ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
14 սեպտեմբերի 2021թ. |
N 1003-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ
ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 30.03.22 N339-Ն)
Հիմք ընդունելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արցախի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանմանն ուղղված պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.03.22 N339-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
սեպտեմբերի 14-ի N 1003-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 30.03.22 N339-Ն)
Վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ) արդյունաբերության զարգացումն ու տեղեկատվական հասարակության կայացումը կարևորագույն խթան են հանդիսացել աշխարհի բոլոր զարգացած երկրների տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման, կառավարման, ինովացիոն և գիտակրթական համակարգերի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար և ճանաչվել են գերակա ուղղություն` որպես գիտելիքահենք տնտեսության կառուցման հիմնաքար։
Արցախի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն), կարևորելով ՏՏ արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես Արցախի Հանրապետությունում տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, հատուկ շեշտադրել է Արցախի Հանրապետությունում ՏՏ ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության ձևավորումը։
Արցախի Հանրապետությունում՝ 2021 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ, գործում են ՏՏ ոլորտի 8 ընկերություններ, որոնց աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 90 հոգի, իսկ գրանցված 2 ընկերություններ ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը՝ պատվերների բացակայության պատճառով:
(3-րդ պարբերությունը լրաց. 30.03.22 N339-Ն)
Արցախի Հանրապետությունում գործող ՏՏ ոլորտի ընկերությունները հիմնականում զբաղվում են ծրագրային ապահովման մշակմամբ (վեբ ծրագրերի մշակում, մոդելավորում, սպասարկում, մոբայլ ծրագրավորում, մոբայլ հավելվածների մշակում, անալիտիկ (վերլուծական) ծրագրերի պատրաստում):
ՏՏ ոլորտի 2 ընկերություններ 2021 թվականի տարեսկզբից 6 ամիս ժամկետով 100 դիմորդների հետ անց են կացրել դասընթացներ՝ ՏՏ ոլորտում նոր մասնագետների պատրաստման նպատակով, որից միայն թվով 20 հոգի են աշխատանքի ընդունվել: Այս ընկերությունները վերապատրաստման դասընթացներ են կազմակերպում նաև աշխատակիցների համար: Պատվերների գերակշիռ մասը ընկերությունները ստանում են արտասահմանից և Հայաստանի Հանրապետությունից:
1. ՏՏ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
1. ՏՏ ոլորտի զարգացման հիմնախնդիրներն են՝
1) ՏՏ ոլորտի մասնագետների անբավարար քանակը, վերապատրաստման և վերաորակավորման կայուն գործընթացի բացակայությունը,
2) ՏՏ ոլորտի վերաբերյալ հանրության անբավարար իրազեկվածությունը և աղավաղված ընկալումները,
3) մասնագիտական կողմնորոշման և վերակողմնորոշման արդյունավետ միջոցների բացակայությունը,
4) էլեկտրամատակարարման, էլեկտրոնային և տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքների անհուսալի աշխատանքը կամ անկատարությունը,
5) ՏՏ մասնավոր հատվածի և կրթական համակարգի միջև կապերի թերի զարգացումը,
6) ձեռնարկատիրական գործունեությունը խթանող միջավայրի բացակայությունը։
2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
2. Ծրագրի իրականացման հիմնական նպատակներն են`
1) ՏՏ ոլորտում զբաղվածության տեսակարար կշռի աճը,
2) ՏՏ ոլորտի արտադրանքի և ծառայությունների ծավալի տարածքային համաչափ աճը,
3) ՏՏ ոլորտի արցախյան հատվածի առավելությունների և հնարավորությունների մասին իրազեկվածության և ներկայացվածության աստիճանի բարձրացումը:
3. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
3. Ծրագրի իրականացման սկզբունքներն են՝
1) պետական միջոցների նվազագույն ներգրավվածությամբ մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը,
2) մրցակցային և հավասար հնարավորությունների ապահովումը,
3) տարածքային համաչափ զարգացումը,
4) մարդկային կապիտալի զարգացման գերակայությունը,
5) արդյունքների չափելիությունը,
6) սեփական արտադրական կարողությունների զարգացման գերակայությունը,
7) ծրագրի բոլոր մասնակիցների համար ֆինանսական պատասխանատվությունը:
4. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
4. Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներն են՝
1) աջակցություն՝ մասնագիտական որակավորմանն ու վերաորակավորմանը,
2) հեռավար աշխատանքի գրասենյակային կենտրոնների հիմնում,
3) ՏՏ ոլորտի հանրայնացման աջակցություն,
4) գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԳՏՃՄ) առարկաների ուսուցման խրախուսում:
5. Մասնագիտական որակավորման, վերաորակավորման աջակցության միջոցառման շրջանակներում ներգրավվելու են՝
1) Արցախի Հանրապետության շրջաններում (բացի մայրաքաղաք Ստեփանակերտից)՝ ՏՏ մասնագիտություններով վարձու աշխատանք առաջարկողների կամ տաղանդների հավաքագրմամբ և կառավարմամբ զբաղվող մասնագիտական կազմակերպությունները (այսուհետ՝ գործատուներ),
2) Արցախի Հանրապետության շրջաններում (բացի մայրաքաղաք Ստեփանակերտից)՝ ՏՏ մասնագիտություններով վարձու աշխատանք փնտրողները, մասնագիտական որակավորման կամ վերաորակավորման կրթական ծրագրերի դիմողները (այսուհետ՝ աշխատանք փնտրողներ),
3) մասնագիտական որակավորման կամ վերաորակավորման կրթական ծրագրեր իրականացնողները (այսուհետ՝ կրթական ծրագրեր իրականացնողներ),
4) հեռավար աշխատանքի գրասենյակային կենտրոնները,
5) Կառավարությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության:
6. Կառավարությունը գործատուների հետ պայմանավորվածության համաձայն ժամկետի ավարտին գործատուին է ներկայացնում համաձայնեցված որակավորման մասնագետների ցանկ, իսկ գործատուն այդ մասնագետներին առաջարկում է համաձայնեցված աշխատանքը:
7. Կառավարությունը սույն ծրագրի 6-րդ կետում նշված մասնագետների պատրաստման նպատակով հավաքագրում է աշխատանք փնտրողներին և նրանց առաջարկում է պայմանագրային հիմունքներով կրթական ծրագրին մասնակցություն և հետագա երաշխավորված աշխատանք։
8. Կառավարությունը ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման համար մրցութային եղանակով պատվիրում է կրթական ծրագրեր իրականացնողներին:
9. ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացը կիրականացվի մի քանի փուլերով՝
1) կողմնորոշիչ դասընթացի ընթացքում (մոտ մեկ ամիս տևողությամբ) աշխատանք փնտրողները հնարավորություն կունենան գնահատել իրենց կարողությունները և տվյալ գործով զբաղվելու նպատակահարմարությունը։ Աշխատանք փնտրողների համար կողմնորոշման փուլին մասնակցությունը պետք է լինի անվճար և առանց որևէ պարտավորվածության,
2) կողմնորոշման փուլի արդյունքում ուսուցումը շարունակելու որոշում կայացրած աշխատանք փնտրողների հետ անցկացվում է ինտենսիվ մասնագիտական դասընթաց։ Այս փուլում ուսուցման համար աշխատանք փնտրողների, կառավարության և կրթական ծրագրեր իրականացնողի միջև եռակողմ պայմանագրի հիման վրա աշխատանք փնտրողները կպարտավորվեն դեպոզիտ վճարել ուսուցման 20%-ի չափով գումար՝ պայմանով, որ դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում այն կվերադարձվի աշխատանք փնտրողներին, իսկ աշխատանք փնտրողների նախաձեռնությամբ դասընթացին մասնակցությունը դադարեցնելու դեպքում՝ չի վերադարձվի։ Կրթական ծրագիր իրականացնողին դասընթացի սկզբում յուրաքանչյուր մասնակցի համար Կառավարությունը վճարում է կանխավճար՝ ուսման վճարի 50%-ի չափով։ Մասնակցի անբավարար առաջադիմության դեպքում կրթական ծրագրերը իրականացնողների նախաձեռնությամբ կարող է դադարեցվել աշխատանք փնտրողների մասնակցությունը դասընթացին։ Ուսման վճարի մյուս կեսը վճարվում է դասընթացի ավարտին՝ դասընթացը հաջողությամբ ավարտողի համար (թիրախային ցուցանիշները չապահոված մասնակիցների համար ուսման վճարի 2-րդ կեսը չի վճարվի),
3) դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո գործատուն պարտավորվում է աշխատանք փնտրողի համար կազմակերպել փորձուսուցում (internship)՝ առավելագույնը 3 ամիս տևողությամբ` վճարելով փորձուսուցման մասնակցին կրթաթոշակ, որը համաֆինանսավորվում է Կառավարության կողմից 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:
Փորձուսուցման հաջող ավարտին գործատուն աշխատանք փնտրողներին առաջարկում է աշխատանք առնվազն 1 տարվա աշխատանքային պայմանագրով և առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի 1.5-2 անգամ բարձր վարձատրությամբ:
10. Կողմնորոշիչ ու մասնագիտական դասընթացները և փորձուսուցումը կարող են անցկացվել թե՛ հեռավար (առցանց), թե՛ առկա՝ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր շրջանում (բացառությամբ՝ Ստեփանակերտի) հիմնվող գրասենյակային կենտրոնում։
11. Հեռավար աշխատանքի գրասենյակային կենտրոնների հիմնման շրջանակներում`
1) Արցախի Հանրապետության համայնքների բնակչության համար առանց բնակության վայրից տեղափոխվելու հեռավար աշխատանքի, դասընթացների կազմակերպումը հնարավոր դարձնելու համար նախատեսվում է ստեղծել համավայր աշխատանքի (համաշխատավայր, coworking space) հեռավար գրասենյակային կենտրոններ (remote office centers), որոնք ապահովված կլինեն անխափան էլեկտրական սնուցմամբ և օպտիկամանրաթելային կապի գծերով՝ հուսալի և լայնաշերտ կապակցումով համացանցին, ինչպես նաև գրասենյակային այլ անհրաժեշտ կահավորումով, ենթակառուցվածքներով և հարմարություններով,
2) նախատեսվում է ստեղծել Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում առնվազն մեկական կենտրոն,
3) կենտրոնների ստեղծումը պետք է իրականացվի պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում։ Մասնավորապես, այն գրասենյակային տարածքները, որոնք գտնվում են պետական սեփականության ներքո, որոշակի ժամկետով անհատույց տրամադրվում են հեռավար աշխատանքի գրասենյակային կենտրոնի կազմակերպչին՝ գրասենյակային կենտրոնի վերանորոգման, կահավորման, բնականոն գործունեության համար անհրաժեշտ ներդրումներ կատարելու, ինչպես նաև ծառայությունների մատուցումը կազմակերպելու, ընթացիկ սպասարկումը և կառավարումը ստանձնելու պայմանով։
12. ՏՏ ոլորտի հանրայնացման աջակցության միջոցառման շրջանակներում ՏՏ ոլորտի վերաբերյալ պետական աջակցության մասին իրազեկության բարձրացման, գովազդման, առավել լայն հանրության միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև թվային գրագիտության բարձրացման նպատակով նախատեսվում է՝
1) Արցախի Հանրապետությունում ՏՏ ոլորտին առնչվող միջոցառումներին (ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, մրցույթներ, աշխատանքային տոնավաճառներ) կազմակերպչական և ֆինանսական աջակցության ցուցաբերում,
2) ՏՏ ոլորտին և թվային տնտեսությանը վերաբերող ուսումնական նյութերի և տեսահոլովակների պատրաստում ու տեղական հեռուստաալիքով հեռարձակում, ինչպես նաև սոցիալական մեդիա հարթակներում տարածում,
3) Արցախի Հանրապետությունում ՏՏ ոլորտի պետական աջակցության վերաբերյալ մարքեթինգային նյութերի պատրաստում:
13. Գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԳՏՃՄ) առարկաների ուսուցման խրախուսման շրջանակներում նախատեսվում է աջակցել՝
1) Արցախի Հանրապետությունում բնագիտական առարկաների դպրոցական օլիմպիադաների հաղթողներին՝ որպես խրախուսում թեմատիկ ճամբարների, ճանաչողական այցելությունների (էքսկուրսիաներ) կազմակերպման միջոցով,
2) խրախուսել Արցախի Հանրապետության համայնքների դպրոցների «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների առաջխաղացումը:
5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
14. Ծրագրից ակնկալվող արդյունքներն են՝
1) ապահովել Արցախի Հանրապետության շրջաններում ՏՏ ոլորտում զբաղված անձանց թվի ավելացումը՝ ըստ տարիների՝
ա. 2022 թվականին՝ նվազագույնը 30 հոգով,
բ. 2023 թվականին՝ նվազագույնը 60 հոգով,
գ. 2024 թվականին՝ նվազագույնը 90 հոգով․
2) ապահովել Արցախի Հանրապետությունում ՏՏ ոլորտի արտադրանքի և ծառայությունների ծավալի առնվազն 10% աճ․
3) ապահովել ՏՏ ոլորտի մասնագիտություններով վերաորակավորման ծրագրերի դիմողների հետևյալ քանակը ըստ տարիների՝
ա. 2022 թվականին՝ առնվազն 600 դիմող,
բ. 2023 թվականին՝ առնվազն 1200 դիմող,
գ. 2024 թվականին՝ առնվազն 1800 դիմող:
(14-րդ կետը խմբ. 30.03.22 N339-Ն)
6. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
15. Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարվա համար Արցախի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցների հաշվին։
(15-րդ կետը խմբ. 30.03.22 N339-Ն)
16. (կետն ուժը կորցրել է 30.03.22 N339-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 30.03.22 N339-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |