ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ
ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածը, 8.1-ին հոդվածի 2-րդ մասը և 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ որոշում եմ.
(նախաբանը փոփ. 13.04.22 ՆՀ-661-Ն)
1. Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքն օգտագործման տրամադրել սույն հրամանագրով և Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հատուկ կարգով և պայմաններով` առանց այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, Արցախի Հանրապետության կառավարության սահմանած առավելագույն վճարի սահմաններում.
2) ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքն օգտագործել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով, սույն հրամանագրով և Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգին և պայմաններին համապատասխան` առանց այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, Արցախի Հանրապետության կառավարության սահմանած առավելագույն վճարի և (կամ) համարժեք փոխհատուցման սահմաններում:
1.1. Սահմանել Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները՝ համաձայն հավելվածի:
(1.1-ին կետը լրաց.13.04.22 ՆՀ-661-Ն)
2. Սույն հրամանագրի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված միջոցառման կիրառումն ապահովելու նպատակով ստեղծել հանձնաժողով` լիազորված մարմինների` Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչների ներգրավմամբ:
(2-րդ կետը խմբ. 24.03.22 ՆՀ-570-Ն)
3. Լիազորել հանձնաժողովին` «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին համապատասխան որոշել ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքն օգտագործման վերցնելու անհրաժեշտությունը:
4. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությանը` տասնօրյա ժամկետում Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատակարգը:
5. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` եռամսյա ժամկետում Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքի օգտագործման կարգն ու պայմանները:
6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես:
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. օգոստոսի 12
Ստեփանակերտ
ՆՀ-2754-Ն |
|
| |
Հավելված
Արցախի Հանրապետության Նախագահի
2021 թվականի օգոստոսի 12-ի ՆՀ-2754-Ն
հրամանագրի |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ
ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԾՄԱՆ
1. Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում, ելնելով պետական և հասարակական արտաքին և ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ռազմական բնույթի տեղեկատվության, պետական անվտանգությանը վերաբերող ոչ ռազմական բնույթի տեղեկատվության, Արցախի Հանրապետության սահմանային իրավիճակին վերաբերող տեղեկատվության և հրապարակումների, մարտական տեխնիկայի, զինված ուժերի և այլ զորքերի վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում), կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) առերևույթ կեղծված ներկայացվող և (կամ) հերքող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
3. Արգելվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը:
4. Հաղորդումների հետ կապված պաշտոնական հայտարարություններով հանդես են գալիս Արցախի Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինները, իսկ այլ անձինք` Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ:
5. Հաղորդումները հրապարակվում են Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի կամ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության կամ համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինների ղեկավարների կամ լիազորված ներկայացուցիչների միջոցով։
6. Պաշտոնատար անձինք և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հանդես գալ հաղորդումների վերաբերյալ հայտարարություններով և մեկնաբանություններով միայն Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան:
7. Սույն հավելվածի 1-3-րդ կետերով նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Արցախի Հանրապետության ոստիկանությունը: Արցախի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք:
(հավելվածը լրաց. 13.04.22 ՆՀ-661-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Կ. ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ |