Համարը 
ՆՀ-17
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
23.03.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.03.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.12.2007

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի աշխատակազմերը միաձուլման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի:

2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը` համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2006 թվականի ապրիլի 1-ից:

 

 

 

 

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

23 մարտի 2006թ.

ք.Ստեփանակերտ

ՆՀ-17

 

 

 

 

Հավելված թիվ 1

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Նախագահի 2006 թվականի մարտի 23-ի

ՆՀ- 17 հրամանագրով

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԼՂՀ Նախագահի աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ) պետական կազմակերպություն է, որն ապահովում է ԼՂՀ Սահմանադրությամբ և ԼՂՀ օրենքներով ԼՂՀ Նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:

2. Աշխատակազմի հիմնադիրը ԼՂՀ Նախագահն է:

3. Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան:

4. Աշխատակազմի իրավական վիճակը և գործունեության կարգը սահմանվում են ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և սույն կանոնադրությամբ:

5. Օրենքի համաձայն աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում ԼՂՀ անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

7. Աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

8. Աշխատակազմն ունի ԼՂՀ զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

9. Աշխատակազմի անվանումն է՝

հայերեն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմ,

անգլերեն՝ Office of the President of the Nagorno-Karabakh Republlic,

ռուսերեն՝ Аппарат Президента Нагорно-Карабахской Республики:

10. Աշխատակազմի գտնվելու վայրն է՝ քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի պողոտա, թիվ 3:

 

2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Աշխատակազմի հիմնական խնդիրներն են՝ կազմակերպել և պայմաններ ստեղծել ԼՂՀ օրենքներով ԼՂՀ Նախագահին վերապահված հետևյալ լիազորություններն իրականացնելու համար՝

ա) ԼՂՀ օրենքների պահպանմանը հետևելու ԼՂՀ Նախագահի գործառույթի իրականացումը.

բ) ԼՂՀ-ում մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորի գործառույթների իրականացումը.

գ) ԼՂՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորի գործառույթների իրականացումը.

դ) օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովումը.

ե) ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների որոշումը.

զ) իր իրավասությանը վերապահված կադրային հարցերի լուծումը.

է) ԼՂՀ Նախագահի՝ որպես ԼՂՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի գործառույթի իրականացումը.

ը) ԼՂՀ Անվտանգության խորհրդի կազմավորումը և նախագահումը.

թ) ԼՂՀ Նախագահի կողմից քաղաքացիության, քաղաքական ապաստան տալու, ԼՂՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը.

ժ) միջազգային պայմանագրերը ԼՂՀ Ազգային ժողովի վավերացմանը և չեղյալ հայտարարմանը ներկայացնելու գործառույթի իրականացումը.

ժա) ԼՂՀ օրենքներով ԼՂՀ Նախագահին վերապահված այլ լիազորությունների իրականացումը:

12. ԼՂՀ Նախագահի՝ ԼՂՀ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակազմն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) նախապատրաստում է ԼՂՀ միջազգային պայմանագրերի, ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ԼՂՀ կառավարության որոշումների (այդ թվում՝ օրենքի ուժ ունեցող), ինչպես նաև դրանց նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները, նախագծերի փորձաքննությանը և լրամշակմանը մասնակից է դարձնում շահագրգիռ կամ այլ իրավասու պետական մարմինների, պաշտոնատար անձանց և մասնագետների.

բ) նախապատրաստում և ԼՂՀ Նախագահին է ներկայացնում ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ուղերձների, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախագծերը.

գ) ապահովում և վերահսկում է ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների պաշտոնական հրապարակումը.

դ) վերահսկում է ԼՂՀ միջազգային պայմանագրերի, ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների և ԼՂՀ կառավարության որոշումների կատարումը.

ե) կազմակերպում է ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականության հարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի նախապատրաստումը.

զ) ապահովում է ԼՂՀ Նախագահի կողմից սահմանված կարգով ԼՂՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը.

է) ապահովում է կուսակցությունների և հասարակական միավորումների հետ ԼՂՀ Նախագահի համագործակցությունը.

ը) ապահովում է օտարերկրյա պետական մարմինների և պաշտոնատար անձանց, օտարերկրյա քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ ԼՂՀ Նախագահի համագործակցությունը.

թ) ապահովում է ԼՂՀ Նախագահի կողմից կադրային և պետական ծառայության բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.

ժ) ուսումնասիրում է գործադիր իշխանության մարմինների գործունեությունը, դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ԼՂՀ Նախագահին ներկայացնում է առաջարկություններ.

ժա) հավաքում, մշակում, վերլուծում և ԼՂՀ Նախագահին է ներկայացնում ԼՂՀ-ում և օտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը.

ժբ) պարբերաբար վերլուծում է տնտեսության և պետական կառավարման համապատասխան բնագավառներում գործերի վիճակը, բացահայտում հրատապ հարցերը և դրանց հիման վրա իր նախաձեռնությամբ համապատասխան առաջարկություններ մշակում.

ժգ) կազմակերպում է ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերի պահպանումը, մշակումը և օգտագործումը, ինչպես նաև՝ գործավարությունը.

ժդ) համագործակցում է ԼՂՀ Ազգային ժողովի, ԼՂՀ կառավարության, ԼՂՀ դատական մարմինների, ԼՂՀ դատախազության, գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմինների, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ.

ժե) կազմակերպում և ապահովում է ԼՂՀ Նախագահի գործունեության հետ կապված արարողակարգային միջոցառումները.

ժզ) մասնակցում է ԼՂՀ կառավարության աշխատանքային ծրագրերի նախագծերի նախապատրաստմանը և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.

ժէ) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար և այլ անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ժը) իրականացնում է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց՝ ԼՂՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված դիմումների և առաջարկությունների ուսումնասիրությունը, վերլուծությունը, անհրաժեշտության դեպքում՝ դրանք համապատասխան մարմինների, պաշտոնատար անձանց վերահասցեագրումը, ամփոփումը և ԼՂՀ Նախագահին համապատասխան հաշվետվություններ ներկայացնելը.

ժթ) կազմակերպում է հետազոտական-վերլուծական աշխատանքներ՝ դրանցում ներգրավելով համապատասխան գիտական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների.

ի) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

իա) ԼՂՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում մարդու իրավունքների, տեղեկատվության միջոցների ազատության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների իրականացման վերաբերյալ.

իբ) ԼՂՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում պետական շինարարության հարցերի վերաբերյալ.

իգ) ԼՂՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ Նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձանց՝ իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

իդ) վերահսկում և տեղերում ստուգում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների և ԼՂՀ կառավարության որոշումների կատարումը, միջոցներ է ձեռնարկում դրանք ժամանակին և ճիշտ կատարելու համար, հայտնաբերված խախտումների վերաբերյալ ԼՂՀ Նախագահին համապատասխան միջնորդություններ կամ զեկուցումներ է ներկայացնում:

Աշխատակազմն իրականացնում է օրենքով, ԼՂՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ:

 

3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

13. Աշխատակազմի կառուցվածքի մեջ մտնում են՝

ա) հետևյալ հայեցողական պաշտոնները՝

ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ԼՂՀ Նախագահի խորհրդականները, ԼՂՀ Նախագահի առաջին օգնականը, ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարը, ԼՂՀ Նախագահի օգնականները, ԼՂՀ Նախագահի ռեֆերենտները, տեղեկատվության գլխավոր վարչության պետը և ԼՂՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը.

բ) ԼՂՀ Նախագահի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները (ծառայություն, վարչություն, քարտուղարություն, բաժին):

Աշխատակազմը կարող է ունենալ իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

 

4. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

14. Աշխատակազմը կառավարում է ԼՂՀ Նախագահը: Աշխատակազմը ենթակա և հաշվետու է ԼՂՀ Նախագահին:

15. ԼՂՀ Նախագահը՝

ա) աշխատակազմի խնդիրներին համապատասխան սահմանում է աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները.

բ) հաստատում և փոփոխում է աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների թիվը.

գ) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի ղեկավարին, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար տեղակալին, ԼՂՀ Նախագահի խորհրդականներին, ԼՂՀ Նախագահի առաջին օգնականին, ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարին, ԼՂՀ Նախագահի օգնականներին, ռեֆերենտներին, տեղեկատվության գլխավոր վարչության պետին և ԼՂՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին.

դ) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում ընդգրկված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի՝ ԼՂՀ օրենսդրության պահանջներին հակասող հրամանները և ցուցումները.

զ) որոշում է աշխատակազմին հանձնվող գույքի կազմն ու չափը.

է) վերակազմակերպում և դադարեցնում է աշխատակազմի գործունեությունը.

ը) իրականացնում է աշխատակազմի գործունեությանն առնչվող՝ ԼՂՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

16. Աշխատակազմում ԼՂՀ Նախագահին անմիջականորեն ենթարկվում են՝ ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ԼՂՀ Նախագահի խորհրդականները, ԼՂՀ Նախագահի առաջին օգնականը, ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարը, ԼՂՀ Նախագահի օգնականները, ռեֆերենտները, տեղեկատվության գլխավոր վարչության պետը, ԼՂՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը:

17. ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը՝

ա) ղեկավարում և կազմակերպում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը.

բ) ԼՂՀ Նախագահին զեկուցում է պաշտոնական փոստը.

գ) ԼՂՀ Նախագահի ստորագրմանը կամ վավերացմանն է ներկայացնում ԼՂՀ օրենքները, ԼՂՀ Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրերի վավերագրերը, հայտարարագրերը և այլ պաշտոնական փաստաթղթեր.

դ) ստորագրում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների հավելվածները.

ե) ԼՂՀ Նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների թիվը, այդ թվում՝ դրանց փոփոխությունները.

զ) իրականացնում է վերահսկողական ծառայության գործունեության ընդհանուր համակարգումը.

է) համաձայնեցնելով ԼՂՀ Նախագահի հետ՝ հաստատում է աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներքին կառուցվածքը.

ը) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակազմում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում ընդգրկված, ինչպես նաև քաղաքացիական պաշտոնների ցանկում չընդգրկված անձանց, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

թ) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, և ԼՂՀ Նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ժ) ԼՂՀ Նախագահի հավանությանն է ներկայացնում աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը.

ժա) արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.

ժբ) ներկայացնում է աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում, իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս ԼՂՀ անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ, ինչպես նաև տալիս է ԼՂՀ անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ժգ) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ կառավարությանը, ԼՂՀ վարչապետին, հանձնարարականներ է փոխանցում ԼՂՀ նախարարություններին, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններին՝ ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ԼՂՀ կառավարության և այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման և սահմանված կարգով դրանց ընթացք տալու վերաբերյալ.

ժդ) մասնակցում է ԼՂՀ կառավարության նիստերին, այդ թվում՝ դռնփակ.

ժե) վերահսկում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների պատշաճ կատարումը, խախտումներ հայտնաբերելու դեպքում միջոցներ է ձեռնարկում թերությունները վերացնելու և ծագած խոչընդոտները հաղթահարելու համար.

ժզ) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ կազմակերպում և համակարգում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների կատարումը, անհրաժեշտության դեպքում հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ՝ համապատասխան մարմինների, կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.

ժէ) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպություններ և պաշտոնատար անձանց է ուղարկում ԼՂՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված նամակները, դիմումները և այլ փաստաթղթեր՝ դրանք ուսումնասիրելու և ԼՂՀ Նախագահի հանձնարարականների համաձայն որոշումներ ընդունելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար.

ժը) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ժթ) կազմավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

ի) հաստատում է աշխատակազմի աշխատանքային կարգապահության ներքին կանոնները.

իա) ԼՂՀ Նախագահի անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավարի հետ համատեղ հաստատում է աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմը.

իբ) իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.

իգ) իրականացնում է օրենքով, ԼՂՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Աշխատակազմի ղեկավարն ունի տեղակալ, որը գործում է աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում է աշխատակազմի ղեկավարի կողմից իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, կատարում ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:

19. Աշխատակազմի ղեկավարի տեղակալը աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է նրա առանձին գործառույթները:

20. Աշխատակազմի ղեկավարի տեղակալը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում ԼՂՀ Նախագահի որոշմամբ աշխատակազմի ղեկավարին փոխարինում է նրա տեղակալը:

 

5. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ, ԱՌԱՋԻՆ ՕԳՆԱԿԱՆԸ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԸ

 

22. ԼՂՀ Նախագահի խորհրդականները՝

ա) ԼՂՀ Նախագահի հետ համաձայնեցնելով՝ կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը.

բ) պարբերաբար ԼՂՀ Նախագահին են ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր՝ իրենց հանձնարարված բնագավառում իրավիճակի, երևույթների և իրադարձությունների զարգացման միտումների մասին և առաջարկություններ՝ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

գ) աջակցում են իրենց հանձնարարված բնագավառում պետական քաղաքականության լուսաբանմանը և իրականացմանը.

դ) կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն.

ե) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.

զ) ԼՂՀ Նախագահի որոշմամբ կարող են ղեկավարել ԼՂՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

է) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ հրավիրում են խորհրդակցություններ, կազմակերպում իրենց հանձնարարված բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ քննարկումներ՝ շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.

ը) առաջարկություններ են ներկայացնում ԼՂՀ միջազգային պայմանագրերի, ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ԼՂՀ կառավարության որոշումների, այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

թ) կատարում են ԼՂՀ Նախագահի առանձին հանձնարարականներ:

ԼՂՀ Նախագահի խորհրդականների թիվը և գործունեության ուղղությունները սահմանում է ԼՂՀ Նախագահը:

23. ԼՂՀ Նախագահի առաջին օգնականը՝

ա) ԼՂՀ Նախագահի հետ համաձայնեցնելով՝ կազմակերպում է ԼՂՀ Նախագահի ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում ԼՂՀ Նախագահի հաստատմանը.

բ) կազմակերպում է ԼՂՀ Նախագահի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը՝ համագործակցելով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց հետ.

գ) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ՝ համապատասխան մարմինների, կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, այդ ուղղությամբ համակարգում նրանց գործունեությունը.

դ) կազմակերպում է ԼՂՀ Նախագահի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, բանակցությունների և ուղևորությունների արձանագրությունների նախապատրաստումը և վերահսկում դրանց կատարման ընթացքը.

ե) ուսումնասիրում է արտաքին քաղաքականության ոլորտում գործադիր իշխանության մարմինների գործունեությունը, դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում առաջարկություններ.

զ) ԼՂՀ Նախագահի արտասահմանյան այցերի, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների վերաբերյալ կատարում է ուսումնասիրություններ և պատրաստում հիմնական տեղեկատվություն.

է) աշխատում է ԼՂՀ Նախագահի փոստի և այլ փաստաթղթերի հետ.

ը) վարում է ԼՂՀ Նախագահի անձնական արխիվը.

թ) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ մասնակցում է ԼՂՀ կառավարության նիստերին, այդ թվում՝ դռնփակ.

ժ) համապատասխան մարմինների, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ ապահովում է ԼՂՀ Նախագահի մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստումը և կազմակերպումը.

ժա) համակարգում է ԼՂՀ Նախագահի օգնականների և ռեֆերենտների ընթացիկ աշխատանքները.

ժբ) կատարում է ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի առանձին հանձնարարականներ.

ժգ) իրականացնում է ԼՂՀ Նախագահի կարգադրություններով սահմանված այլ լիազորություններ:

24. ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարը՝

ա) ներկայացնում է ԼՂՀ Նախագահի պաշտոնական տեսակետները ԼՂՀ և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

բ) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

գ) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

դ) ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի և պետական կառավարման մարմինների միասնական դիրքորոշման արտահայտման վերաբերյալ.

ե) լուսաբանում է ԼՂՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը, ինչպես նաև ապահովում է ԼՂՀ Նախագահի կողմից ստորագրված կամ վավերացված իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը.

զ) կազմակերպում է ԼՂՀ Նախագահի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ.

է) իրականացնում է ԼՂՀ Նախագահի առանձին հանձնարարականներ:

25. ԼՂՀ Նախագահի օգնականները՝

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչների և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ համագործակցելով՝ ԼՂՀ Նախագահի համար նախապատրաստում են տեղեկատվական և վերլուծական նյութեր.

բ) առաջարկություններ են նախապատրաստում ԼՂՀ Նախագահի աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

գ) մասնակցում են ԼՂՀ Նախագահի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստմանը.

դ) իրենց գործառույթներն իրականացնելիս համագործակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ.

ե) կազմակերպում և իրականացնում են քաղաքացիների ընդունելություն.

զ) ծանոթանում են ԼՂՀ Նախագահի փոստին և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

է) կատարում են ԼՂՀ Նախագահի, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի, ԼՂՀ Նախագահի առաջին օգնականի և ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարի առանձին հանձնարարականներ:

ԼՂՀ Նախագահի օգնականների թիվը և գործունեության ուղղությունները սահմանում է ԼՂՀ Նախագահը:

26. ԼՂՀ Նախագահի ռեֆերենտները՝

ա) իրականացնում են ԼՂՀ Նախագահի ելույթների, դիմումների, ուղերձների և նամակների, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախապատրաստումը.

բ) իրականացնում են տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ.

գ) կատարում են ԼՂՀ Նախագահի, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի, ԼՂՀ Նախագահի առաջին օգնականի և ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարի առանձին հանձնարարականներ:

ԼՂՀ Նախագահի ռեֆերենտների թիվը և գործունեության ուղղությունները սահմանում է ԼՂՀ Նախագահը:

27. ԼՂՀ Նախագահի սահմանած գործառույթները և հանձնարարականները կատարելիս ԼՂՀ Նախագահի խորհրդականները, ԼՂՀ Նախագահի առաջին օգնականը, ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարը, ԼՂՀ Նախագահի օգնականները և ռեֆերենտները համագործակցում են միմյանց, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:

 

6. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

28. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները գործում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:

29. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները (բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսվածի) գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:

30. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

31. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝

ա) իրականացնում են ստորաբաժանման աշխատողների միջև աշխատանքի բաշխումը, ապահովում են աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվություն են կրում ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար.

բ) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ մասնակցում են ԼՂՀ Նախագահի մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, բանակցություններին, ուղևորություններին, ինչպես նաև ԼՂՀ կառավարության նիստերին.

գ) ԼՂՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարումն ապահովելու, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրների իրականացման նպատակով կարող են իրենց իրավասության շրջանակներում անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ կամ հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.

դ) ԼՂՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում մասնակցում են հարցերի քննարկմանը.

ե) ԼՂՀ Նախագահի քննարկմանը, դիտարկմանը, ստորագրմանը կամ վավերացմանը ներկայացված և իրենց փորձաքննությանը հանձնված իրավական ակտերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ կարող են պահանջել տեղեկատվական-վերլուծական բնույթի նյութեր ու անհրաժեշտ տեղեկատվություն (փաստաթղթեր).

զ) իրենց իրավասության շրջանակներում, ԼՂՀ Նախագահին կամ աշխատակազմի ղեկավարին՝ վերջիններիս պահանջով, զեկուցումներ են ներկայացնում իրենց կողմից սպասարկվող բնագավառներին առնչվող համապատասխան մարմիններում, կազմակերպություններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

է) ԼՂՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան ոլորտի իրավիճակի մասին տեղեկանքներ, հաշվետվություններ կամ այլ փաստաթղթեր են պահանջում համապատասխան մարմիններից, կազմակերպություններից և պաշտոնատար անձանցից.

ը) իրականացնում են ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի կողմից իրենց վերապահված այլ լիազորություններ:

32. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում կարող են ստեղծվել ներքին կառուցվածքային ստորաբաժանումներ՝ բաժիններ և այլն:

33. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնում են միմյանց հետ համագործակցելով:

34. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները համապատասխանաբար իրականացնում են հետևյալ գործառույթները՝

34.1. Տեղեկատվության գլխավոր վարչությունը՝

- կազմակերպում է ԼՂՀ Նախագահի գործունեության լուսաբանման աշխատանքները.

- ղեկավարության հանձնարարությամբ պատրաստում է ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության վերաբերյալ մամուլի հաղորդագրություններ.

- ներկայացնում է ԼՂՀ Նախագահի պաշտոնական տեսակետները ԼՂՀ և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

- ապահովում է ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ, կազմակերպում է հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ.

- լուսաբանում է ԼՂՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը, ինչպես նաև ապահովում է ԼՂՀ Նախագահի կողմից ստորագրված կամ վավերացված իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը.

- ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում տեղեկատվության բնագավառում քաղաքականության իրականացման վերաբերյալ.

- ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի և պետական մարմինների միասնական դիրքորոշման արտահայտման վերաբերյալ, ապահովում է հաստատված միասնական դիրքորոշման արտահայտումը տեղեկատվական դաշտում.

- իրականացնում է ԼՂՀ Նախագահի ելույթների, դիմումների, ուղերձների և նամակների, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախապատրաստումը, դրանք կազմելիս համագործակցում է ԼՂՀ Նախագահի առաջին օգնականի, ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարի, ԼՂՀ Նախագահի օգնականների, ռեֆերենտների և աշխատակազմի այլ աշխատակիցների հետ.

- Ինտերնետում կազմակերպում և պահպանում է ԼՂՀ Նախագահի էջը.

- ապահովում է հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, տեղեկատվական միջազգային համակարգերի հասանելիության կազմակերպումը, շահագործումը.

- կազմում է լրատվության միջոցների, այդ թվում՝ հայաստանյան մամուլի ամենօրյա տեսություն, ինչպես նաև Ինտերնետի միջոցով ուսումնասիրում օտարերկրյա թերթերի ու գործակալությունների նյութերը, դրանց հիման վրա պատրաստում ամենօրյա տեսություններ և դրանք ներկայացնում ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին.

- հավաքում, մշակում, վերլուծում և ԼՂՀ Նախագահին ու աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում օտարերկրյա պետություններում քաղաքական, սոցիալ-տնտեսական և իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն.

- պատրաստում է պետական պաշտոնական տեղեկատվության ծառայողական տեղեկագրեր.

- իրականացնում է ԼՂՀ Նախագահի կարգադրություններով և աշխատակազմի ղեկավարի հրամաններով սահմանված այլ լիազորություններ:

34.2. Պետաիրավական վարչությունը՝

- իրականացնում է ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության իրավական ապահովումը.

- համակարգում է ԼՂՀ Նախագահի քննարկմանը, դիտարկմանը, ստորագրմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերի փորձաքննության աշխատանքները.

- իրավական փորձաքննություն է իրականացնում և փորձագիտական եզրակացություններ պատրաստում աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից ԼՂՀ Նախագահի քննարկմանը, դիտարկմանը, ստորագրմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերի կամ դրանց նախագծերի՝ ԼՂՀ իրավական համակարգին և իրավաբանական տեխնիկայի կանոններին համապատասխանության վերաբերյալ.

- ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իրավական դաշտի կատարելագործման վերաբերյալ.

- հետևում է ԼՂՀ օրենքների պահպանմանը, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների, ԼՂՀ Նախագահի վավերացրած փաստաթղթերի, ԼՂՀ Նախագահի հանձնարարականների կատարմանը.

- իր իրավասության շրջանակներում ապահովում է ԼՂՀ Նախագահի կողմից քաղաքացիություն շնորհելու, քաղաքական ապաստան տալու, բարձրագույն զինվորական կոչումներ և բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը.

- դատապարտյալներին ներում շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում՝ ԼՂՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև ԼՂՀ Նախագահին ներկայացնելու համար.

- ԼՂՀ քաղաքացիություն ձեռք բերելու և քաղաքացիությունը դադարեցնելու, քաղաքական ապաստան տալու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ԼՂՀ Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև ԼՂՀ Նախագահին ներկայացնելու համար.

- ԼՂՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ԼՂՀ Նախագահին ներկայացնելու համար.

- բարձրագույն զինվորական կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ԼՂՀ Նախագահին ներկայացնելու համար.

- ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է իրավական ակտերի ու փաստաթղթերի նախագծեր.

- իրականացնում է ռադիոհեռահաղորդակցության և տեղեկատվական անվտանգության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման և իրականացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և ԼՂՀ Նախագահին առընթեր Անվտանգության խորհրդին ներկայացումը.

- իրականացնում է ռադիոհեռահաղորդակցության և տեղեկատվական անվտանգության բնագավառում վտանգի աղբյուրների բացահայտումը, ներքին և արտաքին սպառնալիքի գնահատումը և դրանց կանխմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստումը.

- իրականացնում է ռադիոհեռահաղորդակցության և տեղեկատվական անվտանգության բնագավառի ապահովմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման համար առաջարկությունների նախապատրաստումը.

- իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.

- իրականացնում է ԼՂՀ Նախագահի կարգադրություններով և աշխատակազմի ղեկավարի հրամաններով սահմանված այլ լիազորություններ:

34.3. Վերահսկողական ծառայությունը՝

- վերահսկում է ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների, ԼՂՀ Նախագահի վավերացրած փաստաթղթերի, ԼՂՀ Նախագահի, աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարման ընթացքը.

- ԼՂՀ Նախագահի, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կամ գիտությամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով, կատարում է ուսումնասիրություններ, ստուգումներ պետական կառավարման հանրապետական ու տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, կազմակերպում դրանց արդյունքների քննարկում, կազմում և ԼՂՀ Նախագահին է ներկայացնում եռամսյակային հաշվետվություններ.

- ի հայտ է բերում ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքները և ներկայացնում համապատասխան առաջարկություններ դրանց հաղթահարման համար, քննարկում է պետական կարգապահության խախտումների, տեղայնության, գործի նկատմամբ գերատեսչական մոտեցման դրսևորումները, քաշքշուկի և բյուրոկրատիզմի փաստերը, հետամուտ է լինում բացահայտված թերությունների վերացմանը.

- ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքները կամ առաջարկությունները տրամադրում է ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին.

- աշխատակազմի ղեկավարի հետ համաձայնեցնելով՝ սահմանում է իր կողմից կատարվելիք ուսումնասիրությունների և ստուգումների ժամկետները, դրանց ձևերն ու ծավալները, ըստ անհրաժեշտության պահանջում համապատասխան տեղեկատվություն.

- իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.

- իրականացնում է ծառայությունում ստացված գրավոր և բանավոր դիմումների հաշվառում և ուսումնասիրություն, ընթացք տալիս դրանց, կազմակերպում է դիմումներում արծարծված հարցերի քննարկում, անհրաժեշտության դեպքում դիմումները վերահասցեագրում է այն պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք իրավասու են լուծում տալու բարձրացված հարցերին, առավել էական առաջարկությունները, դիմումները և գանգատները զեկուցում է աշխատակազմի ղեկավարին, այդ մասին ծանուցում է դիմողներին.

- իրականացնում է ԼՂՀ Նախագահի կարգադրություններով և աշխատակազմի ղեկավարի հրամաններով սահմանված այլ լիազորություններ:

34.4. Տնտեսագիտական վարչությունը՝

- իրականացնում է ԼՂՀ Նախագահին ներկայացվող փաստաթղթերի տնտեսագիտական փորձաքննությունը.

- համապատասխան մարմինների հետ համագործակցելով՝ քննության է ենթարկում սոցիալ-տնտեսական բնագավառին վերաբերող ծրագրերի և իրավական ակտերի հիմնադրույթները և նախագծերը.

- ԼՂՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում և վերլուծում է տնտեսության համապատասխան բնագավառների վիճակը, բացահայտում հրատապ խնդիրները և դրանց հիման վրա ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

- ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին վերլուծություններ և զեկուցագրեր է ներկայացնում ԼՂՀ-ում և օտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական կացության և երևույթների վերաբերյալ.

- ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում տնտեսական օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործման վերաբերյալ:

- իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.

- իրականացնում է ԼՂՀ Նախագահի կարգադրություններով և աշխատակազմի ղեկավարի հրամաններով սահմանված այլ լիազորություններ:

34.5. Քարտուղարությունը`

- իրականացնում է աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.

- իրականացնում է աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը, պատճենահանումը և դրանց առաքումը, աշխատակազմի ղեկավարին ներկայացվող ոչ գաղտնի թղթակցությունների նախնական մշակումը, առաջարկությունների ներկայացումը, ԼՂՀ Նախագահին ներկայացվող` հանրապետության կենսագործունեությանը վերաբերող օպերատիվ տեղեկատվության հավաքումը.

- վերահսկողություն է իրականացնում քարտուղարության միջոցով պատրաստված` աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ուղարկված փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ, աշխատակազմում համակարգում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքը.

- ապահովում է ԼՂՀ Նախագահի ստորագրմանը կամ վավերացմանը ներկայացվող փաստաթղթերի լեզվաոճական և տերմինաբանական միասնականությունը, սահմանված կարգով և ժամկետներում ապահովում է հիշյալ փաստաթղթերի (բացառությամբ` գաղտնի) նախապատրաստումը (խմբագրում, համակարգչային մուտքագրման կազմակերպում, համընթերցում, սրբագրում), անհրաժեշտ կարծիքների և նշագրումների ստացումը, ինչպես նաև հաշվառումը, առաքման նախապատրաստումը, պաշտոնական հրապարակումը, ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների բնօրինակների և մյուս ակտերի պատճենների պահպանումը և արխիվ հանձնումը.

- ապահովում է ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, և ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթերի` ԼՂՀ Նախագահի ելույթների, ուղերձների թարգմանությունների վերստուգումը և խմբագրումը.

- ապահովում է ԼՂՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, պատվավոր կոչումներ շնորհելու գործառույթների իրականացումը.

- ԼՂՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ԼՂՀ Նախագահին առընթեր պետական պարգևների շնորհման հարցերի հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև ԼՂՀ Նախագահին ներկայացնելու համար.

- իրականացնում է քարտուղարությունում ստացված գրավոր և բանավոր դիմումների հաշվառում և ուսումնասիրություն, ընթացք տալիս դրանց, կազմակերպում է դիմումներում արծարծված հարցերի քննարկում, անհրաժեշտության դեպքում դիմումները հասցեագրում է այն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք իրավասու են լուծում տալու բարձրացված հարցերին, առավել էական առաջարկությունները, դիմումները և գանգատները զեկուցում է աշխատակազմի ղեկավարին, այդ մասին ծանուցում է դիմողներին.

- ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի հրամաններով նշանակվող պաշտոնատար անձանց անձնական գործերի նախապատրաստումը, վարումը, հաշվառումը և պահպանումը.

- կազմակերպում և ապահովում է աշխատակազմի առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայողների ատեստավորման աշխատանքները.

- կազմակերպում է աշխատակազմի առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայողների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը,

- ապահովում է աշխատակազմի աշխատակիցների զինապարտության հաշվառումը և ամրագրումը.

- նախապատրաստում և հաշվառում է աշխատակազմի ղեկավարի հրամանները.

- կազմակերպում և վարում է արխիվային և գրադարանային գործը:

35. Ֆինանսատնտեսական բաժինը՝

- նախապատրաստում և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը.

- ապահովում է ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործումը.

- սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները, արտացոլում և գույքագրում դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.

- ապահովում է ֆինանսադրամարկղային և բյուջետային կարգապահությունը:

36. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց իրավասության հարցերով նախապատրաստում են ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծեր, ինչպես նաև իրականացնում են ԼՂՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով կամ աշխատակազմի ղեկավարի հրամաններով իրենց վերապահված այլ գործառույթներ:

 

7. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Աշխատակազմի գույքը ձևավորվում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

38. Աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու, աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

39. Աշխատակազմն իրավունք ունի ԼՂՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):

40. Աշխատակազմի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից: Աշխատակազմը կարող է նաև ֆինանսավորվել օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներից:

41. Աշխատակազմն իր ֆինանսական գործառնությունները և իր կարիքների համար գնումները կատարում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

42. Աշխատակազմը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և իրավասու պետական մարմիններին ներկայացնում համապատասխան հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

 

8. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

43. Աշխատակազմում գործավարության կարգը սահմանում է աշխատակազմի ղեկավարը՝ համաձայնեցնելով ԼՂՀ Նախագահի հետ:

44. Աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից ԼՂՀ Նախագահի քննարկմանը, դիտարկմանը, ստորագրմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերը կամ դրանց նախագծերը, աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան, համաձայնեցվում են աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց, կառուցվածքային ստորաբաժանումների և պետաիրավական վարչության հետ:

 

9. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

45. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Կ.ԲԱԲՈՒՐՅԱՆ

 

 

 

Հավելված թիվ 2

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Նախագահի 2006 թվականի մարտի 23-ի

ՆՀ-17 հրամանագրով

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. Աշխատակազմի ղեկավար

2. Աշխատակազմի ղեկավարի տեղակալ

3. ԼՂՀ Նախագահի խորհրդականներ

4. ԼՂՀ Նախագահի առաջին օգնական

5. ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար

6. ԼՂՀ Նախագահի օգնականներ

7. ԼՂՀ Նախագահի ռեֆերենտներ

8. Տեղեկատվության գլխավոր վարչություն

9. Պետաիրավական վարչություն

10. Վերահսկողական ծառայություն

11. Տնտեսագիտական վարչություն

12. Քարտուղարություն

13. Ֆինանսատնտեսական բաժին

14. Աշխատակազմին ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպություններ

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Կ.ԲԱԲՈՒՐՅԱՆ