Համարը 
N 140-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.03.22/06(168)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.03.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.03.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«22» մարտի  2011թ.

N 140-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բնաիրային օգնության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված «Ամենամսյա օժանդակություն` տնային պայմաններում սպասարկվող միայնակ տարեցներին, հաշմանդամներին և սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին» ծրագրի ֆինանսավորումը կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգում գործող կազմակերպությունների միջոցով` որպես նպատակային հատկացումներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

 ԼՂՀ կառավարության

«22» մարտի 2011թ.

N 140-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգում գործող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին բնաիրային օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները և սույն կարգի դրույթները չեն տարածվում այլ իրավական ակտերով կարգավորվող բնաիրային օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա:

2. Բնաիրային օգնությունը տրամադրվում է նպատակային և հասցեական` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին` նրանց հիմնական պահանջմունքների բավարարման համար:

3. Բնաիրային օգնությունը տրամադրվում է սննդի, հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ձևով:

4. Կազմակերպությունը բնաիրային օգնության տրամադրման ժամանակ համագործակցում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

5. Յուրաքանչյուր բնաիրային օգնության տրամադրման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից հաստատվում է բնաիրային օգնության տրամադրման ծրագիր (այսուհետ` ծրագիր):

6. Ծրագիրը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները`

1) ծրագրի անվանումը և նպատակները.

2) ծրագրի իրականացման վայրը (շրջան(քաղաք), համայնք, բնակավայր).

3) մեկ բաժին օգնության նկարագիրը (տեսականի, չափի միավոր, մեկ չափաբաժնի պարունակություն).

4) բնաիրային օգնության ծրագրի ընդհանուր ծավալը (չափաբաժինների թիվը).

5) ծրագրի ժամկետները` սկիզբը և ավարտը.

6) բնաիրային օգնության տեղափոխման, բեռնաթափման, պահեստավորման, պահպանման և բաշխման աշխատանքների իրականացման կարգը.

7) կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնելու ժամկետները:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ