Համարը 
N 62-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.03.13/04(223)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.02.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.02.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
06.10.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 492-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» փետրվարի 2013թ.

N 62-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 492-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 4-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի N 356-Ն և 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 817-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»  N 492-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի  փետրվարի 26-ի N 62-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման և չափումների միասնականության ապահովման, սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը, այլ իրավական ակտերին և միջազգային պայմանագրերին համապատասխան:

4. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Տեսչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Տեսչության նպատակները և խնդիրներն են`

1) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) անվտանգության ապահովումը.

2) սպառողների իրավունքների պաշտպանությունը.

3) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.

4) պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների և նորմերի խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը և վերացումը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) ապրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, շահագործելու, փոխադրելու և օգտահանելու, ինչպես նաև ծառայություններ, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների, մատուցելու, աշխատանքներ կատարելու փուլերում տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.

2) պետական չափագիտական վերահսկողության ոլորտներում չափման միջոցների արտադրության, տեղակայման, շահագործման, պահպանման և նորոգման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների և աշխատանքային չափման միջոցների վիճակի, կիրառման և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման, ինչպես նաև իրացվող փաթեթավորված, չափածրարված ապրանքների նկատմամբ պետական չափագիտական վերահսկողության իրականացում.

3) շուկայում իրականացվող ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա ռիսկային ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) վերաբերյալ տվյալները տեղեկատվական բազայում հավաքագրում, մշակում, ամփոփում, հանրության իրազեկում.

4) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հետ կապված` մարդու կյանքի, առողջության, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության դիտարկումների (մոնիթորինգ), ուսումնասիրությունների և ստուգումների իրականացնում.

5) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության իրավասություններ ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերված ռիսկային ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) վերաբերյալ տվյալների ստացում.

6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող, ներմուծվող և իրացվող ապրանքների մասին սպառողներին ոչ պատշաճ, ոչ ստույգ և թերի տեղեկատվության նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.

7) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման, օրենսդրական չափագիտության, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում, խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ գլխավոր պետական տեսուչի կողմից համապատասխան պատասխանատվության միջոցների, այդ թվում` վարչական պատասխանատվության կիրառում.

8) թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության, ինչպես նաև «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տնտեսավարող սուբյեկտներից հաշվետվությունների, տեղեկությունների ընդունում և ամփոփում.

10) սպառողների անորոշ շրջանակի իրավունքների խախտումներին ուղղված ուսումնասիրությունների իրականացում, տվյալների հավաքագրում, դրանց հիման վրա կայացած վերլուծությունների արդյունքների հրապարակում և օրենսդրությամբ վերապահված իրավասությունների շրջանակներում միջոցառումների իրականացում:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Տեսչությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը (այսուհետ` նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որն ի պաշտոնե հանդիսանում է գլխավոր պետական տեսուչ և պաշտոնի նշանակվում ու պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով: Տեսչության` քաղաքացիական ծառայող համարվող աշխատողները հանդիսանում են նախարարության պետական տեսուչներ:

9. Տեսչության պետը պատասխանատու է շուկայում ոչ պարենային ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) համապատասխանության հավաստման և չափումների միասնականության ապահովման բնագավառներում վերահսկողական գործառույթների իրականացման, սպառողների իրավունքների պաշտպանության, տեսչության աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև դրանց` օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

10. Տեսչության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

11. Տեսչության պետը`

1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

3) արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, նախարարության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումն ու արդյունքների մասին տեղեկացնում է նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

7) նախարարի հաստատմանն է ներկայացնում տեսչության կողմից շուկայի վերահսկողության ծրագրերը.

8) նախարարության և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների, տարածքային մարմինների իրավասությունները.

9) լսում է տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

10) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

11) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.

12) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների, սպառողների պաշտպանության և այլ հասարակական կազմակերպությունների հետ.

13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

12. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

14. Տեսչությունը կարող է ունենալ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ:

15. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ