Համարը 
 N 120
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.06.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.06.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.06.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.02.1997

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

”20” ՀՈՒՆԻՍԻ 1995թ.

 N 120

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության կանոնադրության և կառուցվածքի հաստատման մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության կանոնադրությունը և կառուցվածքը (կցվում են):

2. ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության կենտրոնական աշխատակազմի թվաքանակը սահմանել 44 միավոր:

3. Ուժը կորցրած համարել ԼՂՀ ՊՊԿ-ի 1993թ. փետրվարի 8-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության կանոնադրության հաստատման մասին» թիվ 150 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1995թ. հունիսի 20-ի

թիվ 120 որոշմամբ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունը հանդիսանում է գործադիր իշխանության հանրապետական մարմին, ստեղծվում է ԼՂՀ նախագահի հրամանագրով` ենթարկվելով ԼՂՀ կառավարությանը:

2. ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունը ղեկավարվում է ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ նախագահի հրամանագրերով և որոշումներով, ԼՂՀ Գերագույն խորհրդի (խորհրդարանի) որոշումներով, ԼՂՀ կառավարության որոշումներով և կարգադրություններով, ինչպես նաև` սույն կանոնադրությամբ:

3. ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունը պատասխանատվություն է կրում հանրապետության տարածքում`

- բնակչության զբաղվածության,

- աշխատանքի վարձատրության,

- աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման,

- վնասակար պայմաններում աշխատողների պաշտպանվածության ապահովման,

- ԼՂՀ վերադարձող քաղաքացիների ընդունման և աշխատանքի տեղավորման,

- քաղաքացիների պետական կենսաթոշակների և նպաստների վճարման ապահովման,

- հաշմանդամների հոգեբանական և սոցիալ-աշխատանքային վերականգնման,

- բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման,

-միայնակ, անաշխատունակ հաշմանդամների և կենսաթոշակառուների սոցիալ-կենցաղային սպասարկման բնագավառներում:

 

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթները (ֆունկցիաները)

 

4. Հիմնական խնդիրները.

4.1. Աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, բնակիչների ռացիոնալ զբաղվածության և նրանց աշխատանքի տեղավորման ապահովումը:

4.2. Հանրապետությունում աշխատանքի պայմանների պետական փորձաքննության անցկացումը, առաջնահերթ զարգացում պահանջող շրջանների և շինարարության կարիքների համար աշխատուժի հավաքագրումը:

4.3. Ընտանիքի և մայրության հարցերի վերաբերյալ համալիր սոցիալական ծրագրերի մշակումը:

4.4. Կենսաթոշակային օրենսդրության կիրառման և բնակչության սոցիալապես անպաշտպան խավի սպասարկման ուղղությամբ սոցապ մարմինների աշխատանքների մեթոդական ղեկավարումը և կոորդինացումը:

4.5. Պետական հովանավորության տակ գտնվող ծերերի, հաշմանդամների և երեխաների նյութական, մշակութային, կենցաղային և բժշկական սպասարկման աշխատանքների կազմակերպումը:

4.6. Հանրապետությունում օրթոպեդ-պրոթեզիստ մասնագետների պատրաստումը:

4.7. Կենսաթոշակառուների և հաշմանդամների բուժման, առողջարանային և հանգստի հարցերի կազմակերպումը:

4.8. Քաղաքացիների նամակների (դիմումների և գանգատների)` սահմանված ժամկետներում քննարկումը: Քաղաքացիների նամակներում տեղ գտած թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը:

5. Հիմնական գործառույթները:

5.1. Ուսումնասիրում է հանրապետության աշխատանքային ռեսուրսները, մշակում բնակչության ռացիոնալ զբաղվածության հանրապետական ու տարածաշրջանային ծրագրեր, նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ մշակում և իրագործում է ճյուղերի և շրջանների միջև աշխատուժի վերաբաշխման միջոցառումներ` հաշվի առնելով արտադրության պահանջներն ու աշխատանքային ռեսուրսների առկայությունը:

5.2. Մասնակցում է նոր ձեռնարկությունների տեղաբաշխման, գործող ձեռնարկությունների ընդլայնման ու վերակառուցման հարցերի քննարկմանը:

5.3. Ուշադրություն է դարձնում կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման ու վերապատրաստման հարցերին, այդ ուղղությամբ պետական պատվերներ է տալիս համապատասխան նախարարություններին, պետական վարչություններին ու գերատեսչություններին:

5.4. Զբաղվածության տեղական մարմինների միջոցով իրականացնում է գործազուրկ քաղաքացիների հաշվառումը, աշխատանքի տեղավորումը, գործող օրենսդրությանը համապատասխան նշանակում է գործազուրկի կարգավիճակ և վճարում գործազրկության նպաստ:

5.5. Վերահսկողություն է իրականացնում կենսաթոշակների և նպաստների նշանակման և վճարման օրինականության պահպանման ուղղությամբ:

5.6. Մշակում է կենսաթոշակային օրենսդրության կիրարկման, գործավարության կարգը, ինչպես նաև` կենսաթոշակ նշանակելու և վերահաշվարկելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը:

5.7. Կազմակերպում է հաշմանդամության առաջացման պատճառների ուսումնասիրություն և միջոցներ ձեռնարկում հաշմանդամության կանխման ուղղությամբ:

5.8. Կոորդինացնում է քաղաքացիների հոգեբանական և սոցիալ-աշխատանքային վերականգնման աշխատանքները:

 

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության աշխատանքի կազմակերպումը

 

6. ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության համակարգն ընդգրկում է բնակչության զբաղվածության պետական ծառայությունները, սոցիալական ապահովության տեղական մարմինները, ինչպես նաև իրեն ենթակա մյուս հիմնարկներն ու կազմակերպությունները:

7. ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունը իր առջև դրված խնդիրների լուծման և գործառույթների կատարման համար իրավունք ունի.

7.1. Իր իրավասության սահմաններում ստուգել ԼՂՀ տարածքում գործող ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքը, բացահայտված թերությունների վերացման վերաբերյալ դրանց տալու ցուցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում վերադաս մարմիններին առաջարկություններ ներկայացնել թույլ տված խախտումների մեջ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու մասին: Հանցագործությունների և չարաշահումների հայտնաբերման դեպքում ձևակերպել նյութերը և տալ քննչական մարմիններին.

7.2. ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության և այլ պետվարչություններից, նախարարություններից, գերատեսչություններից, քաղաքային և շրջանային վարչակազմերից տվյալներ ստանալ բնակչության զբաղվածության, աշխատանքի, աշխատանքի վարձատրության, բնակչության տեղաշարժերի և սոցիալական ապահովության մասին.

7.3. ԼՂՀ կառավարության քաղաքային և շրջանային վարչակազմերի հետ համաձայնեցված փոփոխություններ մտցնել աշխատուժի հավաքագրման, ինչպես նաև բնակչության միջշրջանային և ներշրջանային տարաբնակեցման ծրագրերի մեջ.

7.4. Ընդհատել, իսկ առանձին դեպքերում սահմանված կարգով դադարեցնել աշխատուժի կազմակերպված հավաքագրման աշխատանքները` այդ մասին տեղեկացնելով համապատասխան նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, քաղաքային և շրջանային վարչակազմերին.

7.5. ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունն իր իրավասության պայմաններում հրապարակում է հրամաններ, հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար.

7.6. Իրագործում է համակարգի մեջ մտնող բոլոր կազմակերպությունների աշխատանքի վերահսկողություն և հանձնարարականների, պարտականությունների կատարման ստուգում.

7.7. Նշանակում է և ազատում պաշտոններից աշխատանքի, բնակչության զբաղվածության և սոցիալական ապահովության տեղական մարմինների ղեկավարներին և համակարգի մյուս պատասխանատու աշխատողներին` սահմանված կարգով համաձայնեցնելով քաղաքային և շրջանային վարչակազմերի հետ.

7.8. Ընդհանրացնում է աշխատանքի, զբաղվածության և սոցիալական ապահովության բնագավառում օրենսդրական ակտերի կիրառման գործափորձը (պրակտիկան) և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ համապատասխան առաջարկություններով դիմում ԼՂՀ կառավարությանը:

8. Պետական վարչությանը վստահված բնագավառի պետական սեփականության օգտագործման և տնօրինման ուղղությամբ իրականացնում է իր օրինական գործառույթները:

9. ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունը գլխավորում է պետական վարչության պետը, որը նշանակվում և ազատվում է պաշտոնից ԼՂՀ նախագահի կողմից` ԼՂՀ վարչապետի ներկայացմամբ: Պետվարչության պետն ունի տեղակալ, որը նշանակվում է ԼՂՀ կառավարության կողմից` պետվարչության պետի ներկայացմամբ:

10. Պետական վարչության պետը`

10.1. Պատասխանատվություն է կրում պետական վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.

10.2. Սահմանում է տեղակալի, բաժինների և ենթաբաժինների (սեկտորների) պետերի, մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը.

10.3. Հաստատում է բնակչության զբաղվածության ծառայության տեղական մարմինների, կենսաթոշակների և նպաստների հաշվարկման և վճարման կենտրոնի կառուցվածքը, պետվարչության աշխատակազմի հաստիքային ցուցակը.

10.4. Հաստատում է բաժինների, համակարգի հիմնարկությունների, ձեռնարկությունների զբաղվածության տեղական մարմինների կանոնադրությունները.

10.5. Հրավիրում է պետվարչության կոլեգիայի նիստեր և նախագահում այդ նիստերում.

10.6. Իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ: Պետական վարչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է պետի տեղակալը.

11. Պետվարչության կոլեգիայի կազմի մեջ մտնում են`

պետվարչության պետը (նախագահ), տեղակալը, բաժինների պետերը, այլ ղեկավար աշխատողներ:

12. Կոլեգիայի կազմը հաստատվում է ԼՂՀ կառավարության կողմից` ԼՂՀ աշխատանքի և սոցապահովության պետական վարչության պետի ներկայացմամբ:

13. Պետական վարչության կոլեգիայի նիստերում քննարկվում են աշխատանքի, զբաղվածության և սոցիալական ապահովության բնագավառի կարևոր հարցերը, պետվարչության գործունեության այլ հարցեր, կադրերի ընտրության և օգտագործման խնդիրներ, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում են համակարգի կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են պետվարչության պետի հրամանով: Պետվարչության պետի և կոլեգիայի միջև անհամաձայնության առկայության դեպքում պետվարչության պետը հրամանով իրագործում է իր որոշումը` զեկուցելով կառավարությանը անհամաձայնության առկայության մասին:

Կոլեգիայի անդամներն իրավունք ունեն իրենց կարծիքի մասին հայտնել ԼՂՀ կառավարությանը:

14. ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունը ԼՂՀ կառավարություն ներկայացնում է իրեն ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ստեղծման, վերակազմավորման և լուծարման մասին առաջարկություններ:

15. ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության կառուցվածքը և կենտրոնական աշխատակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը հաստատվում են ԼՂՀ կառավարության կողմից:

16. ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունը հանդիսանում է իրավաբանական անձ, ունի ԼՂՀ պետական զինանշանը պատկերող և իր անվամբ կնիք:

17. Պետվարչությունը բանկում ունի հաշիվներ:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1995թ. հունիսի 20-ի

թիվ 120 որոշմամբ

 

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության կառուցվածքը

 

Պետական վարչության կենտրոնական աշխատակազմ

 

1. Սոցիալական ապահովության բաժին

2. Բնակչության սոցիալական պաշտպանվածության բաժին

3. Իրավական տեսչություն

4. Հաշվապահություն

5. Ընդհանուր բաժին

 

Հանրապետական կազմակերպություններ

 

1. Կենսաթոշակների և նպաստների հաշվարկման և վճարման կենտրոն

2. Բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողով

3. Աշխատանքի և զբաղվածության հանրապետական կենտրոն

 

Միջշրջանային կազմակերպություններ

 

1. Միջշրջանային բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովներ

2. Թոշակառուների սպասարկման տարածքային կենտրոն

3. Օրթոպեդիկ պրոթեզավորման կենտրոն

 

Քաղաքային և շրջանային կազմակերպություններ

 

1. Ստեփանակերտի քաղաքային սոցապահովության բաժին

2. Մարտունու շրջսոցապբաժին

3. Հադրութի շրջսոցապբաժին

4. Ասկերանի շրջսոցապբաժին

5. Մարտակերտի շրջսոցբաժին

6. Շուշիի շրջսոցապբաժին

7. Ստեփանակերտի քաղաքային սոցիալական ծառայություն

8. Մարտունու շրջանային սոցիալական ծառայություն

9. Հադրութի շրջանային սոցիալական ծառայություն

10. Ասկերանի շրջանային սոցիալական ծառայություն

11. Մարտակերտի շրջանային սոցիալական ծառայություն

12. Շուշիի շրջանային սոցիալական ծառայություն