.

դ/ օրենսդրությամբ սահմանված կարգով պատմամշակութային նշանակություն ճանաչված հարկվող օբյեկտ համարվող գույքը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկին համապատասխան:

 

Հոդված 10.

Զինվորական ծառայողների արտոնությունները

 

Ծառայության ողջ ընթացքում գույքահարկից ազատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք (եթե հարկվող օբյեկտ հանդիսացող գույքն այդ ընթացքում չի տրվել վարձակալության)՝

ա/ միանձնյա սեփականության իրավունքով իրենց պատկանող հարկվող օբյեկտի մասով.

բ/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են.

գ/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող հարկվող օբյեկտի դեպքում՝ հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով:

 

Հոդված 11.

Համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնության սահմանումը

 

1. Առանձին հարկատուների համար համայնքի ավագանին կարող է սահմանել գույքահարկի արտոնություն:

2. Համայնքի ավագանու սահմանած գույքահարկի արտոնությունների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար գույքահարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների հինգ տոկոսը:

3. Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գումարի դիմաց պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրվում:

4. Գույքահարկի՝ սույն հոդվածին համապատասխան սահմանված արտոնությունների տրամադրման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերով:

 

Հոդված 12.

Գույքահարկի արտոնությունների սահմանումն օրենքով

 

Գույքահարկից ազատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ արտոնություններ կարող են սահմանվել օրենքով:

 

Հոդված 13.

Հաշվետու տարվա ընթացքում արտոնության առաջացումը կամ դադարումը

 

1. Հաշվետու տարվա ընթացքում գույքահարկի արտոնություն ունեցող հարկատուն գույքահարկ վճարելուց ազատվում է այն ամսից, երբ առաջացել է արտոնության իրավունքը:

2. Հաշվետու տարվա ընթացքում գույքահարկի արտոնության դադարելու դեպքում գույքահարկը հաշվարկվում է արտոնության իրավունքի դադարելու ամսվան հաջորդող ամսից:

 

ԳԼՈՒԽ  V

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 14.

Գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորության առաջացման և դադարման պահը

 

1. Գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը հարկատուի համար առաջանում է հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսից:

2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետի դրույթներից, ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում նոր սեփականատերիոջն են անցնում օտարման պահի դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները:

3. Եթե հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, ապա հարկատուն, անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից, գույքահարկը հաշվարկում և վճարում է այն ժամանակահատվածի համար, երբ գույքը հանձնվել է նրա տիրապետմանը:

 

Հոդված 15.

Իրավաբանական անձանց գույքահարկի հաշվարկները

 

Եթե հարկատուն իրավաբանական անձ է, ապա՝

ա/ գույքահարկը հաշվարկում է ինքնուրույն, սույն հոդվածի և սույն օրենքի 17 հոդվածի համաձայն. եռամսյակային հաշվարկները՝ մինչև հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակին անմիջապես հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, իսկ տարեկան հաշվարկները՝ մինչև հաշվետու տարվան անմիջապես հաջորդող տարվա փետրվարի 25-ը ներառյալ, ներկայացնում է հարկային պետական վարչության համապատասխան մարմիններ.

բ/ հարկման օբյեկտ համարվող շինության համար սույն հոդվածի «ա» ենթակետով նախատեսված հաշվարկները ներկայացնում է շինության գտնվելու վայրի հարկային պետական վարչության մարմին.

գ/ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն հոդվածի «ա» ենթակետով նախատեսված հաշվարկները ներկայացնում է հարկատուի հաշվառման վայրի հարկային պետական վարչության մարմին:

 

Հոդված 16.

Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները

 

Եթե հարկատուն ֆիզիկական անձ է, ապա՝

ա/ գույքահարկը հաշվարկում է ինքնուրույն և կարող է սույն հոդվածի ու սույն օրենքի 17 հոդվածի համաձայն՝ մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ, գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացնել հարկային պետական վարչության համապատասխան մարմիններ.

բ/ հարկման օբյեկտ համարվող շինության համար սույն հոդվածի «ա» ենթակետով նախատեսված հաշվարկները ներկայացնում է շինության գտնվելու վայրի հարկային պետական վարչության մարմին.

գ/ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն հոդվածի «ա» ենթակետով նախատեսված հաշվարկները ներկայացվում են հարկատուի հաշվառման վայրի հարկային պետական վարչության մարմին: Հաշվառման բացակայության դեպքում հաշվարկները ներկայացվում են հարկատուի հիմնական բնակության վայրի հարկային պետական վարչության մարմին: Եթե հաշվառման կամ հիմնական բնակության վայրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս է, ապա հաշվարկները ներկայացվում են ըստ փոխադրամիջոցի գրանցման վայրի, իսկ եթե տվյալ փոխադրամիջոցը գրանցման ենթակա չէ՝ ըստ դրա հիմնական գտնվելու վայրի հարկային պետական վարչության մարմին.

դ/ հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի կողմից հարկման բազայի վերագնահատման տարվա հուլիսի 1-ի դրությամբ ներկայացված տեղեկությունները՝ հարկային պետական վարչության մարմինները մինչև հարկման բազայի գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը հաշվարկում և հարկատու համարվող ֆիզիկական անձանց են ներկայացնում հետագա երեք տարիներին վճարման ենթակա գույքահարկի ծանուցագրերը, որոնցում նշվում են հարկվող օբյեկտը, հարկման բազան և գույքահարկի հաշվարկը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ և տվյալներ: Ծանուցագրերում կատարված հաշվարկներին չհամաձայնելու դեպքում, հարկատու համարվող ֆիզիկական անձը մինչև հաշվետու տարվա հոկտեբերի 1-ը հարկվող օբյեկտի գտնվելու վայրի հարկային պետական վարչության մարմիններ է ներկայացնում գույքահարկի՝ իր կատարած հաշվարկը:

 

Հոդված 17.

Համատեղ սեփականության գույքահարկի հաշվարկները

 

Մեկից ավելի հարկատուներին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող հարկվող օբյեկտի համար գույքահարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի ամբողջ արժեքից (կամ շարժիչի հզորությունից), և, սույն օրենքի 15 և 16 հոդվածներին համապատասխան, հաշվարկները ներկայացվում են՝

ա/ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ յուրաքանչյուր համասեփականատիրոջ (հարկատուի) կողմից՝ իր բաժնի մասով կամ նրանցից թեկուզ մեկի կողմից՝ նշելով մյուս համասեփականատերերի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության գերատեսչական նորմատիվ ակտով պահանջվող տվյալները.

բ/ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում՝ մեկ համասեփականատիրոջ (հարկատուի) կողմից՝ նշելով մյուս համասեփականատերերի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության գերատեսչական նորմատիվ ակտով պահանջվող տվյալները.

գ/ եթե ընդհանուր համատեղ սեփականության դեպքում հարկատու համարվող համասեփականատերերից թեկուզ մեկն իրավաբանական անձ է, ապա, անկախ սույն հոդվածի «բ» ենթակետով սահմանված դրույթից, իրավաբանական անձի (անձանց) կողմից՝ նշելով այլ համասեփականատերերի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության գերատեսչական նորմատիվ ակտով պահանջվող տվյալները:

 

Հոդված 18.

Գույքահարկ վճարելու ժամկետները

 

1. Հարկատու համարվող իրավաբանական անձինք հաշվարկված գույքահարկի գումարը վճարում են եռամսյակը մեկ՝ եռամսյակային հաշվարկները ներկայացնելու համար սույն օրենքի 15 հոդվածով սահմանված ժամկետին հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ տարեկան հարկի գումարը՝ տարեկան հաշվարկները ներկայացնելու համար սույն օրենքի 15 հոդվածով սահմանված ժամկետին հաջորդող հինգ օրվա ընթացքում:

2. Հարկատու համարվող ֆիզիկական անձինք հաշվարկված գույքահարկի տարեկան գումարը վճարում են մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը:

 

Հոդված 19.

Գույքահարկի գծով բյուջետային եկամուտների մուտքերի ապահովումը

 

Գույքահարկի գծով բյուջետային եկամուտների մուտքերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով ապահովում են հարկային պետական վարչության և տեղական ինքնակառավարման մարմինները:

 

Հոդված 20.

Գույքահարկի գումարի բաշխման կանոնները

 

1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28 հոդվածով սահմանված համամասնությամբ՝ գույքահարկի գումարը փոխանցվում է՝

ա) համայնքի վարչական տարածքում գտնվող հարկվող օբյեկտ համարվող շինության համար՝ հարկվող օբյեկտը գտնվելու վայրի համայնքի բյուջե.

բ) փոխադրամիջոցի սեփականատեր համարվող այն հարկատուի անձնագրում նշված հաշվառման (իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու) վայրի համայնքի բյուջե, որի անունով գրանցված է տվյալ փոխադրամիջոցը: Հիշյալ հաշվառման բացակայության դեպքում գույքահարկի գումարը փոխանցվում է տվյալ ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե, իսկ եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս է, ապա՝ փոխադրամիջոցի գտնվելու հիմնական վայրի համայնքի բյուջե:

2. Համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող հարկվող օբյեկտ համարվող շինության գույքահարկը փոխանցվում է պետական բյուջե:

3. Գույքահարկի գումարի բաշխման և փոխանցման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության նորմատիվ իրավական ակտերով:

 

Հոդված 21.

Տեղեկություններ տրամադրելը

 

1. Սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող՝ հարկվող օբյեկտ համարվող շինությունների գույքահարկի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմինը հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության մարմիններին:

2. Հարկատուները գույքահարկի հաշվարկման նպատակով կարող են տեղեկություններ ստանալ անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնից:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կամ նրա լիազորած պետական մարմինը կարող է նորմատիվ իրավական ակտերով սահմանել սույն հոդվածով նախատեսված տեղեկությունները տրամադրելու կարգը:

 

ԳԼՈՒԽ  VI

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 22.

Իրավունքները և պարտականությունները: Պատասխանատվությունը

 

1. Հարկատուների և հարկային պետական վարչության մարմինների իրավունքները և պարտականությունները, հարկային պետական վարչության մարմիններին հարկի հաշվառման համար ներկայացվող տվյալների ճշտության, ինչպես նաև սույն օրենքի խախտման համար պատասխանատվության հարցերը կարգավորվում են սույն և այլ օրենքներով:

2. Հարկման բազան թաքցնելը կամ պակաս ցույց տալն առաջացնում է հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 23.

Պատասխանատվության կիրառումը ծանուցագրերն ուշ ստանալու դեպքում

 

Հարկային պետական վարչության մարմինների կողմից հարկատու համարվող ֆիզիկական անձին սահմանված ժամկետից ուշ ծանուցագրեր ներկայացնելը հարկատուին չի ազատում հարկային պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու պատասխանատվությունից:

 

Հոդված 24.

Պատասխանատվությունը գույքահարկի հաշվարկը սահմանված կարգով չներկայացնելու համար

 

Սույն օրենքի 15 և 17 հոդվածների պահանջները չկատարելու դեպքում իրավաբանական անձանցից գանձվում է տուգանք՝ իրավաբանական անձանց համար սույն օրենքով սահմանված հաշվարկների ներկայացման ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար համապատասխան բյուջե չմուծված հարկի գումարի հինգ տոկոսի չափով, բայց այդ հարկի ընդհանուր գումարից ոչ ավելի:

 

Հոդված 25.

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը, իսկ սույն օրենքի հավելվածի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը՝ անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմինը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության հետ:

 

ԳԼՈՒԽ  VII

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 26.

Իրավաբանական անձանց գույքի արժեքը

 

Իրավաբանական անձինք 1998 և 1999 թվականների համար գույքահարկը՝ շինությունների մասով, հաշվարկում և վճարում են հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված շինությունների մնացորդային արժեքից: Ընդ որում, եթե այդ արժեքը կազմում է տվյալ շինության սկզբնական (ձեռքբերման) արժեքի քսան տոկոսից պակաս, ապա հարկման բազա է համարվում շինության սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20 տոկոսը:

 

Հոդված 27.

Ֆիզիկական անձանց ծանուցագրեր ներկայացնելը և գույքահարկը հաշվարկելը 1998 թվականին և հասարակական նշանակության շինությունների գույքահարկը հաշվարկելը 1998 և 1999 թվականներին

 

1. Հարկատու համարվող ֆիզիկական անձանց 1999 թվականի գույքահարկի հաշվարկների ծանուցագրերը ներկայացվում են մինչև 1999 թվականի հուլիսի 1-ը:

2. Հարկատու համարվող ֆիզիկական անձանց հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար 1998 թվականի գույքահարկը հաշվարկվում է 1997 թվականի հարկի գումարի չափով:

3. Հարկատու համարվող ֆիզիկական անձանց պատկանող, հարկվող օբյեկտ համարվող հասարակական նշանակության շինությունների համար 1998 և 1999 թվականներին գույքահարկը կազմում է՝

ա) մետաղական շինությունների համար՝ երեք հազար դրամ.

բ) այլ հասարակական շինությունների համար՝ տասը հազար դրամ:

 

Հոդված 28.

Բնակելի շինությունների հարկման բազայի առաջին գնահատումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով բնակելի շինությունների հարկման բազայի առաջին գնահատումը կատարվում է 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ:

 

Հոդված 29.

Ժամկետային արտոնությունների գործողությունը

 

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված ժամկետային արտոնությունները շարունակում են գործել մինչև դրանց ժամկետի ավարտը:

 

Հոդված 30.

1995 և 1996 թվականների գույքահարկից՝ հարկվող օբյեկտ համարվող գույքի (բացառությամբ փոխադրամիջոցների) համար գույքահարկից ֆիզիկական անձանց ազատելը

 

1. Ֆիզիկական անձինք ազատվում են 1995 և 1996 թվականների գույքահարկից, այդ թվում՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից, սեփականության իրավունքով իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի (բացառությամբ փոխադրամիջոցների) մասով:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ հաշվարկված և վճարված գույքահարկի գումարները հաշվանցվում են ֆիզիկական անձանց առաջիկա տարիների գույքահարկի վճարումների հաշվին:

 

Հոդված 31.

Ֆիզիկական անձանց համար 1997 և 1998 թվականների գույքահարկի վճարման ժամկետը

 

Ֆիզիկական անձանց համար 1997 և 1998 թվականների գույքահարկի վճարման ժամկետ սահմանվում է 1998 և 1999 թվականների հուլիսի 1-ը:

 

Հոդված 32.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

29 մարտի 1999թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-54

 

 

 

Հավելված

«Գույքահարկի մասին»

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության օրենքի

Ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին սեփականության իրավունքով պատկանող բնակելի օբյեկտների (բազմաբնակարան բնակելի տների բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների, ավտոտնակների, տնտեսական և նրանց կից օժանդակ շինությունների), շինությունների գնահատման կարգը

 

1. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման կարգը

1.1. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների արժեքը որոշվում է՝ ելնելով հետևյալ բանաձևից՝

Ա= Ամ x Մ x Գգ x Գծ x Գբ x Գհ x Գվ x Գմ x Գա

որտեղ՝

Ա՝ արժեքը

Ամ՝ 1 քառակուսի մետր մակերեսի արժեքը՝ ըստ սույն կետի 1.2 ենթակետի.

Մ՝ գնահատվող բնակարանների ընդհանուր մակերեսը՝ արտահայտված քառակուսի մետրերով.

Գգ՝ տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակից.

Գծ՝ շինության ծածկի տեսակի հետ կապված գործակից.

Գբ՝ հարկի բարձրության հետ կապված գործակից.

Գհ՝ բնակարանի հարկայնության հետ կապված գործակից.

Գվ՝ շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակից.

Գմ շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակից.

Գա շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակից:

1.2. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման նպատակով շինության 1քառակուսի մետր ընդհանուր մակերեսի արժեքը (Ամ) սահմանվում է՝

ա) երկաթբետոնե շինություների համար՝ 100.000 դրամ.

բ) քարե շինությունների համար՝ 120.000 դրամ:

1.3. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման նպատակով տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցը (Գգ) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ հետևյալ շրջանակներում.

 

Շրջան (քաղաք)

նվազագույնը

առավելագույնը

Ստեփանակերտ քաղաք

0.05

0.8

Ասկերանի շրջան

0.05

0.5

Մարտունու շրջան

0.05

0.5

Մարտակերտի և Շահումյանի շրջաններ

0.05

0.5

Հադրութի շրջան

0.05

0.5

Շուշիի շրջան

0.05

0.5

 

1.4. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման նպատակով շինության ծածկի տեսակի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է՝

ա) երկաթբետոնե շինությունների համար՝ 1.0.

բ) փայտե ծածկերի համար՝ 0.9:

1.5. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման նպատակով հարկի բարձրության հետ կապված գործակիցը (Գբ) սահմանվում է՝

ա) մինչև 2.7 մետր բարձրություն ունեցող հարկերի համար՝ 0.9.

բ) 2.7 մետրից մինչև 3.0 մետր բարձրություն ունեցող հարկերի համար՝ 1.0.

գ) 3.0 մետր և ավելի բարձրություն ունեցող հարկերի համար՝ 1.1:

1.6. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման նպատակով բնակարանի հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է՝

ա) առաջին հարկի համար՝ 0.9.

բ) երկրորդից հինգերորդ հարկերի համար՝ 1.0.

գ) վեցերորդից իններորդ հարկերի համար՝ 0.9.

դ) տասներորդ և ավելի բարձր հարկերի համար՝ 0.7.

ե) վերջին հարկի համար՝ լրացուցիչ՝ 0.9.

զ) նկուղային հարկի համար՝ 0.5.

է) կիսանկուղային հարկի համար՝ 0.6.

ը) տանիքային հարկի համար՝ 0.7:

1.7. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման նպատակով շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է՝

ա) 0 կարգի վնասվածության շինությունների համար՝ 1.00.

բ) 1-ին կարգի վնասվածության շինությունների համար՝ 0.95.

գ) 2-րդ կարգի վնասվածության շինությունների համար՝ 0.85.

դ) 3-րդ կարգի վնասվածության շինությունների համար՝ 0.50.

ե) 4-րդ կարգի վնասվածության շինությունների համար՝ 0.00:

Շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը կիրառվում է միայն տեխնիկական եզրակացության առկայության դեպքում:

1.8. Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման նպատակով շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է՝

ա) 1-ից 2 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 1.00.

բ) 3-ից 5 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 0.98.

գ) 6-ից 10 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 0.95.

դ) 11-ից 15 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 0.91.

ե) 16-ից 20 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 0.87.

զ 21-ից 25 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 0.82.

է) 26-ից 30 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 0.75

ը) 31-ից 40 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 0.68.

թ) 41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 0.60:

1.9 Բազմաբնակարան բնակելի տների բնակարանների գնահատման նպատակով շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է՝

ա) մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան* ունեցող շինությունների համար՝ 0.2.

բ) 50-ից 80 տոկոս ավարտվածության աստիճան** ունեցող շինությունների համար՝ 0.5

գ) 80 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան*** ունեցող շինությունների համար՝1.0.

 

2. Անհատական բնակելի տների, այգետնակների և նրանց կից շինությունների գնահատման կարգը

 

2.1. Անհատական բնակելի տների, այգետնակների և նրանց կից շինությունների արժեքը որոշվում է՝ ելնելով հետևյալ բանաձևից.

Ա = [(Ա1 + Ա2 + … + Աո x Աբ x Մ բ x Գմ) x Գտ x Գն x Գահ x Գկ x Գվ + Գա x Ապ x Ծպ

x Գմ x Գվ x Գա x Գն] x Գգ

որտեղ՝

Ա՝ արժեքը

Ա1, Ա2, … Աո՝ 1-ին, 2-րդ և հաջորդ հարկերի (այդ թվում՝ նկուղի, կիսանկուղի, ձեղնահարկի) արժեքը, որը որոշվում է հետևյալ բանաձևով.

Աո՝ = Աշ x Ծշ x Գհ x Գծ x Գմ

Աշ՝ անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների (բացառությամբ՝ պարիսպների և բաց պատշգամբների) 1 խորանարդ մետր ծավալի արժեքը,

Ծշ՝ անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների (բացառությամբ՝ պարիսպների և բաց պատշգամբների) ծավալը՝ արտահայտված խորանարդ մետրով,

________________________________________________________________________

 

* Շինությունը համարվում է մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են պատերը և միջհարկային ծածկը:

** Շինությունը համարվում է 50-ից մինչև 80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են հիմնահարկը և տանիքը:

*** Շինությունը համարվում է 80 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման և հարակից աշխատանքները:

 

Ապ՝ անհատական բնակելի տներին և այգետնակներին կից պարիսպների 1 մետր խորանարդ ծավալի արժեքը.

Ծպ՝ անհատական բնակելի տներին և այգետնակներին կից պարիսպների ծավալը՝ արտահայտված խորանարդ մետրով,

Աբ՝ անհատական բնակելի տների և այգետնակների բաց պատշգամբների 1 քառակուսի մետր մակերեսի արժեքը,

Մբ՝ անհատական բնակելի տների և այգետնակների բաց պատշգամբների մակերեսը՝ արտահայտված քառակուսի մետրով,

Գգ՝ տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակից.

Գհ՝ շինության հարկայնության հետ կապված գործակից.

Գտ՝ շինության տանիքի նյութի հետ կապված գործակից.

Գծ՝ շինության ծածկի տեսակի հետ կապված գործակից.

Գն՝ շինության օգտագործման նշանակության հետ կապված գործակից.

Գահ՝ շինության արտաքին հարդարման հետ կապված գործակից.

Գկ՝ բնակելի տան կամ ամառանոցի կոմունալ ապահովվածության հետ կապված գործակից.

Գվ՝ շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակից.

Գմ՝ շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակից.

Գա՝ շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակից:

2.2. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության (բացառությամբ՝ պարիսպների և բաց պատշգամբների) 1 խորանարդ մետր ծավալի արժեքը (Աշ) սահմանվում է՝

ա) տուֆից շինությունների համար՝ 40.000 դրամ.

բ) բազալտից շինությունների համար՝ 45.000 դրամ.

գ) փայտե շինությունների համար՝ 25.000 դրամ.

դ) բետոնից շինությունների համար՝ 30.000 դրամ.

ե) աղյուսից շինությունների համար՝ 43.000 դրամ.

զ) բուտաքարից շինությունների համար՝ 20.000 դրամ:

2.3. Անհատական բնակելի տներին և այգետնակներին կից պարիսպների գնահատման նպատակով պարսպի 1 խորանարդ մետր ծավալի արժեքը (Ապ) սահմանվում է՝

ա) տուֆից պարսպի համար՝ 7.500 դրամ.

բ) բետոնից պարսպի համար՝ 9.000 դրամ.

գ) բազալտից պարսպի համար՝ 10.000 դրամ:

2.4. Անհատական բնակելի տների և այգետնակների բաց պատշգամբների 1 քառակուսի մետր մակերեսի արժեքը (Աբ) սահմանվում է 5.000 դրամ:

2.5. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցը (Գգ) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ հետևյալ շրջանակներում.

 

Շրջան (քաղաք)

նվազագույնը

առավելագույնը

Ստեփանակերտ քաղաք

0.05

0.8

Ասկերանի շրջան

0.05

0.5

Մարտունու շրջան

0.05

0.5

Մարտակերտի և Շահումյանի շրջաններ

0.05

0.5

Հադրութի շրջան

0.05

0.5

Շուշիի շրջան

0.05

0.5

 

2.6. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության հարկայնության հետ կապված գործակիցը (Գհ) սահմանվում է՝

ա) առաջին հարկի համար՝ 1.0.

բ) երկրորդ և հաջորդ հարկերի համար՝ 0.75.

գ) կիսանկուղային հարկի համար՝ 0.65.

դ) նկուղային հարկի համար՝ 0.45.

ե) ձեղնահարկի համար՝ 0.7:

2.7. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) սահմանվում է՝

ա) թիթեղյա տանիքի համար՝ 1.0.

բ) շիֆերից տանիքի համար՝ 0.75.

գ) կղմինդրից տանիքի համար՝ 1.05.

դ) ռուբերոիդից տանիքի համար՝ 0.85:

2.8. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության ծածկի նյութի հետ կապված գործակիցը (Գծ) սահմանվում է՝

ա) երկաթբետոնե ծածկի համար՝ 1.0.

բ) փայտե ծածկի համար՝ 0.9:

2.9. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության օգտագործման նշանակության հետ կապված գործակիցը (Գն) սահմանվում է՝

ա) բնակելի շենքի համար՝ 1.0.

բ) այգետնակի համար՝ 0.65.

գ) բնակելի շենքին և այգետնակին կից այլ շինությունների համար՝ 0.50:

2.10. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության արտաքին հարդարման նշանակության հետ կապված գործակիցը (Գահ) սահմանվում է՝

ա) ուղղանկյունաձև քարից արտաքին հարդարում ունեցող շինությունների համար՝ 1.0.

բ) սրբատաշ արտաքին հարդարում ունեցող շինությունների համար՝ 1.0, իսկ յուրաքանչյուր ճակատի համար՝ 1.05.

գ) երեսապատված արտաքին հարդարում ունեցող շինությունների համար՝ 1.0, իսկ յուրաքանչյուր ճակատի համար՝ 1.025.

դ) սվաղված արտաքին հարդարում ունեցող շինությունների համար՝ 1.0, իսկ յուրաքանչյուր ճակատի համար՝ 1.01.

ե) անկանոն (ուղղանկյունաձև) քարից արտաքին հարդարում ունեցող շինությունների համար՝ 0.8:

2.11. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով բնակելի տան կամ այգետնակի կոմունալ ապահովվածության հետ կապված գործակիցը (Գկ) սահմանվում է՝

ա) ջրով չապահովված շինությունների համար՝ 0.9.

բ/ կոյուղով չապահովված շինությունների համար՝ 0.9:

2.12. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է՝

ա) 0 կարգի վնասվածության շինությունների համար՝ 1.00.

բ) 1-ին կարգի վնասվածության շինությունների համար՝ 0.95.

գ) 2-րդ կարգի վնասվածության շինությունների համար՝ 0.85.

դ) 3-րդ կարգի վնասվածության շինությունների համար՝ 0.50.

ե) 4-րդ կարգի վնասվածության շինությունների համար՝ 0.00.

Շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը կիրառվում է միայն տեխնիկական եզրակացության առկայության դեպքում:

2.13. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցը (Գմ) սահմանվում է՝

ա) 1-ից 2 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 1.00.

բ) 3-ից 5 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 0.98.

գ) 6-ից 10 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 0.95.

դ) 11-ից 15 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 0.91.

ե) 16-ից 20 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 0.87.

զ) 21-ից 25 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 0.82.

է) 26-ից 30 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 0.75.

ը) 31-ից 40 տարի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 0.68.

թ) 41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինությունների համար՝ 0.60:

2.14. Անհատական բնակելի տների, այգետնակների և դրանց կից շինությունների ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է՝

ա) մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար՝ 0.2.

բ) 50-ից մինչև 80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար՝ 0.5.

գ) 80 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար՝ 1.0:

 

3. Եզրափակիչ դրույթներ

 

3.1. Շինությունների գնահատումը յուրաքանչյուր միավորի համար կատարվում է առանձին:

3.2. Ավտոտնակները գնահատվում են անհատական բնակելի տանը կից այլ շինությունների գնահատման կարգով: Մետաղական շինությունների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ ընդունվում է տուֆե շինության միավորի արժեքը: