ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
''23'' ՀՈՒԼԻՍԻ 1996թ. |
N 173 |
ք.Ստեփանակերտ
г. Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել ԼՂՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը (կցվում են):
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1995 թվականի հուլիսի 25-ի «ԼՂՀ ժողկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 148 որոշումը:
| ԼՂՀ վարչապետ |
Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1996թ. հուլիսի 23-ի
թիվ 173 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. ԼՂՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը /այսուհետ` նախարարություն/ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է կրթության, գիտության և մշակույթի համակարգի կառավարումը` ենթարկվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթագիտական և մշակութային համակարգերը ներառում են ԼՂՀ կրթադաստիարակչական, գիտական և մշակութային հաստատությունները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները` անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից:
2. Նախարարությունը պատասխանատվություն է կրում կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում տիրող վիճակի, դրանց հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության, այդ ոլորտներում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:
3. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի ԼՂՀ պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
2. Նախարարության հիմնական խնդիրները և գործառույթները
4. Նախարարության հիմնական խնդիրներն են.
ա/ կրթության, գիտության և մշակույթի համակարգում ԼՂՀ միասնական պետական քաղաքականության իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը.
բ/ կրթության, գիտության և մշակույթի բովանդակային ու կառուցվածքային բարեփոխումը, նրանց առաջանցիկ զարգացման ապահովումը.
գ/ կրթության, գիտության և մշակույթի զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրերի մշակումն ու դրանց իրագործման ապահովումը.
դ/ մատաղ սերնդի ֆիզիկական ու հոգևոր, ինչպես նաև մասնագիտական ու մտավոր զարգացման համար բարենպաստ պայմանների ու հնարավորությունների ապահովումը.
ե/ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում արդյունավետ հարաբերությունների ձևավորումը.
զ/ կրթագիտական ու մշակութային ոլորտների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանն ու նշված ուղղություններով ԼՂՀ պետական քաղաքականության ձևավորմանը մասնակցելը.
է/ կրթագիտական ու մշակութային համակարգերի տեղեկատվական ապահովումը, ուսումնական և մեթոդական միջոցների, նորմատիվ փաստաթղթերի ստեղծումը.
ը/ հասարակության համաչափ զարգացման պահանջներին և միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստումը, նախարարության հաստատությունների դասախոսական, մանկավարժական կադրերով ապահովումը.
թ/ անկախ սեփականության ձևից, կրթական հաստատությունների գործունեության ներդաշնակումը և դրանց արդյունավետ աշխատանքի կազմակերպման նախադրյալների ստեղծումը.
ժ/ կրթության միջազգային փորձի ուսումնասիրումը, այդ նպատակով գիտամանկավարժական աշխատողների, ուսուցիչների, ուսանողների և աշակերտների արտասահման գործուղումների կազմակերպումը.
ի/ ինքնագործ և պրոֆեսիոնալ հայկական ազգային արվեստի հիմնական ուղղությունների սահմանումը, կատարելագործելով մշակութային գործունեության բովանդակությունը, ձևերն ու եղանակները` բնակչության հանգիստը ժամանակի պահանջներին համապատասխան կազմակերպելու, նրան ինքնագործ գեղարվեստական ստեղծագործությանը հաղորդակցելու նպատակով.
լ/ փոխշահավետ պայմաններով մշակութային կապերի զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը այլ երկրների և տարբեր միջազգային մշակութային կազմակերպությունների հետ.
խ/ կրթության և դաստիարակության հիմնախնդիրների վերլուծությունն ու ընդհանրացումը, կրթության զարգացման կենտրոնների ստեղծումը.
ծ/ հատկացված բյուջետային միջոցների նպատակային ծախսման ապահովումը, կրթադաստիարակչական աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման նկատմամբ վերահսկողությունը.
կ/ կրթագիտական և մշակութային ոլորտների զարգացման հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների, Հայ առաքելական եկեղեցու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցումը:
5. Իր հիմնական խնդիրներին համապատասխան նախարարությունը`
ա/ ապահովում է երեխաների պարտադիր տարրական և հիմնական կրթությունը, պայմաններ է ստեղծում միջնակարգ և միջնակարգ մասնագիտական կրթության իրականացման համար և միջոցներ ձեռնարկում կրթության բազմաձևության ընդլայնման համար.
բ/ վերահսկում է պետական կրթական չափորոշիչների պահպանումը պետական և ոչ պետական կրթական հաստատություններում.
գ/ ապահովում է հանրապետությունում գիտական հետազոտությունների և մշակումների վերլուծությունը, ընդհանրացումը, համակարգումը և կատարման վերահսկողությունը.
դ/ օժանդակում է պետական սեփականություն հանդիսացող թանգարանների, պատկերասրահների և ցուցահանդեսների, գրադարանների ֆոնդերի ձևավորմանն ու օգտագործմանը, նպաստում է մշակութային միավորումների, ընկերակցությունների ստեղծմանը.
ե/ կարգավորում և զարգացնում է մշակութային լայն կապեր Հայաստանի Հանրապետության ու սփյուռքահայության հասարակական կազմակերպությունների հետ.
զ/ ապահովում է կադրային քաղաքականության իրագործումը մշակույթի ոլորտում.
է/ կրթության, գիտության և մշակույթի աչքի ընկած աշխատողների նկատմամբ կիրառում է բարոյական, նյութական և այլ խրախուսման միջոցներ.
ը/ մշակում է համակարգի տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերը.
թ/ մասնակցում է կրթության և մշակույթի պետական պատվերների նախագծերի մշակմանը.
ժ/ ապահովում է կրթության և գիտության ինտեգրացումը.
ի/ հաստատում է օրինակելի ուսումնական պլաններ ու ծրագրեր, մշակում ու հրատարակում ուսուցման ու դաստիարակության վերաբերյալ մեթոդական հանձնարարականներ.
լ/ սահմանում պետական հանրակրթական հաստատության տարեկան ուսումնական օրացուցային ժամանակացանկը, սովորողների գիտելիքների գնահատման համակարգը, առաջադիմության ու հաճախման գրանցման, դասարանից դասարան, կուրսից կուրս փոխադրման, ինչպես նաև ավարտական, պետական քննությունների, դիպլոմային նախագծումների աշխատանքների պատրաստման և անցկացման կարգն ու պայմանները.
խ/ իրականացնում է կրթական, գիտական և մշակութային համակարգերի ուսումնագիտական և տեղեկատվական ապահովումը.
ծ/ ոլորտում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, ձևավորում է հիմնարար ու կիրառական հետազոտությունների, փորձարարական կոնստրուկտորական մշակումների, փորձնական արտադրությունների պետական պատվերների նախագծերը.
կ/ սահմանում է ԼՂՀ պետական կրթական հաստատություններում սովորողների և ուսանողների ընդունելության կարգն ու պայմանները, սովորողների արձակուրդների ժամկետները.
հ/ սահմանում է պետական կրթական համակարգի դասախոսական մանկավարժական և ղեկավար աշխատողների վերապատրաստման, ինչպես նաև ատեստավորման կարգն ու պայմանները, կազմակերպում նրանց վերապատրաստման ու ատեստավորման աշխատանքը.
ձ/ մասնակցում է կրթական հաստատությունների դասախոսների, մանկավարժների և մյուս աշխատողների, ուսանողների ու սաների սոցիալական պաշտպանվածության հանրապետական ծրագրերի մշակմանը.
ղ/ մշակում է կրթության, գիտության և մշակույթի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և ներկայացնում ԼՂՀ կառավարության քննարկմանը.
ճ/ սահմանում է համակարգի կրթական հաստատությունների տեսչավորման կարգը, օրենսդրության սահմանված կարգով անցկացնում հաստատությունների տեսչական ստուգումները.
մ/ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է ԼՂ Հանրապետության պետական և ոչ պետական կրթական հաստատությունների հավատարմագրումը, ոչ պետական կրթադաստիարակչական ու մշակութային հաստատությունների լիցենզավորումը, ինչպես նաև սահմանված կարգով բարձրագույն կրթություն ստացած շրջանավարտների հավատարմագրումը.
յ/ հաստատում է իր ենթակայության ուսումնական հաստատությունների, մշակույթի օջախների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների մանկավարժադասախոսական և ղեկավար կադրերի ընտրության, նշանակման և տեղաբախշման կարգը.
ն/ միջազգային կապեր է հաստատում օտարերկրյա պետությունների կրթագիտական և մշակութային կառուցվածքների հետ.
շ/ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է նախարարության համակարգի ուսումնական հաստատությունների բյուջետային հատկացումների բաշխումը և վերահսկում նրանց ֆինանսական գործունեությունը.
ո/ կրթության և մշակույթի հարցերով համագործակցում է շրջանային, քաղաքային վարչակազմերի հետ.
չ/ աջակցում է կրթության հիմնադրամի, կրթասիրաց միության և մանկավարժական ու մշակութային ընկերությունների ստեղծմանը.
պ/ սահմանում է ոչ մասնագիտական կրթությամբ անձանց կրթական հաստատություններում մանկավարժական աշխատանքի անցնելու կարգն ու պայմանները.
ջ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, գործադիր իշխանության տեղական մարմինների հետ համատեղ կազմակերպում է ուսումնադաստիարակչական, մշակութասպորտային բնույթի միջոցառումներ, կրթության, գիտության, մշակույթի հարցերով համաժողովներ, խորհրդակցություններ և այլ միջոցառումներ.
ռ/ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրատարակում է ամսագրեր, մանկավարժական, մանկապատանեկան թերթեր, հանդեսներ, տեղեկագրեր ու պարբերականներ:
3. Նախարարության աշխատանքի կազմակերպումը
1. Նախարարության համակարգը ընդգրկում է իր ենթակայության բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, հանրակրթական, մասնագիտական տեխնիկական, նախադպրոցական և մանկապատանեկան արտադպրոցական պետական կրթական հաստատությունների, Արցախի պետական համալսարանի, ԼՂՀ կադրերի վերապատրաստման ու ատեստավորման հանրապետական ինստիտուտի, ձեռնարկությունների, թատրոնների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:
2. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային ծրագրերին ու պլանին համապատասխան: Նախարարության աշխատանքային պլանն ու ծրագրերը կազմվում են հունվար-դեկտեմբեր ամիսների ընդգրկմամբ:
3. Նախարարությունը կրթությանը, գիտությանը և մշակույթին վերաբերվող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա հաստատություններին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին ԼՂՀ գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:
Նախարարությունը ԼՂՀ մյուս նախարարությունների ու գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:
4. Նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է կրթության, գիտության և մշակույթի ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:
Նախարարությունը համակարգի կրթական հաստատություններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:
5. Նախարարությունը`
ա/ ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է նախարարությանը ենթակա մարմինների, կրթական հաստատությունների, մշակույթի օջախների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.
բ/ մյուս նախարարությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.
գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ ստեղծում, վերակազմավորում և լուծարում է իր համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները.
դ/ թույլտվություն է տալիս իր համակարգի ձեռնարկություններին հիմնադրելու պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ և անդամակցելու ձեռնարկությունների տնտեսական միավորումներին.
ե/ թույլտվություն է տալիս իր համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները ԼՂՀ սահմաններից դուրս ներդնելու համար.
զ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
է/ իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողությունը, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի ու նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը.
ը/ կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից տրված հրամաններն ու հրահանգները:
6. Նախարարությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
7. Կրթության և մշակույթի բնագավառների ընդհանուր կարգավորման և համակարգման վերաբերյալ հրամաններն ու մեթոդական ցուցումները պարտադիր են բոլոր ուսումնական և մշակութային հաստատությունների համար` անկախ գերատեսչական ենթակայությունից:
8. Նախարարության համակարգի հանրակրթական և մշակութային հաստատությունների ղեկավարումն ու վերահսկողությունը իրականացվում է շրջանային /քաղաքային/ վարչակազմերի կրթության և մշակույթի բաժինների միջոցով, որոնց համար պարտադիր է նախարարության հրամանների ցուցումների և գիտամեթոդական հրահանգների կատարումը:
9. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը` ԼՂՀ վարչապետի առաջարկությամբ:
Նախարարն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` նախարարի համաձայնությամբ:
10. Նախարարը`
ա/ պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների համար.
բ/ սահմանում է նախարարի տեղակալի, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` նախարարությանը ենթակա պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, կրթական հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության համար.
գ/ կատարում է պարտականությունների բաշխում.
դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը.
ե/ հաստատում է նախարարության, նրա կոլեգիայի աշխատանքային ծրագրերն ու աշխատակարգը, կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի կրթական, մշակութային հաստատությունների ու հիմնարկների, կազմակերպությունների կանոնադրությունները, նախարարության առարկայական փոքր և ուսումնագիտական մեծ խորհրդի անհատական կազմերը և աշխատակարգերը.
զ/ առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թիվը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի կազմը.
է/ կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.
ը/ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետ.
թ/ սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում շրջանային, քաղաքային վարչակազմին, կրթության և մշակույթի շրջ/քաղ/ բաժնի ղեկավարի պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ.
ժ/ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
11. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:
12. Նախարարությունը ունի կոլեգիա, որի անհատական կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Կոլեգիայի կազմում ընդգրկվում են նախարարը /նախագահ/, նրա տեղակալը` ի պաշտոնե, նախարարության այլ ղեկավար աշխատողներ, ինչպես նաև կրթական հաստատությունների, մշակույթի ոլորտի ու գիտամանկավարժական հիմնարկների ղեկավար աշխատողներ:
13. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում իրեն ենթակա պետական կառավարման մարմինների, կրթական հաստատությունների, մշակութային հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում նախարարության վարչությունների և բաժինների, նախարարությանը ենթակա պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, կրթական հաստատությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` դրանց մասին զեկուցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը կամ վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել ԼՂՀ կառավարությանը կամ վարչապետին:
14. Կրթության, գիտության և մշակույթի զագացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, մանկավարժական գիտության նվաճումներն ու առաջավոր փորձը ներդնելու, ԼՂՀ կրթության, գիտության և մշակույթի համակարգում գիտականորեն հիմնավորված կրթամշակութային միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով նախարարությանը կից ստեղծվում է ուսումնագիտական մեծ խորհուրդ:
15. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի հաստատությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
16. Նախարարության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1996թ. հուլիսի 23-ի
թիվ 173 որոշմամբ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ