Համարը 
N 564
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.01.11/01(10)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.12.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 "20" դեկտեմբերի 2005թ.

N 564 

 ք.Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ

ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 29.04.22 N484-Ն)

1. Սահմանել հարկադիր կատարողների վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 

ԼՂՀ կառավարության 

«20» դեկտեմբերի 2005 թ.

 թիվ 564 որոշման 

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի համաձայն հարկադիր կատարողների վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 29.04.22 N484-Ն)

2. Հարկադիր կատարողների վերապատրաստման և հատուկ ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են Արցախի Հանրապետության պետական բյուջեի և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 29.04.22 N484-Ն)

3. Վերապատրաստման և հատուկ ուսուցման ժամանակահատվածում պահպանվում է հարկադիր կատարողի վարձատրությունը, իսկ բնակության վայրից դուրս վերապատրաստման դեպքում սահմանված կարգով տրվում է նաև փոխհատուցում:

 

II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

4. Հարկադիր կատարողի մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ որակների ձևավորման համար հարկադիր կատարողներն անցնում են վերապատրաստում և հատուկ ուսուցում:

Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը հաստատում է հարկադիր կատարողների վերապատրաստման և հատուկ ուսուցման խմբերի կազմը և ուսումնական ծրագրերը:

(4-րդ կետը փոփ. 29.04.22 N484-Ն)

5. Հարկադիր կատարողի վերապատրաստումն փոխօգնության և համագործակցության ծրագրի շրջանակներում անց է կացվում "Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ" պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

6. Հարկադիր կատարողի հատուկ ուսուցումն անց է կացվում Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում գործող Արցախի Հանրապետության ոստիկանությունում:

(6-րդ կետը փոփ. 29.04.22 N484-Ն)

 

III. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

7. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հարկադիր կատարողի վերապատրաստման ժամանակ համապատասխան կազմակերպությունում կամ հաստատությունում վարվում են վերապատրաստվող խմբերի մատյաններ, որոնցում նշվում է վերապատրաստվողի ներկա կամ բացակա լինելը: Վերապատրաստման դասընթացի ավարտից հետո անցկացվում է ստուգարք, որի արդյունքում հարկադիր կատարողն ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական:

(7-րդ կետը փոփ. 29.04.22 N484-Ն)

8. Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների ավելի քան մեկ երրորդից հարկադիր կատարողի անհարգելի բացակայության դեպքում վերապատրաստման արդյունքում գնահատվում է բացասական` առանց ստուգարք անցկացնելու:

Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացներից հարկադիր կատարողի հարգելի բացակայության դեպքում հարկադիր կատարողին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու ծրագրի` նույն թեմայով անցկացվող հաջորդ դասընթացներից որևէ մեկին, որի ավարտից հետո անցկացվում է ստուգարք:

Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացներից անհարգելի բացակայելու դեպքում հարկադիր կատարողը ենթակա է պարտադիր վերապատրաստման իր միջոցների հաշվին:

9. Վերապատրաստման և հատուկ ուսուցման արդյունքում դրական գնահատական ստացած հարկադիր կատարողին տրվում է վերապատրաստումը և հատուկ ուսուցումը հաստատող փաստաթուղթ, որի պատճենը հարկադիր կատարողը տրամադրում է հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` հարկադիր կատարողի անձնական գործին կցելու համար:

Վերապատրաստումը և հատուկ ուսուցումը հաստատող փաստաթղթի ձևը հաստատում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը:

(9-րդ կետը փոփ. 29.04.22 N484-Ն)

10. Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների արդյունքում անբավարար գնահատական ստացած հարկադիր կատարողի զբաղեցրած պաշտոնում մնալու նպատակահարմարությունը վերանայվում է ատեստավորման կարգով:

11. Վերապատրաստման և հատուկ ուսուցման կազմակերպման մեթոդական ղեկավարումն իրականացվում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից:

(11-րդ կետը փոփ. 29.04.22 N484-Ն)

(հավելվածը փոփ. 29.04.22 N484-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան