ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի
ՆՀ-2754-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2021 թվականի օգոստոսի 12-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-2754-Ն հրամանագրում (այսուհետ՝ հրամանագիր) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) հրամանագրի նախաբանում «8-րդ հոդվածի 1-ին մասի 7.1-ին և 16-րդ կետերը» բառերը փոխարինել «8-րդ հոդվածը» բառերով.
2) հրամանագրում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.
«1.1. Սահմանել Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները՝ համաձայն հավելվածի:».
3) հրամանագիրը լրացնել հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. ապրիլի 13
Ստեփանակերտ
ՆՀ-661-Ն |
|
| |
Հավելված
Արցախի Հանրապետության Նախագահի
2022 թվականի ապրիլի 13-ի ՆՀ-661-Ն
հրամանագրի |
| |
«Հավելված
Արցախի Հանրապետության Նախագահի
2021 թվականի օգոստոսի 12-ի ՆՀ-2754-Ն
հրամանագրի |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ
ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԾՄԱՆ
1. Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում, ելնելով պետական և հասարակական արտաքին և ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ռազմական բնույթի տեղեկատվության, պետական անվտանգությանը վերաբերող ոչ ռազմական բնույթի տեղեկատվության, Արցախի Հանրապետության սահմանային իրավիճակին վերաբերող տեղեկատվության և հրապարակումների, մարտական տեխնիկայի, զինված ուժերի և այլ զորքերի վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում), կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) առերևույթ կեղծված ներկայացվող և (կամ) հերքող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
3. Արգելվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը:
4. Հաղորդումների հետ կապված պաշտոնական հայտարարություններով հանդես են գալիս Արցախի Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինները, իսկ այլ անձինք` Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ:
5. Հաղորդումները հրապարակվում են Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի կամ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության կամ համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինների ղեկավարների կամ լիազորված ներկայացուցիչների միջոցով։
6. Պաշտոնատար անձինք և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հանդես գալ հաղորդումների վերաբերյալ հայտարարություններով և մեկնաբանություններով միայն Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան:
7. Սույն հավելվածի 1-3-րդ կետերով նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Արցախի Հանրապետության ոստիկանությունը: Արցախի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք:»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Կ. ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ |