Համարը 
ՀՕ-125
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.29/05(77)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 28.06.23թ. ՀՕ-25-Ն օրենքի 8-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի

դեկտեմբերի 26-ին

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Արցախի Հանրապետությունում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում (այսուհետ` հանրային ծառայությունների ոլորտ) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների (այսուհետ` կարգավորման պարտադիր վճարներ) հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է կարգավորման պարտադիր վճարների հասկացությունը, կարգավորման պարտադիր վճարներ վճարողների շրջանակը, վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

(1-ին հոդվածը փոփ. 28.06.23 ՀՕ-25-Ն)

 

Հոդված 2.

Կարգավորման պարտադիր վճարների հասկացությունը

 

Կարգավորման պարտադիր վճարները Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով Արցախի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճարներ են:

(2-րդ հոդվածը փոփ. 28.06.23 ՀՕ-25-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 3.

Կարգավորման պարտադիր վճարներ վճարողները

 

Կարգավորման պարտադիր վճարներ վճարողներ (այսուհետ` վճարողներ) են համարվում հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք, որոնց համար հանձնաժողովը սահմանում է կարգավորվող սակագներ:

 

Հոդված 4.

Վճարողների հաշվառման կարգը

 

Հանձնաժողովը սահմանում է վճարողների հաշվառման կարգը, հաստատում է վճարողների անվանական կազմը յուրաքանչյուր տարվա համար և իրականացնում է վճարողների հաշվառումը:

 

Հոդված 5.

Վճարողների իրավունքները

 

Վճարողներն իրավունք ունեն`

ա) օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու կարգավորման պարտադիր վճարի վճարման կարգի նկատմամբ հսկողություն իրականացնող Արցախի Հանրապետության հարկային մարմնի (այսուհետ` հարկային մարմին) և հանձնաժողովի գործողությունները.

բ) կարգավորման պարտադիր վճարի վճարման մասին հարկային մարմնից ստանալու տեղեկանք.

գ) սույն օրենքով սահմանված դեպքերում պահանջելու և ստանալու վերադարձման ենթակա կարգավորման պարտադիր վճարի գումարը:

(5-րդ հոդվածը փոփ. 28.06.23 ՀՕ-25-Ն)

 

Հոդված 6.

Վճարողների պարտականությունները

 

Վճարողները պարտավոր են`

ա) ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարը.

բ) սույն օրենքով սահմանված դեպքերում Արցախի Հանրապետության պետական բյուջե վճարել հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները:

(6-րդ հոդվածը փոփ. 28.06.23 ՀՕ-25-Ն)

 

Հոդված 7.

Կարգավորման պարտադիր վճարների վճարման պարտավորության դադարումը

 

Վճարողների կարգավորման պարտադիր վճարների վճարման պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, օրենքով կարգավորման պարտադիր վճարի վճարումից ազատումով, լիցենզիայի կամ թույլտվության գործողության դադարումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ

ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 8.

Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման և հաստատման կարգը

 

1. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման համար հիմք է ընդունվում հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված պահպանման ծախսերի մեծությունը (ՀՊԾ):

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված կարգով հաշվարկված ծախսերի իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով հանձնաժողովը հաշվարկում է`

ա) վճարողների ընդհանուր իրացման շրջանառությունը (ԻՇ-ը)` հաշվի առնելով սույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սահմանված կարգով հաշվառման վերցված յուրաքանչյուր վճարողի (Վ1, Վ2, Վ3 .. .... Վn) համար սակագնի կամ ծառայությունների վճարի հաշվարկում կանխատեսված իրացման շրջանառությունները (ԻՇ1, ԻՇ2, ԻՇ3 .. ... .... ԻՇn)` առանց ավելացված արժեքի հարկի գումարների.

բ) ընդհանուր իրացման շրջանառության մեջ յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշիռը (ՏԿ1, ՏԿ2, ՏԿ3 ... ... ՏԿn).

գ) յուրաքանչյուր վճարողի կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը (Դ1, Դ2, Դ3 ... Դn)` որպես յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշռի և հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա պահպանման ծախսերի մեծության (ՀՊԾ) արտադրյալ, որը ներառվում է յուրաքանչյուր վճարողի սակագնում կամ ծառայությունների մատուցման վճարի մեջ (մինչև ավելացված արժեքի հարկի կիրառումը):

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված հաշվարկների սխեման ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածում:

4. Սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` հանձնաժողովի կողմից կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվարկվում և համապատասխան որոշմամբ հաստատվում են յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում` հանձնաժողովի պահպանման ծախսերի նախահաշվի հաշվարկման և ներկայացման հետ միաժամանակ:

(8-րդ հոդվածը փոփ. 23.12.2010 ՀՕ-79-Ն)

 

Հոդված 9. Սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` հանձնաժողովի կողմից իրականացվող հաշվարկները ներկայացվում են յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում հանձնաժողովի պահպանման ծախսերի նախահաշվի հետ միասին:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ,

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 10.

Հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները

 

1. Վճարողները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ կարգավորման պարտադիր վճարների հաշվետվությունները ներկայացնում են հարկային մարմին:

Կարգավորման պարտադիր վճարի հաշվետվության ձևը սահմանում է հարկային մարմինը` համաձայնեցնելով հանձնաժողովի հետ:

2. Նախորդ ժամանակաշրջանների համար ներկայացված կարգավորման պարտադիր վճարի հաշվետվություններում վճարողների կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերվելու դեպքում վճարողները կարող են հարկային մարմին ներկայացնել ճշգրտված հաշվետվություններ, որոնց հիման վրա հարկային մարմինը կատարում է այդ ժամանակաշրջանների համար պարտավորությունների վերահաշվարկ:

3. Հարկային մարմինների կողմից վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո վճարողների կողմից սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններ ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջանին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում:

(10-րդ հոդվածը փոփ. 28.06.23 ՀՕ-25-Ն)

 

Հոդված 11.

Կարգավորման պարտադիր վճարների վճարման կարգը և ժամկետները

 

1. Վճարողները սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և հաստատված կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի մեկ քառորդի չափով վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա 30-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

2. Հանրային ծառայությունների ոլորտում մեկից ավելի կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց կողմից վճարման ենթակա կարգավորման պարտադիր վճարները սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվում և Արցախի Հանրապետության պետական բյուջե են վճարվում յուրաքանչյուր գործունեության համար առանձին:

3. Կարգավորման պարտադիր վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:

(11-րդ հոդվածը փոփ. 28.06.23 ՀՕ-25-Ն)

 

Հոդված 12.

Կարգավորման պարտադիր վճարները վերադարձնելու կարգը

 

Սույն օրենքով սահմանված կարգով սահմանված կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները, վճարողի դիմումի համաձայն, հարկային մարմնի կողմից հաշվանցվում են վճարողի կարգավորման պարտադիր վճարների առաջիկա վճարումների հաշվին կամ Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած կարգով վերադարձվում են դիմումն ստանալու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում:

(12-րդ հոդվածը փոփ. 28.06.23 ՀՕ-25-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 13.

Տեղեկատվությունների տրամադրման կարգը

 

1. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի Արցախի Հանրապետությունում հաշվառված վճարողների կազմի և վճարողների կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի (ինչպես նաև վճարողների եռամսյակային վճարների չափի) վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո`15-օրյա ժամկետում, ներկայացնում է հարկային մարմին:

2. (մասն ուժը կորցրել է 28.06.23 ՀՕ-25-Ն)

(13-րդ հոդվածը փոփ. 28.06.23 ՀՕ-25-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 14.

Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Կարգավորման պարտադիր վճարը ժամանակին վճարելու և սույն օրենքի մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում կրում են վճարողները և դրանց` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:

3. Կարգավորման պարտադիր վճարի վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված վճարի գումարի 0,075 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

4. Վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունը սույն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար (անկախ տասնհինգերորդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից) վճարողից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված կարգավորման պարտադիր վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկը դադարում է համապատասխան հաշվետվությունը հարկային մարմին ներկայացնելու ամսաթվից կամ տվյալ կարգավորման պարտադիր վճարի գծով հարկային ստուգման ակտի ամսաթվից: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հաշվարկված կարգավորման պարտադիր վճարի ընդհանուր գումարը:

5. Սույն օրենքով սահմանված հաշվետվությունները չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու համար վճարողներից գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով պակաս հաշվարկված կարգավորման պարտադիր վճարի գումարի 10 տոկոսի չափով:

6. Վճարողները պակաս հաշվարկված կարգավորման պարտադիր վճարի գումարը, ինչպես նաև սույն հոդվածի երրորդ-հինգերորդ մասերի համաձայն` հաշվարկված տույժերը և տուգանքները Արցախի Հանրապետության պետական բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

7. Կարգավորման պարտադիր վճարների պարտավորությունների գծով գումարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի որոշում կայացնել ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ: Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա հարկային մարմինը կարող է դնել արգելանք՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

(14-րդ հոդվածը փոփ. 23.12.2015 ՀՕ-70-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-66-Ն, փոփ., խմբ. 28.06.23 ՀՕ-25-Ն)

 

ԳԼՈՒԽ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

(վերնագիրը խմբ. 16.12.21 ՀՕ-144-Ն)

 

Հոդված 15.

Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 16.

Անցումային դրույթ

 

1. 2022 թվականի համար սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասում և երկրորդ մասի «գ» կետում նշված՝ կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկներում հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված պահպանման ծախսերի մեծության (ՀՊԾ) փոխարեն հիմք է ընդունվում այդ մեծության 75 տոկոսը:

(գլուխ 7-ը խմբ. 16.12.21 ՀՕ-144-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2007թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-125

 

 

 

 

Հավելված

 «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

Ս Խ Ե Մ Ա

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ` ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

(վերնագիրը փոփ. 28.06.23 ՀՕ-25-Ն)

 

Հաշվառման վերցված վճարողները

Յուրաքանչյուր վճարողի համար տվյալ տարվա սակագնի կամ ծառայությունների վճարի

 հաշվարկում կանխատեսված արտադրանքի կամ ծառայությունների իրացման շրջանառությունները

(առանց ԱԱՀ-ի)

Տեսակարար կշիռը

Յուրաքանչյուր ընկերության կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը

Վ1

ԻՇ1

ԻՇ1/ԻՇը = ՏԿ1 

ՏԿ1 x ՀՊԾ = Դ1

Վ2

ԻՇ2

ԻՇ2/ԻՇը = ՏԿ2

ՏԿ2 x ՀՊԾ = Դ2

Վ3

ԻՇ3

ԻՇ3/ԻՇը= ՏԿ3

ՏԿ3 x ՀՊԾ = Դ3

………….

……………

……………..

……………….

Վn

ԻՇn

ԻՇn/ԻՇը= ՏԿn

ՏԿnx ՀՊԾ = Դn

Ընդամենը

ԻՇը

1

ՀՊԾ

(հավելվածը փոփ. 28.06.23 ՀՕ-25-Ն)