ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«22» դեկտեմբերի 2009թ. |
N 817-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 60 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 60 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«22» դեկտեմբերի 2009թ.
թիվ 817-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է վերահսկողական գործառույթներ արտադրվող արտադրանքների նկատմամբ և կիրառում պատասխանատվության միջոցներ ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, համապատասխանության գնահատման և սպառողական շուկայի պետական վերահսկողության և սպառողների շահերի պաշտպանության բնագավառներում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) որոշմամբ: Տեսչությունը գործում է համաձայն իր կանոնադրության, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ հաստատում է հիմնադիրը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, հիմնադրի որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության և պետական չափագիտական վերահսկողության, ինչպես նաև սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում իրականացվող պետական վերահսկողության բնագավառներում տեսչության նպատակները և խնդիրներն են`
1) տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրանքի, ծառայությունների, տեխնիկական կանոնակարգերով և այլ նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.
2) տեխնիկական կանոնակարգերին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության ապահովումը, ինչպես նաև դրանց անվտանգության և որակի նկատմամբ վերահսկողության իրականացումը.
3) չափումների միասնականության ապահովման բնագավառում ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը.
4) «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան ստուգումների իրականացումը.
5) սպառողների շահերի և իրավունքների պաշտպանությունը:
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) արտադրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և օգտահանելու փուլերում, ինչպես նաև ծառայությունների մատուցման ժամանակ արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների և համապատասխանության պարտադիր հավաստման կանոնների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.
2) պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափման միջոցների թողարկման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների և աշխատանքային չափման միջոցների վիճակի, կիրառման և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.
3) փաթեթավորված, չափածրարված իրացվող ապրանքների և օտարվող ապրանքների նկատմամբ չափագիտական պետական վերահսկողության իրականացումը.
4) շուկայում իրացվող արտադրանքի և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը.
5) վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելը և դրանք վերահսկելը.
6) սննդի շղթայի (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում սննդամթերքի անվտանգությանն առնչվող նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգումների անցկացումը.
8) իրավասության սահմաններում, համապատասխան որոշումների ընդունումը, և լիազորված բնագավառներում համապատասխան պատասխանատվության միջոցների, այդ թվում` վարչական տուգանքների կիրառումը.
9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում և նրա գործունեությունը համակարգում է նախարարը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որն ի պաշտոնե հանդիսանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողության գլխավոր պետական տեսուչը (այսուհետ` տեսչության պետ) և պաշտոնի նշանակվում ու պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:
10. Իր գործունեության ընթացքում տեսչության պետն առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Տեսչության պետը պատասխանատու է լիազորված բնագավառներում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
12. Տեսչության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Տեսչության պետը`
1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ, տալիս ցուցումներ և հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
7) նախարարության կանոնադրության և սույն կանոնադրության համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
9) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
10) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
11) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Տեսչության պետի բացակայության դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված` փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
16. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:
17. Տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«22» դեկտեմբերի 2009թ.
թիվ 817-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության բաժին
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |