ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
| 30 դեկտեմբերի 2020թ. |
N 780-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 126-Ն ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 124-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ հոդվածի 1-ին կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը և Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 702-Ն որոշումը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 26-ի «Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու, Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 6-ի N 118-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 126-Ն և Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի «Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի N 48-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 124-Ն որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 780-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարության անվանումն է`
1) հայերեն՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
2) ռուսերեն` Министерство образования, науки, культуры и спорта Республики Арцах.
3) անգլերեն` Ministry of Education, Science, Culture and Sport of the Republic of Artsakh:
6. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
7. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից, ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
8. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
1) բնակչության հոգևոր և մտավոր ներուժի ազգային և համամարդկային արժեքների պահպանման ու զարգացման ամրապնդումը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի զարգացման միասնական պետական քաղաքականության ռազմավարության մշակումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը.
2) կրթության բնագավառի հենքը հանդիսացող ազգային դպրոցի գլխավոր նպատակի ապահովումը՝ մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումը.
3) կրթության, գիտության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների պահպանման և զարգացման ապահովումը՝ որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության ապահովման և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.
4) կրթության, գիտության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների մասնագետների պատրաստումը և նրանց վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը.
5) կրթության, գիտության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրերի մշակումը և դրանց իրագործումը.
6) պետական կրթական չափորոշիչների՝ կրթական ծրագրերի համապատասխանության ապահովումը.
7) մատաղ սերնդի ֆիզիկական ու հոգևոր, ինչպես նաև մասնագիտական ու մտավոր զարգացման համար բարենպաստ պայմանների ու հնարավորությունների ապահովումը և հաշմանդամների համար սպորտով զբաղվելու նպաստավոր պայմանների ստեղծումը.
8) ուսումնական հաստատությունների, մարզական կառույցների ուսումնամեթոդական և ուսումնանյութական ապահովվածությանը նպաստելը.
9) կրթության, գիտության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգերի գործունեության որակի ու արդյունավետության գնահատումը, «Լեզվի մասին» օրենքի պահանջների կատարումը.
10) ուսումնական, գիտական հաստատություններում, մշակութային և մարզական կառույցներում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը և պետական քաղաքականության սկզբունքների պահպանումը.
11) կրթագիտական, մշակութային, հոգևոր և ազգային փոքրամասնությունների ոլորտների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի մշակմանն ու նշված ուղղություններով Արցախի Հանրապետության պետական քաղաքականության ձևավորմանը մասնակցելը.
12) կրթագիտական, մշակութային ու մարզական համակարգերի տեղեկատվական ապահովումը, ուսումնական և մեթոդական միջոցների ստեղծումը, նորմատիվ փաստաթղթերի ընդունումը.
13) հասարակության համաչափ զարգացման պահանջներին և միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստումը, նախարարության հաստատությունների դասախոսական ու մանկավարժական կադրերի ապահովումը.
14) ռազմահայրենասիրական գաղափարախոսության ձևավորման, պահպանման, հայրենիքին անմնացորդ նվիրվածության և հավատարմության, քաղաքացիական պարտքի պատրաստակամության սերմանումը, հայրենիքի շահերի պաշտպանությունը, ազգային արժեքների պահպանումը.
15) ինքնագործ և պրոֆեսիոնալ հայկական ազգային արվեստի հիմնական ուղղությունների սահմանումը, կատարելագործելով մշակութային գործունեության բովանդակությունը, ձևերն ու եղանակները, բնակչության հանգիստը ժամանակի պահանջներին համապատասխան կազմակերպելու, նրան ինքնագործ գեղարվեստական ստեղծագործությանը հաղորդակցելու նպատակով.
16) փոխշահավետ պայմաններով մշակութային կապերի զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը այլ երկրների և տարբեր միջազգային մշակութային կազմակերպությունների հետ.
17) մշակութային նոր արժեքների ստեղծմանը նպաստելը.
18) մշակութային արժեքներին հաղորդակցվելու և մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովումը.
19) Արցախի Հանրապետությունից դուրս գտնվող արցախյան մշակութային արժեքների պահպանությանը նպաստելը միջազգային նորմերի շրջանակներում.
20) զբոսաշրջության զարգացումը, այն տնտեսության գերակա ճյուղերից մեկը դարձնելուն աջակցելը.
21) զբոսաշրջային գործունեությանն աջակցելը և դրա առաջնային ուղղությունների զարգացման համար բարենպաստ իրավական, տնտեսական պայմանների ստեղծումը.
22) զբոսաշրջության զարգացման գերակա ուղղությունների սահմանումը.
23) Արցախի Հանրապետության` որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորման իրականացումը.
24) զբոսաշրջիկների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար պայմանների ստեղծումը.
25) զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը.
26) զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով ստեղծված հասարակական կազմակերպություններին աջակցելը.
27) զբոսաշրջային գործունեության ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորումը.
28) հայ ժողովրդի հոգևոր ու մտավոր ներուժի ամրապնդման, մշակութային արժեքների ու հուշարձանների պահպանության և արվեստի ոլորտում միասնական պետական քաղաքականության իրականացումը.
29) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի իրավական հիմքերի սահմանումը.
30) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը.
31) հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հարցերի կանոնակարգման սկզբունքների սահմանումը.
32) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավասությունների սահմանումը.
33) հուշարձանների` որպես անշարժ գույքի հատուկ տեսակի նկատմամբ սեփականության, տնօրինման և օգտագործման առանձնահատկությունների սահմանումը.
34) երիտասարդության ինքնիրացման, սոցիալական և տնտեսական կայացման երաշխիքների ու զարգացման բարենպաստ պայմանների ապահովումը.
35) երիտասարդության շրջանում ազգային արժեքային կողմնորոշման ամրապնդումը, առողջ ապրելակերպի, հոգևոր-մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության խթանումը.
36) Արցախի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում երիտասարդության ակտիվության խթանումը.
37) երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրության դաստիարակության և համամարդկային արժեքների պահպանման պայմանների ապահովումը.
38) ֆիզկուլտուրային և մարզական հանրապետական միջոցառումների անցկացումը.
39) Արցախի Հանրապետությունում տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների գործունեությանն աջակցելը:
2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) մշակում է կրթության, գիտության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերն ու այդ բնագավառներում պետական քաղաքականությունը.
2) մշակում, մշտադիտարկում (մոնիթորինգ) և գնահատում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի զարգացման երկարաժամկետ ու միջնաժամկետ պետական ծրագրերը.
3) մշակում է կրթության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում միջպետական համագործակցության ծրագրերը և կազմակերպում դրանց իրականացումը.
4) սահմանված կարգով մասնակցում է կրթության, գիտության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը.
5) սահմանում է դրսեկության ձևով հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության կազմակերպման կարգը.
6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տրամադրում է կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ.
7) իր իրավասության սահմաններում իրականացնում է լիցենզավորման գործընթացների կազմակերպումը և լիցենզավորված սուբյեկտների կողմից տվյալ գործունեությունն իրականացնելու համար պարտադիր պահանջների ու պայմանների պահպանման ուսումնասիրությունների նկատմամբ իրականացնում հսկողություն.
8) ըստ մարզաձևերի մշակում և հաստատում է մարզադահլիճների նյութատեխնիկական հագեցվածության չափաքանակները, մասնակցում նախնական զինվորական պատրաստության դասասենյակների նյութատեխնիկական հագեցվածության չափաքանակների մշակմանը.
9) սահմանում է ուսումնական հաստատությունների, մարզական կառույցների, մանկավարժական, մարզչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերին ներկայացվող պահանջները.
10) կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի հիման վրա հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու նպատակով տեղում իրականացնում է ուսումնասիրություններ.
11) մշակում և հաստատում է օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման կարգը.
12) համակարգում է իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում` զորահավաքային, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների գծով աշխատանքները.
13) մշակում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի զարգացման պետական ծրագրերը, պետական կրթական, մշակութային և մարզական չափորոշիչներն ու համակարգում դրանց իրականացման աշխատանքները.
14) կազմակերպում է պետական ռազմավարական ծրագրերի շրջանակներում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի ծրագրերի իրականացումն ու մոնիթորինգը.
15) հաշվառում է կրթության, գիտության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների մասնագետներին, ուսումնասիրում նրանց նկատմամբ հանրապետության պահանջարկը, համակարգի մասնագետների պատրաստման և վերապատրաստման ապահովումը.
16) մշակում է հանրակրթական պետական և առարկայական ծրագրերը, օրինակելի ուսումնական պլանները, հանրակրթական ուսումնական հաստատություններին ապահովում է դասագրքերով և ուսումնական ձեռնարկներով.
17) մշակում և հաստատում է ուսումնական հաստատություններում սովորողների գիտելիքների փոխադրական և ամփոփիչ ստուգման ու ատեստավորման կարգերը.
18) սահմանում է տարրական և հիմնական ընդհանուր կրթության ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագրերը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառության կարգը.
19) մշակում և հաստատում է պետական հանրակրթական հաստատությունների անվանակոչման չափանիշները.
20) մշակում և հաստատում է «Տարվա լավագույն տնօրենե, «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն ուսանող», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն զինղեկ», «Տարվա լավագույն աշակերտ», «Տարվա լավագույն խմբակավար» ամենամյա մրցույթի անցկացման կարգերը.
21) մշակում և հաստատում է Արցախի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման կարգը.
22) համակարգում է ուսումնական հաստատությունների պետական նմուշի փաստաթղթերի հայտավորման և բաշխման աշխատանքները.
23) համակարգում է կրթության, գիտության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում պետական պարգևների ներկայացման աշխատանքները.
24) իրականացնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգերի որակի և արդյունավետության մոնիթորինգ, գնահատում այդ բնագավառներում Արցախի Հանրապետության պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը.
25) հաստատում է հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի ցանկը և դրանց վարման կարգը.
26) ապահովում է լրացուցիչ կրթության զարգացման, լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների նկատմամբ մոնիթորինգի իրականացումը.
27) հաստատում է բարձրագույն, հետբուհական, միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթության, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերը.
28) կազմակերպում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ զինվորական ղեկավարների վերապատրաստումն ու որակավորումը.
29) կազմակերպում է ուսումնական ծրագրի յուրացման մակարդակի որոշման և տեսական գիտելիքների գործնական կիրառման նպատակով բազմաբնույթ ռազմամարզական միջոցառումներ, ռազմահայրենասիրական բնույթի ճամբարներ և ռազմադաշտային պարապմունքներ.
30) ձևավորում և պահպանում է նախազորակոչային տարիքի պատանիների և աղջիկների մոտ բարձր հայրենասիրական գաղափարախոսություն, սերմանում հայրենիքին անմնացորդ նվիրվածություն և հավատարմություն, քաղաքացիական պարտքի կատարման պատրաստակամություն.
31) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մշակում ու իրականացնում է մշակութային արժեքների ապօրինի արտահանումն ու ապօրինի ներմուծումը, մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխող և կանխարգելող միջոցառումներ.
32) ապահովում է պետական թանգարանների, գրադարանների և պատկերասրահների հավաքածուների պետական հաշվառումը, անձնագրավորումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, համալրումը, ներկայացումը, օգտագործումը և հանրահռչակումը, դրանց ուսումնասիրությունն ու վերլուծությունը, ինչպես նաև թանգարանների, գրադարանների և պատկերասրահների հավաքածուներից մաշված գրականության ու թանգարանային առարկաների դուրսգրումը.
33) իրականացնում է պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների, թանգարանային, գրադարանային հավաքածուների կառավարումը, իրացնում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից մշակութային ժառանգության առանձին առարկաների՝ պետության անունից գնման առաջնահերթության նախապատվության իրավունքը.
34) ապահովում է պետական թանգարաններում, գրադարաններում, պատկերասրահներում ու պետական այլ պահոցներում մշակութային արժեքների անվտանգության և տեղեկատվության արդիական համակարգերի ներդնումը.
35) սահմանում է պետական թանգարաններում և պատկերասրահներում թանգարանային առարկաներին ու թանգարանային հավաքածուներին հաղորդակցվելու պայմանակարգը (ռեժիմը).
36) իրականացնում է գրադարանային աշխատանքների համակարգումը, ստեղծում գրադարանային տեղեկատվական ցանցեր.
37) սահմանում է իր ենթակայության գրադարաններում գրքային հավաքածուներից օգտվելու կանոնակարգը և ապահովում գրադարանային հավաքածուների պահպանվածությունը.
38) կազմակերպում է ոչ նյութական մշակութային ժառանգութան օբյեկտների և ժողովրդական արհեստների հավաքագրումը, ուսումնասիրումը, տարածումն ու հանրահռչակման աշխատանքները, ոչ նութական մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բնագավառի մասնագետների հաշվառումն ու նրանց մասին տվյալների բազայի ստեղծումը.
39) նպաստում է Արցախի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանը և զարգացմանը.
40) պետական աջակցություն է ցուցաբերում մշակույթի ոլորտի կազմակերպություններին, արվեստի բոլոր տեսակների և ձևերի զարգացմանը, մշակույթի ու արվեստի գործիչների ստեղծագործական գործունեությանը, ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը.
41) ընդլայնում է Արցախի Հանրապետության տարածքում հյուրախաղային և ցուցահանդեսային գործունեությունը, ստեղծագործական խմբերի ու մշակութային, կրթական և գիտական կազմակերպությունների միջև համագործակցությունը, նպաստում կապերի ու շփումների ստեղծմանն ու զարգացմանը.
42) աջակցում է ժողովրդական ստեղծագործության պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, ապահովում է մշակութաժամանցային գործունեության բազմազանությունը.
43) իրականացնում է մշակույթի բնագավառում գիտահետազոտական աշխատանքներ.
44) համագործակցության նպատակով միջազգային (ներառյալ համահայկական) մշակութային այլ պետություններ է գործուղում ստեղծագործական խմբեր, աջակցում անհատ կատարողների, մասնագետների և մշակութային համագործակցության զարգացմանը.
45) համագործակցում և մասնակցում է հայկական և միջազգային մշակութային կազմակերպությունների աշխատանքներին.
46) մշակույթի բնագավառում իրականացնում է բարեփոխումներ.
47) սահմանում է մշակույթի բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում համապատասխան ոլորտների կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը.
48) ապահովում է ոլորտի տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացումը, մատուցում է մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև մշակույթի պետական նպատակային ծրագրերին համապատասխան հրապարակում է տեղեկատվական, գիտահանրամատչելի, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի նյութեր.
49) կազմակերպում է փառատոներ, ցուցահանդեսներ, ցուցահանդես վաճառքներ, աճուրդներ, գիտաժողովներ, համաժողովներ, սեմինարներ (այդ թվում` համահայկական և միջազգային) և այլ միջոցառումներ.
50) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում իրենց վաստակով նշանավոր անձանց և արվեստագետներին ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, իսկ թատրոններին՝ ակադեմիական կոչման, սահմանում և շնորհում է նախարարության հատուկ պարգևներ.
51) Արցախի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական կազմակերպություններ ստեղծելու և իր ենթակայությանը հանձնված պետական կազմակերպությունները պատմական, հասարակական քաղաքական, մշակույթի, արվեստի, գիտության և սպորտի նշանավոր գործիչների ու անձանց անուններով կոչելու վերաբերյալ.
52) ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան գրանցամատյանների միջոցով մշակույթի բնագավառում վարում վարչական վիճակագրությունը, իրականացնում մշակութային կազմակերպությունների հաշվառումը.
53) ապահովում է մշակութային քաղաքականության քարոզչությունը զանգվածային տեղեկատվության միջոցներով.
54) իրականացնում է մշակույթի բնագավառի ծրագրային ու գիտամեթոդական ապահովումը, մշակում և հաստատում է մշակույթի բնագավառի ղեկավար կադրերի մասնագիտական որակավորման չափանիշները.
55) հսկողություն է իրականացնում իր գործունեության ոլորտներին առնչվող՝ Արցախի Հանրապետության կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ, ինչպես նաև՝ կրոնական թեմաներով գրականության և ծիսական նշանակության առարկաների արտադրության, ներմուծման և վաճառքի նկատմամբ.
56) պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ ապահովում է պետական մշակութային տարածքային քաղաքականության իրականացումը.
57) նախքան կրոնական կազմակերպության՝ իրավաբանական անձանց գրանցումը իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը` կրոնական կազմակերպության ներկայացրած փաստաթղթերի հիման վրա տալիս է փորձագիտական եզրակացություն.
58) ապահովում է ազգային փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների համակարգումն ու վերահսկողությունը.
59) իրականացնում է պատմամշակութային բնագավառում օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորումը, լիցենզավորման պայմանների կատարման հսկողությունը.
60) զբոսաշրջության բնագավառում՝
ա. ոլորտի զարգացման քաղաքականության մշակման և իրականացման ապահովում, այն խթանող և դրան օժանդակող համակարգի ստեղծում, միջազգային զբոսաշրջության կազմակերպությունների հետ կապերի ամրապնդում ու աշխատանքների համակարգում,
բ. օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորում, լիցենզավորման պայմանների կատարման նկատմամբ հսկողություն,
գ. օրենքի պահանջների խախտման համար տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունում,
դ. ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելման և վերացման նպատակով կարգադրագրերի արձակում,
ե. հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգի տրամադրում և փոփոխում, որակավորման կարգը ստանալու համար ներկայացված հայտի մերժում, որակավորման կարգից զրկում, որակավորման պայմանների նկատմամբ հսկողության իրականացում,
զ. ազգային և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն աջակցություն,
է. տեղական ինքնակառավարման մարմիններին՝ իրենց տարածքում գտնվող զբոսաշրջային տարածաշրջանների, կենտրոնների և օբյեկտների վերանորոգման, բարեկարգման և պատշաճ վիճակում պահպանման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
ը. զբոսաշրջության բնագավառում կադրերի պատրաստման, վերապատրաստման և նրանց որակավորման բարձրացման, զբոսաշրջության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանն աջակցություն,
թ. այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում Արցախի Հանրապետությունը ներկայացնելը, զբոսաշրջության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի կնքմանը մասնակցություն,
ժ. միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին Արցախի Հանրապետության մասնակցության ապահովում, ցուցահանդեսների մասնակիցներին խորհրդատվական, կազմակերպական և այլ օգնության ցուցաբերում,
ժա. զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրության վարում.
61) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման գիտամեթոդական կարգը և իրականացնում այդ աշխատանքները.
62) պետական վերահսկողություն է իրականացնում հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.
63) արձակում է կարգադրագրեր` ուղղված պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, վերակառուցման, հուշարձանների պահպանական գոտիներում իրականացվող աշխատանքների ընթացքում օրենքի պահանջների խախտման կապակցությամբ աշխատանքների դադարեցմանը կամ արգելմանը, ինչպես նաև օրենքի այլ պահանջների կատարման ապահովմանը կամ դրանց խախտումների կանխարգելմանը.
64) տնօրինում է պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանները, կատարում դրանց ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքները.
65) գրանցում և վերահսկում է հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի և օգտագործման ձևի փոփոխումները.
66) միջազգային նորմերի սահմաններում հաշվառում և ուսումնասիրում է Արցախի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանները, նպաստում դրանց պահպանմանը.
67) ստեղծում է պատմամշակութային արժեքների գիտատեղեկատու շտեմարան, հրատարակում գրացուցակներ (կատալոգներ), ուսումնական, գիտահետազոտական կամ ճանաչողական նպատակներով ապահովում հուշարձանների և դրանց վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը.
68) վարում է հուշարձանների պետական հաշվառումը (կադաստրը).
69) կազմում և սահմանված կարգով հաստատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը, սահմանում դրանց պահպանության ռեժիմը և իրականացնում դրա պահպանման վերահսկողությունը.
70) մշակում, ընդունում և հաշվառում է հուշարձանների պահպանության, օգտագործման, ուսումնասիրման, գիտանախագծային և գիտավերականգնման ու դրանց ուղեկցող աշխատանքների նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը.
71) առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարություն` հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու և պատմամշակութային արգելոց ստեղծելու վերաբերյալ.
72) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն է տալիս հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, ինչպես նաև հուշարձան համարվող առանձին շինությունների և համալիրների ամրակայման, վերականգնման, փոփոխման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ, վերահսկում դրանց իրականացման ընթացքում հուշարձանների անվթարության և միջավայրի պահպանության ապահովումը.
73) թույլտվություն է տալիս հուշարձանների հետախուզման և պեղման աշխատանքների համար, գրանցում դրանք և վերահսկում դրանց կատարման ընթացքը.
74) արգելում կամ դադարեցնում է հուշարձանի պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, ինչպես նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վնասել են կամ դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանը կամ դրա պահպանական գոտին.
75) նպաստում է ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանական միջոցառումների իրականացմանը.
76) երիտասարդության շրջանում իրականացնում է ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ազգային, քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, ընտանեկան արժեքների պահպանմանն ուղղված ծրագրեր, աջակցում է ազատ ժամանցի ակտիվ և նպատակային կազմակերպմանը.
77) նպաստում է Արցախի Հանրապետության տարածքում երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցությանը, կապերի և շփումների ստեղծմանն ու զարգացմանը, համագործակցում և մասնակցում է երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին.
78) սահմանում է երիտասարդության հարցերի բնագավառում բարեփոխումների ուղղություններն ու ապահովում դրանց իրականացումը.
79) կազմակերպում է Արցախի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ուսումնադաստիարակչական, զանգվածային ֆիզկուլտուրային, առողջարարական և մարզական բնույթի միջոցառումներ, հանրապետական առաջնություններ, չեմպիոնատներ և հավաքներ, կրթության, գիտության, մշակույթի, ֆիզկուլտուրայի ու սպորտի հարցերով համաժողովներ, խորհրդակցություններ և այլ միջոցառումներ.
80) մասնակցում է Արցախի Հանրապետության հավաքական թիմերի անդամներին ու կազմակերպություններին մարզահագուստով, մարզագույքով և սարքավորումներով ապահովելու աշխատանքին.
81) մշակում և հաստատում է նախարարության և նրա համակարգի աշխատողներին խրախուսելու նպատակով մեդալի սահմանումն ու այդ մեդալով պարգևատրման կարգը.
82) վերահսկողություն է իրականացնում իր ենթակայությանը հանձնված կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ, իսկ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում տալիս համաձայնություն՝ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
83) ապահովում է նախարարության և հասարակայնության հետ կապը.
84) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է իր ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետության սեփականություն համարվող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.
85) իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների նկատմամբ իրականացնում է հսկողություն և ընդհանուր կառավարում.
86) ընդունում է իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների աշխատողների որակավորման ստուգման, ատեստավորման կարգերը, իրականացնում որակավորման ստուգումը և ատեստավորումը.
87) սահմանում է իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ծառայությունների ցանկերը և սակագները.
88) ներդնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարում վարչական վիճակագրական ռեգիստրներ.
89) ապահովում է նախարարության և նրա համակարգի բյուջետային գործընթացը.
90) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
10. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Նախարարին կից հասարակական խորհուրդը`
1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.
2) աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը, հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.
3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`
ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ,
բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,
գ. նախարարության ընթացիկ գործունեության վերաբերյալ:
3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
11. Նախարարությունը գլխավորում և նախարարության համակարգի մեջ մտնող կազմակերպությունների գործունեությունը կառավարում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
12. Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:
13. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
14. Նախարարը հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին:
15. Նախարարը՝
1) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական իրավական ակտեր.
2) ղեկավարում, համակարգում և վերահսկում է նախարարության համակարգի մեջ մտնող կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
3) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և Արցախի Հանրապետության կառավարություն.
4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
6) աշխատակազմի ղեկավարի նկատմամբ խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարություն.
7) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին, օգնականներին և ռեֆերենտներին.
8) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
9) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
10) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
11) լսում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
12) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ, ինչպես նաև նախարարության կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ.
13) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
14) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի աշխատողների թիվը.
15) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
17) տրամադրում է արձակուրդ նախարարի տեղակալներին և նախարարության աշխատակազմի ղեկավարին Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան.
18) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
16. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
17. Նախարարի տեղակալը՝
1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.
11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
18. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
19. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
20. Նախարարության աշխատակազմը գործում է Քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
21. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
22. Նախարարության աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
23. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
24. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
25. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:
26. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:
27. Նախարարության աշխատակազմի անվանումն է` «Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
28. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Ստեփանակերտ, Թումանյան փողոց 48:
5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
29. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռքբերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
30. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու իր կողմից նախարարության աշխատակազմին հանձնված գույքը:
31. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:
6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
33. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման կամ վերահսկողական գործառույթներ իրականացնող և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից:
37. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
39. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարությունը և նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Աշխատակազմի ղեկավարը ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը:
40. Արցախի Հանրապետության կառավարությունը՝
1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
5) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների և նախարարի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
44. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ նախարարի հրամանով:
45. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
1) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարության աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և տեխնիկական աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
5) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
6) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
8) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
12) նախարարի ստորագրմանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
13) ապահովում է համագործակցությունն Արցախի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
46. Աշխատակազմի ղեկավարի տեղակալը`
1) իր լիազորության սահմաններում համակարգում է աշխատակազմի գործունեությունը` աշխատակազմի իրեն հանձնարարված ոլորտում վերահսկողության քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` աշխատակազմի կառուցվածքային ու առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
2) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
3) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ և իրեն հանձնարարված ոլորտներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
4) պարբերաբար աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների իրականացման ընթացքի մասին.
5) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում աշխատակազմի ղեկավարի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում աշխատակազմի ղեկավարին.
6) նախարարի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
8. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
47. Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
48. Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
49. Նախարարության աշխատակազմն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների մասին և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
50. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
9. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
51. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(հավելված 1-ը խմբ. 09.03.22 N229-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 780-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ
ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
1. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Վարչություններ
1) Կրթության և գիտության վարչություն
2) Նախազորակոչային պատրաստության և արտադպրոցական ծրագրերի վարչություն
3) Մշակույթի և երիտասարդության հարցերի վարչություն
4) Սպորտի վարչություն
5) Ֆինանսատնտեսագիտական վարչություն
6) Զբոսաշրջության վարչություն
(1-ին կետը լրաց. 09.03.22 N229-Ն)
2. Բաժիններ
1) Լիցենզավորման և իրավաբանական բաժին
2) Ընդհանուր բաժին
3) Կադրերի բաժին
4) Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
2. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Տեսչություններ
1) Կրթության պետական տեսչություն
2) Լեզվի տեսչություն
(հավելված 2-ը լրաց. 09.03.22 N229-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |