ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորների ընտրություններն իրականացվում են համընդհանուր, գաղտնի, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա:
Հոդված 2. Ընտրելու իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18 տարեկան դարձած քաղաքացիները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավոր կարող են ընտրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապրող և 21 տարեկան դարձած քաղաքացիները:
Հոդված 3. Ընտրությունների անցկացումն ապահովում են ընտրական հանձնաժողովները, որոնք կազմվում են աշխատավորական կոլեկտիվների, հասարակական կազմակերպությունների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվների, ըստ բնակության վայրի ընտրողների և ըստ զորամասերի զինծառայողների ժողովների ներկայացուցիչներից:
Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորների թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է աշխատավորական կոլեկտիվներին, հասարակական կազմակերպություններին, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվներին, ըստ բնակության վայրի ընտրողների և ըստ զորամասերի զինծառայողների ժողովների:
Հոդված 5. Ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական բյուջեի հաշվին:
Հոդված 6. Ընտրությունների մասին օրենսդրության խախտման համար պաշտոնատար անձինք և քաղաքացիները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ
Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորների ընտրությունները նշանակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի կողմից՝ ոչ ուշ, քան ընտրությունների օրից 60 օր առաջ:
Ընտրությունների օրը նշանակելու մասին հաղորդումը հրապարակվում է մամուլում:
Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորների ընտրությունների համար կազմվում են 33 ընտրատարածքներ:
Ընտրատարածքները կազմվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորների ընտրությունների Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:
Յուրաքանչյուր ընտրատարածքից ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ մեկ պատգամավոր:
Ընտրատարածքների ցուցակները ԿԸՀ կողմից հրապարակվում են ոչ ուշ, քան ընտրությունների նշանակումից 10 օր հետո:
Հոդված 9. Ընտրատարածքները կազմվում են ընտրողների մոտավորապես հավասար քանակությունից, թույլատրելով մինչև 10 տոկոսի հասնող շեղում:
3. ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ
Հոդված 10. Քվեարկությունն անցկացնելու և ձայները հաշվելու համար ընտրատարածքի մեջ մտնող շրջանների և քաղաքների տարածքը բաժանվում է ընտրական տեղամասերի: Ընտրական տեղամասեր են կազմվում նաև զորամասերում և ընտրատարածքի մեջ են մտնում ըստ զորամասերի տեղաբաշխման վայրի:
Հոդված 11. Ընտրական տեղամասերը կազմվում են իշխանության տեղական մարմինների կողմից, համաձայնեցնելով ընտրատարածքային հանձնաժողովների հետ, իսկ զորամասերում՝ ըստ զորամասերի հրամանատարների ներկայացման: Ընտրական տեղամասերը կազմվում են ոչ ուշ, քան ընտրությունների նշանակումից 14 օր անց:
Իշխանության տեղական մարմինները բնակչությանը իրազեկում են տեղամասի սահմանների, տեղամասային ընտրական հանձնաժողովի և քվեարկության համար նախատեսված շենքի գտնվելու վայրի մասին:
4. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորների ընտրությունների անցկացման համար կազմվում են ընտրական հանձնաժողովներ.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորների ընտրությունների ԿԸՀ.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորների ընտրությունների ընտրատարածքային հանձնաժողովներ.
Տեղամասային ընտրական հանձնաժողովներ:
Հոդված 13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորների ընտրությունների ԿԸՀ կազմվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի կողմից՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների, հանրապետության քաղաքների և շրջանների առաջարկները՝ ոչ ուշ, քան ընտրություններից 59 օր առաջ, նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի և հանձնաժողովի 8 անդամների կազմով:
Հոդված 14. ԿԸՀ-ն սույն օրենքի կատարման համար վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում, նպատակաուղղում է ընտրական հանձնաժողովների գործունեությունը, կազմում ընտրատարածքներ, զբաղվում ընտրությունների նյութատեխնիկական ապահովման հարցերով, սահմանում քվեաթերթիկների, ընտրողների ցուցակների, նախընտրական ժողովների և ընտրական հանձնաժողովների նիստերի արձանագրությունների, մյուս ընտրական փաստաթղթերի ձևերը, քվեատուփերի և ընտրական հանձնաժողովների կնիքների նմուշները, փաստաթղթերը պահելու կարգը:
ԿԸՀ գրանցում է ընտրված պատգամավորներին, ամփոփում ընտրությունների արդյունքները և հաղորդումներ հրապարակում դրանց մասին, վճռում կրկնական ընտրությունների անցկացման, պատգամավորների հետկանչին առնչվող հարցերը, նշանակում ընտրություններ դուրս մնացած պատգամավորների փոխարեն և ապահովում դրանց անցկացումը, քննության առնում ընտրական հանձնաժողովների այսպիսի գործողություններից ստացված դիմումներն ու բողոքները և վճիռ կայացնում դրանց առթիվ, որոնք կարող են դատական կարգով գանգատարկվել:
Հոդված 15. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմվում է յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրությունների նշանակումից հետո ոչ ուշ, քան 10 օր առաջ, 5-7 անդամի կազմով:
Այդ հանձնաժողովների անդամության թեկնածուներն առաջադրվում են աշխատավորական կոլեկտիվների, հասարակական կազմակերպությունների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվների, ըստ բնակության վայրի ընտրողների և ըստ զորամասերի զինծառայողների ժողովների կողմից:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կազմվում են իշխանության տեղական մարմինների կողմից:
Հոդված 16. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում սույն օրենքի կատարման նկատմամբ, նպատակաուղղում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեությունը, հետևում ընտրողների ցուցակները կազմելու և դրանց համընդհանուր ծանոթացման համար ներկայացնելու գործընթացին, կազմակերպում պատգամավորության թեկնածուների առաջադրումը, գրանցում առաջադրված պատգամավորության թեկնածուներին, նրանց վստահված անձանց, համապատասխան ժամանակավոր վկայագրեր տալիս նրանց: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է պատգամավորության թեկնածուների հանդիպումներ ընտրողների հետ, հաստատում է ըստ տարածքի քվեաթերթիկի տեքստը, ապահովում դրանց պատրաստումը և դրանցով տեղամասային ընտրական հանձնաժողովների մատակարարումը, սահմանում և մամուլում հրապարակում է ընտրությունների արդյունքները, վկայագիր է հանձնում ընտրված պատգամավորին, կազմակերպում կրկնական քվեարկություն և կրկնական ընտրությունների անցկացումը, քննարկում բողոքները և դիմումները տեղամասային հանձնաժողովների գործողություններից և վճիռներից:
Հոդված 17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմվում է ընտրությունների նշանակումից հետո ոչ ուշ, քան 15 օր առաջ, 3-5 անդամի կազմով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմի թեկնածուներն առաջադրվում են սույն օրենքի 14 հոդվածով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների համար նախատեսված կարգով:
Տեղամասային հանձնաժողովները հաստատվում են իշխանության տեղական մարմինների կողմից:
Հոդված 18. Տեղամասային ընտրական հանձնաժողովը ըստ տեղամասի կազմում է ընտրողների ցուցակները, ընտրողներին ծանոթացնում այդ ցուցակներին և մտցնում անհրաժեշտ շտկումներ ու լրացումներ, բնակչությանը իրազեկում տեղամասային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրի և նրա աշխատաժամանակի, ինչպես նաև ընտրությունների օրվա ու քվեարկության տեղի մասին: Ապահովում է քվեարկության և քվեատուփերի համար սենյակների նախապատրաստումը, ընտրությունների օրը կազմակերպում է քվեարկությունը տեղամասում, կատարում է ընտրական տեղամասում տրված քվեների հաշվարկը, քննարկում ընտրությունների անցկացման և քվեարկության կազմակերպման հարցերի առթիվ ստացված դիմումներն ու բողոքները:
Հոդված 19. Ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարը ընտրվում են համապատասխան հանձնաժողովի նիստում:
Ընտրական հանձնաժողովի նիստերը հանդիսանում են իրավազոր, եթե դրանց մասնակցել են հանձնաժողովի կազմի առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի որոշումները ընդունվում են բաց քվեարկությամբ, հանձնաժողովի ընդհանուր կազմի ձայների մեծամասնությամբ:
Իրենց լիազորությունների սահմաններում ընտրական հանձնաժողովների ընդունած որոշումները պարտադիր են կատարման բոլոր ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների կողմից, իսկ նրա որոշումների հետ անհամաձայնության դեպքում դրանք կարող են գանգատարկվել վերադաս ընտրական հանձնաժողովում:
5. ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
Հոդված 20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորների ընտրությունների ընտրողների ցուցակը կազմվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից՝ ըստ յուրաքանաչյուր ընտրական տեղամասի և ստորագրվում է նրա նախագահի և քարտուղարի կողմից:
Ընտրողների ազգանունները ընտրողների ցուցակում նշվում են քվեարկության կազմակերպման համար հարմար կարգով:
Հոդված 21. Ընտրողների ցուցակի մեջ մտցվում են 18 տարեկան դարձած այն քաղաքացիները, ովքեր դրանք կազմելու պահին բնակվում են տվյալ տեղամասի տարածքում և ունեն քվեարկությանը մասնակցելու իրավունք:
Հոդված 22. Ընտրողների ցուցակը համընդհանուր ծանոթացման է ներկայացվում ընտրություններից 15 օր առաջ: Քաղաքացիներին ապոհովվում է ծանոթանալու ընտրողների ցուցակին և ստուգելու այն կազմելու ճշտությունը, տրվում ցուցակում թույլ տրված անճշտությունները բողոքարկվելու իրավունք, ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում, իսկ նախօրյակին և ընտրությունների օրը՝ անհապաղ: Հանձնաժողովի կողմից մերժումը կարող է բողոքարկվել դատարան:
6. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23. Ազգային ժողովի պատգամավորների առաջադրումը սկսվում է ընտրությունների նշանակումից հետո ոչ ուշ, քան 21 օր առաջ և ավարտվում ընտրություններից 20 օր առաջ:
Պատգամավորության թեկնածուների առաջադրումը կատարվում է ընտրատարածքում գտնվող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվների ժողովներում, ինչպես նաև այն դեպքում, եթե թեկնածուի պաշտպանության օգտին հավաքվել է տվյալ ընտրատարածքի ընտրողների առնվազն 10 տոկոսի ստորագրությունը: 50 հոգուց պակաս կոլեկտիվները կարող են ընտրատարածքային հանձնաժողովի հետ համաձայնությամբ անցկացնել միավորված ժողովներ, ըստ որում մասնակիցների ընդհանուր քանակը պետք է կազմի առնվազն 100 հոգի:
Պատգամավորության թեկնածուների առաջադրման համար զինծառայողների ժողովները հրավիրվում են զորամասերի հրամանատարների կողմից: Այդ ժողովներում առաջադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորի մեկ թեկնածու:
Թեկնածուն համարվում է առաջադրված, եթե նրա օգտին քվեարկել է ժողովի մասնակիցների կեսից ավելին: Պատգամավորության թեկնածուի առաջադրման մասին կազմվում է արձանագրություն, և ընդունված որոշումը ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում հայտնվում է պատգամավորության թեկնածուին: Ժողովրդական պատգամավորի թեկնածուներ են առաջադրվում այն անձինք, ովքեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում աշխատում և ապրում են առնվազն 2 տարի:
Հոդված 24. ԱԺ պատգամավորի թեկնածուները ընտրատարածքային հանձնաժողովի կողմից գրանցվում են պատգամավորության թեկնածուին առաջադրած մարմինների ներկայացմամբ: Պատգամավորության թեկնածուների գրանցումն սկսվում է ընտրություններից 35 օր առաջ և ավարտվում 15 օր առաջ:
Պատգամավորության թեկնածուներին գրանցելու մասին որոշումը ընդունվում է տվյալ ընտրատարածքում պատգամավորության թեկնածուների առաջադրման մասին ժողովների արձանագրությունների և տվյալ ընտրատարածքում քվեարկվելու համաձայնության մասին պատգամավորության թեկնածուների դիմումի առկայության դեպքում:
Պատգամավորության թեկնածուների գրանցման մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմում է արձանագրություն, որը առաջադրված անձանց դիմումների հետ միասին եռօրյա ժամկետում ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Պատգամավորության թեկնածուն կարող է միաժամանակ քվեարկվել միայն մեկ ընտրատարածքում: Պատգամավորության թեկնածուն չի կարող լինել ԿԸՀ-ի, ինչպես նաև այն ընտրատարածքային կամ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում, որտեղ նա թեկնածու է առաջադրվել:
Նշված հանձնաժողովներից որևէ մեկում ընդգրկված անձանց թեկնածու գրանցելու պահից, նրանք համարվում են հանձնաժողովի պարտականություններից ազատված:
Ընտրատարածքային հանձնաժողովը ոչ ուշ, քան պատգամավորության թեկնածուների գրանցումից հետո 5-րդ օրը հրապարակում է գրանցման մասին հաղորդագրություն, նշելով պատգամավորության թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, զբաղեցրած պաշտոնը և աշխատանքի ու բնակության վայրը:
Հոդված 25. Պատգամավորության թեկնածու առաջադրած ժողովներն ու ընտրողները իրավունք ունեն մինչև ընտրությունները ցանկացած ժամանակ փոխել իրենց որոշումը առաջադրման մասին: Ընտրողների կողմից առաջադրված թեկնածուի հետկանչի դեպքում դրա օգտին պետք է հանդես գա իրենց ստորագրությունը տված ընտրողների 50 տոկոսից ավելին: Որոշումը ներկայացվում է համապատասխան ընտրական հանձնաժողով:
Պատգամավորության թեկնածուն իրավազոր է ընտրություններից առաջ ցանկացած ժամանակ հանել իր թեկնածությունը, այդ մասին դիմելով համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Հոդված 26. Քվեաթերթիկի մեջ այբբենական կարգով մտցվում են համապատասխան ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորների բոլոր թեկնածուները, նշելով հանդերձ յուրաքանչյուր թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը (զբաղմունքը), աշխատանքի և բնակության վայրը: Քվեաթերթիկները տպագրվում են հայերեն լեզվով: Քվեաթերթիկները ընտրատարածքի բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներին են հասցվում ոչ ուշ, քան ընտրություններից 3 օր առաջ:
Հոդված 27. ԱԺ պատգամավորի թեկնածուները իրավունք ունեն հանդես գալ ժողովներում, օգտվել զանգվածային լրատվության միջոցներից, տեղեկատվություն ստանալ պետական և հասարակական մարմիններից, ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարներից:
ԱԺ պատգամավորի թեկնածուն հանդես է գալիս իր ապագա գործունեության ծրագրով:
ԱԺ պատգամավորի թեկնածուն գրանցվելուց հետո, նախընտրական հանդիպումների և ելույթների համար նախատեսված ժամանակաընթացքում ազատվում է արտադրական և ծառայողական պարտականություններից, պահպանելով հանդերձ միջին աշխատավարձը, ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ցանկացած փոխադրամիջոցով, տաքսիներից բացի, անվճար երթևեկության իրավունք, օժտված է անձեռնմխելիությամբ:
Պատգամավորության թեկնածուն կարող է ունենալ մինչև 3 վստահված անձ, որոնք օգնում են նրան ընտրարշավ անցկացնելիս: Նրանց մասին գրավոր հայտնում է ընտրատարածքային հանձնաժողովին՝ գրանցման համար:
7. ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Հոդված 28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորների ընտրությունների քվեարկությունն անց է կացվում ընտրությունների օրը տեղական ժամանակով ժամը 7-ից մինչև 20-ը: Քվեարկության ժամանակի և տեղի մասին տեղամասային ընտրական հանձնաժողովը ընտրողներին իրազեկում է ընտրություններից ոչ ուշ, քան 10 օր առաջ: Անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով տեղական պայմանները, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, համաձայնեցնելով ԿԸՀ-ի հետ, կարող է փոխել քվեարկության ժամանակը:
Հոդված 29. Քվեարկությունը կատարվում է գաղտնի քվեարկության հատուկ կահավորված խցիկներում կամ սենյակներում: Քվեատուփերը այնպես են տեղադրվում, որ քվեարկողները դրանց մոտենալիս անպայման անցնեն գաղտնի քվեարկության խցիկներով:
Ընտրությունների օրը, քվեարկությունն սկսելուց առաջ, քվեատուփերը ստուգվում են, կնքվում կամ կապարակնքվում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ: Յուրաքանչյուր ընտրող ձայն է տալիս անձամբ անձը հաստատող փաստաթղթով, թվեաթերթիկը հանձնելու մասին նշում է կատարվում ընտրողների ցուցակներում: Հիվանդության կամ այլ պատճառով քվեարկությանը մասնակցելու հնարավորություն չունեցող ընտրողների համար տեղամասային հանձնաժողովի առնվազն երկու անդամի կողմից քվեարկություն է կազմակերպվում նրանց գտնվելու տեղում:
Հոդված 30. Քվեաթերթիկը լրացնում է քվեարկողը՝ գաղտնի քվեարկության խցիկում: Արգելվում է այլ անձանց ներկայությունը այդ ընթացքում: Քվեաթերթիկը ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողը իրավազոր է խցիկ հրավիրել այլ անձի, ընտրական հանձնաժողովի անդամից բացի:
Ընտրողը քվեաթերթիկի մեջ ջնջում է այն թեկնածուների ազգանունները, որոնց դեմ ինքը քվեարկում է: Լրացված քվեաթերթիկը մտցվում է քվեատուփի մեջ:
Հոդված 31. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորների ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասում ձայների հաշվառում է կատարվում յուրաքանչյուր պատգամավորության թեկնածուի համար առանձին:
Մինչև քվեարկության ավարտն արգելվում է տեղամասային ընտրական հանձնաժողովին հանձնված քվեատուփերի և կնքված ծրարների բացումը: Քվեատուփերը բացելուց առաջ բոլոր չօգտագործված քվեաթերթիկները հաշվվում են և կնքվում տեղամասային հանձնաժողովի կողմից:
Տեղամասային հանձնաժողովը ըստ ընտրողների ցուցակի սահմանում է ընտրողների ընդհանուր թիվը տեղամասում, ինչպես նաև քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը: Քվեատուփերում եղած քվեաթերթիկների հիման վրա հանձնաժողովը պարզում է քվեարկությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թիվը, «կողմ» և «դեմ» տրված ձայների թիվը, անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը:
Անվավեր են ճանաչվում չսահմանված նմուշի քվեաթերթիկները և նրանք, որոնցում քվեարկության ժամանակ թողնվել է մեկից ավելի պատգամավորության թեկնածու: Ավելացված ազգանունները չեն հաշվվում:
Ձայների հաշվման արդյունքները մտցվում են արձանագրության մեջ, որը ստորագրում են տեղամասային հանձնաժողովի նախագահը, տեղակալը, քարտուղարը և անդամները ու անհապաղ ուղարկվում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Հոդված 32. Տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ըստ ընտրատարածքի ընտրողների ընդհանուր թիվը, քվեաթերթիկ ստացած, քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը, «կողմ» և «դեմ» տրված ձայների թիվը, անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը:
Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ընտրություններում ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների կեսից ավելին:
Ընտրությունները համարվում են չկայացած, եթե դրանց մասնակցել է ցուցակների մեջ մտցված ընտրողների կեսից պակաս մասը, ինչպես նաև պատգամավորության թեկնածուի դուրս մնալու կապակցությամբ, եթե ընտրատարածքում գրանցված է մեկ թեկնածու:
Ընտրությունների արդյունքները որոշվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում և գրանցվում արձանագրության մեջ, որը ստորագրում են հանձնաժողովի նախագահը, տեղակալը, քարտուղարը, հանձնաժողովի անդամները և ուղարկվում ԿԸՀ:
Ընտրությունների արդյունքների մասին հաղորդագրությունը համապատասխան ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվում է մամուլում՝ ԿԸՀ կողմից սահմանված ժամկետներում և ձևով:
Հոդված 33. ԿԸՀ-ն ընտրատարածքային հանձնաժողովներից ստացված արձանագրությունների հիման վրա գրանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորներին: ԿԸՀ կարող է ընտրութունները ճանաչել անվավեր, եթե դրանց ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի խախտումներ և մերժել գրանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորներին:
ԿԸՀ որոշումները կարող են բողոքարկվել Գերագույն դատարան:
Հոդված 34. Ամբողջությամբ վերցրած հանրապետությունում ընտրությունների արդյունքների մասին հաղորդագրությունը և ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորների ցուցակը ԿԸՀ-ն մամուլում հրապարակում է ընտրությունների անցկացումից հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում:
8. ԿՐԿՆԱԿԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱԾՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Հոդված 35. Եթե ընտրատարածքում քվեարկել են պատգամավորության երկուսից ավելի թեկնածուներ և նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կրկնական քվեարկությունը անց է կացվում ոչ ուշ, քան երկշաբթյա ժամկետում:
Հոդված 36. Այն դեպքում, եթե ընտրատարածքում երկու քվեարկվող թեկնածուներից և ոչ մեկը չի ընտրվել կամ ընտրատարածքում ընտրությունները ճանաչվել են չկայացված, կամ անվավեր, կամ էլ կրկնական քվեարկությունը հնարավորություն չի տվել որոշելու ընտրված պատգամավորին, ԿԸՀ-ն հանձնարարում է ընտրատարածքային հանձնաժողովին երկամսյա ժամկետում ընտրատարածքում անցկացնել նոր ընտրություններ:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման արարողակարգն անց է կացվում սույն օրենքով սահմանված կարգով: Ընդ որում չեն կարող կրկնակի քվեարկվել այն քաղաքացիները, ովքեր տվյալ ընտրատարածքում ընդհանուր ընտրությունների ընթացքում չեն հավաքել ձայների անհրաժեշտ թիվը:
|
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ՝ |
Կ. ԲԱԲՈՒՐՅԱՆ
Վ. ՀԱԿՈԲՅԱՆ |
| 05 հունվարի 1995թ.
ք. Ստեփանակերտ
Թ-Ն-0113-1 |
|