ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“24” դեկտեմբերի 2002թ. |
N 100 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը (կցվում է).
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կառուցվածքը (կցվում է).
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հաստիքների թիվը` 51 միավոր:
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1997թ. փետրվարի 25-ի «ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կանոնադրության, կենտրոնական աշխատակազմի և համակարգի կառուցվածքի հաստատման մասին» թիվ 27 որոշումը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. դեկտեմբերի 24-ի
թիվ 100 որոշմամբ |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ԼՂՀ կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ԼՂՀ Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, ԼՂՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և ԼՂՀ կառավարության որոշումներով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է ԼՂՀ օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի ԼՂՀ պետական զինանշանի պատկերով և նախարարության անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարությունն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ԼՂՀ անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանատու:
7. Նախարարության գտնվելու վայրն է` քաղ. Ստեփանակերտ, Ազատամարտիկների փողոց, թիվ 54 շենք:
8. Նախարարության նպատակներն ու խնդիրներն են.
ա) սոցիալական ապահովության պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակումը և իրականացումը.
բ) աշխատանքի պետական կարգավորման քաղաքականության մշակումը, դրա իրականացումը.
գ) բնակչության զբաղվածության քաղաքականության մշակումը, դրա իրականացումը.
դ) պետական պարտադիր սոցիալական ապահովագրության քաղաքականության մշակումը, դրա իրականացումը.
ե) անհատական ծածկագրերի համակարգի վրա հիմնված սոցիալական ապահովագրության միասնական սկզբունքների մշակումը և դրանց իրագործման կազմակերպումը.
զ) պետական կենսաթոշակային ապահովության, պարտադիր և կամավոր կենսաթոշակային ապահովագրության քաղաքականության մշակումը, դրա իրականացումը.
է) սոցիալական աջակցության քաղաքականության մշակումը, դրա իրականացումը.
ը) ծնելիության և բազմազավակության խթանման պետական քաղաքականության մշակումը, դրա իրականացումը.
թ) հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակումը, դրա իրականացումը.
ժ) ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակումը, դրա իրականացումը.
ժա) սոցիալական ապահովության ոլորտի պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց կատարման համակարգումը.
ժբ) միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Նշված նպատակների իրականացման և խնդիրների լուծման համար նախարարությունը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) աշխատանքային օրենսդրության կատարելագործման, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացման նպատակով առաջարկությունների մշակումը, դրանց ներդրման կազմակերպումը և կատարման մոնիտորինգը.
բ) աշխատանքային պայմանների բարելավման և աշխատանքի պաշտպանության ուղղությամբ առաջարկությունների մշակումը, դրանց ներդրման կազմակերպումը և կատարման մոնիտորինգը.
գ) աշխատանքի խթանման, արդյունավետության բարձրացման և վարձատրության ուղղությամբ առաջարկությունների մշակումը, դրանց ներդրման կազմակերպումը և կատարման մոնիտորնիգը.
դ) արտադրությունում աշխատողի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման գործընթացի կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակումը, դրանց ներդրման կազմակերպումը և կատարման մոնիտորինգը.
ե) բնակչության զբաղվածության բնագավառի օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակումը, ընդունված իրավական ակտերի կիրարկման կազմակերպումը և կատարման մոնիտորինգը.
զ) բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով, աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան, զբաղվածության պետական ծրագրերի մշակումը և դրանց կատարման մոնիտորինգը.
է) աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի քաղաքականության մշակումը.
ը) սոցիալական ապահովագրության, կենսաթոշակային ապահովության պետական քաղաքականության մշակումը, այդ բնագավառների օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների ներկայացումը, դրանց ներդրման կազմակերպումը և կատարման մոնիտորինգը.
թ) սոցիալական ապահովագրության և կոնսաթոշակային ապահովության բնագավառներում անհատական հաշվառման և անհատականացված հաշվետվությունների համակարգերի զարգացմանն ուղղված առաջարկությունների մշակումը, դրանց ներդրման ապահովումը և կատարման մոնիտորինգը.
ժ) պարտադիր սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակումը, դրանց ներդրման աշխատանքների համակարգումը և կատարման մոնիտորինգը.
ժա) կենսաթոշակների և նպաստների նշանակման` օրենսդրությամբ սահմանված պահանջների իրականացման մոնիտորինգը.
ժբ) սոցիալական աջակցության բնագավառի օրենսդրության պահանջների իրականացման մոնիտորինգը.
ժգ) սոցիալական աջակցության բնագավառի օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների նախապատրաստումը, դրանց ներդրման կազմակերպումը.
ժդ) սոցիալապես անապահով ընտանիքների, առանձին սոցիալական խմբերի սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնության իրականացմանն ուղղված պետական ծրագրերի մշակումը, իրականացումը և համակարգումը.
ժե) ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանք կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների նախապատրաստումը, ներդրման կազմակերպումը և կատարման մոնիտորինգը.
ժզ) ծնելիության և բազմազավակության խթանմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացման, բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակումն ու դրանց ներդրման կազմակերպումը, ընդունված իրավական ակտերի կիրարկման ապահովումն ու կատարման մոնիտորինգը.
ժէ) քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպումը.
ժը) հաշմանդամների սոցիալ-բժշկական, մասնագիտական և սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագրերի մշակումն ու իրականացումը.
ժթ) հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով և կյանքը թեթևացնող այլ միջոցներով ապահովման գործընթացի կազմակերպումը.
ի) մասնագիտացված հաստատություններում և տնային պայմաններում միայնակ տարեց ու հաշմանդամ քաղաքացիների խնամքի կազմակերպումը
իա) հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառի օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակումը, դրա ներդրման կազմակերպումը և կատարման մոնիտորինգը.
իբ) սոցիալական աշխատանքի բնագավառի օրենսդրության կատարելագործման նպատակով իրավական ակտերի նախագծերի մշակումը և ընդունված իրավական ակտերի կատարման մոնիտորինգը.
իգ) մուրացկան և թափառաշրջիկ անձանց, այդ թվում` երեխաների, համար սոցիալական օգնության պետական ծրագրերի մշակումն ու իրականացումը.
իդ) մասնագիտացված կազմակերպություններում ծնողական հոգածությունից զրկված երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը.
իե) որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների, ինչպես նաև որդեգրողների թեկնածուների կենտրոնացված հաշվառման իրականացումը.
իզ) ԼՂՀ հասցեով ստացված մարդասիրական օգնության նկատմամբ մաքսային ձևակերպումների իրականացումը, տեղափոխման և պահպանման կազմակերպումը, ինչպես նաև բաշխման վերաբերյալ ԼՂՀ կառավարության կողմից լիազորված մարմնին առաջարկությունների ներկայացումը.
իէ) ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցությունը.
իը) սոցիալական ապահովության ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև կնքված միջպետական պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացումը.
իթ) սոցիալական ապահովության համակարգում տեղեկատվական հոսքերի ձևավորման և դրանց կառավարման իրականացումը.
լ) սոցիալական ապահովության ոլորտում սոցիալական մոնիտորինգի կազմակերպումը, անցկացումը և դրա տվյալների հիման վրա համալիր վերլուծության իրականացումը.
լա) պարզաբանումների տրամադրումն ու խորհրդատվական օգնության կազմակերպումն ըստ սոցիալական ապահովության բնագավառների.
լբ) քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկումը, քաղաքացիների ընդունելության կազմակերպումը.
լգ) զանգվածային լրատվության միջոցներով սոցիալական ապահովության ոլորտում տարվող քաղաքականության լուսաբանումը.
լդ) համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) ներդրումը և դրանց միջոցով հավաքագրված տվյալների և տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.
լե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Նախարարությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը (այսուհետև` նախարար), որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ԼՂՀ Նախագահը` ԼՂՀ վարչապետի առաջարկությամբ:
Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ԼՂՀ վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
Իր գործունեության ընթացքում նախարարն առաջնորդվում է ԼՂՀ օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
11. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
12. Նախարարը հաշվետու է ԼՂՀ Նախագահին, ԼՂՀ կառավարությանը և ԼՂՀ վարչապետին:
13. Նախարարը`
ա) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև` դրված խնդիրների լուծման ու նախարարությանը վերապահված գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ կառավարություն.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս պարտադիր կատարման ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ սոցիալական ապահովության նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի (աշխատանքի) է նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում նախարարության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
զ) աշխատանքների բաշխում է սահմանում իր տեղակալների միջև.
է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ը) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների ԼՂՀ օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
թ) լսում և ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, քննում է դրա գործունեության արդյունքները, հաստատում է նախարարության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժ) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.
ժա) ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը.
ժբ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժգ) անհրաժեշտության դեպքում համատեղ հրամաններ, հրահանգներ է արձակում պետական կառավարման մյուս մարմինների ղեկավարների հետ.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Նախարարի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
15. Նախարարի տեղակալը`
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է զարգացման համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում նախարարին իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
թ) ապահովում է իրեն հանձարարված բնագավառներում նախարարի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
16. Նախարարության գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է ԼՂՀ կառավարության կողմից, ինչպես նաև ԼՂՀ անունից նախարարության կնքած գործարքներով ձեռք բերված և նախարարության տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: ԼՂՀ կառավարության որոշմամբ նախարարությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
17. ԼՂՀ կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության գույքը:
18. Նախարարությունն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
19. Նախարարության կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները:
20. Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարը:
21. Նախարարության առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է ԼՂՀ կառավարությունը` ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի ներկայացմամբ:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. դեկտեմբերի 24-ի
թիվ 100 որոշմամբ |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Սոցիալական աջակցության բաժին
Նպաստների բաժին
Սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության բաժին
Աշխատանքի և զբաղվածության բաժին
Մարդասիրական օգնության հարցերի բաժին
Իրավական տեսչություն
Ֆինանսատնտեսագիտական բաժին
Ադմինիստրատիվ-տնտեսական բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներ
Միայնակ կենսաթոշակառուների սոցիալական սպասարկման տարածքային կենտրոն