ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության խնդիրները |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) կոչված է ապահովելու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը:
|
Հոդված 2. |
Հարկադիր կատարման ծառայության կազմավորումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության համակարգում ստեղծվում է հարկադիր կատարման ծառայություն, որը գլխավորում է համապատասխան վարչության պետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը (այսուհետ` գլխավոր հարկադիր կատարող):
|
Հոդված 3. |
Դատական ակտերի հարկադիր կատարման համար լիազորված անձանց պաշտոնում նշանակելը և ազատելը |
Գլխավոր հարկադիր կատարողին պաշտոնում նշանակում և ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետի ներկայացմամբ, իսկ հարկադիր կատարումն ապահովող պաշտոնատար անձանց՝ (այսուհետ՝ հարկադիր կատարողներ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետը:
(3-րդ հոդվածը խմբ. 08.09.1999 ՀՕ-68)
|
Հոդված 4. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության լիազորությունները հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությունը՝
ա) կազմակերպական և մեթոդական ղեկավարություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության նկատմամբ.
բ) ղեկավարում է հարկադիր կատարման ծառայության գործունեությունը.
գ) իրեն տրամադրված հաստիքների և աշխատավարձի ֆոնդի շրջանակներում սահմանում է հարկադիր կատարման ծառայության հաստիքները և կառուցվածքը.
դ) հրապարակում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանը և հարկադիր կատարողների նյութական ու սոցիալական ապահովման միջոցառումների իրականացմանն ուղղված հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ.
ե) իրականացնում է հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.
զ) ենթակայության կարգով քննում է հարկադիր կատարողների գործողությունների նկատմամբ բերված բողոքները.
է) կազմակերպում է հարկադիր կատարողների մասնագիտական և հատուկ ուսուցումը.
ը) պատասխանատվություն է կրում հարկադիր կատարման ծառայության խնդիրների իրականացման համար:
|
Հոդված 5. |
Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետի լիազորությունները |
Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետը՝
ա) կազմակերպում և վերահսկում է վարչության աշխատանքները.
բ) կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության հրամանների, հրահանգների և կարգադրությունների կատարումը.
գ) համակարգում է հարկադիր կատարողների գործողությունները.
դ) միջնորդություն է ներկայացնում հարկադիր կատարողներին աշխատանքային հաջողությունների համար խրախուսելու մասին.
ե) միջնորդություն է ներկայացնում հարկադիր կատարողներին աշխատանքային կարգապահության խախտումների համար տույժի ենթարկելու մասին.
զ) լուծում է հարկադիր կատարողի ինքնաբացարկի և նրան հայտնված բացարկի հարցը.
է) քննում է հարկադիր կատարողների գործողությունների դեմ բերված բողոքները.
ը) տնօրինում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվը.
թ) պատասխանատվություն է կրում հարկադիր կատարման ծառայության խնդիրների իրականացման համար:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Հոդված 6. |
Հարկադիր կատարողի կարգավիճակը |
1. Հարկադիր կատարողը պետական ծառայության մեջ գտնվող պաշտոնատար անձ է:
2. Հարկադիր կատարողը ծառայողական պարտականություններ կատարելիս կրում է համազգեստ, ունի տարբերանշաններ և խորհրդանշան, որոնց նմուշները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետը:
3. Հարկադիր կատարողներին շնորհվում են արդարադատության մարմինների աշխատողների դասային աստիճաններ:
4. Հարկադիր կատարողներին տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետի կողմից հաստատված միասնական նմուշի վկայականներ:
|
Հոդված 7. |
Հարկադիր կատարողի պաշտոնում նշանակվող անձին առաջադրվող պահանջները |
Հարկադիր կատարող կարող է նշանակվել բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին, որն իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել հարկադիր կատարողի պարտականությունները:
|
Հոդված 8. |
Հարկադիր կատարողների մասնագիտական և հատուկ ուսուցումը |
Հարկադիր կատարողներն անցնում են մասնագիտական և հատուկ ուսուցում:
Հատուկ ուսուցում անցնելուց հետո հարկադիր կատարողներն իրավունք ունեն կրել հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ (այսուհետ՝ հատուկ միջոցներ):
|
Հոդված 9. |
Հարկադիր կատարողի իրավունքները և պարտականությունները |
1. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողը`
ա) միջոցներ է ձեռնարկում կատարողական թերթի ժամանակին, լրիվ և ճիշտ կատարման համար.
բ) կատարողական վարույթի կողմերին (այսուհետ` կողմեր) և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու կատարողական վարույթի նյութերին, դրանցից անել քաղվածքներ ու ստանալ պատճեններ.
գ) քննում է կատարողական վարույթի կապակցությամբ կողմերի դիմումները և միջնորդությունները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը.
դ) տուգանում է իր որոշումները չկատարած քաղաքացիներին և պաշտոնատար անձանց.
ե) իր անաչառությանը կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում հայտնում է ինքնաբացարկ:
2. Հարկադիր կատարողն իրավունք ունի`
ա) կատարողական գործողություններ իրականացնելիս ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, բացատրություններ և այլ նյութեր.
բ) գործատուների մոտ ստուգել նրանց մոտ աշխատող պարտապանների կողմից կատարողական թերթի կատարումը.
գ) իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ) և քաղաքացիներին հանձնարարություններ տալ կոնկրետ կատարողական գործողություններ իրականացնելու նպատակով.
դ) մուտք գործել պարտապանի շենքը (բնակարանը), պահեստը և այլ շինություններ, այնտեղ կատարել զննումներ.
ե) արգելանք դնել գույքի վրա, առգրավել այն, հանձնել պահատվության և իրացնել՝ օրենքով սահմանված կարգով.
զ) կատարողական թերթում նշված չափով արգելանք դնել պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում և այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների և այլ արժեքների վրա.
է) գույքի փոխադրման համար օգտագործել պահանջատիրոջ կամ պարտապանի տրանսպորտը` ծախսերը դասելով պարտապանի հաշվին.
ը) կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում խնդրել այն տված դատարանին պարզաբանել դրա կատարման կարգը.
թ) հայտարարել պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում.
ժ) կատարողական վարույթում գտնվող կատարողական թերթերով հրավիրել քաղաքացիներին և պաշտոնատար անձանց.
ի) կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործողություններ:
|
Հոդված 10. |
Քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պահպանումը |
Հարկադիր կատարողը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն օգտագործել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի որևէ խախտում:
|
Հոդված 11. |
Հարկադիր կատարողի պահանջների պարտադիր լինելը |
1. Հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար:
2. Հարկադիր կատարողի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունները, փաստաթղթերը և դրանց պատճենները նրա պահանջով տրամադրվում են անվճար:
3. Հարկադիր կատարողի պահանջները չկատարելը և (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելը առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
|
Հոդված 12. |
Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրումը |
1. Հարկադիր կատարողներն իրավունք ունեն գործադրել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ՝ իրենց ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրենց վրա կատարված հարձակումը կանխելու դեպքերում:
2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկադիր կատարողի կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:
|
Հոդված 13. |
Հրազենի գործադրումը |
1. Հարկադիր կատարողներն իրավունք ունեն հրազեն գործադրել`
ա) իրենց վրա կատարված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգը.
բ) հրազենի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձերը կանխելու համար:
2. Մինչև հրազենի գործադրումն այն պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար:
3. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկադիր կատարողի կյանքին ու առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:
4. Հարկադիր կատարողներին հրազենով ապահովելու կարգը, հրազենի տեսակների և հատուկ միջոցների ցանկը որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 14. |
Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման պայմանները և սահմանները |
1. Հարկադիր կատարողը, սույն օրենքի 12 և 13 հոդվածներում նախատեսված դեպքերում և կարգով, իրավունք ունի գործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա պարտականությունների կատարումը:
2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելիս հարկադիր կատարողը պարտավոր է`
ա) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում հարկադիր կատարողի կյանքի կամ առողջության համար կամ, երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնարին է.
բ) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ.
գ) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:
3. Հարկադիր կատարողը ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի օգտագործման բոլոր դեպքերի մասին, դրանց գործադրման պահից քսանչորս ժամվա ընթացքում, գրավոր հաղորդում է հարկադիր կատարման ծառայության պետին, իսկ մարմնական վնասվածք պատճառելու կամ մահվան դեպքում` նաև դատախազին:
4. Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
|
Հոդված 15. |
Հարկադիր կատարողների պատասխանատվությունը, հսկողությունը նրանց գործունեության նկատմամբ |
1. Հարկադիր կատարողի գործողությունները կարող են բողոքարկվել ենթակայության կարգով և (կամ) դատարան:
2. Հարկադիր կատարողն օրենքին համապատասխան պատասխանատվություն է կրում իր զանցանքների և այլ իրավախախտումների համար:
3. Հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով:
4. Հարկադիր կատարողների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է դատախազությունը:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
|
Հոդված 16. |
Հարկադիր կատարողների ապահովագրական երաշխիքները և նրանց պատճառված վնասի հատուցման իրավունքը |
1. Հարկադիր կատարողի կյանքը և առողջությունը ենթակա են պարտադիր ապահովագրության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ հարկադիր կատարողի ամսական միջին աշխատավարձի 100-ապատիկի չափով:
2. Ապահովագրական գումարները վճարվում են`
ա) ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկադիր կատարողի մահվան դեպքում, եթե այն առաջացել է հարկադիր կատարողին ծառայողական գործունեության կապակցությամբ մարմնական վնասվածքներ պատճառվելու հետևանքով: Այս դեպքում մահացած հարկադիր կատարողի ընտանիքին և նրա խնամքին գտնվող անձանց վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 100-ապատիկի չափով ապահովագրական գումար.
բ) ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառվելու դեպքում, որոնք բացառում են նրա հետագա զբաղվելը մասնագիտական գործունեությամբ: Այս դեպքում հարկադիր կատարողին վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 50-ապատիկի չափով ապահովագրական գումար.
գ) ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառվելու դեպքում, որոնք չեն հանգեցրել նրա աշխատունակության կայուն կորստի և (կամ) մասնագիտական գործունեությամբ զբաղվելու անհնարինությանը: Այս դեպքում հարկադիր կատարողին վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 20-ապատիկի չափով ապահովագրական գումար:
3. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառվելու դեպքում, որոնք բացառում են հետագայում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, նրան ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` նրա միջին ամսական աշխատավարձի և այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով՝ առանց հաշվի առնելու ապահովագրությունից ստացած գումարները:
4. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկադիր կատարողի մահվան դեպքում, եթե այն առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրան մարմնական վնասվածքներ պատճառվելու հետևանքով, հարկադիր կատարողի խնամքին գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամներին ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` մահացածի աշխատավարձից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով՝ առանց հաշվի առնելու ապահովագրությունից ստացած գումարները: Աշխատավարձի նշված մասը որոշելու համար մահացածի միջին աշխատավարձը բաժանվում է նրա խնամքին գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում` աշխատունակների թվի վրա:
5. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման հարկադիր կատարողին կամ նրա ընտանիքի անդամներին լրիվ ծավալով՝ ներառյալ բաց թողնված օգուտը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
6. Սույն հոդվածի 3-5-րդ կետերում նախատեսված վնասները հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
|
Հոդված 17. |
Հարկադիր կատարողների նյութական ապահովությունը |
1. Հարկադիր կատարողի աշխատավարձը կազմված է պաշտոնային դրույքաչափից, դասային աստիճանի և երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հավելավճարներից:
2. Անձնական տրանսպորտը ծառայողական նպատակով օգտագործող հարկադիր կատարողը դրամական փոխհատուցում է ստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 18. |
Հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովումը |
Հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և նորմերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 19. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30 հոդվածի երկրորդ մասը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
15 հունիսի 1999թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ- 65 |
|