Համարը 
հ. 150
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
08.02.1993
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.02.1993
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.02.1993
Ուժը կորցնելու ամսաթիվը 
20.06.1995

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՊՊԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

,,8,, փետրվարի 1993թ.

 հ.150

ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ և ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն որոշում է`

1. Հաստատել ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության Կանոնադրությունը և կառուցվածքը:

2. ԼՂՀ Ֆինանսների նախարարությանը` պետբյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:

 

 

ԼՂՀ ՊՊԿ նախագահ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարիչ

Վ. ԹՈՎՄԱՍՅԱՆ 

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի 1993թ. փետրվարի ,,8,,-ի հ. 150

 որոշմամբ

 

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Աշխատանքի և սոցիալական

 ապահովության պետական վարչության

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունը հանդիսանում է գործադիր իշխանության հանրապետական մարմին, կազմվում է ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից և ենթարկվում է կառավարությանը:

2. ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունը ղեկավարվում է ԼՂՀ Սահմանադրությամբ, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերով, ԼՂՀ կառավարության որոշումներով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

3. ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունը ղեկավարություն է իրականացնում հետևյալ ոլորտներում.

- բնակչության զբաղվածության

- աշխատանքի վարձատրության

- աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման

- վնասակար պայմաններում աշխատողների պաշտպանվածության ապահովման

- ԼՂՀ վերադարձող քաղաքացիների ընդունման և աշխատանքի տեղավորման

- քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովման

- հաշմանդամների հոգեբանական և սոցիալ աշխատանքային վերականգնման

- բժշկա-աշխատանքային փորձաքննական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման

- բնակչության ռացիոնալ տարաբնակեցման

- անաշխատունակ հաշմանդամների և կենսաթոշակառուների սոցիալ-կենցաղային սպասարկման:

 

ԼՂՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ

 

4. Հիմնական խնդիրները.

4.1. Աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, բնակչության ռացիոնալ զբաղվածության և նրանց աշխատանքի տեղավորման ապահովումը:

4.2. Հանրապետությունում աշխատանքի պայմանների պետական փորձաքննության անցկացումը, առաջնահերթ զարգացում պահանջող շրջանների և շինարարության կարիքների համար աշխատուժի հավաքագրումը:

4.3. Ընտանիքի և մայրության հարցերի վերաբերյալ համալիր սոցիալական ծրագրերի մշակումը:

4.4. Կենսաթոշակային օրենսդրության կիրառման ուղղությամբ սոցապ մարմինների աշխատանքների մեթոդական ղեկավարումը և կոորդինացումը, բնակչության սոցիալապես անպաշտպան խմբերի հարցերով սոցիալական ծառայությունների ստեղծումը:

4.5. Պետական հովանավորության տակ գտնվող ծերերի, հաշմանդամների և երեխաների նյութական, մշակութային, կենցաղային և բժշկական սպասարկման աշխատանքների կազմակերպումը:

4.6. Հանրապետությունում օրթոպեդ-պրոտեզիստ մասնագետների պատրաստումը:

4.7. Կենսաթոշակառուների և հաշմանդամների բուժման, առողջարանային և հանգստի հարցերի կազմակերպումը:

4.8. Քաղաքացիների նամակների /դիմումների ու գանգատների/ սահմանված ժամկետներում քննարկումը: Քաղաքացիների նամակներում տեղ գտած թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը:

5. Հիմնական ֆունկցիաները.

5.1. Ուսումնասիրում է հանրապետության աշխատանքային ռեսուրսները, մշակում բնակչության ռացիոնալ զբաղվածության, հանրապետական ու տարածքաշրջանային ծրագրեր, նախարարությունների և գերտեսչությունների հետ համատեղ մշակում և իրագործում է ճյուղերի և շրջանների միջև աշխատուժի վերաբաշխման միջոցառումներ, հաշվի առնելով արտադրության պահանջներն ու աշխատանքային ռեսուրսների առկայությունը:

5.2. Մասնակցում է նոր ձեռնարկությունների տեղաբաշխման, գործող ձեռնարկությունների ընդլայնման ու վերակառուցման հարցերի քննարկմանը:

5.3. Ուշադրություն է դարձնում կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման ու վերապատրաստման հարցերին, այդ ուղղությամբ պետական պատվերներ է տալիս համապատասխան նախարարություններին ու գերտեսչություններին:

5.4. Զբաղվածության տեղական մարմինների միջոցով իրականացնում է գործազուրկ քաղաքացիների հաշվառումը, աշխատանքի տեղավորումը, գործող օրենսդրությանը համապատասխան սահմանում է գործազուրկի կարգավիճակ և վճարում գործազրկության նպաստ:

5.5. Վերահսկողություն է իրականացնում կենսաթոշակների և նպաստների նշանակման և վճարման օրինականության պահպանման ուղղությամբ:

5.6. Մշակում է կենսաթոշակային օրենսդրության կիրարկման, գործավարության կարգը, ինչպես նաև կենսաթոշակ նշանակելու և վերահաշվարկելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը:

5.7. Կազմակերպում է հաշմանդամության առաջացման պատճառների ուսումնասիրություն և միջոցներ ձեռնարկում հաշմանդամության կանխման ուղղությամբ:

5.8. Կոորդինացնում է քաղաքացիների հոգեբանական և սոցիալ-աշխատանքային վերականգնման աշխատանքները:

 

ԼՂՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության համակարգը ընդգրկում է ԼՂՀ Կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը, բնակչության զբաղվածության պետական ծառայությունները, սոցիալական ապահովության տեղական մարմինները, ինչպես նաև իրեն ենթակա մյուս հիմնարկներն ու կազմակերպությունները:

7. ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունը իր առջև դրված խնդիրների լուծման և ֆունկցիաների կատարման համար իրավունք ունի.

7.1. Իր իրավասության սահմաններում ստուգելու ԼՂՀ տարածքում գործող ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքը, բացահայտված թերությունների վերացման վերաբերյալ նրանց տալու ցուցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում վերադաս մարմիններ առաջարկություններ ներկայացնելու թույլ տված խախտումների մեջ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու մասին: Հանցագործությունների և չարաշահումների հայտնաբերման դեպքում ձևակերպել նյութերը և տալ քննչական մարմիններին:

7.2. ԼՂՀ վիճակագրական վարչությունից, նախարարություններց, գերտեսչություններից, տեղական խորհուրդներից տվյալներ ստանալու բնակչության զբաղվածության, աշխատանքի, աշխատանքի վարձատրության, բնակչության բնական շարժի, գաղթերի, սոցիալական ապահովության մասին:

7.3. ԼՂՀ կառավարության, տեղական խորհուրդների գործկոմների հետ համաձայնեցված փոփոխություններ մտցնել աշխատուժի հավաքագրման, ինչպես նաև բնակչության միջշրջանային և ներշրջանային տարաբնակեցման ծրագրերի մեջ:

7.4. Ընդհատելու, իսկ առանձին դեպքերում, սահմանված կարգով, դադարեցնելու աշխատուժի կազմակերպված հավաքագրման աշխատանքները, այդ մասին տեղեկացնելով համապատասխան նախարարություններին, գերտեսչություններին և տեղական խորհուրդներին:

7.5. ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունն իր իրավասության սահմաններում հրապարակում է հրամաններ, հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար:

7.6. Իրագործում է համակարգի մեջ մտնող բոլոր կազմակերպությունների աշխատանքի վերահսկողություն և կատարման ստուգում:

7.7. Նշանակում է և ազատում պաշտոններից աշխատանքի, բնակչության զբաղվածության և սոցիալական ապահովության տեղական մարմինների ղեկավարներին և համակարգի մյուս պատասխանատու աշխատողներին, սահմանված կարգով համաձայնեցնելով տեղական խորհուրդների հետ:

7.8. Ընդհանրացնել աշխատանքի, զբաղվածության և սոցիլական ապահովության բնագավառում օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ համապատասխան առաջարկություններով դիմել ԼՂՀ Կառավարությանը և Գերագույն Խորհրդին:

8. Վարչությունը վստահված բնագավառի պետական սեփականության օգտագործման և տնօրինելու ուղղությամբ իրականացնում է իր օրինական ֆունկցիաները:

9. ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունը գլխավորում է վարչության պետը, որը նշանակվում և ազատվում է աշխատանքից ԼՂՀ Գերագույն Խորհրդի կողմից ԼՂՀ նախարարների խորհուրդի նախագահի ներկայացմամբ:

10. Վարչության պետը`

10.1. Պատասխանատվություն է կրում Պետական վարչության առջև դրված խնդիրների և ֆունկցիաների կատարման համար:

10.2. Սահմանում է բաժինների և սեկտորների պետերի, մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը:

10.3. Հաստատում է բնակչության զբաղվածության, ծառայության տեղական մարմինների, կենսաթոշակների և նպաստների հաշվեգրման և վճարման կենտրոնի կառուցվածքը, Վարչության ապարատի հաստիքային ցուցակը:

10.4. Հաստատում է բաժինների, համակարգի հիմնարկությունների, կազմակերպությունների, ձեռնարկությունների, նաև զբաղվածության տեղական մարմինների կանոնադրությունները:

10.5. Հրավիրում է վարչության կոլեգիա և նախագահում նրա նիստերում:

10.6. Իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ: Պետական վարչության պետի բացակայության դեպքերում, նրա հանձնարարությամբ պետերի պարտականությունները կատարում է բաժինների պետերից մեկը:

11. Վարչության կոլեգիայի կազմի մեջ մտնում են`

Վարչության պետը /նախագահ/, բաժինների պետերը, ղեկավար աշխատողներ:

12. Կոլեգիայի կազմը հաստատվում է ԼՂՀ Կառավարության կողմից:

13. Պետական վարչության կոլեգիայի նիստերում քննարկվում են աշխատանքի, զբաղվածության և սոցիալական ապահովության բնագավառի կարևոր հարցերը, վարչության գործունեության այլ հարցեր, կադրերի ընտրության և օգտագործման գործնական ղեկավարության, կարևորագույն հրամանների և հրամանագրերի նախագծերը, լսվում են համակարգի կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են վարչության պետի հրամանով: Վարչության պետի և կոլեգիայի միջև անհամաձայնության առկայության դեպքում, վարչության պետը հրամանով իրագործում է իր որոշումը զեկուցելով Կառավարությանը անհամաձայնության առկայության մասին:

Կոլեգիայի անդամներն իրավունք ունեն իրենց կարծիքի մասին հայտնել Կառավարությանը:

14. ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության Պետական Վարչությունը ԼՂՀ կառավարությանը ներկայացնում է իրեն ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ստեղծման, վերակազման և լուծարման մասին առաջարկություններ:

15. ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության Պետական վարչության կենտրոնական ապարատի աշխատավարձի տարեկան ֆոնդը հաստատվում է ԼՂՀ Կառավարության կողմից:

16. Աշխատանքի և սոցիալական ապահովության Պետական վարչությունը հանդիսանում է իրավաբանական անձ, ունի ԼՂՀ պետական զինանշանը պատկերող և իր անվամբ կնիք:

17. Վարչությունը ունի բանկային հաշիվներ:

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի 1993թ. փետրվարի ,,8,,-ի հ. 150

 որոշմամբ

 

ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության կառուցվածքը

 

Պետական վարչության կենտրոնական ապարատ

1.

Սոցիալական ապահովության բաժին

2.

Աշխատանքի և զբաղվածության բաժին

3.

Իրավական տեսչություն

4.

Հաշվապահություն

5.

Ընդհանուր բաժին

 

Հանրապետական կազմակերպություններ

1.

Կենսաթոշակների և նպաստների հաշվարկման և վճարման կենտրոն

2.

Բժշկա-աշխատանքային փորձաքննական հանձնաժողով

3.

Միջշրջանային բժշկա-աշխատանքային փորձաքննական հանձնաժողով

 

Քաղաքային և շրջանային կազմակերպություններ

1.

Զբաղվածության Ստեփանակերտի քաղաքային կենտրոն

2.

Զբաղվածության Մարտունու շրջանային կենտրոն

3.

Զբաղվածության Հադրութի շրջանային կենտրոն

4.

Զբաղվածության Ասկերանի շրջանային կենտրոն

5.

Զբաղվածության Մարտակերտի շրջանային կենտրոն

6.

Զբաղվածության Շուշիի շրջանային կենտրոն

7.

Ստեփանակերտի քաղաքային սոցապ բաժին

8.

Մարտունու շրջանային սոցապ բաժին

9.

Հադրութի շրջանային սոցապ բաժին

10.

Ասկերանի շրջանային սոցապ բաժին

11.

Մարտակերտի շրջանային սոցապ բաժին

12.

Շուշիի շրջանային սոցապ բաժին