Համարը 
N 492-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.08.17/15(149)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.08.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.08.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.08.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
14.03.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ 356-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 817-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«04» օգոստոսի 2010թ.

N 492-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ 356-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 817-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 480 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 356-Ն և 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի թիվ 60 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 817-Ն որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«04» օգոստոսի 2010թ.

թիվ 492-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ սպառողների շահերի և իրավունքների պաշտպանության, ընդերքի օգտագործման ու պահպանության բնագավառներում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) որոշմամբ:

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, հիմնադրի որոշումներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և տեսչության անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`

1) սպառողների շահերի և իրավունքների պաշտպանության բնագավառում`

ա. տեխնիկական կանոնակարգերին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության ապահովումը,

բ. սննդամթերքի և սննդային հավելումների անվտանգության և որակի ապահովումը,

գ. ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի պահպանման ապահովումը.

2) ընդերքի օգտագործման ու պահպանության բնագավառում`

ա. ընդերքի արդյունավետ օգտագործման ապահովումը,

բ. իրավախախտումների, այդ թվում` նաև ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտումը, կանխարգելումը և բացահայտված իրավախախտումների վերացումը,

գ. ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության լիարժեքության և արժանահավատության ապահովումը:

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) վերահսկողություն է իրականացնում արտադրանքն արտադրելու, իրացնելու, օգտագործելու (շահագործելու), պահելու, փոխադրելու և օգտահանելու փուլերում, ինչպես նաև ծառայությունների մատուցման ժամանակ արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների և համապատասխանության պարտադիր հավաստման կանոնների պահպանման նկատմամբ,

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան վերահսկողություն է իրականացնում պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափման միջոցների թողարկման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների, տիպային և աշխատանքային չափման միջոցների վիճակի ու կիրառման և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ,

3) վերահսկողություն է իրականացնում օտարվող ապրանքների, այդ թվում` փաթեթավորված, չափածրարված ապրանքների իրացման չափագիտական նորմերի պահպանման նկատմամբ,

4) վերահսկողություն է իրականացնում վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի նկատմամբ,

5) վերահսկողություն է իրականացնում սննդի շղթայի (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում սննդամթերքի անվտանգությանն առնչվող նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ,

6) իր իրավասության շրջանակներում վերահսկողություն է իրականացնում ընդերքօգտագործման ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ,

7) իր իրավասության շրջանակներում վերահսկողություն է իրականացնում հանքային իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթի առկայության, դրա լիարժեքության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ,

8) իր իրավասության շրջանակներում վերահսկողություն է իրականացնում ընդերքի ուսումնասիրության, հանքարդյունահանման, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով տրամադրված լիցենզիաներով և համապատասխան պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ,

9) իր իրավասության շրջանակներում վերահսկողություն է իրականացնում կատարված աշխատանքների տեսակների, եղանակների, մեթոդների, ծավալների և ժամկետների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծերի, իսկ հանքարդյունահանման դեպքում նաև լեռնային աշխատանքների զարգացման ամենամյա ծրագրերին համապատասխանության նկատմամբ,

10) իր իրավասության շրջանակներում վերահսկողություն է իրականացնում կատարվող և կատարված աշխատանքների ընթացքի և արդյունքների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունների առկայության, դրանցում պարունակվող տեղեկատվության արժանահավատության, ինչպես նաև այդ հաշվետվությունները համապատասխան լիազոր մարմին ներկայացնելու նկատմամբ,

11) իր իրավասության շրջանակներում վերահսկողություն է իրականացնում երկրաբանական և մարկշեյդերական փաստագրման նյութերի վարման ու պահպանման, ինչպես նաև այդ նյութերի լիարժեքության ու արժանահավատության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության նկատմամբ,

12) իր իրավասության շրջանակներում վերահսկողություն է իրականացնում լեռնային փորվածքների, հորատանցքերի և այլ կառույցների լուծարման և կոնսերվացման աշխատանքները լիազոր մարմնի հետ համաձայնեցված նախագծերին համապատասխան իրականացնելու նկատմամբ.

13) իր իրավասության սահմաններում համապատասխան որոշումների ընդունումը և լիազորված բնագավառներում համապատասխան պատասխանատվության միջոցների, այդ թվում` վարչական տուգանքների կիրառումը.

14) սույն կանոնադրությամբ նախատեսված ստուգումների ժամանակ արձանագրված արդյունքների ամփոփումն ու վերլուծությունը.

15) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Տեսչությունը կառավարում և նրա գործունեությունը համակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարը (այսուհետ` նախարար):

10. Տեսչությունը ղեկավարում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

12. Տեսչության պետը պատասխանատու է տեսչության կողմից վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, տեսչության աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև դրանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

13. Տեսչության պետը հաշվետու է նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նախարարության աշխատակազմի ղեկավարին:

14. Տեսչության պետը`

1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ, տալիս ցուցումներ և հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

7) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

8) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

9) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

10) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

15. Տեսչության պետի բացակայության դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված` փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

17. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

18. Տեսչությունը չի ներառում բաժիններ: Նախարարության և սույն կանոնադրությամբ սահմանված` տեսչության իրավասությունները վերապահվում են տեսչության աշխատողներին:

19. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ