ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգի մասին
Ի կատարումն ‹‹Զինծառայողների և նրանց անդամների սոցիալական ապահովության մասին›› ԼՂՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 7-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների` ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. Մինչև ԼՂՀ պաշտպանության բանակի իրավաբանական կազմավորումը (1992թ. սեպտեմբերի 1-ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի) պաշտպանության մարտերին մասնակցած անձանց ցուցակը պատրաստելու նպատակով ստեղծել հանրապետական հանձնաժողով (կազմը կցվում է):
2. Հաստատել հանրապետական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կանոնակարգը (կցվում է):
3. Սահմանել, որ ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում հետևյալ փաստաթղթերի հիման վրա.
ա) մինչև ԼՂՀ պաշտպանության բանակի իրավաբանական կազմավորումը (1992թ. սեպտեմբերի 1) ԼՂՀ (նախկին ԼՂԻՄ) պաշտպանության մարտերին մասնակցած անձանց համար` սույն որոշման առաջին կետով ստեղծված հանրապետական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը` սահմանված կարգով հաստատված ԼՂՀ պաշտպանության բանակի կազմակերպազորահավաքային բաժնի կողմից և վավերացված ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից.
բ) 1992թ. սեպտեմբերի 1-ից (ԼՂՀ պաշտպանության բանակի իրավաբանական կազմավորումից հետո) ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցած զինծառայողների համար` ԼՂՀ պաշտպանության բանակի, ԼՂՀ ներքին գործերի նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչության, ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության կողմից տրված տեղեկանքը` սահմանված կարգով հաստատված ԼՂՀ պաշտպանության բանակի կազմակերպազորահավաքային բաժնի կողմից և վավերացված ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1999թ. մարտի 16-ի
թիվ 45 որոշման |
Կ Ա Զ Մ
հանրապետական հանձնաժողովի
|
Մուրադ Պետրոսյան |
ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության, պետական շինարարության, իրավունքի և օրինականության հանձնաժողովի նախագահ (հանրապետական հանձնաժողովի նախագահ)
|
|
Կարեն Բաբայան |
ԼՂՀ ՊԲ թիվ 71 առանձին մոտոհրաձգային գումարտակի
նախկին հրամանատար
|
|
Արթուր Աղաբեկյան |
ԼՂՀ ՊԲ 1-ին պաշտպանական շրջանի նախկին հրամանատար
|
|
Մովսես Հակոբյան |
ԼՂՀ ՊԲ 2-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար
|
|
Նելսոն Սողոմոնյան |
ԼՂՀ ՊԲ 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատար
|
|
Վիտալի Բալասանյան |
ԼՂՀ ՊԲ 4-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար
|
|
Իլյիչ Բաղրյան |
ԼՂՀ ՊԲ 5-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար
|
|
Արմո Գյուլումյան |
ԼՂՀ ՊԲ 6-րդ (Շահումյանի) պաշտպանական շրջանի հրամանատարի նախկին տեղակալ
|
|
Վաչագան Իշխանյան |
ԼՂՀ ՊԲ նախկին 7-րդ պաշտպանական շրջանի հրամանատար
|
|
Սամվել Կարապետյան |
ԼՂՀ ՊԲ 8-րդ պաշտպանական շրջանի հրամանատար
|
|
Արկադի Կարապետյան |
Ղարաբաղյան պատերազմի վետերանների ԼՂ հանրապետական միության նախագահ
|
|
Լենա Թարխանյան |
ԼՂՀ ՊԲ նախկին քարտուղարության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1999թ. մարտի 16-ի
թիվ 45 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
հանրապետական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման
1. Ընդհանուր դրույթներ
1. Հանրապետական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) իր գործունեության ժամանակ առաջնորդվում է ԼՂՀ-ում գործող օրենսդրությամբ և սույն կանոնակարգով:
2. Սույն կանոնակարգը սահմանում է հանձնաժողովի գործունեության շրջանակները, խնդիրները և գործառույթները:
3. Հանձնաժողովն իրականացնում է մինչև ԼՂՀ պաշտպանության բանակի իրավաբանական կազմավորումը (1992 թվականի սեպտեմբերի 1-ը) ԼՂՀ (նախկին ԼՂԻՄ) պաշտպանության մարտերին մասնակցած անձանց, ներառյալ` այդ մարտերի ընթացքում զոհված ազատամարտիկների ցուցակների ճշգրտումը և վերջնական պատրաստումը:
2. Հանձնաժողովի խնդիրները և գործառույթները
4. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթներն են`
ա) ԼՂՀ (նախկին ԼՂԻՄ) պաշտպանության մարտերին մասնակցած անձանց վերաբերյալ համապատասխան տեղեկությունների հավաքումը և ճշգրտումը.
բ) ԼՂՀ (նախկին ԼՂԻՄ) պաշտպանության մարտերին յուրաքանչյուր անձի մասնակցության կոնկրետ ժամկետների որոշումը.
գ) ԼՂՀ (նախկին ԼՂԻՄ) պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը և սահմանված կարգով տեղեկանք տալը.
դ) մինչև 1992 թվականի սեպտեմբերի 1-ը ԼՂՀ (նախկին ԼՂԻՄ) պաշտպանության մարտերի ընթացքում զոհված ազատամարտիկների ցուցակների վերջնական ճշգրտումը և ներկայացումը ԼՂՀ պաշտպանության բանակի կազմակերպազորահավաքային բաժնին` ԼՂՀ գործող օրենսդրությամբ սահմանված արտոնությունները նրանց ընտանիքների վրա տարածելու համար:
3. Աշխատանքների կազմակերպումը
5. Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում կարող է ընթացիկ աշխատանքներում ներգրավել ԼՂՀ (նախկին ԼՂԻՄ) պաշտպանության մարտերին մասնակցած` նախկին ինքնապաշտպանական ջոկատների և խմբերի հրամանատարներին և աչքի ընկած մարտիկներին:
6. Հանձնաժողովը հարցերը քննարկում է կոլեգիալ հիմունքներով, անհատական մոտեցման սկզբունքով` յուրաքանչյուր անձի մասին ընդունելով համապատասխան որոշում: ԼՂՀ (նախկին ԼՂԻՄ) պաշտպանության մարտերին մասնակցած անձանց ցուցակները կազմվում են ըստ բնակավայրերի:
7. Հանձնաժողովը անձի անունը, հայրանունը և ազգանունը ԼՂՀ (նախկին ԼՂԻՄ) պաշտպանության մարտերին մասնակցած անձանց ցուցակը մտցնելու և մասնակցության կոնկրետ ժամկետների մասին որոշումը կայացնում է` հիմք ընդունելով հանձնաժողովի առնվազն մեկ անդամի և պաշտպանության մարտերին մասնակցած առնվազն երեք ազատամարտիկների գրավոր վկայությունները:
8. Հանձնաժողովի կողմից ԼՂՀ (նախկին ԼՂԻՄ) պաշտպանության մարտերին մասնակցած անձին (զոհվածների համար` զոհվածի ընտանիքի անդամին) տրվում է համապատասխան տեղեկանք` մարտերին նրա մասնակցության (զոհվելու) կոնկրետ ժամկետների մատնանշմամբ:
9. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքում պատրաստած` ԼՂՀ (նախկին ԼՂԻՄ) պաշտպանության մարտերին մասնակցած անձանց և այդ մարտերի ընթացքում զոհվածների վերջնական ցուցակները, համապատասխան գրավոր վկայությունները, հանձնաժողովի նիստերի արձանագրությունները` վավերացված հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրություններով, ներկայացնում է ԼՂՀ պաշտպանության բանակի կազմակերպազորահավաքային բաժին: