ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 6 դեկտեմբերի 2021թ. |
N 1321-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՄԲ
ԶԲԱՂՎՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՏԱՑԱԾ ՎՆԱՍՎԱԾՔԻ
ԿԱՄ ԽԵՂՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՎ ԶՈՀՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝ Արցախի Հանրապետությունում հումանիտար ականազերծմամբ զբաղվող ոչ պետական կազմակերպությունների՝ աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված աշխատակիցներին և զոհված աշխատակիցների ընտանիքների անդամներին միանվագ դրամական օգնության (այսուհետ՝ օգնություն) տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ օգնության վճարումները 2021 թվականի ընթացքում իրականացվում են Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական և փրկարարական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ու փրկարար ծառայողների ընտանիքներին դրամական աջակցության տրամադրում» ծրագրի միջոցներից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
դեկտեմբերի 6-ի N 1321-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՏԱՑԱԾ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԿԱՄ ԽԵՂՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ
ՃԱՆԱՉՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ԶՈՀՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ
ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետությունում հումանիտար ականազերծմամբ զբաղվող ոչ պետական կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն)՝ աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված աշխատակիցներին և զոհված աշխատակիցների ընտանիքների անդամներին միանվագ դրամական օգնության (այսուհետ՝ օգնություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները։
2. Օգնությունը տրամադրվում է՝
1) ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով՝
ա. 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչված աշխատակիցներին՝ 300 000 ՀՀ դրամի չափով,
բ. 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված աշխատակիցներին՝ 400 000 ՀՀ դրամի չափով,
գ. 1-ին խմբի հաշմանդամ ճանաչված աշխատակիցներին՝ 500 000 ՀՀ դրամի չափով.
2) զոհված աշխատակիցների ընտանիքների անդամներին՝ 2 000 000 ՀՀ դրամի չափով:
3. Օգնությունը նշանակվում և վճարվում է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) Ստեփանակերտի բաժնի (այսուհետ՝ Ստեփանակերտի բաժին) կողմից։
(3-րդ կետը փոփ. 11.04.23 N 232-Ն)
4. Օգնությունը տրամադրվում է մեկ անգամ, ընդ որում` հաշմանդամության դեպքում հիմք է ընդունվում աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետ պատճառական կապով առաջին անգամ սահմանված հաշմանդամության խումբը։
5. Օգնություն նշանակելու համար՝
1) զոհված աշխատակցի ընտանիքի անդամը (ամուսինը, այդ թվում անձը, որի փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու փաստը հաստատվել է դատական կարգով կամ ծնողը կամ 14 տարին լրացած զավակը) գործակալության ցանկացած տարածքային ստորաբաժանում (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում) է ներկայացնում՝
ա. գրավոր դիմում (այսուհետ՝ դիմում), որի մեջ պարտադիր նշվում է դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ վավեր սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), հաշվառման վայրի հասցեն, բանկային հաշվի համարը,
բ. իր անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,
գ. իր հանրային ծառայությունների համարանիշը և պատճենը կամ վավեր սոցիալական քարտն ու պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,
դ. «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ «Արցախբանկ» ՓԲԸ) իր անվամբ բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրն ու պատճենը,
ե. աշխատակցի մահվան վկայականը և պատճենը,
զ. կազմակերպության ղեկավարի տված տեղեկանքը՝ աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ աշխատակցի զոհվելու և նրա կողմից կանխամտածված օրինազանցություն չկատարելու մասին,
է. աշխատակցի հետ իր ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը (ամուսնության վկայական, փաստացի ամուսնության մեջ գտնվելու փաստը հաստատելու մասին դատարանի վճիռ, ծննդյան վկայական).
2) հաշմանդամ ճանաչված աշխատակիցը տարածքային ստորաբաժանում է ներկայացնում՝
ա. սույն կետի առաջին ենթակետի «ա»-«դ» պարբերություններում նշված փաստաթղթերը,
բ. աշխատանքային խեղման կամ վնասվածքի հետ հաշմանդամության պատճառական կապի սահմանման վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված բժշկասոցիալական փորձաքննական որոշումը և պատճենը,
գ. կազմակերպության ղեկավարի տված տեղեկանքը՝ աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ աշխատակցի վնասվածք կամ խեղում ստանալու և նրա կողմից կանխամտածված օրինազանցություն չկատարելու մասին։
(5-րդ կետը փոփ. 11.04.23 N 232-Ն)
6. 1-ին խմբի հաշմանդամ ճանաչված աշխատակցին օգնություն նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ՝ ներկայացնելով նաև իր անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը։
7. Դիմումը և սույն կարգի 5-րդ կետում նշված՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ընդունելու ժամանակ տարածքային ստորաբաժանման մասնագետը՝
1) դիմումում լրացված տվյալները ստուգում և համեմատում է դիմողի անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի բնօրինակների տվյալների հետ.
2) փաստաթղթերի բնօրինակները համեմատում է դրանց պատճենների հետ՝ առանց դրանց տեքստերը վնասելու, պատճենների բոլոր էջերի վրա կատարում է «Համապատասխանում է բնօրինակին» գրառումը և ստորագրում.
3) դիմողին վերադարձնում է ներկայացված փաստաթղթերի (բացառությամբ՝ դիմումի, կազմակերպության ղեկավարի տված տեղեկանքի, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի և «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված բանկային հաշվի մասին տեղեկանքի) բնօրինակները և տալիս ստորագրված ծանուցում՝ նշելով դիմումն ու սույն կարգի 5-րդ կետում նշված՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալու օրը, ամիսը և տարին։
(7-րդ կետը փոփ. 11.04.23 N 232-Ն)
8. Տարածքային ստորաբաժանումը (բացառությամբ՝ Ստեփանակերտի բաժնի) դիմումը և սույն կարգի 5-րդ կետում նշված՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Ստեփանակերտի բաժին՝ կից գրության մեջ նշելով դրանք ներկայացվելու օրը, ամիսը և տարին։
(8-րդ կետը փոփ. 11.04.23 N 232-Ն)
9. Ստեփանակերտի բաժինը դիմումը և սույն կարգի 5-րդ կետում նշված՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ստանալուց (ընդունելուց) հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է օգնություն նշանակելու մասին որոշում, որը ձևակերպվում է Ստեփանակերտի բաժնի պետի կարգադրությամբ։
10. Օգնություն ստանալու համար անձը կարող է դիմել առանց ժամկետային սահմանափակման:
11. Օգնությունը վճարվում է Ստեփանակերտի բաժնի կողմից աջակցություն նշանակելու մասին որոշման ընդունման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով՝ դիմումում նշված՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվին փոխանցելու միջոցով:
(հավելվածը փոփ. 11.04.23 N 232-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |