Համարը 
ՀՕ-51
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.05.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.06.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.06.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
10.11.2004

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի

մայիսի 21-ին

 

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զանգվածային լրատվության միջոցների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) առաջին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 1.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

- զանգվածային լրատվություն՝  մարդկանց անսահմանափակ շրջանակների համար նախատեսված տպագիր, ձայնային, ձայնատեսային և այլ տեղեկություններ ու նյութեր.

- զանգվածային լրատվության միջոցներ` պարբերական տպագիր հրատարակություն, ռադիոհեռուստատեսածրագիր, կանոնավոր կերպով տեղեկություններ թողարկող ձեռնարկություններ (լրատվական գործակալություններ, լուսանկարչական գործակալություններ, կինոխրոնիկայի ստուդիաներ և այլն), ինչպես նաև զանգվածային լրատվության տարածման այլ ձևեր.

- պարբերական տպագիր հրատարակություններ` թերթ, հանդես, ալմանախ, տեղեկագիր, մշտական անվանում և ընթացիկ համար ունեցող, տարեկան առնվազն մեկ անգամ լույս տեսնող այլ հրատարակություններ.

- ռադիոհեռուստատեսածրագրեր` մշտական անվանում ունեցող և առնվազն կես տարին մեկ եթեր արձակվող պարբերական ձայնային և ձայնատեսային տեղեկությունների և նյութերի (հաղորդումների) ամբողջություն.

- պետական գաղտնիք`  տեղեկություններ, որոնք կարգավորվում են պետական գաղտնիքների և դրանց պաշտպանության մասին օրենքով.

- ծառայողական գաղտնիք` օրենքներով կարգավորվող տեղեկություններ նախաքննության մարմինների, ազգային անվտանգության ծառայությունների, ներքին գործերի նախարարության, երկրի պաշտպանության մարմինների օպերատիվ գործունեության մասին.

- կոմերցիոն գաղտնիք` սուբյեկտների տնտեսական գործունեության՝ օրենքով կարգավորվող գաղտնիքներ.

- անձի առողջության մասին գաղտնիք (բժշկական գաղտնիք)` անձի առողջության մասին տեղեկություններ, որոնք կարգավորվում են առողջապահության մասին օրենքով.

- պաշտոնական հաղորդագրություն /տեղեկատվություն/` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Ազգային ժողովի նախագահի, կառավարության, վարչապետի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց լիազորած անձանց պաշտոնապես ներկայացրած և հրապարակման ենթակա` պետության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ, հանրության շահերի պաշտպանությանն առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն.

- ազատ լրագրող` զանգվածային լրատվության միջոցի հետ պայմանագրային կամ փոխադարձ համաձայնությամբ այլ հարաբերություններով կապված, պարբերաբար մասնագիտական աշխատանք կատարող ֆիզիկական անձ, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնից ստացել է «ազատ լրագրող» վկայական:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

ա) 2-րդ կետում «եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված» բառերը փոխարինել «,բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի» բառերով.

բ) 7-րդ կետը համարել 21-րդ հոդված և շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 21.

Զանգվածային լրատվության միջոցների մասին օրենսդրությունը

 

«Զանգվածային լրատվության միջոցների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը կազմված է սույն օրենքից, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Հեղինակային և հարակից իրավունքների մասին», «Գովազդի մասին», «Լեզվի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներից, այլ իրավական ակտերից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զանգվածային լրատվության միջոցներն առաջնորդվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող օրենքներով:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով զանգվածային լրատվության միջոցների կազմակերպման և գործունեության վերաբերյալ սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:»:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`

ա) 3-րդ կետում «պետական պաշտոնական հաղորդագրություններ» բառակապակցությունը փոխարինել «պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)» բառակապակցությամբ.

բ) հանել հոդվածի «Սույն հոդվածում օգտագործվող հասկացությունները» մասը:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 5.

Զանգվածային լրատվության միջոցների հիմնադրումը

 

Զանգվածային լրատվության միջոցի հիմնադիր կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին, կուսակցությունը, հասարակական-քաղաքական և հասարակական կազմակերպությունը: Կուսակցությունները, հասարակական-քաղաքական և հասարակական կազմակերպությունները չեն կարող լինել ռադիոյի և հեռուստաընկերության, ռադիոհեռուստաընկերության հիմնադիր:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, գերատեսչությունները կարող են հիմնադրել զանգվածային լրատվության միջոց, բացառությամբ ռադիոյի և հեռուստաընկերության, ռադիոհեռուստաընկերության:»:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան արդարադատության պետական վարչությանը» բառերը փախարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին» բառերով:»:

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) Եթե զանգվածային լրատվության միջոցի հիմնադիր անձը կորցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը:»:

 

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետում «պետական մարմինների հետ հարաբերություններում» բառերից հետո ավելացնել «արտերկրում» բառը:

 

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի «ա» ենթակետում «ստանալ պաշտոնական փաստաթղթերին և նյութերին ծանոթանալու հնարավորություն» բառերից հետո ավելացնել «,բացառությամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածի «դ» ենթակետից հանել «կամ վերաբերում են հանրաճանաչ անձանց» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին կետում «Հայաստանի հանրապետության» բառերից հետո ավելացնել «,ինչպես նաև արտերկրի» բառերը:

 

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում`

ա) «ե» ենթակետում «գինը» բառից հետո ավելացնել «,գինը պայմանագրային» բառերը.

բ) «է» ենթակետում «վկայագրի» բառը փոխարինել «գրանցման վկայականի» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածում «ազգային» բառը փոխարինել «հանրապետական» բառով:

 

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը հանել:

 

Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածներով:

 

«Հոդված 32.

Բարեգործական հովանավորությունը զանգվազային լրատվության միջոցների նկատմամբ

 

Բարեգործական հովանավորությունը ֆիզիկական և /կամ/ իրավաբանական անձի ներդրումն է ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորման ձևով, որի նպատակը զանգվածային լրատվական միջոցի մասնագիտական գործունեության իրականացմանը և որակի բարձրացմանն օժանդակելն է:

Զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ բարեգործական հովանավորոթյունը համարվում է զանգվածային լրատվության միջոցների թողարկման ոչ առևտրային գործունեություն:

Հասարակական-քաղաքական և կրոնական կազմակերպությունները չեն կարող բարեգործական հովանավորության ֆինանսավորողներ լինել:

Արգելվում է լրատվության, պաշտոնական հաղորդագրությունների և քաղաքական բնույթի հրապարակումների բարեգործական հովանավորությունը, ինչպես նաև հովանավորությամբ թողարկվող /հրատարակվող/ նյութերի նկատմամբ հովանավորողի կողմից որևէ միջամտություն: Բարեգործական հովանավորությամբ հրատարակվող նյութերը կարող են ուղեկցվել բարեգործական հովանավորի մասին հակիրճ ծանուցմամբ:

 

«Հոդված 33.

Զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը հանրաքվեների և ընտրությունների ժամանակ

 

Հանրաքվեների և ընտրությունների քարոզչությանը նախորդող և դրանց անցկացման ժամանակաշրջանում զանգվածային լրատվության միջոցները գործում են հանրաքվեների և ընտրությունների մասին օրենսդրությանը համապատասխան:

 

«Հոդված 34.

Զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը արտակարգ և ռազմական դրության պայմաններում

 

Արտակարգ և ռազմական դրության պայմաններում զանգվածային լրատվության միջոցները գործում են «Ռազմական դրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համաձայն:»:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 հունիսի 2003թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-51