Համարը 
ՀՕ-77
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.11.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.12.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.12.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
10.11.2004

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ  ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն օրենքը կարգավորում է խոսքի ազատության և տեղեկություններ ստանալու սահմանադրական իրավունքի իրականացման ընթացքում ծագող, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հիմնադրմանը, գրանցմանը և գործունեությանն առնչվող հարաբերությունները:

 

Հոդված 1.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

                      (վերնագիրը խմբ. 21.05.2003 ՀՕ-51)

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

- զանգվածային լրատվություն՝  մարդկանց անսահմանափակ շրջանակների համար նախատեսված տպագիր, ձայնային, ձայնատեսային և այլ տեղեկություններ ու նյութեր.

- զանգվածային լրատվության միջոցներ` պարբերական տպագիր հրատարակություն, ռադիոհեռուստատեսածրագիր, կանոնավոր կերպով տեղեկություններ թողարկող ձեռնարկություններ (լրատվական գործակալություններ, լուսանկարչական գործակալություններ, կինոխրոնիկայի ստուդիաներ և այլն), ինչպես նաև զանգվածային լրատվության տարածման այլ ձևեր.

- պարբերական տպագիր հրատարակություններ` թերթ, հանդես, ալմանախ, տեղեկագիր, մշտական անվանում և ընթացիկ համար ունեցող, տարեկան առնվազն մեկ անգամ լույս տեսնող այլ հրատարակություններ.

- ռադիոհեռուստատեսածրագրեր` մշտական անվանում ունեցող և առնվազն կես տարին մեկ եթեր արձակվող պարբերական ձայնային և ձայնատեսային տեղեկությունների և նյութերի (հաղորդումների) ամբողջություն.

- պետական գաղտնիք`  տեղեկություններ, որոնք կարգավորվում են պետական գաղտնիքների և դրանց պաշտպանության մասին օրենքով.

- ծառայողական գաղտնիք` օրենքներով կարգավորվող տեղեկություններ նախաքննության մարմինների, ազգային անվտանգության ծառայությունների, ներքին գործերի նախարարության, երկրի պաշտպանության մարմինների օպերատիվ գործունեության մասին.

- կոմերցիոն գաղտնիք` սուբյեկտների տնտեսական գործունեության՝ օրենքով կարգավորվող գաղտնիքներ.

- անձի առողջության մասին գաղտնիք (բժշկական գաղտնիք)` անձի առողջության մասին տեղեկություններ, որոնք կարգավորվում են առողջապահության մասին օրենքով.

- պաշտոնական հաղորդագրություն /տեղեկատվություն/` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Ազգային ժողովի նախագահի, կառավարության, վարչապետի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց լիազորած անձանց պաշտոնապես ներկայացրած և հրապարակման ենթակա` պետության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ, հանրության շահերի պաշտպանությանն առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն.

- ազատ լրագրող` զանգվածային լրատվության միջոցի հետ պայմանագրային կամ փոխադարձ համաձայնությամբ այլ հարաբերություններով կապված, պարբերաբար մասնագիտական աշխատանք կատարող ֆիզիկական անձ, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնից ստացել է «ազատ լրագրող» վկայական:

(1-ին հոդվածը խմբ. 21.05.2003 ՀՕ-51)

 

Հոդված 2.

Զանգվածային լրատվության միջոցների ազատությունը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զանգվածային լրատվության միջոցներն ազատ են և ծառայում են ազատ, ժողովրդավարական հասարակարգի զարգացմանը:

Մամուլի ազատությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով:

2. Տեղեկությունների որոնումը, ստացումը, թողարկումն ու տարածումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս ենթակա չեն սահմանափակումների, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

3. Զանգվածային լրատվության միջոցների բնագավառին առնչվող գործունեությամբ զբաղվելու որևէ հատուկ արտոնագրում չի պահանջվում:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիների համար երաշխավորվում է զանգվածային լրատվության միջոցների բոլոր տեղեկություններն ու նյութերը ստանալու ազատ հնարավորություն:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զանգվածային լրատվության միջոցների հրատարակության և դրանց տարածման ցանկացած մենաշնորհն արգելվում է:

6. Զանգվածային լրատվության միջոցների գրաքննությունն արգելվում է:

7. (կետն ուժը կորցրել է 21.05.2003 ՀՕ-51)

(2-րդ հոդվածը փոփ. 21.05.2003 ՀՕ-51)

 

Հոդված 21.

Զանգվածային լրատվության միջոցների մասին օրենսդրությունը

 

Զանգվածային լրատվության միջոցների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը կազմված է սույն օրենքից, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Հեղինակային և հարակից իրավունքների մասին», «Գովազդի մասին», «Լեզվի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներից, այլ իրավական ակտերից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զանգվածային լրատվության միջոցներն առաջնորդվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող օրենքներով:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով զանգվածային լրատվության միջոցների կազմակերպման և գործունեության վերաբերյալ սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

(21-րդ հոդվածը լրաց. 21.05.2003 ՀՕ-51)

 

Հոդված 3.

Զանգվածային լրատվության միջոցների ազատության իրավական սահմանափակումը

 

1. Զանգվածային լրատվության միջոցների ազատությունը չի կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքներին համապատասխան, որոնցով սահմանվում են.

ա) պետական գաղտնիքն ու նրա պաշտպանությունը.

բ) ծառայողական գաղտնիքն ու նրա պաշտպանությունը.

գ) կոմերցիոն գաղտնիքն ու նրա պաշտպանությունը.

դ) բժշկական գաղտնիքն ու նրա պաշտպանությունը.

ե) մարդու իրավունքների և նրա մասնավոր կյանքի պաշտպանությունը:

2. Պատերազմի, ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, պետական շահերի պաշտպանության նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են մտցվել զանգվածային լրատվության միջոցների գործունեության սահմանափակումներ:

3. Տարերային և այլ աղետների, խոշոր վթարների կամ համաճարակների, պատերազմի, ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են հրապարակել պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն):

4. Չի թույլատրվում զանգվածային լրատվության միջոցներն օգտագործել քրեորեն պատժելի գործողություններ իրականացնելու, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի փոխելու կոչերի, ազգային, ցեղային, սոցիալական, կրոնական անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու, պատերազմ, բռնություն, դաժանություն, պոռնկագրություն քարոզելու համար:

(մասն ուժը կորցրել է 21.05.2003 ՀՕ-51)

(3-րդ հոդվածը փոփ. 21.05.2003 ՀՕ-51)

 

Հոդված 4.

Տեղեկություններ ստանալու իրավունքը

 

1. Պետական մարմինները, կազմակերպությունները և նրանց պաշտոնատար անձինք պարտավոր են տեղեկություններ տալ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Պետական մարմինների պաշտոնական հաղորդագրությունները զանգվածային լրատվության միջոցներին են տրամադրվում միաժամանակ և հավասար հիմունքներով:

 

ԳԼՈՒԽ II

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 5.

Զանգվածային լրատվության միջոցների հիմնադրումը

 

Զանգվածային լրատվության միջոցի հիմնադիր կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին, կուսակցությունը, հասարակական-քաղաքական և հասարակական կազմակերպությունը: Կուսակցությունները, հասարակական-քաղաքական և հասարակական կազմակերպությունները չեն կարող լինել ռադիոյի և հեռուստաընկերության, ռադիոհեռուստաընկերության հիմնադիր:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, գերատեսչությունները կարող են հիմնադրել զանգվածային լրատվության միջոց, բացառությամբ ռադիոյի և հեռուստաընկերության, ռադիոհեռուստաընկերության:

(5-րդ հոդվածը խմբ. 21.05.2003 ՀՕ-51)

 

Հոդված 6.

Զանգվածային լրատվության միջոցների գրանցումը

 

1. Զանգվածային լրատվության միջոցը համարվում է գրանցված և կարող է սկսել իր գործունեությունը, եթե հիմնադիրը մուծել է գրանցման համար օրենսդրությամբ սահմանված պետական տուրքը և գրանցման մասին դիմում ներկայացնելուց 30 օրվա ընթացքում գրանցող մարմնից որևէ առարկություն չի ստացել:

2. Գրանցման համար պետական տուրքը հավասար է հաշվարկային նվազագույն աշխատավարձի տասնապատիկին:

3. Հիմնադիրը գրանցման մասին դիմումը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին:

Դիմումի մեջ պետք է նշվեն.

ա) զանգվածային լրատվության միջոցի տեսակը և անվանումը.

բ) տեղեկություններ հիմնադրի և հրատարակչի մասին (եթե դիմողը ֆիզիկական անձ է՝ անձնագրային տվյալներ և անհատ ձեռներեցի գրանցման վկայականի պատճենը, եթե դիմողը իրավաբանական անձ է՝ կանոնադրության պատճենը, ձեռնարկատիրական և (կամ) այլ գործունեության գրանցման վկայականի պատճենը).

գ) խմբագրության հասցեն.

դ) մոտավոր թեմատիկան և մասնագիտացումը.

ե) լեզուն:

Գրանցման համար հիմնադրին այլ պահանջներ ներկայացնելը կամ նրանից այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում թվարկված, գրանցման համար անհրաժեշտ տվյալների փոփոխության դեպքում զանգվածային լրատվության միջոցի հիմնադիրը պարտավոր է հինգ օրվա ընթացքում այդ մասին տեղյակ պահել գրանցող մարմնին:

5. Հիմնադիրը պարտավոր է զանգվածային լրատվության միջոցի թողարկումն սկսել դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում: Եթե նշված ժամկետը լրանալու պահին զանգվածային լրատվության միջոցի թողարկումը չի սկսվել, ապա գրանցումը համարվում է ուժը կորցրած: Գրանցման համար վճարված միջոցները չեն վերադարձվում:

(6-րդ հոդվածը փոփ. 21.05.2003 ՀՕ-51)

 

Հոդված 7.

Զանգվածային լրատվության միջոցների գրանցման մերժումը

 

Զանգվածային լրատվության միջոցի գրանցումը կարող է մերժվել, եթե՝

ա) պահպանված չեն սույն օրենքի 6 հոդվածով նախատեսված պահանջները.

բ) դիմում ներկայացրած քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների համապատասխան իրավունքները սահմանափակված են դատարանի վճռով.

գ) դիմումում նշված չեն անհրաժեշտ տեղեկությունները կամ գրանցող մարմինը հայտնաբերել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը,

դ) գրանցող մարմինն ավելի վաղ գրանցել է նույն անվամբ և տարածման նույն ձևով զանգվածային լրատվության մեկ այլ միջոց,

ե) եթե զանգվածային լրատվության միջոցի հիմնադիր անձը կորցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը:

(7-րդ հոդվածը լրաց. 21.05.2003 ՀՕ-51)

 

Հոդված 8.

Առանց գրանցման լրատվություն թողարկելու դեպքերը

 

Առանց գրանցման պաշտոնական լրատվություն թողարկելու իրավունք ունեն պետական իշխանության և պետական կառավարման, արդարադատության և դատախազության մարմինները:

Ձեռնարկությունները, հիմնարկությունները, կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները և այլք իրավունք ունեն առանց գրանցման թողարկել իրենց գործունեության համար անհրաժեշտ հաղորդումներ, նյութեր, ուսումնական ձեռնարկներ, որոնք նախատեսված են ներքին սահմանափակ տարածման համար: Դրանց գործունեությունը չի կարգավորվում սույն օրենքով:

 

Հոդված 9.

Հիմնադիրը

 

1. Հիմնադիրը հաստատում է զանգվածային լրատվության միջոցի խմբագրության կանոնադրությունը և (կամ) խմբագրության հետ կնքում է պայմանագիր:

2. Հիմնադիրն իրավունք չունի միջամտել զանգվածային լրատվության միջոցի գործունեությանը՝ բացառությամբ սույն օրենքով, խմբագրության կանոնադրությամբ, հիմնադրի ու խմբագրության միջև կնքված պայմանագրով նախատեսված դեպքերի:

3. Հիմնադիրը կարող է հանդես գալ միաժամանակ իբրև հրատարակիչ, խմբագրություն, տարածող, խմբագրության ունեցվածքի սեփականատեր:

 

Հոդված 10.

Հրատարակիչը

 

1. Զանգվածային լրատվության միջոցի հրատարակիչն իրականացնում է հիմնադրի ծրագիրը: Հրատարակիչ է համարվում այն հրատարակչությունը, այն հիմնարկությունը, ձեռնարկությունը, ձեռներեցը, որն իրականացնում է զանգվածային լրատվության միջոցի թողարկման նյութատեխնիկական ապահովումը:

2. Հիմնադրի և հրատարակչի հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրով:

 

Հոդված 11.

Խմբագրությունը

 

1. Խմբագրությունը գործում է մասնագիտական ինքնուրույնության հիման վրա:

2. Խմբագրությունը կարող է լինել ինչպես իրավաբանական, այնպես էլ ոչ իրավաբանական անձ, կազմակերպվել օրենքով թույլատրված ցանկացած ձևով:

3. Եթե խմբագրությունն իրավաբանական անձ չէ և չի ստեղծվում իբրև ձեռնարկություն, ապա նրա գործունեությունն օրենսդրորեն կարգավորվում է հիմնադրի կարգավիճակին համապատասխան:

4. Խմբագրությունը ղեկավարում է խմբագիրը կամ այլ ղեկավար, որն իր լիազորություններն իրականացնում է սույն օրենքի, խմբագրության կանոնադրության, հիմնադրի ու խմբագրության միջև կնքված պայմանագրի հիման վրա:

5. Ղեկավարը խմբագրությունը ներկայացնում է հիմնադրի, հրատարակչի, տարածողի, քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պետական մարմինների հետ հարաբերություններում արտերկրում, ինչպես նաև՝ դատարանում: Նա պատասխանատվություն է կրում սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով զանգվածային լրատվության միջոցի գործունեությանը ներկայացվող պահանջների կատարման համար:

(11-րդ հոդվածը լրաց. 21.05.2003 ՀՕ-51)

 

ԳԼՈՒԽ III

 

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 12.

Լրագրողը

 

Լրագրողն այն անձն է, որը զբաղվում է զանգվածային լրատվության միջոցի խմբագրության համար տեղեկություններ ու նյութեր հավաքելով, նախապատրաստելով, ստեղծելով, խմբագրելով, խմբագրության հետ կապված է աշխատանքային և այլ պայմանագրերով կամ նման գործունեություն է իրականացնում խմբագրության լիազորությամբ:

 

Հոդված 13.

Լրագրողի իրավունքները

 

Լրագրողն իրավունք ունի.

ա) որոնել, պահանջել, ստանալ, հավաքել և տարածել տեղեկություններ, ստանալ պաշտոնական փաստաթղթերին ու նյութերին ծանոթանալու հնարավորություն, բացառությամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի այցելել տարերային և այլ աղետների, վթարների, զանգվածային անկարգությունների, հանցագործությունների, հատուկ պահպանության վայրեր, ներկա լինել հանրահավաքների, ցույցերի, երթերի, դատավարությունների,

բ) ստուգել իրեն տրված տեղեկությունների հավաստիությունը, շարադրել իր դատողությունները, մեկնաբանություններն ու գնահատականները, իր պատրաստած տեղեկություններն ու նյութերը տարածել իր ստորագրությամբ, կեղծանունով կամ առանց ստորագրության.

գ) լրագրողը դատարանում իր մասնագիտական շահերը պաշտպանելու նպատակով կարող է օգտագործել կամ ներկայացնել ձայնագրություններ և տեսաժապավեններ:

1. Լրագրողն իրավունք ունի նաև մասնագիտական գործունեությամբ զբաղվել ինքնուրույն՝ չներկայացնելով զանգվածային լրատվության որևէ միջոց: Նա իրավունք ունի գրանցող մարմնից ստանալու «ազատ լրագրողի» վկայական:

(13-րդ հոդվածը լրաց. 21.05.2003 ՀՕ-51)

 

Հոդված 14.

Լրագրողի պարտականությունները

 

1. Լրագրողը պարտավոր է.

ա) ստուգել իրեն տրված տեղեկությունների հավաստիությունը.

բ) բավարարել տեղեկություններ տված անձանց խնդրանքը՝ աղբյուրը նշելու, ինչպես նաև մեջբերվող խոսքերը հեղինակազորելու մասին.

գ) պահպանել տեղեկության և նրա աղբյուրի գաղտնիությունը՝ վերջինիս պահանջով.

դ) քաղաքացու անձնական կյանքի մասին տեղեկությունները զանգվածային լրատվության միջոցով տարածելուց առաջ ստանալ այդ քաղաքացու կամ նրա օրինական ներկայացուցիչների համաձայնությունը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները շոշափում են հասարակության շահերը.

ե) քաղաքացիներից և պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալիս նրանց տեղյակ պահել ձայնագրության, տեսագրության, կինո և լուսանկարահանման մասին:

2. Պետությունը երաշխավորում է լրագրողի՝ իբրև իր հասարակական պարտքը կատարող անձի պատվի, արժանապատվության, առողջության ու կյանքի պաշտպանությունը՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ:

(14-րդ հոդվածը փոփ. 21.05.2003 ՀՕ-51)

 

Հոդված 15.

Լրագրողների հավատարմագրումը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառույցներում և հասարակական կազմակերպություններում իրենց լրագրողներին հավատարմագրելու իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված զանգվածային լրատվության միջոցները, ինչպես նաև հանրապետությունում սեփական թղթակիցներ ունեցող Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև արտերկրի լրատվության միջոցները, համապատասխան վկայականներ ունեցող ազատ լրագրողները:

2. Լրագրողի հավատարմագրման համար հիմք կարող է հանդիսանալ զանգվածային լրատվության միջոցի դիմումը՝ ստորագրված նրա ղեկավարի կողմից և կնիքով հավաստված:

3. Հավատարմագրման դիմումները ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների անունով:

4. Լրագրողի հավատարմագրման մասին որոշումն ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների կողմից:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների լրատվական ծառայությունները պարտավոր են հավատարմագրված լրագրողներին տեղյակ պահել մամուլի ասուլիսների, ճեպազրույցների և այլ միջոցառումների մասին, ապահովել սղագրությամբ, արձանագրություններով և այլ փաստաթղթերով, ստեղծել հավատարմագրված լրագրողների աշխատանքի համար բարենպաստ պայմաններ:

(15-րդ հոդվածը լրաց. 21.05.2003 ՀՕ-51)

 

Հոդված 16.

Արտասահմանյան թղթակիցները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զանգվածային լրատվության արտասահմանյան միջոցների ներկայացուցչությունները ստեղծվում են արտաքին գործերի նախարարության թույլտվությամբ:

2. Արտասահմանյան թղթակիցների հավատարմագրումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված արտասահմանյան թղթակիցներն ունեն իրավունքներ և կրում են պատասխանատվություն՝ իբրև արտասահմանյան իրավաբանական անձի ներկայացուցիչներ:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված արտասահմանյան թղթակիցները, անկախ քաղաքացիությունից, ունեն լրագրողի՝ սույն օրենքով նախատեսված մասնագիտական կարգավիճակ:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից կարող են մտցվել պատասխան սահմանափակումներ այն պետությունների զանգվածային լրատվության միջոցների թղթակիցների նկատմամբ, որոնցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված զանգվածային լրատվության միջոցների լրագրողների մասնագիտական գործունեության համար կան հատուկ սահմանափակումներ:

 

ԳԼՈՒԽ IV

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ

 

Հոդված 17.

Լույս ընծայումը և ելից տվյալները

 

1. Զանգվածային լրատվության միջոցի արտադրանքի տարածումը կարելի է միայն այն դեպքում, երբ խմբագրության ղեկավարը թույլատրել է դրա թողարկումը:

2. Պարբերական տպագիր հրատարակության յուրաքանչյուր թողարկում պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

ա) հրատարակության անվանումը.

բ) հիմնադիրը, հրատարակիչը, տպագրության ստորագրման ժամանակը.

գ) ղեկավարի անունն ու ազգանունը.

դ) թողարկման հերթական համարն ու լույս ընծայման ամսաթիվը.

ե) գինը, գինը պայմանագրային կամ «անվճար» նշումը.

զ) խմբագրության, տպարանի հասցեները, հաղորդակցման այլ միջոցներ.

է) դասիչը, տպաքանակը, զանգվածային լրատվության միջոցի գրանցման վկայականի համարը:

(17-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.05.2003 ՀՕ-51)

 

Հոդված 18.

Պարտադիր օրինակներ

 

1. Խմբագրությունը պարբերական տպագիր հրատարակության անվճար պարտադիր օրինակ է տրամադրում հիմնադրին, զանգվածային լրատվության տվյալ միջոցը գրանցած մարմնին, հանրապետական գրադարանին, պետական արխիվին:

(18-րդ հոդվածը փոփ. 21.05.2003 ՀՕ-51)

 

Հոդված 19.

Պարտադիր հրապարակումներ

 

1. Խմբագրությունը պարտավոր է անվճար և նշված ժամկետում հրապարակել.

ա) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն որոշումները, որոնցում պահանջ կա այդ որոշումը հրապարակել զանգվածային լրատվության տվյալ միջոցում.

բ) զանգվածային լրատվության միջոցները գրանցող մարմնից ստացված հաղորդումները:

 

Հոդված 20.

Գովազդը զանգվածային լրատվության միջոցներում

 

1. Ցանկացած նյութ, որի հրապարակման համար որևէ ձևով փոխհատուցում է ստացվել, համարվում է գովազդ:

2. Թաքնված գովազդն արգելվում է: Խմբագրությունն իրավունք չունի գովազդը հրապարակել լրատվական, խմբագրական կամ հեղինակային նյութի տեսքով: Այն պետք է հստակ տարանջատված լինի զանգվածային լրատվության միջոցի մյուս նյութերից: Եթե գովազդային նյութն իր ձևավորմամբ ու տեսքով չի ընկալվում իբրև գովազդ կամ հայտարարություն, ապա այն պետք է հրատարակվի «Հայտարարություն» կամ «Գովազդ» խորագրով:

3. Զանգվածային լրատվության յուրաքանչյուր միջոց պարտավոր է ունենալ գովազդային ծառայության համար նախատեսված տպագրածավալի կամ եթերաժամի միասնական սակագին:

4. Հիմնադրի, հրատարակչի և զանգվածային լրատվության տվյալ միջոցի խմբագրության՝ գովազդի տեղադրման պայմանները կարգավորվում են կանոնադրությամբ և (կամ) պայմանագրով:

 

Հոդված 21.

Էրոտիկ հրատարակություններ

 

1. Իբրև սույն օրենքին ենթադատ՝ էրոտիկ բնույթի տեղեկությունների ու նյութերի հրապարակման մեջ մասնագիտացված զանգվածային լրատվության միջոցներ ասելով նկատի են առնվում այն պարբերական հրատարակություններն ու ծրագրերը, որոնք հիմնականում և հետևողականորեն շահարկում են սեքսի նկատմամբ հետաքրքրասիրությունը:

2. Էրոտիկ բնույթի մասնագիտացված ռադիո և հեռուստածրագրերն առանց ազդանշանների կոդավորման թողարկելը թույլատրվում է միայն տեղական ժամանակով ժամը 1.00-ից մինչև 6.00-ը:

3. Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների մանրածախ վաճառքն իրականացվում է միայն տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հատուկ այդ նպատակով հատկացված վայրերում:

 

Հոդված 22.

Հրապարակված տեղեկությունների պահպանումը

 

1. Հնարավոր վեճերն արդարացի լուծելու համար ապացույցներ ապահովելու նպատակով զանգվածային լրատվության միջոցի հրատարակիչը պարտավոր է հրապարակված նյութերի բնագրերը պահպանել մեկ տարի՝ հրապարակման օրվանից հետո:

2. (մասն ուժը կորցրել է 21.05.2003 ՀՕ-51)

(22-րդ հոդվածը փոփ. 21.05.2003 ՀՕ-51)

 

ԳԼՈՒԽ V

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

 

Հոդված 23.

Գաղտնի (խորհրդապահական) տեղեկություններ

 

1. Խմբագրությունն իրավունք չունի տարածվող հաղորդումներում հրապարակել այն տեղեկությունները, որոնք քաղաքացին տրամադրում է՝ դրանք գաղտնի պահելու պայմանով:

2. Խմբագրությունը պարտավոր է գաղտնի պահել լրատվության աղբյուրը և իրավունք չունի հայտնել անձի անունը, եթե նա տեղեկությունները տրամադրել է իր անունը չբացահայտելու պայմանով, բացառությամբ այն դեպքերի, երբ նման պահանջ ներկայացվում է դատարանից՝ կապված վերջինիս վարույթում գտնվող գործի քննության հետ:

 

Հոդված 24.

Գաղտնի ձայնագրություն

 

1. Այնպիսի նյութերի և տեղեկությունների տարածումը, որոնք պատրաստվել են գաղտնի ձայնա- և տեսագրման, կինո և լուսանկարահանման օգտագործմամբ, թույլատրվում է, եթե.

ա) դա չի խախտում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները.

բ) դա անհրաժեշտ է հասարակական շահերի պահպանության համար և կողմնակի անձանց հետ հնարավոր նույնականացումը բացառելու միջոցներ են ձեռնարկված.

գ) տեսա- և ձայնագրությունը վերարտադրվում է դատարանի որոշմամբ:

 

Հոդված 25.

Հեղինակային նյութեր և նամակներ

 

1. Խմբագրությունը պարտավոր է պահպանել օգտագործվող նյութերին վերաբերող իրավունքները՝ ներառյալ հեղինակային իրավունքը, մտավոր սեփականության այլ իրավունքները:

2. Հեղինակը կամ ստեղծագործության նկատմամբ իրավունքներ ունեցող այլ անձը կարող է խմբագրությանը տրամադրված նյութն օգտագործելու կանխապայմաններ դնել: Խմբագրությունը պարտավոր չէ խմբագրել, գրախոսել և վերադարձնել իր կողմից չպատվիրված նյութերը:

3. Խմբագրությանը հասցեագրված նամակը կարող է օգտագործվել զանգվածային լրատվության տվյալ միջոցի հաղորդումներում ու նյութերում:

4. Խմբագրությունը պարտավոր չէ պատասխանել նամակներին և այդ նամակները վերահասցեագրել այն մարմիններին ու պաշտոնատար անձանց, ում իրավասության տակ է դրանցում բարձրացված հարցերի քննարկումը:

5. Ոչ ոք իրավունք չունի պարտադրել խմբագրությանը՝ հրապարակել իր կողմից մերժված ստեղծագործությունը, նամակը, այլ հաղորդում կամ նյութ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 26.

Պատասխանի և հերքման իրավունքը

 

1. Քաղաքացիներն ու կազմակերպություններն իրավունք ունեն խմբագրությունից պահանջել հերքելու իրականությանը չհամապատասխանող և իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող այն տեղեկությունները, որոնք տարածվել են զանգվածային լրատվության տվյալ միջոցով:

2. Հերքումը պետք է սահմանափակված լինի փաստական տվյալներով, չպետք է վիրավորի հերքվող նյութի հեղինակի պատիվն ու արժանապատվությունը և չպետք է շոշափի երրորդ անձի շահերը: Հերքման իրավունք ունեն նաև քաղաքացու օրինական ներկայացուցիչները, եթե ինքը՝ քաղաքացին, հնարավորություն չունի հերքում պահանջելու:

3. Եթե զանգվածային լրատվության միջոցի խմբագրությունը չունի իր տարածած նյութի՝ իրականությանը համապատասխանող ապացույցներ, ապա պարտավոր է շահագրգիռ անձի պահանջով հերքել այն՝ լրատվության նույն միջոցով:

4. Հերքումը կամ պատասխանը հրապարակվում է այն ստացվելուն անմիջականորեն հաջորդող թողարկման մեջ, եթե թողարկման նախապատրաստությունը դեռևս ավարտված չէ:

5. Հերքման մեջ պետք է նշված լինի, թե ինչ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը, երբ և ինչպես են դրանք տարածվել զանգվածային լրատվության տվյալ միջոցի կողմից:

6. Պարբերական տպագիր հրատարակության մեջ հերքումը պետք է հրապարակվի նույն տառատեսակով, «Հերքում» խորագրով, նույն էջի նույն տեղում, որտեղ հրապարակված է եղել հերքվող նյութը:

7. Ռադիոյով և հեռուստատեսությամբ հերքումը պետք է հաղորդվի օրվա նույն ժամին, նույն հաղորդման մեջ, ինչ հերքվող տեղեկությունը կամ նյութը:

8. Հերքման ծավալը չի կարող գերազանցել հերքվող նյութի կամ հաղորդման ծավալի կրկնակին:

 

Հոդված 27.

Հերքումը մերժելու հիմունքները

 

1. Հերքումը կարող է մերժվել, եթե տվյալ պահանջը կամ ներկայացված հերքման տեքստը.

ա) ենթադատ է սույն օրենքի 3 հոդվածի 4-րդ կետին,

բ) հակասում է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռին,

գ) անստորագիր է,

դ) եթե խմբագրությունը հերքման պահանջը ստացել է հերքվող տեղեկությունների հրապարակման օրվանից վեց ամիս հետո,

ե) զանգվածային լրատվության միջոցը կարող է հրաժարվել հերքել նաև այն տեղեկությունները, որոնց հրապարակման համար սույն օրենքի 28 հոդվածի համաձայն ինքը պատասխանատվություն չի կրում:

2. Հերքումից հրաժարումը կամ հերքման՝ սույն օրենքով նախատեսված պայմանների խախտումը կարող են բողոքարկվել դատարանում՝ հերքվող նյութի հրապարակումից հետո վեց ամսվա ընթացքում

 

ԳԼՈՒԽ VI

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 28.

Պատասխանատվության ենթարկելու հիմունքները

 

Հիմնադիրները, հրատարակիչները, խմբագրությունները, լրագրողները, պաշտոնատար անձինք, տարածվող տեղեկությունների և նյութերի հեղինակները քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվություն են կրում սույն օրենքի խախտումների համար:

 

Հոդված 29.

Վնասի փոխհատուցումը

 

1. Զանգվածային լրատվության միջոցով իրականությանը չհամապատասխանող, անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող տեղեկությունների հրապարակման հետևանքով հասցված բարոյական (ոչ նյութական), ինչպես նաև այլ ոչ նյութական վնասները փոխհատուցվում են զանգվածային լրատվության միջոցի կողմից՝ դատարանի վճռով սահմանված չափով:

 

Հոդված 30.

Պատասխանատվությունից ազատելու հիմունքները

 

1. Հիմնադիրները, հրատարակիչները, խմբագրությունները, լրագրողները պատասխանատվություն չեն կրում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակման համար, եթե.

ա) այդ տեղեկություններն առկա են պարտադիր հրապարակումներում.

բ) այդ տեղեկություններն առկա են պետական իշխանության, կառավարման մարմինների, իրավապահ մարմինների, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերում և հաղորդագրություններում.

գ) դրանք հանրային ելույթների հատվածների բառացի վերարտադրություն են.

դ) դրանք զանգվածային լրատվության այլ միջոցի տարածած հաղորդումների և նյութերի կամ դրանց հատվածների կամ լույս ընծայված հեղինակային ստեղծագործությունների հատվածների բառացի վերարտադրություն են.

ե) լրագրողները կամ խմբագրություններն ապացուցում են, որ գործել են արհեստավարժորեն և օգտագործել են իրենց բոլոր հնարավորությունները՝ հրապարակվող տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար:

 

ԳԼՈՒԽ VII

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄՆ ՈՒ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

Հոդված 31.

Գործունեության դադարեցման և կասեցման հիմունքներն ու կարգը

 

Զանգվածային լրատվության միջոցի գործունեությունը կարող է դադարեցվել կամ կասեցվել գրանցող մարմնի, հիմնադրի որոշմամբ կամ դատարանի վճռով՝ գրանցող մարմնի հայցով քաղաքացիական դատավարությամբ՝ հետևյալ դեպքերում.

ա) գրանցող մարմինը կարող է դադարեցնել զանգվածային լրատվության միջոցի գործունեությունը և չեղյալ համարել նրա գրանցումն առանց դատարան դիմելու, եթե զանգվածային լրատվության տվյալ միջոցի հերթական համարը լույս չի տեսնում ավելի քան մեկ տարի.

բ) հիմնադիրը կարող է դադարեցնել կամ կասեցնել զանգվածային լրատվության միջոցի գործունեությունը բացառապես այն դեպքերում և այն կարգով, որ նախատեսված են խմբագրության կանոնադրությամբ կամ հիմնադրի և խմբագրության միջև կնքված պայմանագրով.

գ) զանգվածային լրատվության միջոցի գործունեությունը կարող է կասեցվել դատարանի կողմից, եթե գրանցող մարմինը զանգվածային լրատվության տվյալ միջոցի հրատարակությունից հետո գրանցման դիմումում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնաբերել: Կասեցման մասին դատարանի վճիռն ուժը կորցրած է համարվում գրանցման դիմումի մեջ հիմնադրի կողմից ուղղումներ կատարելուց մեկ շաբաթ հետո: Եթե գրանցող մարմնի կողմից հայտնաբերված անհամապատասխանությունները կարող են հանգեցնել գրանցման մերժման՝ համաձայն սույն օրենքի 6 հոդվածի 5-րդ կետի, ապա դատարանն իրավունք ունի դադարեցնել զանգվածային լրատվության տվյալ միջոցի գործունեությունը:

 

Հոդված 32.

Բարեգործական հովանավորությունը զանգվազային լրատվության միջոցների նկատմամբ

 

Բարեգործական հովանավորությունը ֆիզիկական և /կամ/ իրավաբանական անձի ներդրումն է ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորման ձևով, որի նպատակը զանգվածային լրատվական միջոցի մասնագիտական գործունեության իրականացմանը և որակի բարձրացմանն օժանդակելն է:

Զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ բարեգործական հովանավորոթյունը համարվում է զանգվածային լրատվության միջոցների թողարկման ոչ առևտրային գործունեություն:

Հասարակական-քաղաքական և կրոնական կազմակերպությունները չեն կարող բարեգործական հովանավորության ֆինանսավորողներ լինել:

Արգելվում է լրատվության, պաշտոնական հաղորդագրությունների և քաղաքական բնույթի հրապարակումների բարեգործական հովանավորությունը, ինչպես նաև հովանավորությամբ թողարկվող /հրատարակվող/ նյութերի նկատմամբ հովանավորողի կողմից որևէ միջամտություն: Բարեգործական հովանավորությամբ հրատարակվող նյութերը կարող են ուղեկցվել բարեգործական հովանավորի մասին հակիրճ ծանուցմամբ:

(32-րդ հոդվածը լրաց. 21.05.2003 ՀՕ-51)

 

Հոդված 33.

Զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը հանրաքվեների և ընտրությունների ժամանակ

 

Հանրաքվեների և ընտրությունների քարոզչությանը նախորդող և դրանց անցկացման ժամանակաշրջանում զանգվածային լրատվության միջոցները գործում են հանրաքվեների և ընտրությունների մասին օրենսդրությանը համապատասխան:

(33-րդ հոդվածը լրաց. 21.05.2003 ՀՕ-51)

 

Հոդված 34.

Զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը արտակարգ և ռազմական դրության պայմաններում

 

Արտակարգ և ռազմական դրության պայմաններում զանգվածային լրատվության միջոցները գործում են «Ռազմական դրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համաձայն:

(34-րդ հոդվածը լրաց. 21.05.2003 ՀՕ-51)

 

Հոդված 32.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

11 դեկտեմբերի 1999թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-77