ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կազմում հարկային տեսչություն ստեղծելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական բարեփոխումների հիմնադրույթների իրականացման, հարկային օրենսդրության բարելավման, պետական բյուջեի եկամուտների ապահովման, տնտեսական իրավախախտումների նկատմամբ հսկողության համակարգի կատարելագործման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Լուծարել ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության և Ստեփանակերտի քաղաքային ֆինանսական բաժնի պետական եկամուտների և հարկերի բաժինները:
2. ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կազմում ստեղծել հարկային տեսչություն:
3. Հանձնարարել ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը եռամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ԼՂՀ կառավարությանը` վարչատարածքային հարկային տեսչությունների կառուցվածքների մասին:
4. Հաստատել ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հարկային տեսչության կանոնադրությունը (կցվում է):
| ԼՂՀ վարչապետ |
Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1995թ. մարտի 14-ի
թիվ 26 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային տեսչության
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային տեսչությունը էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կազմում գործող մարմին է, որն իրականացնում է հանրապետության տարածքում հարկային և գնագոյացման հարցերի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական ակտերի կատարման վերահսկողությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային տեսչությունը պատասխանատվություն է կրում հանրապետության հարկային ոլորտում տիրող վիճակի և բյուջեի եկամուտների ապահովման համար:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային տեսչության հիմնական խնդիրներն ու ֆունկցիաները
2.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային տեսչության հիմնական խնդիրներն են.
- Հարկերի և բյուջե կատարվող մյուս պարտադիր վճարումների ճիշտ հաշվարկման և ժամանակին բյուջե մուծման ապահովումը;
- գործող օրենսդրության համաձայն արտաբյուջետային և այլ ֆոնդեր ուղղվող միջոցների (այդ թվում` սոցիալական ապահովագրության վճարումների) հաշվարկման ճշտության, լրիվ և ժամանակին մուծման վերահսկողությունը;
- պետության կողմից հաստատագրված և կարգավորվող գների և սակագների կիրառման ճշտության և տեսչական վերահսկողության իրականացումը;
- կառավարության համապատասխան մարմինների հետ համագործակցությունը` հանրապետության տարածքում մշակվող և իրականացվող հարկային քաղաքականության խնդիրների շուրջը;
- հարկերը թաքցնելու հետ կապված տնտեսական իրավախախտումների դեմ պայքարը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային տեսչության աշխատանքի կազմակերպումը
3.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային տեսչության համակարգն ընդգրկում է վարչատարածքային տեսչությունների ամբողջությունը:
3.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային տեսչությունը հարկային ոլորտին վերաբերող հարցերը լուծում է օրենսդրությամբ վերապահված իրավունքների սահմաններում:
3.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային տեսչությունը ղեկավարվում է ԼՂՀ հրամանագրերով, Գերագույն խորհրդի ընդունած օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով և կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ: Դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, ԼՂՀ հարկային տեսչությունն իր իրավասության սահմաններում հրապարակում է հրահանգներ, և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է վարչատարածքային տեսչությունների համար և ստուգում է դրանց կատարումը:
3.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային տեսչությունն ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան հարկերի ոլորտում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ ու դրանք, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի համաձայնությամբ, ուղարկում է կառավարության քննարկմանը:
3.5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային տեսչությունն իր վրա դրված խնդիրների և ֆունկցիաների իրականացման համար իրավասու է.
ա/ սահմանել հարկերի հաշվառման կարգը;
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարություններում և գերատեսչություններում, հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, ինչպես նաև հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մոտ անցկացնել գների և սակագների, բյուջետային և արտաբյուջետային հատկացումների, վճարումների ու գանձումների հաշվարկման հետ կապված փաստաթղթերի ստուգումներ, ստանալ անհրաժեշտ բացատրություններ, տեղեկանքներ և տեղեկություններ` կապված ստուգումների ընթացքում ծագող հարցերի հետ;
գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանկային հիմնարկություններից ստանալ տեղեկություններ իրավաբանական անձանց հաշվարկային և այլ հաշիվներով կատարվող գործառությունների և այդ հաշիվներում առկա դրամական միջոցների վերաբերյալ;
դ/ իրենց պարտականություններն իրականացնելիս` սեփականատիրոջ, նրա ներկայացուցչի կամ պաշտոնատար անձանց ներկայությամբ մտնել ձեռնարկությունների և քաղաքացիների արտադրական, պահեստային, առևտրական կամ այլ շինություններ, որոնք կարող են կապված լինել շահույթի (եկամտի) ստացման կամ հարկման այլ օբյեկտ պարունակելու հետ;
ե/ ստուգել վարորդների մոտ եղած ուղերթների, ապրանքատրանսպորտային բեռների և այլ փաստաթղթերի համապատասխանությունը տեղափոխվող բեռներին;
զ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկատուներից, այդ թվում քաղաքացիներից, ձեռնարկությունների և կազմակերպությունների պաշտոնատար անձանցից պահանջել սահմանված ժամկետում վերացնել արձանագրված թերությունները;
է/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավել այն փաստաթղթերը և իրեղեն ապացույցները, որոնք վկայում են շահույթի (եկամտի) թաքցման, նվազեցման, ինչպես նաև հարկվող այլ օբյեկտների թաքցման և պետության կողմից հաստատագրված գների կարգապահության խախտման մասին;
ը/ կատարել ստուգիչ գնումներ;
թ/ ԼՂՀ օրենքով սահմանված կարգով դադարեցնել ձեռնարկությունների հաշվարկային և այլ հաշիվներով գործառնությունները բանկերում և այլ ֆինանսա-վարկային հիմնարկություններում, եթե հարկային տեսչություններին թույլ չեն տալիս կատարել ստուգումներ, կամ չեն ներկայացնում բյուջետային և արտաբյուջետային ֆոնդեր մուծումների, գների և սակագների սահմանման և կիրառման հետ կապված հաշվապահական հաշվեկշիռները, հաշվետվությունները, հայտագրերը, հաշվարկներն ու այլ փաստաթղթերը;
ժ/ hրատարակել իրավասության սահմաններում մեթոդական և հրահանգչական ցուցումներ, բացատրություններ, պարզաբանումներ, ձեռնարկներ և գրքույկներ;
ի/ ձեռնարկությունների և քաղաքացիների դեմ հայցեր հարուցել արբիտրաժ և դատարան;
լ/ ստուգումների կազմակերպական և անցկացման ժամանակ անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով, ներգրավել մասնագետների ու այլ աշխատողների;
խ/ ձեռնարկությունների և քաղաքացիների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով, կիրառել ֆինանսական և վարչական տույժեր ու տուգանքներ;
ծ/ հարկերի, բյուջետային և արտաբյուջետային պարտադիր մուծումների, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և մյուս օրենսդրական փաստաթղթերով սահմանված ապառիկների ժամկետին չմուծված գումարները ձեռնարկություններից բյուջե են գանձվում անառարկելի կարգով, իսկ քաղաքացիներից` դատական կարգով: Մուծման ժամկետի խախտման ամբողջ ժամանակաշրջանի համար գանձվում է տույժ` չմուծված գումարի 0,5 տոկոսի չափով` յուրաքանչյուր օրվա համար:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային տեսչությունը իր վրա դրված խնդիրների և ֆունկցիաների իրականացման ընթացքում պարտավոր է`
ա/ իրականացնել հարկատուների և հարկվող օբյեկտների հաշվառումը;
բ/ հարկման գործընթացում պահպանել իրավաբանական և ֆիզիկական անձանց ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված իրավունքներն ու շահերը;
գ/ ապահովել օրենսդրությամբ սահմանված հարկերի և բյուջե կատարվող մյուս պարտադիր վճարումների ճիշտ հաշվարկման, պետական բյուջե, արտաբյուջետային ֆոնդեր դրանց լրիվ և ժամանակին մուծման վերահսկողությունը, պարզաբանել դրանց օրենսդրական և նորմատիվային այլ փաստաթղթերի կիրարկման կարգը;
դ/ օգտագործել հարկատուների մասին տեղեկությունները բացառապես ծառայողական նպատակներով, պահպանել օրենսդրությամբ նախատեսված կոմերցիոն, առևտրային և ավանդների գաղտնիքը;
ե/ իրականացնել պետության կողմից հաստատագրված գների և վճարների տեսչական հսկողությունը;
զ/ կիրառել և ժամանակին բյուջե գանձել ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական և այլ պատժամիջոցները;
է/ համապատասխան պետական մարմիններին հանձնել այն իրավախախտումների վերաբերյալ նյութերը, որոնց համար գործող օրենսդրության համաձայն նախատեսված է կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվություն;
ը/ հրապարակել հարկերը թաքցնելու հետ կապված տնտեսական իրավախախտումների դեմ մղվող պայքարի գծով տարվող գործունեության արդյունքների և այդ գործունեության բարելավմանը նպաստող միջոցառումների մասին եղած տեղեկությունները քաղաքացիների, հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների պահանջով` բացառությամբ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:
7. Հարկային մարմինների գործունեության ընթացքում արգելվում է.
ա/ օրենքով սահմանված և սույն կանոնադրությամբ նախատեսված հիմքերի բացակայության դեպքերում սկսել կամ դադարեցնել օպերատիվ միջոցառումները;
բ/ կատարել այնպիսի գործողություններ, որոնք վտանգի տակ են դնում քաղաքացիների կյանքը, առողջությունը և ունեցվածքը;
գ/ քաղաքացիների նկատմամբ ձեռնարկել օպերատիվ միջոցառումներ` կապված նրանց ազգային պատկանելության, դավանանքի, համոզմունքների, հասարակական կազմակերպություններին և շարժումներին մասնակցելու հետ;
դ/ քաղաքացիներին ստիպել և հրահրել օրինազանցությունների կատարման;
ե/ օգտագործել բռնություն, սպառնալիքներ, շանտաժ, քաղաքացիների և պաշտոնատար անձանց իրավունքները, ազատությունները և օրինական շահերը սահմանափակող այլ օրինական գործողություններ:
8. Վարչատարածքային հարկային տեսչությունների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների նկատմամբ բողոքները և գանգատները ենթակա են քննարկման ԼՂՀ հարկային տեսչության կողմից: Բերված գանգատներով որոշումները պետք է ընդունվեն դրանց ստացման պահից` մեկամսյա ժամկետով: Գանգատներով կայացած որոշումները վերադաս հարկային տեսչության կողմից կարող են գանգատարկվել և բողոքարկվել մեկամսյա ժամկետում: Ընդունված որոշումների հետ իրավաբանական և ֆիզիկական անձանց անհամաձայնության դեպքում դրանք կարող են գանգատարկվել և բողոքարկվել դատական կարգով: Գանգատարկումը չի կասեցնում հարկային տեսչությունների գործողությունները:
9. ԼՂՀ հարկային տեսչությունների պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները չկատարելու կամ դրանցում թերանալու, հարկային օրենսդրությամբ նախատեսված առևտրային և ավանդների գաղտնիքը չպահպանելու համար ենթարկվում են կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվության` ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան:
10. ԼՂՀ հարկային տեսչությունը գլխավորում է հարկային տեսչության պետը, որը էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի ներկայացմամբ նշանակվում և ազատվում է ԼՂՀ կառավարության կողմից:
ԼՂՀ հարկային տեսչության պետի տեղակալը և բաժնի վարիչները նշանակվում և ազատվում են ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի կողմից:
11. Վարչատարածքային հարկային տեսչությունները առանձին իրավաբանական անձ են և ենթարկվում են միայն ԼՂՀ հարկային տեսչության պետին: Վարչատարածքային տեսչությունների պետերը նշանակվում են ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի կողմից, իսկ պատասխանատու աշխատողները` ԼՂՀ հարկային տեսչության պետի կողմից:
12. Վարչատարածքային հարկային տեսչությունների աշխատողների պաշտոններում նշանակվում են ԼՂՀ հարկային տեսչության կողմից հաստատվող աշխատողների պաշտոնական որակավորման բնութագրի պահանջներին համապատասխանող անձինք: Բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններն ավարտած և ֆինանսահարկային աշխատանքի գործնական փորձ չունեցող անձինք մեկ տարվա ընթացքում անցնում են ստաժավորում: ԼՂՀ հարկային տեսչությունների աշխատողները սահմանված կարգով ատեստավորվում են: Համատեղ ծառայություն ԼՂՀ հարկային տեսչություններում և այլ ձեռնարկություններում ու կազմակերպություններում կատարվող աշխատանքի հետ, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել չի թույլատրվում, բացառությամբ` գիտամանկավարժական գործունեության:
13. ԼՂՀ հարկային տեսչության պետը`
ա/ պատասխանատվություն է կրում տեսչության վրա դրված խնդիրների և ֆունկցիաների կատարման համար;
բ/ սահմանում է պետի տեղակալի, բաժինների պետերի, տեսչության մյուս աշխատողների պատասխանատվության աստիճանը` հարկային ոլորտի գործունեության համար;
գ/ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի համաձայնությամբ հաստատում է կենտրոնական ապարատի կառուցվածքը, հաստիքային ցուցակը;
դ/ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
Հարկային տեսչության պետի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալը:
14. ԼՂՀ հարկային տեսչության պետն ի պաշտոնե հանդիսանում է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կոլեգիայի անդամ:
15. ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում հարկային ոլորտի զարգացման հիմնական հարցերը և տեսչության գործունեության այլ հարցեր, քննարկում է վարչատարածքային տեսչությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է տեսչության բաժինների և վարչատարածքային տեսչությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի հրամաններով:
16. ԼՂՀ հարկային համակարգի աշխատողների կողմից բյուջե գանձված լրացուցիչ հարկերի, այլ պարտադիր վճարումների և դրանց վերահսկողական աշխատանքի ընթացքում կիրառված ֆինանսական պատժամիջոցների 10 տոկոսի չափով կազմավորվում է նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը, որն օգտագործվում է ԼՂՀ ՊՊԿ-ի 1994թ. հոկտեմբերի 22-ի հ. 512 որոշմանը համապատասխան: