Համարը 
 ՆՀ-2754-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.08.12/21(441)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
12.08.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.08.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.08.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ

ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

 

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածը, 8.1-ին հոդվածի 2-րդ մասը և 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ որոշում եմ.

(նախաբանը փոփ. 13.04.22 ՆՀ-661-Ն)

1. Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացնել հետևյալ միջոցառումները`

1) ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքն օգտագործման տրամադրել սույն հրամանագրով և Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հատուկ կարգով և պայմաններով` առանց այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, Արցախի Հանրապետության կառավարության սահմանած առավելագույն վճարի սահմաններում.

2) ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքն օգտագործել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով, սույն հրամանագրով և Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգին և պայմաններին համապատասխան` առանց այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, Արցախի Հանրապետության կառավարության սահմանած առավելագույն վճարի և (կամ) համարժեք փոխհատուցման սահմաններում:

1.1. Սահմանափակել կարծիքի արտահայտման ազատությունը՝ արգելելով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելը, ստանալը և տարածելը, սահմանել Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները՝ համաձայն հավելվածի:

(1.1-ին կետը լրաց.13.04.22 ՆՀ-661-Ն, խմբ. 26.05.23 ՆՀ-358-Ն)

1.2. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 17-ի N 222-Ն որոշման 1-ին կետով հաստատված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում մինչև Արցախի Հանրապետության ստանձնած ծրագրի շահառուների վարկային պարտավորությունների լրիվ կամ մասնակի կատարումը՝ միանվագ կամ տարաժամկետ, և (կամ) Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամներ) կողմից պարտավորությունների ներումը՝ կասեցնել ծրագրի շահառուների Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և հիմնադրամների հանդեպ ունեցած պարտավորությունների հետ կապված հարուցված կատարողական վարույթները՝ դադարեցնելով պարտապանի դրամական միջոցների, ինչպես նաև աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձումները:

(1.2-րդ կետը լրաց. 25.08.22 ՆՀ-1331-Ն)

2. Սույն հրամանագրի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված միջոցառման կիրառումն ապահովելու նպատակով ստեղծել հանձնաժողով` լիազորված մարմինների` Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի, Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի ներկայացուցիչների ներգրավմամբ:

(2-րդ կետը խմբ. 24.03.22 ՆՀ-570-Ն, փոփ. 04.05.22 ՆՀ-806-Ն)

3. Լիազորել հանձնաժողովին` «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին համապատասխան որոշել ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքն օգտագործման վերցնելու անհրաժեշտությունը:

4. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությանը` տասնօրյա ժամկետում Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատակարգը:

5. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` եռամսյա ժամկետում Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքի օգտագործման կարգն ու պայմանները:

5.1. Սույն հրամանագրի 1.1-ին կետով նախատեսված իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողությունը վերապահել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը:

(5.1-ին կետը լրաց. 26.05.23 ՆՀ-358-Ն)

 6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես:

 

   

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2021թ. օգոստոսի 12

Ստեփանակերտ

ՆՀ-2754-Ն

   

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության Նախագահի

2021 թվականի օգոստոսի 12-ի ՆՀ-2754-Ն

հրամանագրի

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ

ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԾՄԱՆ

 

1. Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում, ելնելով պետական և հասարակական արտաքին և ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ռազմական բնույթի տեղեկատվության, պետական անվտանգությանը վերաբերող ոչ ռազմական բնույթի տեղեկատվության, Արցախի Հանրապետության սահմանային իրավիճակին վերաբերող տեղեկատվության և հրապարակումների, մարտական տեխնիկայի, զինված ուժերի և այլ զորքերի վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում), կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

 

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) առերևույթ կեղծված ներկայացվող և (կամ) հերքող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

 

3. Արգելվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը:

(3-րդ կետը խմբ. 26.05.23 ՆՀ-358-Ն)

 

4. Հաղորդումների հետ կապված պաշտոնական հայտարարություններով հանդես են գալիս Արցախի Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինները, իսկ այլ անձինք` Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ:

 

5. Հաղորդումները հրապարակվում են Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի կամ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության կամ համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինների ղեկավարների կամ լիազորված ներկայացուցիչների միջոցով։

 

6. Պաշտոնատար անձինք և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հանդես գալ հաղորդումների վերաբերյալ հայտարարություններով և մեկնաբանություններով միայն Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան:

 

7. Սույն հավելվածի 1-3-րդ կետերով նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Արցախի Հանրապետության ոստիկանությունը: Արցախի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք:

(հավելվածը լրաց. 13.04.22 ՆՀ-661-Ն, խմբ. 26.05.23 ՆՀ-358-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Կ. ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ