Համարը 
N 137-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.03.01-2023.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 07.03.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
07.03.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.03.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.03.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2023թ.

N 137-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 13-ի «Ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման և վերահսկման հատուկ կարգ սահմանելու մասին» N 70-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երրորդ օրը։

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2023 թվականի

մարտի 7-ի N 137-Ն որոշման

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2023թ.

N 70-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՐԱՑՄԱՆ ԳՆԵՐԻ

ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման և պետական մարմինների կողմից վերահսկման հատուկ կարգ (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն հավելվածի:

2. Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ համակողմանի աջակցություն ցուցաբերել Կարգով սահմանված մարմինների գործառույթների իրականացմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2023 թվականի

փետրվարի 13-ի N 70-Ն որոշման

 

Հ Ա Տ ՈՒ Կ  Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՐԱՑՄԱՆ

ԳՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման և պետական մարմինների կողմից վերահսկման հատուկ կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում են Արցախի Հանրապետությունում ապրանքների շրջանառության, դրանց իրացման գների ձևավորման և պետական մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից ապրանքների շրջանառության գործընթացի վերահսկման կանոնակարգման հետ կապված հարաբերությունները:

2. Կարգի դրույթները տարածվում են Արցախի Հանրապետության տարածքում ապրանքների վաճառք իրականացնող անհատ ձեռնարկատերերի, արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ) վրա։

 

2. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբի կողմից որոշված ապրանքները մատակարարող սուբյեկտների ընտրության գործընթացն ապահովվում է Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով:

4. Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) ստուգում է մատակարարված ապրանքների՝ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով անցկացված մրցույթի պայմաններին համապատասխանությունը և ապահովում դրանց պահեստավորումը:

5. Հիմնադրամն իր մոտ առկա և Հիմնադրամ մատակարարված ապրանքների մասին յուրաքանչյուր օր տեղեկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե), Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) և Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմ:

6. Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ընտրված մատակարարի կողմից մատակարարված ապրանքներն իրացնելու համար տնտեսավարող սուբյեկտներին բաշխելու գործընթացը կազմակերպում է Հիմնադրամը: Այդ աշխատանքների կազմակերպման համար Հիմնադրամը կարող է անհրաժեշտ տեղեկություններ պահանջել ու ստանալ Կոմիտեից, Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից (այսուհետ՝ Հարկային մարմին) և իրավասու պետական այլ մարմիններից։

7. Տնտեսավարող սուբյեկտները եռօրյա պարբերականությամբ Հիմնադրամին գրավոր տեղեկություններ են տրամադրում իրացված և մնացորդ ապրանքների վերաբերյալ՝ նշելով ապրանքի անվանումն ու քանակը։

8. Կարգի 7-րդ կետում նշված տեղեկությունները Հիմնադրամը նույն օրն ուղարկում է Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմ:

 

3. ԻՐԱՑՄԱՆ ԳՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Տնտեսավարող սուբյեկտները, բացառությամբ 16-րդ և 17-րդ կետերում նշված դեպքերի, նախքան ապրանքների մանրածախ վաճառք իրականացնելը, հայտ են ներկայացնում Հանձնաժողով՝ նշելով այն ապրանքների տեսակներն ու առավելագույնս բնութագրող հատկանիշները, որոնք նախատեսվում է հանել վաճառքի։

10. Տնտեսավարող սուբյեկտները հայտ կարող են ներկայացնել Հանձնաժողով էլեկտրոնային եղանակով՝ info@kargavorum.am էլեկտրոնային փոստի հասցեով, թղթային տարբերակով՝ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 50 հասցեով, ինչպես նաև նախապես ձևավորված՝ համապատասխան էլեկտրոնային հավելվածի միջոցով։

11. Արցախի Հանրապետության շրջաններում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները հայտերը Հանձնաժողովին կարող են ներկայացնել նաև համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների ու շրջանների վարչակազմերի (այսուհետ՝ շրջվարչակազմեր) միջոցով։

 12. Տեղական ինքնակառավարման մարմիններն ու շրջվարչակազմերի ղեկավարները, տնտեսավարող սուբյեկտներից հայտերը ստանալուց հետո հաջորդ աշխատանքային օրը դրանք ուղարկում են Հանձնաժողովի էլեկտրոնային փոստին, իսկ Հանձնաժողովից ստացված փաստաթղթի տարբերակը՝ նույն օրը փոխանցում տնտեսավարող սուբյեկտին։

13. Հայտն ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում Հանձնաժողովը, հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված ապրանքատեսակները, տնտեսագիտական վերլուծության հիման վրա դրանցից յուրաքանչյուրի համար սահմանում է մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գինը, որի վերաբերյալ կազմվում է համապատասխան փաստաթուղթ։

14. Հանձնաժողովը Կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթի մասին նույն օրը պատշաճ ծանուցում է տնտեսավարող սուբյեկտներին՝ դրա ստորագրված և կնքված տարբերակի պատճենն առևտրի օբյեկտում հաճախորդների համար տեսանելի վայրում փակցնելու նպատակով։

15. Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ապրանքների վաճառքն իրականացնել բացառապես փաստաթղթում նշված ամենաբարձր թույլատրելի գնի սահմաններում:

16. Արցախի Հանրապետությունում իրացվող ծխախոտի համար ամենաբարձր թույլատրելի գին չի սահմանվում՝ վաճառքի գինը չպետք է գերազանցի տուփի վրա մակնշված գինը:

17. Տեղական արտադրողների և տեղական արտադրության ապրանքների իրացման գների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հանձնաժողովը: Շուկայի ուսումնասիրության արդյունքներով, ըստ անհրաժեշտության, Հանձնաժողովը կարող է ինքնուրույն սահմանել տեղական արտադրանքի մանրածախ վաճառքի ամենաբարձր թույլատրելի գին։

18. Հանձնաժողովը գնորոշման վերաբերյալ կազմված փաստաթղթերի կազմմանն հաջորդող օրը դրանց պատճեններն ուղարկում է Հարկային մարմնին, Կոմիտեին, համապատասխան տնտեսավարող սուբյեկտի գործունեության վայրի համայնքի ղեկավարին ու շրջվարչակազմի ղեկավարին։

 

4. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

19. Կարգի դրույթների կատարումը վերահսկելու նպատակով աշխատանքային օրերին՝ ամենօրյա պարբերականությամբ, իսկ հանգստյան և ոչ աշխատանքային օրերին՝ ըստ անհրաժեշտության՝ նախապես որոշված հերթապահ խմբերի միջոցով, առևտրային օբյեկտներում իրականացնում են շրջայց՝

1) Հանձնաժողովը, Հարկային մարմինը և Կոմիտեն՝ Ստեփանակերտ քաղաքում՝ ըստ համատեղ հրամանով որոշված գոտիների.

2) Հարկային մարմինը՝ շրջկենտրոններում.

3) շրջվարչակազմերը և տեղական ինքնակառավարման մարմինները՝ շրջանների համայնքներում՝ բացառությամբ շրջկենտրոնների:

20. Շրջայց իրականացնող անձի գործառույթներից բխող իրավաչափ պահանջները տնտեսավարող սուբյեկտների կողմից ենթակա են պարտադիր կատարման:

21. Շրջայցի ընթացքում Կարգի խախտում հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում կազմվում է արձանագրություն՝ համաձայն ձևի, որը հետագա ընթացքավորման նպատակով արձանագրություն կազմելու օրն ուղարկվում է Կոմիտե:

22. Եթե ենթադրյալ խախտումը կատարվել է Հարկային մարմնում չհաշվառված ֆիզիկական անձի կողմից, ապա կազմված արձանագրությունն ուղարկվում է Հարկային մարմին՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացքավորելու համար:

23. Կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Ձև

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ____

 

ՇՐՋԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«______» _____________202  թ., ժ. _________

_______________________________

(կազմման վայրը, հասցե)

__________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի անվանումը /ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

_______________________________

(ՀՎՀՀ հեռ. համարը)

 

Արձանագրվել են Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 13-ի N 70-Ն որոշմամբ սահմանված կարգի 15-րդ կամ 16-րդ կետի ենթադրյալ խախտմամբ իրացվող հետևյալ ապրանքատեսակները՝

 

Հ/Հ

Իրացվող ապրանքի անվանումը

Չափման միավորը

Իրացման գինը

       
       
       
       

...

     

 

Արձանագրությանը կցվում են (փաստաթղթեր, տվյալներ, տեղեկություններ, դրանց պատճեններ)`

_________________________________________________________________________________________,

(կցվող փաստաթղթերի քանակը թվերով և տառերով)

 

Շրջայց կատարած պաշտոնատար անձինք`

_________________________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

_________________________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչ (ֆիզիկական անձ)՝

_____________________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2023 թվական