ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
''19'' ՆՈՅԵՄԲԵՐԻ 1996թ. |
N 231 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ոչ բնակելի տարածքների (նկուղների, կիսանկուղների, բացվածքների) վարձակալության տրման և օտարման կարգերը հաստատելու մասին
Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի 1996 թվականի հուլիսի 8-ի Թ.Ն-0149-1 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և հանրային բնակֆոնդի սեփականաշնորհման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ոչ բնակելի տարածքների` (նկուղների, կիսանկուղների, բացվածքների) բնակիչներին վարձակալության տրման և օտարման կարգը (հավելված թիվ 1):
2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ոչ բնակելի տարածքների` (նկուղների, կիսանկուղների, բացվածքների) ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, և անհատ ձեռներեցներին վարձակալության տրման կարգը (հավելված թիվ 2):
3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգերը գործում են նկուղների և կիսանկուղների վարձակալության տրմանը և օտարմանը վերաբերող մասով` մինչև բնակելի շենքում սեփականատերերի միավորման` համատիրության (կոնդոմինիում) կազմակերպումը:
4. ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի ու շրջանների վարչակազմերին`
ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 21.03.1997 N 52)
բ) ԼՂՀ «Արցախբնակկոմտնտ» պետական ձեռնարկության հետ համատեղ մեկամսյա ժամկետում հաստատել բնակելի տների նկուղները և կիսանկուղները բնակիչներին վարձակալության տրման և վաճառքի կանոնակարգը.
գ) ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում կազմել այն բնակելի շենքերի ցանկը, որոնց նախագծերով նախատեսված են հատուկ նշանակության նկուղներ և ներկայացնել ԼՂՀ կառավարություն:
(4-րդ կետը փոփ. 21.03.1997 N 52)
|
ԼՂՀ առաջին
փոխվարչապետ |
Ս. ԹԵՎՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ կառավարության
նոյեմբերի19-ի 1996թ.
թիվ 231 որոշման |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ոչ բնակելի տարածքների` (նկուղների, կիսանկուղների, բացվածքների) բնակիչներին վարձակալության տրման և օտարման
1. Սույնով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական, պետական միջոցների մասնակցությամբ կառուցված և հանրային բնակֆոնդի ոչ բնակելի տարածքների (նկուղների, կիսանկուղների, բացվածքների) տվյալ բնակելի տան բնակիչներին (հետագայում` բնակիչներ) վարձակալության տրման և օտարման կարգը:
2. Պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքները բնակիչներին վարձակալության են տրվում կամ օտարվում տնտեսական կարիքների համար` գործող շինարարական նորմերին և կանոններին համապատասխան:
3. Ոչ բնակելի տարածքները բնակիչներին վարձակալության են տրվում կամ օտարվում ըստ պատկանելության` Սետեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների որոշմամբ:
4. Ոչ բնակելի տարածքները բնակիչներին վարձակալության են տրվում կամ օտարվում` հաշվի առնելով դրանց տեխնիկական հնարավորությունները, առանձնահատկություններն ու նպատակահարմարությունը:
5. Բնակիչներին տնտեսական կարիքների համար օգտագործելու նպատակով սահմանված կարգով վարձակալության են տրվում կամ օտարվում բնակելի տների նկուղային և կիսանկուղային տարածքները` մինչև 8,0 քառ. մ մակերերսի չափով (կապված բնակելի շենքի հարկայնությունից):
6. Ոչ բնակելի տարածքները վարձակալելու կամ գնելու համար դիմումը (հայտը) բնակիչները ներկայացնում են ըստ պատկանելության` Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերին, գերատեսչություններին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին:
Ոչ բնակելի տարածքը վարձակալության տալու կամ օտարելու մասին որոշումն ընդունվում է դիմումի տրման օրվանից` մեկամսյա ժամկետում:
7. Ոչ բնակելի տարածքը բնակիչներին վարձակալության տալու կամ օտարելու մասին որոշման կայացումից հետո դիմողի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:
Ապագա վարձակալի մեղքով մեկամսյա ժամկետում վարձակալության պայմանագիրը չկնքելու կամ գնորդի մեղքով տարածքը չգնելու դեպքում տարածքը վարձակալության տալու կամ օտարելու որոշումն ուժը կորցրած է համարվում:
8. Ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը, կողմերի փոխհարաբերությունները, վաղաժամկետ դադարեցման հիմքն ու դրա իրավական հետևանքները նախատեսվում են վարձակալության պայմանագրով:
9. Բնակիչների համար վարձակալությամբ տրված ոչ բնակելի տարածքների տարեկան վարձավճար է սահմանվում ԼՂՀ-ում սահմանված բնակարանային վարձի 75 տոկոսի չափով:
10. Բնկաիչները վարձակալության հիմունքներով իրենց հատկացված ոչ բնակելի տարածքը կարող են սեփականաշնորհել` մուծելով պետական բյուջե յուրաքանչյուր 1 քառ. մ տարածքի համար ԱՄՆ 10 դոլարին համարժեք չափով վճար:
11. Բնակիչների կողմից ոչ բնակելի տարածքների սեփականաշնորհումը և դրա հետ կապված փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի համաձայն:
12. Ոչ բնակելի տարածքի սեփականատերերի (վարձակալների) կողմից դրանց ներքին և արտաքին վերակառուցումները կարող են իրականացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող շինարարական նորմերին և կանոններին համապատասխան` նախապես համաձայնեցնելով այդ աշխատանքները վարչակազմերի ճարտարապետության բաժինների հետ:
13. Բնակելի տների նախագծերով նախատեսված հատուկ նշանակության նկուղները ենթակա չեն սեփականաշնորհման և կարող են հատկացվել միայն վարձակալական հիմունքներով:
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ կառավարության
նոյեմբերի19-ի 1996թ.
թիվ 231 որոշման |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ոչ բնակելի տարածքների` (նկուղների, կիսանկուղների, բացվածքների) ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին վարձակալության տրման
1. Սույնով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական, պետական միջոցների մասնակցությամբ կառուցված և հանրային բնակֆոնդի ոչ բնակելի տարածքների (նկուղների, կիսանկուղների, բացվածքների) ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից) և անհատ ձեռներեցներին վարձակալության տրման կարգը:
2. Պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքները ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին վարձակալության են տրվում օրենդրությամբ չարգելված գործունեություն իրականացնելու համար` գործող շինարարական նորմերին և կանոններին համապատասխան:
3. Ոչ բնակելի տարածքները ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին վարձակալության են տրվում ըստ պատկանելության` Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների որոշմամբ:
4. Ոչ բնակելի տարածքները ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին վարձակալության են տրվում` հաշվի առնելով դրանց տեխնիկական հնարավորությունները, առանձնահատկություններն ու նպատակահարմարությունը:
5. Ոչ բնակելի տարածքները ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին վարձակալության են տրվում աճուրդային կամ մրցութային կարգով (բացի պետական բյուջեով ֆինանսավորվող հիմնարկներից և կազմակերպություններից):
6. Ոչ բնակելի տարածքները վարձակալելու համար դիմումը (հայտը) ներկայացվում է ըստ պատկանելության` Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերին, գերատեսչություններին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին:
Ոչ բնակելի տարածքը ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին վարձակալության տալու մասին որոշումն ընդունվում է դիմումի տրման օրվանից մեկամսյա ժամկետում:
7. Ոչ բնակելի տարածքը ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին վարձակալության տալու մասին որոշման կայացումից հետո դիմողի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:
Ապագա վարձակալի մեղքով մեկամսյա ժամկետում վարձակալության պայմանագիրը չկնքելու դեպքում, տարածքը վարձակալության տալու որոշումն ուժը կորցրած է համարվում:
8. Ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը, կողմերի փոխհարաբերությունները, վաղաժամկետ դադարեցման հիմքն ու դրա իրավական հոտևանքները նախատեսվում են վարձակալության պայմանագրով:
9. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների համար յուրաքանչյուր 1 քառ.մ մակերերսի համար վարձավճարի չափը որոշվում է ըստ պատկանելության` Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի, գերատեսչությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից` ելնելով աճուրդի կամ մրցույթի արդյունքներից, բայց ոչ պակաս հաստատված վարձավճարի ներքին սահմանից:
10. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու անհատ ձեռներեցների կողմից ոչ բնակելի տարածքները կարող են սեփականաշնորհվել` համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման կարգի:
11. Ոչ բնակելի տարածքների սեփականատերերի (վարձակալների) կողմից դրանց ներքին և արտաքին վերակառուցումները կարող են իրականացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող շինարարական նորմերին և կանոններին համապատասխան` նախապես համաձայնեցնելով այդ աշխատանքները վարչակազմերի ճարտարապետության բաժինների հետ:
12. Բնակելի տների նախագծերով նախատեսված հատուկ նշանակության նկուղները ենթակա չեն սեփականաշնորհման և կարող են հատկացվել միայն վարձակալական հիմունքներով:
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |