Համարը 
N 12
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.02.06/07(79)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.01.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.01.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ) ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» հունվարի 2008թ.

N 12

ք.Ստեփանակերտ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ) ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել փրկարարական ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«15» հունվարի 2008թ.

թիվ 12 որոշման

 

ԿԱՐԳ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ) ԱՆՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է փրկարարական ծառայողի վերապատրաստում (որակավորում) (այսուհետ` վերապատրաստում) անցնելու կարգը:

2. Մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, մշտական մարտական պատրաստվածության ու օպերատիվ ծառայողական խնդիրների իրականացման, ինչպեu նաև անհրաժեշտ որակների ձևավորման համար փրկարարական ծառայողներն անցնում են վերապատրաստում:

3. Փրկարարական ծառայության ստորաբաժանումների ղեկավարները պատասխանատու են ծառայողների վերապատրաստման աշխատանքներն արդյունավետ և որակյալ կազմակերպելու համար:

4. Վերապատրաստման կազմակերպումը և վերահսկումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության կադրային ստորաբաժանման կողմից:

5. Վերապատրաստման արդյունքների հաշվառումը կատարվում է`

ա) որակավորման ատեստատով, որը կցվում է ծառայողի անձնական գործին և լրացվում կադրային ստորաբաժանման կողմից: Որակավորման ատեստատի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության տնօրենը,

բ) հաշվառման մատյանով, որը լրացվում է կադրային ստորաբաժանման կողմից:

6. Փրկարարական ծառայության վարչությունների, ինքնուրույն բաժինների կողմից փրկարարական ծառայողների վերապատրաստման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացվում է փրկարարական ծառայության կադրային ստորաբաժանում:

7. Վերապատրաստում անցնող ծառայողը խրախուսվում և կարգապահական պատասխանատվության է ենթարկվում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման նպատակով փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները, առանց աշխատանքն ընդհատելու կամ աշխատանքն ընդհատելով, առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնեն վերապատրաստման դասընթացներ:

9. Փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները վերապատրաստում անցնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության տնօրենի որոշմամբ:

10. Վերապատրաստման դասընթացներում փրկարարական ծառայողների ուսուցումը կազմակերպվում է փրկարարական ծառայության, ինչպես նաև այլ համապատասխան ուսումնական հաստատություններում (այդ թվում` օտարերկրյա):

Վերապատրաստման դասընթացներում փրկարարական ծառայողների ուսուցման գործընթացը ղեկավարում է կադրային ստորաբաժանումը` ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ներկայացված հայտերի:

11. Փրկարարական ծառայության ծառայողների յուրաքանչյուր կատեգորիայի համար ուսուցման կոնկրետ ժամկետները և բովանդակությունը որոշվում են ուսումնական պլաններով ու առարկայական ծրագրերով, որոնք մշակում են համապատասխան ուսումնական հաստատությունները` փրկարարական ծառայության շահագրգիռ ստորաբաժանումների հետ համատեղ:

12. Վերապատրաստման դասընթացներում փրկարարական ծառայության ծառայողների ուսուցումն իրականացվում է հեռանկարային պլանների հիման վրա (5 տարի ժամկետով): Պլանը մշակվում է ըստ ստորաբաժանումների և պաշտոնների:

Վերապատրաստման ընդհանուր պահանջարկը (5 տարվա համար) որոշվում է` ելնելով փրկարարական ծառայողների յուրաքանչյուր կատեգորիայի հաստիքների թվից` պլանավորված ժամանակահատվածի վերջին տարվա դրությամբ, բացառությամբ`

ա) վերջին 2 տարվա ընթացքում անձնակազմի չհամալրված հաստիքների թվի միջին ցուցանիշի.

բ) ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ֆակուլտետներում հեռակա սովորող ծառայողների.

գ) այն ծառայողների, որոնց փրկարարական ծառայությունում ծառայության սահմանային տարիքը լրանալուն մնացել է 5 տարվանից պակաս ժամանակ.

դ) զբաղեցրած պաշտոնում 3 տարվանից պակաս ստաժ ունեցող անձանց, որոնք ենթակա են պլանավորված ժամկետում համակարգից ազատման` կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.

ե) այն կանանց, որոնք գտնվում են նախածննդյան, հետծննդյան կամ երեխային խնամելու արձակուրդում կամ ունեն մինչև 8 տարեկան երեխա:

13. Ուսումնական հաստատությունների ցանկը, սովորողների կատեգորիաները, նրանց թիվը, ինչպես նաև ուսուցման կոնկրետ ժամկետները որոշվում են վերապատրաստման տարեկան և եռամսյակային պլաններով, որոնք հաստատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության տնօրենի կամ նրա տեղակալի կողմից: Պլանները մշակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության կադրային ստորաբաժանումը` համապատասխան ուսումնական հաստատությունների հետ համատեղ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ը ներկայացված հայտերի հիման վրա:

14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության կենտրոնական ապարատի ստորաբաժանումները, Ստեփանակերտ քաղաքի և շրջանային փրկարարական ստորաբաժանումները, ուսումնական հաստատությունները կազմում են ուսուցման ենթակա փրկարարական ծառայողների ցուցակները` դրա մասին տեղեկացնելով նրանց ղեկավարներին:

15. Ուսուցման ավարտից հետո հաջողությամբ ստուգարքներ և քննություններ հանձնած փրկարարական ծառայողներին տրվում են սահմանված նմուշի վկայականներ, որոնց ձևը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության տնօրենի հրամանով:

16. Դասընթացների ընթացքում անբավարար առաջադիմություն ցուցաբերած փրկարարական ծառայողի զբաղեցրած պաշտոնում մնալու նպատակահարմարությունը կարող է վերանայվել ատեստավորման կարգով` նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:

Դասընթացների ընթացքում ցուցաբերված գերազանց և լավ առաջադիմությունը հաշվի է առնվում փրկարարական ծառայողի առաջխաղացման հարցի քննարկման ժամանակ:

17. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններում 1-ին անգամ պաշտոնի նշանակված, ծառայության բնույթը փոխած փրկարարական ծառայողները, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները (պաշտոնի նշանակվելուց հետո) տվյալ պաշտոնում իրենց գործառության պարտականությունը հաջող կատարելու համար նոր գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ ձեռք բերելու նպատակով անցնում են վերապատրաստում` ստաժավորման ձևով:

Ստաժավորման տևողությունը 30 oր է:

Ստաժավորումը հիմնականում անցկացվում է ծառայության վայրում:

Անհրաժեշտության դեպքում այն կարող է անցկացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության ստորաբաժանումներում և ուսումնական հաստատություններում:

18. Ստաժավորումը կազմակերպում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, որոնք պարտավոր են`

ա) հրամանով սահմանել ստաժավորման վայրը, ժամկետը, հաստատել ստաժավորման անհատական պլանները և նշանակել ստաժավորման ղեկավարներին,

բ) հսկողություն սահմանել ստաժավորման ղեկավարների և ստաժավորվողների աշխատանքների նկատմամբ,

գ) ստաժավորման ավարտից հետո ստաժավորվողի հետ անցկացնել զրույց,

դ) հաստատել ստաժավորման արդյունքների մասին հաշվետվությունը:

19. Ստաժավորման ղեկավարը պարտավոր է`

ա) ստաժավորվողների հետ համատեղ մշակել անհատական պլան և այն ներկայացնել ղեկավարի հաստատմանը.

բ) ստաժավորվողին ծանոթացնել իր գործառութային պարտականություններին և ստորաբաժանման խնդիրներին.

գ) ներկա լինել ստաժավորվողի կողմից առավել բարդ հանձնարարությունների կատարմանը.

դ) հսկել ստաժավորման պլանի կատարման ընթացքը.

ե) ստաժավորվողին ցույց տալ անհրաժեշտ գործնական և մեթոդական օգնություն.

զ) ստաժավորվողի հետ միասին նախապատրաստել ստաժավորման արդյունքների մասին հաշվետվությունը և այն ներկայացնել ղեկավարի հաստատմանը:

20. Ծառայողների պրակտիկ գործունեության ընթացքում, նպատակ ունենալով կատարելագործելու ծառայողի մասնագիտական վարպետությունը և ապահովելու նրանց մշտական մարտական պատրաստվածությունն ու որակները, որոնք անհրաժեշտ են ամենօրյա ծառայողական խնդիրների հաջող իրականացման համար, փրկարարական ծառայողներն անցնում են ծառայողական պատրաստականություն` որպես վերապատրաստման տեսակ:

21. Ծառայողական պատրաստականությունը կազմակերպվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության տնօրենի հրամանով, որում սահմանվում են պարապմունքների անցկացման օրը, ժամերը և պատասխանատուները:

Ծառայողական պատրաստականության պարապմունքների ընթացքում ուսումնասիրվում են համապատասխան ծառայությունների խնդիրներին վերաբերող մասնագիտական բնույթի, տեխնիկական պատրաստականությանը, տեղագրությանը, քաղաքացիական պաշտպանությանը, առաջին բուժօգնությանը և անձնակազմի ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարմանը նպաստող այլ հարցեր:

22. Ծառայողական պատրաստականության պարապմունքների կազմակերպման նպատակով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից ձևավորվում են ուսումնական խմբեր` 20 մարդուց ոչ ավելի թվով` հաշվի առնելով պաշտոնների խմբերը, ծառայությունը և նշանակվում են խմբերի ղեկավարներ:

Ծառայողական պատրաստականության ուսուցման տարեկան առարկայական պլանները կազմում են փրկարարական ծառայության ստորաբաժանումների և ուսումնական հաստատությունների ապարատները` հաշվի առնելով անձնակազմի ծառայողական գործունեության առանձնահատկություններն ու անձնակազմի մասնագիտական պատրաստականության մակարդակը: Ուսումնական խմբերի ղեկավարներն ստուգում են անձնակազմի գիտելիքները` հարցազրույցի և ստուգողական պարապմունքների միջոցով:

23. Փրկարարական ծառայողների ծառայողական պատրաստականության պարապմունքների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է փրկարարական ծառայության կադրային ստորաբաժանման կողմից, որը տեղերում ցույց է տալիս գործնական և մեթոդական օգնություն` դրանք արդյունավետ կազմակերպելու համար:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան