ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների սկզբունքները: Ազգային ժողովի կազմը |
1. Ազգային ժողովի պատգամավորների ընտրություններն իրականացվում են ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
2. Ընտրական իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտությամբ, կամավոր հիմունքներով:
3. Պետությունը խթանում է, որպեսզի Ազգային ժողովի ընտրություններն անցկացվեն մրցակցության և այլընտրանքի սկզբունքներով:
4. Ազգային ժողովը կազմված է 33 պատգամավորներից:
|
Հոդված 2. |
Ընտրական համակարգը |
1. Ազգային ժողովի ընտրություններն իրականացվում են մեծամասնական ընտրական համակարգի հիման վրա:
2. Յուրաքանչյուր ընտրատարածքից ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մեկ պատգամավոր:
|
Հոդված 3. |
Ընտրական իրավունքը |
1. Ընտրելու իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները:
2. Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու իրավունք ունեն մինչև ընտրությունների օրը 25 տարին լրացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մինչև ընտրությունների օրը առնվազն 3 տարի մշտապես բնակվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
3. Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:
4. Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք:
5. Ընտրվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի կարող է քվեարկվել միայն մեկ ընտրատարածքում:
ԳԼՈՒԽ II
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
|
Հոդված 4. |
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմունքները |
1. Պետությունը պատասխանատվություն է կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և ընտրությունների օրինականության համար:
2. Ընտրությունների նախապատրաստումը և անցկացումն ապահովում են ընտրական հանձնաժողովները:
3. Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, պետական և հասարակական մարմիններն ընտրական հանձնաժողովներին տրամադրում են ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ շենքեր, կահավորանք և պարտավոր են գործնականորեն նպաստել ընտրությունների նախապատրաստման և անցկացման աշխատանքներին:
|
Հոդված 5. |
Ընտրությունների հրապարակայնությունը |
1. Ընտրական հանձնաժողովները քաղաքացիներին տեղեկացնում են իրենց աշխատանքի, ընտրական տարածքներ և տեղամասեր կազմելու, ընտրական հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրի, աշխատաժամերի և ընտրողների ցուցակների մասին:
2. Ընտրական հանձնաժողովները քաղաքացիներին իրազեկ են պահում պատգամավորության թեկնածուների առաջադրման և գրանցման արդյունքների, թեկնածուների կենսագրական տվյալների, նրանց նախընտրական ծրագրերի հիմնական դրույթների, յուրաքանչյուր թեկնածուի քվեարկության և ընտրությունների արդյունքների ամփոփման մասին:
3. Ընտրական հանձնաժողովի նախագահը, ընտրական հանձնաժողովի նիստերի և քվեարկության ընթացքում, սույն օրենքով սահմանված կարգով, ապահովում է վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությունն ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, նրանց համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ և հավասար պայմաններ:
4. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են երեքժամյա պարբերականությամբ շրջանային ընտրական հանձնաժողով, իսկ վերջինս՝ կենտրոնական ընտրական հանձնաժողով, տվյալներ հաղորդել քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին:
5. Ներկայացուցիչների լիազորությունները պետք է հաստատվեն համապատասխան փաստաթղթով և այդ մասին տեղյակ պահվի համապատասխան ընտրական հանձնաժողովը՝ ընտրություններից առնվազն 3 օր առաջ:
6. Ընտրական տեղամասերում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր պատգամավորության թեկնածուի և հասարակական-քաղաքական կազմակերպության ոչ ավելի, քան երեքական վստահված անձ:
ԳԼՈՒԽ III
ԸՆՏՐՈՂՆԵԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
|
Հոդված 6. |
Ընտրողների ցուցակները կազմելը և վարելը |
1. Ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընտրական իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր քաղաքացիները:
2. Ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ընդգրկվելու ընտրողների միայն մեկ ցուցակում:
3. Ընտրողների ցուցակները մշտապես վարվող փաստաթղթեր են և կազմվում են համայնքներում՝ ըստ ընտրական տեղամասերի: Ընտրողների ցուցակները վերանայվում են յուրաքանչյուր տարվա հունվար և հունիս ամիսներին:
4. Ընտրողների ցուցակները կազմում և վարում են համայնքների ղեկավարները՝ իրենց պատվիրակված լիազորությունների ուժով:
5. Համայնքի ղեկավարն ընտրողների ցուցակները, ըստ տեղամասերի, քվեարկությունից 40 օր առաջ տալիս է տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին ու շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովին:
6. Համայնքի ղեկավարը սկսած քվեարկության օրվանից 40 օր առաջ՝ 35 օրվա ընթացքում, քաղաքացիների, վստահված անձանց և շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի անդամների դիմումների հիման վրա կատարում է ուղղումներ և երեք օրվա ընթացքում պատասխանում ցուցակների ճշտման վերաբերյալ դիմումներին:
|
Հոդված 7. |
Քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելը |
1. Ընտրողների ցուցակների մեջ ընդգրկվում են տվյալ համայնքում հաշվառված, ընտրելու իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև տվյալ համայնքում ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող այն քաղաքացիները, ովքեր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, համայնքի ղեկավարին են ներկայացնում ընտրողների ցուցակում իրենց ազգանունը, անունը ընդգրկելու վերաբերյալ հայտ:
2. Կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակները կազմում է տվյալ հաստատության ղեկավարը՝ շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ՝ քվեարկությունից 3 օր առաջ:
3. Զորամասերի տեղակայման տարածքում բնակվող զինծառայողները և նրանց ընտանիքների՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները, բացառությամբ մոտակա բնակավայրերից առնվազն 30 կմ հեռու տեղակայված զինվորական մասերի զինծառայողների, ընդգրկվում են համապատասխան ընտրական տեղամասի (որի տարածքում տեղակայված է զորամասը) ընտրողների ցուցակներում, զորամասի ղեկավարության՝ ընդհանուր հիմունքներով ներկայացրած տվյալների հիման վրա:
4. Զորամասի տարածքից դուրս բնակվող և ընտրական իրավունք ունեցող զինծառայողներն ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
5. Մոտակա բնակավայրից առնվազն 30 կմ հեռու տեղակայված զինվորական մասերի ընդհանուր ցուցակները կազմում են զինվորական մասերի ղեկավարները և քվեարկությունից ոչ ուշ, քան 15 օր առաջ հանձնում են համապատասխան շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովին:
6. Զինծառայողներին ընտրական ցուցակներում ընդգրկելու և նրանց քվեարկության կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
7. Ընտրությունների անցկացման նպատակով տեղամասերին կցված վերադաս մարմինների ներկայացուցիչներին թույլատրվում է տվյալ ընտրական տեղամասում իրենց վկայականներով մասնակցել ընտրություններին՝ նախապես հանվելով հաշվառման վայրի ընտրացուցակներից: Նրանց տվյալները մտցվում են ընտրողների լրացուցիչ ցուցակի մեջ:
|
Հոդված 8. |
Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները |
1. Ընտրողների ցուցակներում նշվում են քաղաքացիների ազգանունը, անունը, հասցեն, ծննդյան տարեթիվը (18 տարեկան ընտրողների ծննդյան տարեթվի դիմաց լրացվում է նաև ամիսը և ամսաթիվը), ինչպես նաև նշվում է ընտրողին ցուցակում ընդգրկելու համար հիմք հանդիսացող փաստաթուղթը:
2. Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ քաղաքացիների հաշվառման հասցեների: Հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձևով և էջակալվում են մինչև 1000 ընտրողի քանակով: Ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջն ստորագրում և կնքում է համայնքի ղեկավարը:
|
Հոդված 9. |
Ընտրողների ցուցակների մատչելիությունը |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկությունից 25 օր առաջ ընտրողների ցուցակի մեկ օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
2. Ընտրողների ցուցակների հետ փակցվում է նաև տեղեկանք՝ այդ ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին:
3. Ընտրողների ցուցակի ճշտված օրինակը քվեարկությունից 4 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
4. Պատգամավորության թեկնածուները, վստահված անձինք, լիազոր ներկայացուցիչները կարող են ազատորեն ծանոթանալ ցուցակներին, համայնքի ղեկավարից ստանալ տվյալ տեղամասի ընտրողների թվաքանակի մասին տվյալներ:
5. Համայնքների՝ մոտակա բնակավայրից առնվազն 30 կմ հեռու տեղակայված զինվորական մասերի ղեկավարները, ոչ ուշ, քան քվեարկությունից 4 օր, իսկ կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները՝ 2 օր առաջ, ընտրողների ցուցակների 2 օրինակը հանձնում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:
6. Տեղամասային ընտրական հանձնաժողովն իրավունք չունի իր նախաձեռնությամբ որևէ փոփոխություն, լրացում կամ ճշտում կատարել ընտրողների ցուցակներում:
|
Հոդված 10. |
Ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը |
1. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ընտրողների ցուցակների անճշտությունների հարցով դիմել համայնքի ղեկավարին:
2. Համայնքի ղեկավարը 3 օրվա ընթացքում, իսկ ընտրությունների նախօրյակին՝ անհապաղ, քննարկում է ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ քաղաքացիների դիմումները, կայացնում որոշումներ, տեղեկացնում քաղաքացիներին և տեղամասային ընտրական հանձնաժողովին:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարի որոշման հիման վրա լրացում կամ ճշտում է կատարում ընտրողների ցուցակում: Ընտրողների ցուցակում լրացումները կատարվում են հանձնաժողովի նախագահի կողմից լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով՝ յուրաքանչյուր ընտրողի անվան դիմաց հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:
4. Ցուցակներում անճշտությունների վերաբերյալ քաղաքացիների բողոքները տեղում մերժվելու դեպքում կարող են գանգատարկվել դատարան: Դատարանի որոշման հիման վրա հանձնաժողովն ընտրողների ցուցակում ճշգրտումը կատարում է անհապաղ՝ կցելով որոշման պատճենը:
ԳԼՈՒԽ IV
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ
|
Հոդված 11. |
Ընտրատարածքներ և ընտրական տեղամասեր կազմելու կարգը |
1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը բաժանվում է 33 ընտրատարածքի:
2. Ընտրատարածքները կազմավորում և համարակալում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի և շրջանային վարչակազմերի ղեկավարների ներկայացրած իրենց տարածքում հաշվառված ընտրողների թվի հիման վրա: Այդ տվյալները ներկայացվում են ըստ համայնքների՝ ընտրություններից առնվազն 68 օր առաջ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարակալված ընտրատարածքների ցուցակը սահմանում և հրապարակում է քվեարկությունից առնվազն 65 օր առաջ:
4. Ընտրատարածքի մեջ ընդգրկված բնակավայրերը բաժանվում են ընտրական տեղամասերի: Ընտրական տեղամասերի ընտրողների թիվը չպետք է գերազանցի 3000-ը: Առանձին դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլվությամբ ընտրողների այդ թիվը կարող է գերազանցվել:
5. Ընտրական տեղամասերը կազմվում են իշխանության տեղական մարմինների կողմից, քվեարկությունից ոչ ուշ, քան 45 օր առաջ:
6. Մինչև ընտրական տեղամասեր կազմավորելու օրը զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի ղեկավարին են ներկայացնում զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը:
7. Քվեարկության օրվանից 40 օր առաջ ընտրական տեղամասեր են կազմավորվում մոտակա բնակավայրից առնվազն 30 կմ հեռու տեղակայված զինվորական մասերում: Այդ տեղամասերը կազմավորում են զինվորական մասերի ղեկավարները:
8. Ընտրական տեղամասեր են կազմավորվում նաև կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ V
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ
|
Հոդված 12. |
Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների առաջադրումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված հասարակական-քաղաքական կազմակերպություններին, կուսակցություններին (այսուհետ՝ կուսակցություններ) և քաղաքացիներին:
|
Հոդված 13. |
Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ առաջադրելը կուսակցությունների կողմից |
1. Կուսակցությունները յուրաքանչյուր ընտրատարածքում իրավունք ունեն առաջադրել մեկ թեկնածու:
2. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների առաջադրումն իրականացվում է կուսակցության մշտապես գործող մարմնի գաղտնի քվեարկությամբ ընդունված որոշմամբ:
3. Կուսակցությունը կարող է թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհամարվող անձի:
|
Հոդված 14. |
Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ առաջադրելը քաղաքացիների կողմից |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող առնվազն 10 քաղաքացի կարող են կազմել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրելու համար նախաձեռնող խումբ:
2. Նախաձեռնող խումբը գրավոր դիմում է շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողով՝ գրանցվելու խնդրանքով, որի համար, բացի դիմումից, ներկայացնում է Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրելու և երկու լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին նախաձեռնող խմբի ժողովի ընդունած որոշումը, ինչպես նաև նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչների վերաբերյալ տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):
3. Նախաձեռնող խմբի ժողովի ընդունած որոշումը պետք է պարունակի նախաձեռնող խմբի անդամների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, բնակության վայրը, հասցեն և ստորագրությունը:
|
Հոդված 15. |
Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրելու պահանջները |
1. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրելու մասին կուսակցության մշտապես գործող մարմնի ընդունած որոշման և նախաձեռնող խմբի դիմումի (որոշման) հետ շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողով են ներկայացվում՝
ա) պատգամավորության թեկնածուի գրավոր հայտարարաությունը՝ տվյալ ընտրատարածքում գրանցվելու համաձայնության մասին.
բ) պատգամավորության թեկնածուի կենսագրությունը և լուսանկարը՝ 6x12 սմ չափերով.
գ) հայտարարագիր՝ իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և ընտանիքի անդամների եկամուտների մասին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևով.
դ) պատգամավորության թեկնածուի հաշվառման քարտը ներքոհիշյալ ձևով՝
1. Առաջադրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու թիվ____ ընտրատարածքում.
2. Ազգանունը, անունը, հայրանունը.
3. Ծննդյան թիվը, ամսաթիվը, ամիսը.
4. Կրթությունը.
5. Մասնագիտությունը.
6. Գիտական կոչումը (աստիճանը).
7. Կուսակցական պատկանելությունը.
8. ՈՒնի պետական պարգևներ.
9. Նախկինում ընտրվել է պատգամավոր.
10. Անձնագրի համարը.
11. Տան հասցեն.
12. Հեռախոսահամարները՝ ծառայողական ________, բնակարանային_________.
«______» _____________ __________________________
ամսաթիվ, ամիս, տարի ստորագրությունը
2. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել կառավարության անդամները, փոխնախարարները, պետական վարչությունների պետերի տեղակալները, շրջանային վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի ղեկավարներն ու նրանց տեղակալները, դատավորները, դատախազության, ազգային անվտանգության պետական վարչության աշխատակիցները, ներքին գործերի մարմիններում և զինված ուժերում ծառայողները, հարկային, սոցիալական ապահովության մարմինների (ծառայությունների) աշխատակիցները: Վերոհիշյալ անձինք Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց լիազորությունները վայր դնելու դեպքում:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել նաև դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը հանված կամ մարված չէ՝ օրենքով սահմանված կարգով:
|
Հոդված 16. |
Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների առաջադրման պաշտպանության կազմակերպումը |
Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների առաջադրման պաշտպանությունը կազմակերպում են համապատասխան նախաձեռնող խմբի և կուսակցության լիազոր ներկայացուցիչները:
|
Հոդված 17. |
Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների առաջադրումը պաշտպանելու համար կուսակցությունների և քաղաքացիների կողմից ստորագրություններ հավաքելու և դրանց վավերականությունն ստուգելու կարգը |
Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների առաջադրումը պաշտպանելու համար կուսակցությունները և քաղաքացիները սույն օրենքի 67 հոդվածով սահմանված ժամկետում համապատասխան շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովից ստանում են թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներ: Թեկնածուի առաջադրումը պաշտպանելու համար պետք է հավաքվի տվյալ անձի թեկնածությունը պաշտպանող տվյալ ընտրատարածքի առնվազն 200 ընտրողի ստորագրություն:
Ստորագրությունները հավաքվում են, և դրանց վավերականությունն ստուգվում է սույն օրենքի 18 և 19 հոդվածներով սահմանված կարգով:
|
Հոդված 18. |
Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում ստորագրություններ հավաքելու կարգը |
1. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուի առաջադրումը պաշտպանելու յուրաքանչյուր պաշտոնաթերթիկում առաջադրողը նշում է առաջադրվող թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, բնակության վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):
2. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկը տպարանային եղանակով պատրաստված և համարակալված գրքույկ է, որը բաղկացած է 100 համարակալված տողից, որոնք նախատեսված են քաղաքացիների ազգանվան, անվան, հայրանվան, ծննդյան տարեթվի և ամսաթվի, հաշվառման վայրի, անձը հաստատող փաստաթղթի համարի և ստորագրության համար:
3. Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկի վերջին էջում նախատեսվում է առանձին տող՝ շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի կողմից առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներն ստացողի ստորագրության համար:
4. Յուրաքանչյուր կուսակցության կամ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչներին տրվում է առաջադրումը պաշտպանելու համար պահանջվող քանակի պաշտոնաթերթիկ:
5. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուի առաջադրման պաշտպանությունը կազմակերպող յուրաքանչյուր կուսակցություն կամ նախաձեռնող խումբ ինքն է որոշում այն անձանց, ում վստահում է առաջադրումը պաշտպանելու համար ստորագրություններ հավաքելը՝ նրանց տալով վկայագիր:
6. Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկում յուրաքանչյուր քաղաքացի ստորագրում է անձամբ:
7. Ստորագրություններ հավաքելու նպատակով արգելվում է անձամբ կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին դրամ, արժեթղթեր, սննդամթերք, ապրանքներ տալը (խոստանալը) կամ անհատույց ծառայություններ մատուցելը (խոստանալը):
|
Հոդված 19. |
Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականության ստուգումը |
1. Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներն ընդունելիս շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը հաշվում է հավաքված ստորագրությունների ընդհանուր թիվը և պաշտոնաթերթիկները հանձնող լիազորված անձին տալիս է ստացական:
2. Անվավեր են համարվում կեղծված կամ ընտրելու իրավունք չունեցող անձին պատկանող ստորագրությունները, ինչպես նաև այն ընտրողների ստորագրությունները, որոնց տվյալները պաշտոնաթերթիկներում սխալ են լրացված:
3. Ստորագրությունների վավերականությունը շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը ճշտում է յուրաքանչյուր գրքույկում ստորագրությունների փաստացի քանակի հինգ տոկոսի ընտրանքային ստուգման միջոցով: Այդ նպատակով շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը՝
ա) վիճակահանության իր սահմանած կարգով ստանում է գրքույկներում եղած ստորագրությունների ընդհանուր թվի հինգ տոկոսի ստորագրությունների համարները: Արձանագրության մեջ նշվում են յուրաքանչյուր առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկում ստուգման ենթակա ստորագրությունների համարները՝ քաղաքացու վերաբերյալ տվյալներով.
բ) ստուգման արդյունքում հայտնաբերված անվավեր ստորագրությունների մասին կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են պաշտոնաթերթիկի համարը, ստորագրությունների համարները և քաղաքացու մասին տվյալները.
գ) ստորագրությունների ընդհանուր թվի հինգ տոկոսում վավեր և անվավեր ստորագրությունների հարաբերակցությունը համամասնորեն տարածում է ստորագրությունների ընդհանուր թվի վրա՝ ստանալով ստորագրությունների ընդհանուր թվում վավեր և անվավեր ստորագրությունների քանակը: Ստուգման արդյունքների մասին կազմվում է արձանագրություն:
|
Հոդված 20. |
Ազգային ժողովի առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցումը |
1. Ազգային ժողովի առաջադրված պատգամավորության թեկնածուները գրանցվում են շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի որոշմամբ:
2. Ազգային ժողովի ընտրություններից առնվազն 35 օր առաջ կուսակցությունները և նախաձեռնող խմբերը թեկնածուների գրանցման համար շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողով են ներկայացնում՝
ա) քաղաքացու պատգամավորության թեկնածու առաջադրումը պաշտպանող տվյալ ընտրատարածքում բնակվող առնվազն 200 ընտրողների ստորագրություն.
բ) տեղեկանք՝ վերջին 3 տարում թեկնածուի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին:
Թեկնածուն նշված փաստաթղթերը շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողով է ներկայացնում անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:
3. Առաջադրված թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվել առաջադրված թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կամ նրան առաջադրող կուսակցության լիազոր ներկայացուցիչը:
Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովն առաջադրված թեկնածուի գրանցումը մերժում է, եթե՝
ա) ի հայտ են բերվել սույն օրենքի 19 հոդվածով նախատեսվող պահանջների խախտումներ.
բ) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված սահմանափակումները.
գ) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
4. Պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված:
5. Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը պատգամավորության թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե՝
ա) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են.
բ) գրանցումից հետո հայտնի են դարձել փաստեր, որոնց ուժով թեկնածուի վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված սահմանափակումները:
Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
6. Պատգամավորության թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան՝ ընդունման օրվանից եռօրյա ժամկետում:
7. Պատգամավորության թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա նա ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:
8. Պատգամավորության թեկնածուների գրանցման մասին շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը կազմում է արձանագրություն, որը առաջադրված անձանց դիմումների հետ միասին եռօրյա ժամկետում ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:
9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան պատգամավորության թեկնածուների գրանցումից հետո 5-րդ օրը հրապարակում է գրանցման մասին հաղորդագրություն՝ նշելով պատգամավորության թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, կուսակցականությունը, զբաղեցրած պաշտոնը և աշխատանքի ու բնակության վայրը:
10. Պատգամավորության թեկնածուն չի կարող լինել կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև այն ընտրական հանձնաժողովների կազմում, որտեղ նա թեկնածու է առաջադրվել:
11. Նշված հանձնաժողովներից որևէ մեկում ընդգրկված անձանց թեկնածու գրանցելու պահից նրանք համարվում են հանձնաժողովի անդամի պարտականություններից ազատված:
|
Հոդված 21. |
Ազգային ժողովի առաջադրված պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը |
1. Ազգային ժողովի առաջադրված պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա՝
ա) կորցրել է ընտրական իրավունքը.
բ) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.
գ) մահացել է.
դ) խախտել է սույն օրենքի 24 հոդվածի 6-րդ կետով նախատեսված պահանջը:
ԳԼՈՒԽ VI
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
|
Հոդված 22. |
Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների իրավահավասարությունը |
Պատգամավորության թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:
|
Հոդված 23. |
Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները |
1. Այն թեկնածուները, ովքեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ են, բացի Ազգային ժողովի նախագահից, տեղակալից և պատգամավորներից, գրանցման պահից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումն ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց:
2. Թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից և ուսումնավարժական հավաքներից՝ մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը:
3. Ընտրություններին մասնակցելու ժամանակահատվածը թեկնածուի համար համարվում է աշխատանքային ստաժ այն մասնագիտությամբ, որով նա աշխատել է մինչև գրանցվելը:
4. Թեկնածուները, ոչ ուշ, քան ընտրություններից 10 օր առաջ, իրավունք ունեն հանել իրենց թեկնածությունը:
5. Կուսակցությունները, ոչ ուշ, քան քվեարկությունից 10 օր առաջ, իրավունք ունեն հանել իրենց կողմից առաջադրված թեկնածուին՝ կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ: Այդ որոշումն անհապաղ ներկայացվում է համապատասխան շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողով:
6. Ընտրությունների ժամանակահատվածում առաջադրված թեկնածուները կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
ԳԼՈՒԽ VII
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
|
Հոդված 24. |
Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները պատգամավորության թեկնածուների քաղաքական, գործարար և անձնական հատկանիշների համակողմանի քննարկման, ինչպես նաև ժողովներում, միտինգներում, զանգվածային լրատվության միջոցներով, տպագիր նյութեր հրապարակելու, ձայնագրված և նկարահանված նյութեր տարածելու միջոցով ազատ քարոզչություն իրականացնելու իրավունք ունեն:
2. Պատգամավորության թեկնածուները և վստահված անձինք, հասարակական-քաղաքական կազմակերպություններն իրավունք ունեն կազմակերպել հանդիպումներ ընտրողների հետ:
3. Պետական զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու համար թեկնածուներին երաշխավորվում են հավասար պայմաններ:
4. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել.
ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև դրանց աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս.
բ) գերագույն դատարանի անդամներին, դատավորներին, ներքին գործերի և ազգային անվտանգության, դատախազության մարմիների աշխատողներին, զինծառայողներին.
գ) բարեգործական և կրոնական կազմակերպություններին.
դ) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին:
5. Նախընտրական քարոզչությունն սկսվում է թեկնածուների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը և վերջանում է քվեարկությունից մեկ օր առաջ:
6. Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին արգելվում է անձամբ կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) այլ ծառայություններ:
7. Թեկնածուները պարտավոր են պահպանել քարոզչության կազմակերպման սահմանված կարգը:
Այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին գրանցած հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ, ինչպես նաև դատարան՝ տվյալ թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար: Ընտրական հանձնաժողովներից այդպիսի դիմումներ ստանալու դեպքում դատարանը պարտավոր է որոշում կայացնել հնգօրյա ժամկետում, իսկ քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում՝ անհապաղ:
8. Ձերբակալված և կալանքի տակ գտնվող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացանում են իրենց վստահված անձանց միջոցով, որոնց հետ թեկնածուների հանդիպումներն անց են կացվում կալանքի տակ պահող հաստատություններում:
|
Հոդված 25. |
Նախընտրական քարոզչության իրավունքի չարաշահման անթույլատրելիությունը |
Նախընտրական քարոզչության ընթացքում արգելվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, ռասայական, ազգային, կրոնական և այլ գերակայության քարոզումը, ինչպես նաև թշնամանք առաջացնող նյութերի հրապարակումն ու տարածումը:
|
Հոդված 26. |
Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով |
1. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուները պետական ռադիոյով և պետական հեռուստատեսությամբ հավասար պայմաններով եթերաժամերի իրավունք ունեն: Եթերաժամ տրամադրելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Պետական պարբերական մամուլի ղեկավարությունը քարոզչական նյութեր հրապարակելիս պարտավոր է հավասար պայմաններ ապահովել թեկնածուների համար:
3. Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչությունն իրականացվում է հրապարակային բանավեճերի, կլոր սեղանների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, քաղաքական գովազդի և օրենքով չարգելված այլ ձևերով:
|
Հոդված 27. |
Քարոզչական պաստառների և այլ նյութերի օգտագործման կարգը |
1. Համայնքի ղեկավարը նախընտրական քարոզչությունն սկսվելուց հինգ օր հետո համայնքի տարածքում առանձնացնում է հատուկ տեղեր քարոզչական պաստառներ փակցնելու համար:
2. Արգելվում է քարոզչական պաստառի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը կամ դրոշը պատկերելը:
3. Համայնքի ղեկավարներն ապահովում են, որպեսզի չքվեարկվող թեկնածուների քարոզչական պաստառներն անհապաղ վերացվեն:
4. Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը:
5. Անանուն կամ կեղծ քարոզչական տպագիր նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում այդ գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ և դիմում է իրավասու մարմիններին՝ ապօրինի գործողությունները դադարեցնելու համար:
|
Հոդված 28. |
Քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը |
Պետական զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցներին, ովքեր գրանցված են որպես պատգամավորության թեկնածուներ, արգելվում է լուսաբանել ընտրությունները պետական ռադիոյով և պետական հեռուստատեսությամբ:
|
Հոդված 29. |
Քվեարկության և դրան նախորդող օրը նախընտրական քարոզչության արգելումը |
1. Քվեարկության և դրան նախորդող օրը արգելվում է այն շենքի ներսում կամ շուրջը, որտեղ գտնվում է տեղամասային կենտրոնը, ինչպես նաև անմիջապես դրա մուտքի մոտ ընտրողների վրա ազդեցություն գործել բանավոր կամ գրավոր ձևով, երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրություններ հավաքելը, ինչպես նաև այլ եղանակներով նախընտրական քարոզչություն կատարելը:
2. Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին անմիջապես հարող տարածքում խմբերով հավաքվելը:
ԳԼՈՒԽ VIII
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
|
Հոդված 30. |
Ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորումը |
1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:
2. Ընտրությունների համար նախատեսված ֆինանսական միջոցները կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվում են ընտրությունները նշանակվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
3. Արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ընտրությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի պահուստային ֆոնդից, իսկ դրա անհնարինության դեպքում՝ «Արցախբանկ» բաց բաժնետիրական ընկերության պահուստային ֆոնդից՝ հետագայում պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու պայմանով:
|
Հոդված 31. |
Ֆինանսական միջոցների բաշխումը |
Հանձնաժողովների միջև ֆինանսական միջոցների բաշխման, հաշվառման և օգտագործման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
|
Հոդված 32. |
Ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելը |
Տեղամասային ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողով ընտրությունների ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում: Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրություններից հետո՝ քսանօրյա ժամկետում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով հաշվետվություն է ներկայացնում ընտրություններից հետո՝ 40 օրվա ընթացքում:
ԳԼՈՒԽ IX
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
|
Հոդված 33. |
Վստահված անձի կարգավիճակը |
1. Պատգամավորության թեկնածուները՝ գրանցվելուց հետո նրանց գրանցող ընտրական հանձնաժողովում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում իրենց շահերը ներկայացնելու նպատակով, կարող են ունենալ վստահված անձինք:
2. Թեկնածուներին գրանցելուց հետո, ըստ ներկայացված ցուցակների, վստահված անձանց տրվում են կնքված վկայականներ, բայց տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավել: Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Համապատասխան հանձնաժողովը վկայականում նշում է թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը: Թեկնածուն վկայականները լրացնում և տրամադրում է վստահված անձանց:
3. Վստահված անձանց գրանցման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Թեկնածուն ցանկացած պահի կարող է հետ կանչել նշանակված վստահված անձանց, նշանակել նորերին՝ այդ մասին տեղյակ պահելով համապատասխան ընտրական հանձնաժողովին:
4. Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների, ազգային անվտագության պետվարչության, դատախազության, հարկային մարմինների աշխատակիցները, սոցիալական ապահովության մարմինների (ծառայությունների) աշխատակիցները, զինծառայողները, հոգևորականները, ընտրական հանձնաժողովների անդամները, պետական զանգվածային լրատվության միջոցների ղեկավարները և օտարերկրյա քաղաքացիները:
|
Հոդված 34. |
Դիտորդական առաքելության իրավունքը |
1. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն՝
- միջազգային կազմակերպությունները.
- օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին:
2. Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
|
Հոդված 35. |
Դիտորդների հավատարմագրումը |
1. Սույն օրենքի 34 հոդվածում նշված կազմակերպությունները և անձինք դիտորդական առաքելություն կարող են իրականացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:
2. Հավատարմագրվելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով են հանձնվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագրերը համապատասխան կազմակերպությունների և անձանց է հանձնում դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո:
4. Հավատարմագրվելուց հետո դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից որևէ թեկնածուի կամ կուսակցության աջակցելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան կազմակերպությանը և անձին զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:
|
Հոդված 36. |
Վստահված անձի, տեղական ու միջազգային դիտորդի (այսուհետ՝ դիտորդ), զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները |
1. Վստահված անձը, դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրավունք ունեն՝
ա) ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում.
բ) անարգել ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ.
գ) բողոքարկել ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները կամ անգործությունը:
2. Վստահված անձը, դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրավունք չունեն միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:
3. Ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի մեկական վստահված անձ:
4. Վստահված անձը և դիտորդը քվեարկության օրը հետևում են ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին կարող են ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ:
5. Վստահված անձը, դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը չեն կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար:
ԳԼՈՒԽ X
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
|
Հոդված 37. |
Ընտրական հանձնաժողովների համակարգը |
Ընտրությունների ժամանակ Հանրապետությունում կազմավորվում են կենտրոնական, շրջանային (քաղաքային) և տեղամասային ընտրական հանձնաժողովներ:
|
Հոդված 38. |
Ընտրական հանձնաժողովները |
1. Ընտրական հանձնաժողովներն ապահովում են քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը և պաշտպանությունը: Ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից:
2. Ընտրական հանձնաժողովների որոշումներն՝ ընդունված իրենց լիազորությունների շրջանակներում, ենթակա են պարտադիր կատարման:
|
Հոդված 39. |
Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը |
1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման ժամանակահատվածում ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են զորահավաքներից և վարժական հավաքներից:
2. Ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովների անդամները կարող են դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը աշխատում են մշտական հիմունքներով:
4. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են կատարել հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորությունների սահմաններում տրված հանձնարարությունները:
5. Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները՝ համապատասխան հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, իրավունք ունեն խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը ներկա գտնվել տեղամասային կենտրոնում:
6. Ընտրական հանձնաժողովի անդամներն ընտրությունների կազմակերպման և անցկացման ժամանակահատվածում ազատվում են արտադրական կամ ծառայողական պարտականություններ կատարելուց:
7. Ընտրական հանձնաժողովի անդամների, ինչպես նաև աշխատակազմի վարձատրությունը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը վարձատրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի, աշխատակազմի աշխատողների, ինչպես նաև շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովների նախագահների դրույքաչափերը որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածում ընտրական հանձնաժողովների անդամների լրացուցիչ վարձատրությունը կատարվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով: Նրանց աշխատավարձն ըստ աշխատավայրի՝ ընտրությունների ժամանակահատվածում պահպանվում է:
|
Հոդված 40. |
Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները |
1. Ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:
2. Քաղաքացին կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում:
3. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, դատավորները, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների, ազգային անվտանգության պետական վարչության, դատախազության աշխատակիցները, վստահված անձինք, դիտորդները, թեկնածուները, բանկային համակարգի և օտարերկրյա կազմակերպությունների աշխատակիցները:
4. Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:
|
Հոդված 41. |
Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 69 օր առաջ՝ բաղկացած 9 անդամից՝ վճռական ձայնի իրավունքով, և գործում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում՝ 5 տարի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 3 անդամներ նշանակում է Հանրապետության Նախագահը, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության ներկայացուցիչ է:
Երեքը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը, իր սահմանած կարգով, ընտրական միավորումների, ընտրական դաշինքների, հասարակական-քաղաքական կուսակցությունների առաջարկությունների հիման վրա, ընդ որում՝ յուրաքանչյուր կուսակցությունից, ընտրական միավորումից, ընտրական դաշինքից, քաղաքական կուսակցությունից կենտրոնական ընտրական հանձնաժողովում նշանակվում է մեկից ոչ ավել հանձնաժողովի անդամ:
Հաջորդ 3 անդամը նշանակվում է կառավարության կողմից:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի համար առաջադրված թեկնածուները անձամբ ներկայացնում են իրենց համաձայնությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ գրանցվելու մասին:
Ստացված առաջարկությունների հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կազմը գրանցվում է հատուկ արձանագրությամբ՝ Ազգային ժողովի նախագահի ստորագրությամբ և հրապարակվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սույն օրենքով նախատեսված ժամկետում:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առաջադրված անդամներին ազատում է համապատասխանաբար նրանց նշանակող մարմինը:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ տեղակալը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար ընտրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ իր առաջին նիստում, որը պետք է տեղի ունենա նրա կազմավորման հաջորդ օրը: Առաջին նիստը վարում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը: Այդ օրվանից սկսվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները:
5. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:
6. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն:
7. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա առավել ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն:
8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության ձևը (բաց կամ փակ (գաղտնի) որոշում է հանձնաժողովը:
9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում, սահմանված կարգով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եռօրյա ժամկետում նշանակում է կառավարությունը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից:
10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրությունը կատարվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սույն հոդվածով նախատեսված կարգով:
|
Հոդված 42. |
Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը |
1. Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը կազմավորվում է ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 60 օր առաջ, 5-9 անդամի կազմով՝ տվյալ շրջանի (քաղաքի) վարչակազմի կողմից:
Այդ հանձնաժողովների անդամների թեկնածուները առաջադրվում են հիմնարկ-ձեռնարկությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվների, ըստ բնակության վայրի ընտրողների ժողովների կողմից: Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովները գործում են մշտական հիմունքներով, ունեն իրավաբանական անձի կարգավիճակ: Նրանց լիազորությունների ժամկետը 5 տարի է:
2. Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ տեղակալը:
3. Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով:
Սահմանված կարգով և ժամկետում շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում հանձնաժողովի նախագահին եռօրյա ժամկետում նշանակում է համապատասխան շրջանային (քաղաքային) վարչակազմի ղեկավարը՝ տվյալ հանձնաժողովի անդամների կազմից:
Հանձնաժողովի առաջին նիստը վարում է շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
4. Նոր ընտրական հանձնաժողովի լիազորությունները սկսվում են նրա առաջին նիստի օրվանից, որտեղ ընտրվում են նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարը:
|
Հոդված 43. |
Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 30 օր առաջ, 5-9 անդամի կազմով՝ համապատասխան շրջանի վարչակազմի, Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից: Այդ հանձնաժողովների անդամության թեկնածուներն առաջադրվում են հիմնարկ-ձեռնարկությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվների, ըստ բնակության վայրի ընտրողների ժողովների կողմից:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը հրավիրում է շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի նախագահը՝ հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրը, և վարում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրությունը անցկացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով՝ երկօրյա ժամկետում:
4. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված ժամկետում հանձնաժողովի նախագահ չի ընտրում, ապա համապատասխան հանձնաժողովի նախագահին նշանակում է շրջանային (քաղաքային) վարչակազմի ղեկավարը, տեղամասային հանձնաժողովը կազմավորվելուց ոչ ուշ, քան 2 օր հետո՝ համապատասխան հանձնաժողովի անդամների կազմից: Այդ օրվանից սկսվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները:
5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից 10 օր հետո՝ նրան կազմավորող մարմնի որոշմամբ, եթե ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատական վեճ չկա: Դատական վեճի առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:
|
Հոդված 44. |
Ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կարգը |
1. Ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել համապատասխան հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ: Հանձնաժողովի նախագահի նոր ընտրությունը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով:
2. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են՝
ա) եթե նա կորցրել է իր ընտրական իրավունքը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության որոշմամբ (իր նշանակած անդամի).
գ) նրա մահվան դեպքում.
դ) իր դիմումի համաձայն.
ե) եթե նա զորակոչվել է.
զ) համապատասխան հանձնաժողովի որոշմամբ, եթե նա բարեխղճորեն չի կատարում իր վրա դրված պարտականությունները:
3. Ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր տեղերը համալրվում են սույն օրենքով սահմանված կարգով:
4. Քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում և ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում ընտրական հանձնաժողովների կազմում փոփոխություններ չեն կատարվում:
|
Հոդված 45. |
Ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը |
1. Ընտրական հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով:
2. Ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ նախագահի տեղակալը:
3. Օժանդակ աշխատանքների համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կազմավորում է մշտական հիմունքներով գործող աշխատակազմ: Նման աշխատակազմ շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովում ժամանակավոր հիմունքներով կարող է ստեղծվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Աշխատակազմի աշխատակիցների վարձատրության դրույքաչափերը որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
4. Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների երկու երրորդը:
5. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են քվեարկության մասնակիցների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի (նիստի վարողի) ձայնը վճռորոշ է:
6. Ընտրական հանձնաժողովներն ստանում են համարակալված էջերով և վերադաս հանձնաժողովի կողմից կնքված գործավարության մատյան, որում պարտադիր կարգով գրառվում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված գործավարությունը՝ համապատասխան ամսաթվերով: Գործավարության մատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այն լրացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
7. Գործավարության մատյանում նշվում է նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցության մասին: Այդ գրառման տակ ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:
8. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել համապատասխան ընտրական հանձնաժողովի նիստերին: Երեք անհարգելի բացակայության դեպքում համապատասխան հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ իրավունք ունի վաղաժամկետ դադարեցնել հանձնաժողովի անդամի լիազորությունները:
|
Հոդված 46. |
Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելու կարգը |
1. Ընտրական հանձնաժողովների որոշումներն ու գործողությունները կարող են գանգատարկվել վերադաս ընտրական հանձնաժողովին, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներն ու գործողությունները կամ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում նաև դատարանին՝ հասարակական-քաղաքական կազմակերպությունների, պատգամավորների թեկնածուների, նրանց վստահված անձանց, դիտորդների և ընտրողների կողմից՝ տվյալ որոշումն ընդունվելուց կամ գործողությունը կատարվելուց հետո եռօրյա ժամկետում:
2. Գանգատը պետք է քննարկվի այն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
3. Ընտրությունների արդյունքների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները կարող են գանգատարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարան:
4. Դատարանների և դատախազության աշխատակիցների համար քվեարկության օրն աշխատանքային օր է:
|
Հոդված 47. |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին է, որը գործում է մշտական հիմունքներով՝ իր ընդունած կանոնակարգի համաձայն, և ունի իրավաբանական անձի կարգավիճակ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝
1) տնօրինում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցները, վերահսկում է ընտրական հանձնաժողովներին շենքերով, կահավորանքով, այլ անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովելը.
2) որոշում է ընդունում իր և ստորադաս ընտրական հանձնաժողովների աշխատակարգի վերաբերյալ.
3) հսկողություն է իրականացնում ընտրական օրենսդրության միատեսակ կիրառման նկատմամբ.
4) սահմանում է համայնքներում ընտրողների ցուցակները կազմելու կարգը.
5) վերահսկում է զանգվածային լրատվության միջոցների կողմից քարոզչության համար սահմանված հավասար հնարավորությունների ապահովումը.
6) սահմանում է քվեաթերթիկների և ընտրական այլ փաստաթղթերի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգը, ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.
7) հրատարակում է ընտրական օրենքի կիրառման վերաբերյալ հրահանգներ և այլ նորմատիվ ակտեր, որոնք պարտադիր են ընտրությունները նախապատրաստող ու անցկացնող ընտրական հանձնաժողովների համար, վերահսկում է դրանց կատարումը.
8) սահմանում է ընտրողների ցուցակներն ստուգելու և ճշտելու կարգը.
9) Ազգային ժողովի պատգամավորների գրանցված թեկնածուների համար ապահովում է նախընտրական գործունեության հավասար պայմաններ.
10) իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց համար.
11) քննարկում է ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները, վերանայում կամ վերացնում է հանձնաժողովների՝ սույն օրենքին և վերադաս ընտրական հանձնաժողովի որոշումներին հակասող որոշումները.
12) լսում է ընտրական հանձնաժողովների և համապատասխան պետական մարմինների հաղորդումներն ընտրությունների նախապատրաստման ու անցկացման մասին.
13) հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, որպես դիտորդ՝ գրանցում է օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, հասարակական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին և ներկայացված ցուցակների համաձայն՝ նրանց հանձնում է վկայականներ.
14) հաստատում է քվեատուփերի ձևը.
15) հաստատում է ընտրական հանձնաժողովների կնիքների ձևերը, պատվիրում է դրանք և հատկացնում ընտրական հանձնաժողովներին, սահմանում է ընտրությունների ավարտից հետո կնիքները վերադարձնելու կարգը.
16) ամփոփում և հաստատում է Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների արդյունքները.
17) գրանցում է Ազգային ժողովում ընտրված պատգամավորներին և նրանց տալիս է պատգամավորների վկայական.
18) նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրություններ.
19) դիմում է համապատասխան իրավասու պետական մարմիններ՝ սույն օրենքի պահանջների խախտման դեպքում.
20) իրավական, մեթոդական և կազմակերպական-տեխնիկական օգնություն է ցույց տալիս ընտրական հանձնաժողովներին.
21) կազմակերպում է ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցումը.
22) սահմանում է ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.
23) համարակալում է Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների ընտրատարածքները.
24) շրջանային (քաղաքային) և տեղամասային ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, ընտրական փաստաթղթերով, սահմանված կարգով կազմակերպում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար պահանջվող միջոցառումներ.
25) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
|
Հոդված 48. |
Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի լիազորությունները |
1. Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը գործում է մշտական հիմունքներով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կանոնակարգի համաձայն, ունի իրավաբանական անձի կարգավիճակ:
Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը՝
1) կազմակերպում է տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված անձանց ուսուցումը.
2) տնօրինում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցները.
3) համայնքի ղեկավարի հետ միասին շրջանային (քաղաքային) վարչակազմի հաստատմանն է ներկայացնում ընտրական տեղամասերի ցուցակը: Այդ տվյալները երկօրյա ժամկետում ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողով.
4) վերահսկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների ապահովումը շենքերով, կահավորանքով, տրանսպորտով, կապի և անհրաժեշտ այլ միջոցներով.
5) իր և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում կենտրոնական ընտրական հանձնաժողով.
6) քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները, վերանայում կամ վերացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների՝ սույն օրենքին հակասող որոշումները.
7) ըստ տեղամասերի, տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալների հիման վրա, հրապարակում է ընտրությունների նախնական արդյունքները.
8) հետևում է համայնքի ղեկավարի կողմից ընտրողների ցուցակները կազմելուն և համընդհանուր ծանոթացման համար դրանք տեղամասերում ներկայացնելուն.
9) ապահովում է ընտրական կենտրոնների, խցիկների, քվեատուփերի, ինչպես նաև քվեարկության համար անհրաժեշտ այլ միջոցների նախապատրաստումը.
10) հավատարմագրում է հայտ ներկայացրած զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին.
11) գրանցում է քվեարկությանը մասնակցող Ազգային ժողովի պատգամավորների թեկնածուներին և տալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշի վկայական: Օրենքով սահմանված դեպքում մերժում, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում նրանց գրանցումը.
12) տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա ամփոփում է կայացած ընտրությունների նախնական արդյունքները, այն ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով.
13) պարզում և ամփոփում է ընտրությունների արդյունքները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ անցկացնում ստուգումներ, վերջնական արդյունքը ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
14) վերահսկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրական օրենքի կատարման ընթացքը.
15) դիմում է իրավասու պետական մարմիններին՝ ընտրական օրենքի խախտման դեպքերում.
16) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
|
Հոդված 49. |
Տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը՝
ա) տնօրինում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար իրեն հատկացված պետական բյուջեի միջոցները.
բ) կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում դրա արդյունքները տեղամասում և այդ արդյունքները ներկայացնում է շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողով.
գ) քվեարկությամբ լուծում է վիճելի քվեաթերթիկների հարցը.
դ) պայմաններ է ստեղծում տեղամասում ընտրությունների ազատ անցկացման համար, ապահովում է ընտրությունների՝ սույն օրենքով սահմանված կարգը.
ե) դիմում է իրավասու պետական մարմիններ՝ սույն օրենքի խախտման դեպքերում.
զ) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովները գործում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կանոնակարգի համաձայն:
|
Հոդված 50. |
Ընտրական փաստաթղթեր հանձնելը և ընդունելը ընտրական հանձնաժողովներում |
1. Ընտրական փաստաթղթերն ընտրական հանձնաժողովներում հանձնվում և ընդունվում են գործավարության մատյաններում պարտադիր գրառմամբ, հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրելու և ստացական տալու միջոցով:
2. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեաթերթիկներ, ձևաթղթեր, այլ փաստաթղթեր, գրենական պիտույքներ և այլ պարագաներ, որոնց ստացման, տեղափոխման և պահպանման պատասխանատուներն ընտրական հանձնաժողովի նախագահներն են:
3. Ընտրությունների արդյունքներն ամփոփելուց և համապատասխան արձանագրությունները կազմելուց հետո ընտրական բոլոր փաստաթղթերն ընտրական տեղամասերից անմիջապես ուղարկվում են շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողով:
4. Ընտրական բոլոր փաստաթղթերը, ընտրությունների արդյունքները վերջնական ամփոփելուց հետո, շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապահովում է նշված փաստաթղթերի պահպանությունը և ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո, իսկ դատական վեճի առկայության դեպքում՝ վերջնական որոշում ընդունելուց հետո, դրանք պահպանության է հանձնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ՝ սահմանված կարգով պահպանելու համար:
|
Հոդված 51. |
Ընտրական հանձնաժողովների և իրավապահ մարմինների համագործակցությունը |
Ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ընտրությունների հետ կապված միջոցառումներում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու համար աջակցել հանձնաժողովներին:
ԳԼՈՒԽ XI
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
|
Հոդված 52. |
Քվեարկության տեղը և ժամանակը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությունն անց է կացվում ընտրությունների օրը տեղական ժամանակով ժամը 7.00-ից մինչև 20.00-ն: Քվեարկության ժամանակի և տեղի մասին տեղամասային ընտրական հանձնաժողովն ընտրողներին իրազեկում է ուչ ուշ, քան 10 օր առաջ:
2. Քվեարկությունը կատարվում է գաղտնի քվեարկության համար հատուկ կահավորված խցիկներում կամ սենյակներում: Քվեախցիկները տեղադրվում են քվեաթերթիկների հատկացման սեղանների և քվեատուփի միջև ընկած տարածքում:
Քվեարկության խցիկում պետք է տեղադրվի սեղան, վրան՝ գրիչ:
|
Հոդված 53. |
Քվեաթերթիկը, քվեատուփը, ընտրական հանձնաժողովների կնիքները |
1. Քվեաթերթիկների, քվեատուփի, ընտրական հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր ընտրող ստանում է հավասար թվով քվեաթերթիկ:
2. Քվեաթերթիկի ձևը և շարադրանքը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3. Քվեաթերթիկում այբբենական կարգով նշվում են թեկնածուների ազգանունը, անունը և հայրանունը, զբաղմունքը, առաջադրող կուսակցության անվանումը, իսկ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու դեպքում՝ «քաղաքացիական նախաձեռնություն» բառերը:
4. Յուրաքանչյուր քվեաթերթիկ պետք է պարունակի ծանուցում՝ քվեաթերթիկի լրացման կարգի մասին:
5. Քվեաթերթիկները թողարկվում են շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի պատվերով քվեարկությունից ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 3 օր առաջ: Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկներ տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին:
6. Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի:
7. Քվեաթերթիկները հատկացվում են տեղամասային ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թվից 5 տոկոս ավելի քանակով:
8. Ընտրական հանձնաժողովների կնիքները պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով հաստատված նմուշին համապատասխան:
9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային, շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովների կնիքները փաթեթավորում, կնքում ու քվեարկությունից ոչ շուտ, քան 5 և ոչ ուշ, քան 3 օր առաջ հանձնում է շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովներ՝ կատարելով բացառապես քանակական հաշվառում՝ յուրաքանչյուր տեղամասային, շրջանային (քաղաքային) հանձնաժողովին մեկական կնիք հաշվարկով:
10. Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովներում փաթեթները համարակալվում և կնքվում են: Քվեարկության նախորդ օրը փաթեթները հանձնվում են տեղամասային ընտրական հանձնաժողովներին՝ յուրաքանչյուրին մեկական փաթեթավորված կնիք:
11. Քվեարկությունից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, կնիքները հետ են վերադարձնում:
|
Հոդված 54. |
Քվեարկության նախապատրաստումը |
1. Քվեարկության նախապատրաստումը և անցկացումը կազմակերպում են տեղամասային ընտրական հանձնաժողովները:
2. Տեղամասային կենտրոնում տեսանելի տեղում պետք է փակցված լինեն լրացված քվեաթերթիկների նմուշներ, ինչպես նաև թեկնածուների ցուցակները:
|
Հոդված 55. |
Ձերբակալվածների և կալանքի տակ գտնվող քաղաքացիների քվեարկության կազմակերպումը |
1. Ձերբակալված քաղաքացիները քվեարկությանը մասնակցում են իրենց հաշվառման վայրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
2. Կալանքի տակ պահելու լիազորություններ ունեցող հաստատություններում ընտրությունների անցկացման պատասխանատվությունը դրվում է այդ հաստատությունների ղեկավարների վրա:
|
Հոդված 56. |
Քվեարկության կարգը |
1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի 3 անդամներին, որոնք մինչև ժամը 20-00-ն ստորագրում են բոլոր քվեաթերթիկները (նրանց հակառակ կողմում): Ստորագրված քվեաթերթիկները պահվում են հատուկ պահարանում:
2. Քվեարկության օրը՝ մինչև ժամը 7.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քաղաքացիների գրանցման, քվեաթերթիկների կնքման, նրանց հատկացման ու վերահսկումն իրականացնողներին, ինչպես նաև նրանց հերթափոխային աշխատանքի ժամակարգը:
3. Քվեարկության օրը՝ ժամը 7.00-ին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրական տեղամասը բացված է հայտարարում, այնուհետև հանձնաժողովի անդամների ներկայությամբ բացում է փաթեթավորված կնիքը, ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը, ապա քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է հատուկ պահարանը, որտեղ գտնվում են քվեաթերթիկները, և քվեաթերթիկների հաշվված քանակությունը հանձնում է քվեաթերթիկների հատկացման համար պատասխանատու անձանց, իսկ ընտրողների ցուցակը՝ ընտրողների գրանցման համար պատասխանատու անձանց՝ համապատասխան գրանցում կատարելով գործավարության մատյանում:
|
Հոդված 57. |
Տեղամասային կենտրոն մուտք գործելը |
1. Արգելվում է տեղամասային կենտրոն զենքով, զինամթերքով մուտք գործելը՝ բացառությամբ ընտրությունների բնականոն ընթացքի վտանգման դեպքերի: Այդ դեպքերում համապատասխան թույլտվությունը տրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի կողմից:
2. Տեղամասային կենտրոնում ընտրական հանձնաժողովի անդամներից բացի կարող են ներկա գտնվել թեկնածուների վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները:
3. Քվեարկելուց հետո քվեարկողն անհապաղ պետք է դուրս գա տեղամասային կենտրոնից:
|
Հոդված 58. |
Ընտրողների գրանցումը |
1. Քվեարկությանը ներկայացած յուրաքանչյուր ընտրող գրանցվում է ցուցակում, որի պատասխանատուն ստուգում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ցուցակում գտնում նրա անունը, ազգանունը, հերթական համարը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները լրացնում ցուցակում, և ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց: Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության՝ բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների և վստահված անձանց:
2. Անձը հաստատող փաստաթուղթ են հանդիսանում անձնագիրը, անձնագրին փոխարինող փաստաթուղթը, զինվորական վկայականը (զինվորական գրքույկը):
|
Հոդված 59. |
Քվեարկությունը |
1. Գրանցվելուց անմիջապես հետո հանձնաժողովի՝ քվեաթերթիկ հատկացնող անդամն ընտրողին հանձնում է քվեաթերթիկը:
2. Հաձնաժողովի քվեաթերթիկները կնքող անդամը կնքում է քվեաթերթիկը:
3. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում կամ սենյակում: Արգելվում է քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում կամ սենյակում որևէ այլ անձի ներկայությունը՝ բացառությամբ սույն օրենքի 60 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:
4. Քվեաթերթիկի սխալ լրացման դեպքում ընտրողի խնդրանքով նրան տրվում է նոր քվեաթերթիկ՝ համապատասխան նշում կատարելով ցուցակում, իսկ սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկն անհապաղ մարվում է, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:
5. Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ում օգտին կամ դեմ է քվեարկել ընտրողը:
6. Հաշմանդամների, ինչպես նաև քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների քվեարկությանը մասնակցելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
|
Հոդված 60. |
Քվեաթերթիկը լրացնելու կարգը |
1. Քվեաթերթիկում ընտրողը նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմաց, որին կողմ է քվեարկում: Եթե ընտրողը դեմ է բոլոր թեկնածուներին, ապա նա նշում է կատարում «բոլորին դեմ եմ» տողում:
2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում ընտրողը համապատասխան նշում է կատարում «կողմ եմ» կամ «դեմ եմ» բառի դիմաց:
3. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը չպետք է լինի վստահված անձ կամ ընտրական հանձնաժողովի անդամ:
4. Ընտրողը լրացված քվեաթերթիկը ծալված վիճակում քվեասենյակից կամ խցիկից դուրս է բերում և գցում քվեատուփի մեջ:
5. Քվեարկության ընթացքում սույն օրենքով նախատեսված քվեարկության կարգի խախտման բոլոր դեպքերը հանձնաժողովի 2 անդամի կամ 2 վստահված անձի պահանջով արձանագրվում են գործավարության մատյանում:
|
Հոդված 61. |
Անվավեր քվեաթերթիկները |
1. Անվավեր են համարվում մեկից ավելի թեկնածուների օգտին նշումներ պարունակող, թեկնածուի օգտին և միաժամանակ «բոլորին դեմ եմ» տողում նշումներ պարունակող, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում միաժամանակ «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ պարունակող, առանց որևէ նշումի, ավելորդ նշումներով կամ գրառումներով քվեաթերթիկները:
2. Անվավեր են համարվում չկնքված, չստորագրված քվեաթերթիկները:
|
Հոդված 62. |
Չսահմանված նմուշի քվեաթերթիկները |
1. Չսահմանված նմուշի են համարվում սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկները:
2. Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը որոշում է ընտրական հանձնաժողովը:
3. Ընտրությունների արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում:
|
Հոդված 63. |
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու և անճշտությունները որոշելու կարգը |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին արգելում է ընտրողների մուտքը տեղամասային կենտրոն, տեղամասային կենտրոնում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, դուրս է հրավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում է տեղամասային կենտրոնը: Նշված գործողություններն իրականացնելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովն սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով՝
ա) հաշվարկվում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարվում և կնքվում է չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկների փաթեթը.
բ) ընտրողների ցուցակների հիման վրա հաշվարկվում է ընտրողների ընդհանուր թիվը (ներառյալ՝ լրացուցիչ ցուցակը).
գ) ընտրողների ցուցակում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկվում է քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը, այնուհետև նշված ցուցակը կնքվում է.
դ) բացվում է քվեատուփը:
2. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորվելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը, վստահված անձանց ներկայությամբ, հրապարակայնորեն սկսում է քվեաթերթիկների հաշվարկումը: Տեսակավորման և հաշվարկման ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:
Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները փաթեթավորվում և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով կնքվում են:
Կազմվում է արձանագրություն, որտեղ գրանցվում են քվեարկության ամփոփիչ արդյունքները՝
ա) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի.
բ) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների.
գ) տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը.
դ) մարված քվեաթերթիկների թիվը.
ե) քվեատուփում վավեր քվեաթերթիկների թիվը.
զ) անվավեր քվեաթերթիկների թիվը.
է) քվեատուփում քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
ը) բոլոր թեկնածուներին դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.
թ) թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.
ժ) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով տեղամասային ամփոփիչ արձանագրության տվյալները, կազմում է արձանագրություն՝ անճշտությունների չափի վերաբերյալ: Հանձնաժողովն անճշտությունների չափը որոշում է հետևյալ կերպ՝
ա) համադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը՝ քվեատուփում քվեաթերթիկների թվի և մարված քվեաթերթիկների թվի գումարի հետ: Տարբերությունը նշում է որպես առաջին անճշտության չափ.
բ) համեմատում է ընտրողների ցուցակներում եղած ստորագրությունների թիվը քվեատուփում եղած քվեաթերթիկների քանակի հետ: Բացարձակ թվով տարբերությունը նշում է որպես երկրորդ անճշտություն.
գ) առաջին և երկրորդ անճշտությունների թվերի գումարը համարվում է տվյալ տեղամասում անճշտությունների չափ:
4. Հաշվվող և արձանագրությունում գրանցվող թվերը հայտարարվում են բարձրաձայն: Արձանագրությունը երկու օրինակից ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, կնքում է հանձնաժողովի նախագահը: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:
Ստորագրելուց հրաժարվելու դեպքում կազմվում է արձանագրություն և կցվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:
5. Քվեարկության ավարտից մինչև արդյունքների ամփոփիչ արձանագրություն կազմելը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:
6. Նիստի վերջում, ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 12 ժամ հետո հանձնաժողովի նախագահը հրապարակում է ընտրությունների արդյունքները:
7. Թեկնածուի վստահված անձի կամ դիտորդների պահանջով նրանց տրվում են քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների պատճենները՝ վավերացված հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:
8. Քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների պատճենները փակցվում են տեղամասային կենտրոնում՝ տեսանելի տեղում, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների մեկական օրինակը և քվեաթերթիկների կնքված փաթեթը անհապաղ ներկայացնում է շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
|
Հոդված 64. |
Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովում տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների տվյալներն ամփոփելու կարգը |
1. Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը ստուգում է ընտրական տեղամասերից ստացված ընտրական փաստաթղթերի, նրանց կնիքների ամբողջականությունը, տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների համապատասխանությունը սահմանված պահանջներին: Ամփոփում է շրջանում (քաղաքում) ընտրությունների արդյունքները, 22 ժամվա ընթացքում ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
2. Քվեարկության ավարտից հետո 48 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովում, տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում՝ չորս օր հետո շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովն ըստ ընտրատարածքների կազմում է ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունը՝ նշելով՝
ա) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի.
բ) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների.
գ) տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը.
դ) մարված քվեաթերթիկների թիվը.
ե) քվեատուփերում վավեր քվեաթերթիկների թիվը.
զ) անվավեր քվեաթերթիկների թիվը.
է) քվեատուփերում քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
ը) բոլոր թեկնածուներին դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.
թ) թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.
ժ) անճշտությունների չափը.
ժա) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը:
3. Ամփոփիչ արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:
4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է ամփոփիչ արձանագրությանը:
5. Շրջանում (քաղաքում) ընտրությունների արդյունքները հրապարակվում են և շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի նախագահը ամփոփիչ արձանագրության մեկ օրինակը ընտրական հանձնաժողովում մնացած բոլոր ընտրական փաստաթղթերի հետ ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:
6. Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը ընտրությունների ժամանակ պարտավոր է քվեարկության ավարտից հետո, առնվազն երեքժամյա պարբերականությամբ, կենտրոնական ընտրական հանձնաժողով հաղորդել ընտրությունների ընթացիկ արդյունքները՝ ըստ տեղամասերի:
7. Շրջանային ընտրական հանձնաժողովի 2 անդամի կամ թեկնածուի վստահված անձի գրավոր պահանջով հանձնաժողովն ստուգում է համապատասխան տեղամասերում տեղամասային արձանագրությունների համապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին: Ստուգումներին կարող են մասնակցել համապատասխան տեղամասային արձանագրությունները կազմելիս հատուկ կարծիքի հեղինակները, այդ հանձնաժողովի նախագահը և թեկնածուի վստահված անձինք:
|
Հոդված 65. |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովներից ստացված՝ ընտրությունների նախնական արդյունքների հիման վրա, ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 28 ժամ հետո, հրապարակում է ընտրությունների նախնական արդյունքները՝ թեկնածուներից յուրաքանչյուրի օգտին տրված ձայների թիվը, քվեարկության մասնակիցների թիվը և անճշտությունների չափը:
2. Մինչև ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նիստին կարող են մասնակցել նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, շրջաններում ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփ տվյալների հիման վրա, քվեարկությունից հետո 72 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովում՝ տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում՝ 10 օր հետո, կազմում է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը՝ նշելով ամփոփ և ըստ շրջանների (քաղաքի) հետևյալ տվյալները՝
ա) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի.
բ) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների.
գ) տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը.
դ) մարված քվեաթերթիկների թիվը.
ե) քվեատուփերում վավեր քվեաթերթիկների թիվը.
զ) անվավեր քվեաթերթիկների թիվը.
է) քվեատուփերում քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
ը) բոլոր թեկնածուներին դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.
թ) թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.
ժ) անճշտությունների չափը.
ժա) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը:
4. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:
5. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:
6. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
7. Թեկնածուի վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և տեղակալի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների ավարտից հետո պաշտոնական հաղորդագրություն է հրապարակում ընտրությունների վերջնական արդյունքների մասին:
|
Հոդված 66. |
Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելը |
1. Ընտրությունները համարվում են կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է ընտրողների թվի 25 տոկոսից ավելին:
2. Քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենքի 64 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովն ըստ ընտրատարածքների ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը՝
ա) պատգամավոր ընտրվելու մասին.
բ) պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.
գ) պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:
3. Պատգամավոր ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է առավելագույն «կողմ» ձայներ:
4. Եթե քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում մասնակիցների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:
5. Եթե հավասար թվով առավելագույն «կողմ» ձայներ ստացել են 2 և ավելի թեկնածուներ, ապա ընտրված է համարվում պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքային առավել մեծ փորձ ունեցողը, իսկ հավասար պայմանների դեպքում թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն՝ ընտրված թեկնածուին որոշելու համար:
6. Պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը կամ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:
7. Պատգամավորի ընտրությունը համարվում է չկայացած, եթե՝
ա) քվեարկված մեկ թեկնածուն չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ.
բ) ընտրված թեկնածուն մահացել է մինչև ընտրությունների արդյունքներն ամփոփելը:
Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի նախագահը, ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո՝ երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
8. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:
9. Պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենքով սահմանված կարգով, անցկացվում է վերաքվեարկություն:
10. Պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո անցկացվում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված ժամկետներում:
ԳԼՈՒԽ XII
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
|
Հոդված 67. |
Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և պատգամավորության թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները |
1. Ազգային ժողովի հերթական ընտրություններ անցկացվում են նրա լիազորությունների ավարտին նախորդող 60 օրվա ընթացքում:
2. Հերթական ընտրություններ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը հրապարակվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:
3. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը համապատասխան շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ՝ մինչև ժամը 12-00-ն, իսկ առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները և գրանցման համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերը շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովներ են ներկայացվում քվեարկությունից 35 օր առաջ՝ մինչև ժամը 18-00-ն:
4. Պատգամավորության թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ՝ մինչև ժամը 18-00-ն:
|
Հոդված 68. |
Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ նշանակելը և անցկացնելը |
1. Հերթական ընտրությունների արդյունքներով կամ պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով Ազգային ժողովի մանդատի թափուր մնալու դեպքում համապատասխան ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ:
2. Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով.
ա) մայիս ամսվա երկրորդ կիրակի օրը, եթե մանդատը թափուր է մնացել մինչև մարտի 1-ը.
բ) հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը, եթե մանդատը թափուր է մնացել մինչև օգոստոսի 1-ը.
3) Ազգային ժողովի լիազորությունների հինգերորդ տարում լրացուցիչ ընտրություններ չեն անցկացվում:
|
Հոդված 69. |
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը |
1. Արտահերթ ընտրություններ անցկացվում են Ազգային ժողովն արձակելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:
2. Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:
3. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 և ոչ ուշ, քան 15 օր առաջ:
4. Պատգամավորության թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 15 և ոչ ուշ, քան 10 օր առաջ:
|
Հոդված 70. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1994 թվականի դեկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
29 մարտի 2000թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-104 |
|