ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կանոնադրության, կենտրոնական աշխատակազմի և համակարգի կառուցվածքի հաստատման մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի և համակարգի կառուցվածքը (հավելվածներ 1, 2, 3 կցվում են):
2. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական աշխատակազմի թվաքանակը սահմանել 67 միավոր:
3. ՈՒժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1995 թվականի ապրիլի 4-ի «ԼՂՀ բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերով պետական վարչության կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 29 և 1995 թվականի հունիսի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության կանոնադրության հաստատման մասին» թիվ 120 որոշումները:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ կառավարության
1997թ. փետրվարի 25-ի
թիվ 27 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով ԼՂՀ կառավարությանը:
2. Նախարարությունը պատասխանատվություն է կրում բնակչության սոցիալական ապահովության ոլորտում տարվող քաղաքականության, նրա հեռանկարների, ինչպես նաև կառուցվածքների բարեփոխումների համար:
Նախարարությունը մասնակցում է ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի սոցիալական քաղաքականության մշակման աշխատանքներին և դրանց վերաբերյալ ներկայացնում է համապատասխան առաջարկություններ:
Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, ԼՂՀ ԱԺ որոշումներով, ԼՂՀ կառավարության, ԼՂՀ վարչապետի որոշումներով, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի հրամաններով, կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
3. Սույն կանոնադրությունը սահմանում է նախարարության հիմնական լիազորությունները և դրանք իրականացնելու նպատակով նախարարության աշխատանքների կազմակերպման սկզբունքները:
4. Նախարարությունը իրավաբանական անձ է, ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
II. Նախարարության հիմնական լիազորությունները
5. Բնակչության զբաղվածության քաղաքականության մշակումը, նրա կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների նախապատրաստումը:
6. Բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան հանրապետական և տարածքային զբաղվածության ծրագրերի մշակումը և դրանց իրականացման նկատմամբ հսկողության ապահովումը:
7. Աջակցումը լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը` փոքր և միջին գործունեության զարգացման, ինչպես նաև պետությանը տրամադրվող վարկերի և օտարերկրյա մասնավոր ներդրումների միջոցով:
8. Բնակչության զբաղվածության վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման կազմակերպումը և հսկողության իրականացումը:
9. Աշխատանքային իրավահարաբերությունների կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների նախապատրաստումը և աշխատանքի պայմանների պետական փորձաքննության իրականացումը:
10. Պետական կենսաթոշակային ապահովության համակարգի կատարելագործման և կամավոր կենսաթոշակային ապահովության համակարգերի ձևավորման ուղղությամբ քաղաքականության մշակումը:
11. Կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական ապահովության տարածքային (շրջանային) կենտրոնների կողմից պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման աշխատանքների կազմակերպումը և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացումը:
12. Սոցիալական անհատական ապահովագրության վրա հիմնված սոցիալական ապահովության համակարգի ձևավորման ուղղությամբ քաղաքականության մշակումը:
13. Կարիքավոր ընտանիքների սոցիալական պաշտպանվածությանն ուղղված նպատակային և հասցեագրված հատկացումների մեխանիզմների մշակումը և այդ հարցերի վերաբերյալ ամբողջական օրենսդրական դաշտի ձևավորման նպատակով առաջարկությունների նախապատրաստումը:
14. Բնակչության սոցիալական պաշտպանվածության հանրապետական ծրագրերի իրականացման կազմակերպումը և հսկողության սահմանումը:
15. Կենսաթոշակային օրենսդրության կիրառման և բնակչության սոցիալապես անպաշտպան խավի սպասարկման ուղղությամբ սոցիալական ապահովության մարմինների աշխատանքների մեթոդական ղեկավարումը և համակարգումը:
16. Կենսաթոշակառունների և հաշմանդամների բուժման առողջարանային և հանգստի հարցերի կազմակերպումը:
17. Մշակում և իրականացնում է բռնագաղթած քաղաքացիների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ծրագրերը:
18. Իրականացնում է նախկինում բռնագաղթած բնակիչների ընդունման և մշտական բնակության վայրերը տեղափոխման հարցերը, հանրապետությունում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համալիր ծրագրեր` անհրաժեշտության դեպքում համակարգելով ԼՂՀ նախարարությունների, պետվարչությունների, գերատեսչությունների, Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի և տարբեր միջազգային կազմակերպությունների աշխատանքներն այդ բնագավառում:
19. Կազմակերպում է հանրապետության բնակչությանն ուղղված մարդասիրական օգնության ընդունումը, պահպանումը և ապահովում դրա բաշխման վերաբերյալ ԼՂՀ կառավարությանն առաջարկությունների ներկայացումը:
20. Բնակչության բժշկա-աշխատանքային փորձաքննության և հաշմանդամների վերականգնման, պրոթեզաոսկրաբուժական օգնության աշխատանքների կազմակերպումը, հաշմանդամներին անհրաժեշտ հարմարանքներով ապահովումը:
21. Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վերաբերյալ քաղաքականության մշակումը:
22. Բնակչության ներքին և արտաքին տեղաշարժերի միասնական քաղաքականության ձևավորման համար համապատասխան առաջարկությունների և ծրագրերի նախապատրաստումը և իրականացումը:
23. Միայնակ տարեց քաղաքացիների խնամքի կազմակերպումը մասնագիտացված հաստատություններում, ինչպես նաև սպասարկման նոր ձևերի ներդրման ուղղությամբ առաջարկությունների մշակումը:
24. ԼՂՀ Միջազգային պայմանագրերի նախագծերի սոցիալական քաղաքականության մասի քննարկումն ու մշակումը:
III. Նախարարության աշխատանքների կազմակերպումը
25. Նախարարությունը ղեկավարում է նախարարը, որին, ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան, պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ԼՂ Հանրապետության նախագահը` ԼՂ Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
Նախարարն ունի տեղակալ, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում ԼՂ Հանրապետության կառավարության կողմից` նախարարի ներկայացմամբ:
26. Նախարարը`
ա) ղեկավարում է նախարարության համակարգի գործունեությունը, պատասխանատվություն է կրում նախարարության լիազորությունների կատարման համար.
բ) սահմանում է նախարարի տեղակալի, նախարարության կենտրոնական աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնների իրավասությունը.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների համար.
դ) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում նախարարության կենտրոնական աշխատակազմի աշխատակիցներին.
ե) հաստատում է նախարարության ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաև աշխատանքի է ընդունում և ազատում նրանց ղեկավարներին (տեղական մարմինների ղեկավարների պարագայում հարցը համաձայնեցնելով համապատասխան շրջանային (քաղաքային) վարչակազմի հետ).
զ) ԼՂ Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.
է) խորհրդակցական և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասության հստակ սահմանման հիման վրա քննարկում ու լուծում է համակարգի կառավարման աշխատանքների կազմակերպման հարցերը.
ը) վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները.
թ) ԼՂՀ նախարարների և գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ, հրահանգներ.
ժ) սահմանված կարգով խրախուսում և կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում համակարգի աշխատողների նկատմամբ.
ժա) անցկացնում է խորհրդակցություններ, պաշտոնական հանդիպումներ, որոնց վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, տրվում հանձնարարականներ.
ժբ) առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թիվը և ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում նրա կազմը.
ժգ) կազմակերպում և նախագահում է նախարարության կոլեգիայի գործակարգավորական նիստերը, իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
27. Նախարարության կոլեգիայի նիստերում քննության են առնվում ոլորտի զարգացման, ԼՂՀ օրենքների, դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերի, ԼՂՀ կառավարության որոշումների, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի հրամանների, հրահանգների նախագծեր, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, աշխատողների ուսուցման կազմակերպման, ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցեր, լսվում են նախարարության վարչությունների և բաժինների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվություններ, հաղորդումներ և նախարարության լիազորությունների հետ կապված այլ հարցեր:
28. Նախարարության կոլեգիայի նիստ գումարվում է առնվազն ամիսը մեկ անգամ` նախարարի կողմից հաստատված կոլեգիայի աշխատանքի կազմակերպման կարգին համապատասխան:
29. Կոլեգիայի նիստերին նրա անդամների ներկայությունը պարտադիր է: Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են կոլեգիայի անդամների կեսից ավելին: Կոլեգիայի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և ուժի մեջ են մտնում նախարարի հրամաններով:
30. Նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով ԼՂ Հանարպետության վարչապետին:
31. Նախարարի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` վարչության պետերից մեկը` նախարարի հանձնարարությամբ:
32. Նախարարությունն իրականացնում է համակարգի պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման լիազորություններ, ապահովում դրանց պահպանումը:
33. Նախարարությունը ԼՂՀ նախագահի, ԼՂՀ կառավարության, ԼՂՀ վարչապետի որոշումների նախագծերը մինչև ԼՂՀ կառավարություն ներկայացնելը սահմանված կարգով համաձայնեցնում է մյուս շահագրգիռ նախարարությունների և ԼՂՀ արդարադատության պետվարչության հետ:
34. Նախարարությունը կազմակերպում է կենտրոնական աշխատակազմի և համակարգի աշխատողների մասնագիտական ուսուցում և որակավորման ստուգում, համակարգում է ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման աշխատանքներ:
35. Վերլուծում և ամփոփում է նախարարությանը հասցեագրված քաղաքացիների դիմումները, գանգատները, առաջարկությունները:
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ կառավարության
1997թ. փետրվարի 25-ի
թիվ 27 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը
1. Նախարար և տեղակալ
2. Կենսաթոշակային ապահովության վարչություն
3. Սոցիալական պահպանության վարչություն
4. Բնակչության տեղաշարժի և բռնագաղթածների հարցերի վարչություն
5. Աշխատանքի և զբաղվածության վարչություն
6. Իրավական տեսչություն
7. Ֆինանսական բաժին
8. Ընդհանուր բաժին
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 3
ԼՂՀ կառավարության
1997թ. փետրվարի 25-ի
թիվ 27 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգի կառուցվածքը
1. Նախարարության կենտրոնական աշխատակազմ
2. Բժշկաաշխատանքային փորձաքննության հանրապետական և միջշրջանային հանձնաժողովներ
3. Օրթոպեդիկ տեխնիկական պրոթեզավորման կենտրոն
4. Միայնակ կենսաթոշակառուների սոցիալական սպասարկման տարածքային կենտրոն
5. Սոցիալական ապահովության Ստեփանակերտի տարածքային կենտրոն
6. Սոցիալական ապահովության Մարտունու շրջանային կենտրոն
7. Սոցիալական ապահովության Ասկերանի շրջանային կենտրոն
8. Սոցիալական ապահովության Մարտակերտի տարածքային կենտրոն
9. Սոցիալական ապահովության Հադրութի շրջանային կենտրոն
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |