Համարը 
N 450-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.07.09/11(173)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.06.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.06.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 90 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» հունիսի 2011թ.

N 450-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի

N 90 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 90 որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) «Ընդհանուր դրույթներ» բաժնի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) մարդու և հանրության առողջության պահպանումը, բնակչության առողջության բարելավումը, հիվանդությունների կանխարգելումը, հաշմանդամության և մահացության ցուցանիշների նվազեցումը.

բ) առողջապահության բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.

գ) բժշկական օգնության որակի և արդյունավետության բարձրացման, առողջապահական համակարգի արդյունավետ գործունեության նպատակով առողջապահական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնությամբ ապահովելը.

դ) առողջապահության համակարգի արդյունավետ գործունեության, կազմակերպման, կառավարման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների ներդրումը, կայուն ֆինանսավորման ապահովումը.

ե) առողջապահության բնագավառում մարդու իրավունքների պահպանումն ու պաշտպանությունը.

զ) մոր և մանկան առողջության պահպանումը.

է) արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության ապահովումը.

ը) առողջապահության համակարգում ֆինանսավորման նոր աղբյուրների, այդ թվում` բժշկական պարտադիր և կամավոր ապահովագրական համակարգի ներդրումն ու զարգացումը.

թ) աշխատողների առողջության պահպանումը.

ժ) հանրապետությունում արտադրվող և ներմուծվող դեղերի անվտանգության, որակի և արդյունավետության ապահովումը.

ժա) առողջապահության բնագավառում միջազգային և միջգերատեսչական համագործակցության ապահովումը.

ժբ) հանրային առողջության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը:»:

2) «Նախարարության գործառույթները» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«II. Նախարարության գործառույթները

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) բժշկական օգնության կազմակերպման և բժշկական օգնության որակի գնահատման չափորոշիչների ու չափանիշների մշակումը, դրանց իրականացման դիտարկումը.

բ) առողջապահության բնագավառի առանձին ոլորտների զարգացման հայեցակարգերի, ռազմավարության, քաղաքականության մշակումն ու դրանց իրականացման նկատմամբ դիտարկումը.

գ) առողջապահության զարգացման քաղաքականության, պետական նպատակային ծրագրերի, բնակչության առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման և բուժման, հաշմանդամության և մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացման դիտարկումը, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության և նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման դիտարկումը.

դ) մոր և մանկան ոլորտի գերակա խնդիրների սահմանումը, նպատակային, ռազմավարական ծրագրերի մշակումը և իրականացման դիտարկումը.

ե) երեխաների և կանանց առողջության իրավիճակային պարբերական վերլուծություն, գնահատում, հիմնախնդիրների վերհանում, իրավիճակի բարելավման միջոցառումների մշակում և իրականացման նկատմամբ դիտարկում, ինչպես նաև մանկական և մայրական մահացության ցուցանիշների նկատմամբ շարունակական մոնիթորինգի իրականացում և այդ ցուցանիշների նվազեցմանն ուղղված ռազմավարության մշակումը և իրականացման դիտարկումը.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի առողջապահական բաղադրիչի մշակումը.

է) լիցենզավորման և որակավորման համար պարտադիր պահանջների և պայմանների մշակումը և դրանց պահպանման նկատմամբ դիտարկումների իրականացումը, առողջապահության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների (ընկերությունների) գործունեության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ը) պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական պատվերի ձևավորումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա իրականացման դիտարկումը.

թ) իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների` սահմանված կարգով ֆինանսավորումը, դրանց հաշվապահական հաշվեկշիռների ընդունումն ու ամփոփումը.

ժ) պետական պատվերի շրջանակներում իրականացվող դեղերի, բժշկական նշանակության ապրանքների և ծառայությունների կենտրոնացված գնումների իրականացումը, գնումների դիմաց ֆինանսական միջոցների հատկացումը.

ժա) առողջապահության ոլորտում կադրային քաղաքականության ծրագրերի մշակումն ու իրականացման նկատմամբ դիտարկումը.

ժբ) բարձրագույն, միջին մասնագիտական և նախնական մասնագիտական բժշկական կադրերի պատրաստման (պատրաստում, մասնագիտացում, վերամասնագիտացում), կատարելագործման, շարունակական մասնագիտական զարգացման, առկա կադրային ներուժի պահպանման, զարգացման և վերարտադրման, կադրերի արդյունավետ վերադասավորման ոլորտներում պետական քաղաքականության ծրագրերի մշակումն ու իրականացման դիտարկումը.

ժգ) իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների բուժքույրերի ստաժավորումն անցկացնելու և ստաժավորում անցած բուժքույրերի որակավորման ստուգման, ատեստավորման կարգերի մշակում ու դրանց իրականացման դիտարկում.

ժդ) բնագավառում կառուցվածքային բարեփոխումների իրականացման, գիտական նվաճումների ներդրման, նյութատեխնիկական հագեցվածության, տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման քաղաքականության ծրագրերի մշակումն ու իրականացման դիտարկումը.

ժե) բնակչության հանրային իրազեկության և առողջապահական կրթության ծրագրերի մշակումը և իրականացման նկատմամբ դիտարկումը, նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպումն ու իրականացումը

ժզ) օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների կողմից մշակվող, իր գործունեության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկումն ու համապատասխան եզրակացություններ ներկայացնելը.

ժէ) դեղային պետական քաղաքականության ծրագրերի մշակումը և դրա իրականացման դիտարկումը.

ժը) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկներ, տեղեկանքներ և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.

ժթ) առողջապահական համակարգի և բնակչության առողջության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունն ու գնահատումը.

ի) առողջապահության բնագավառում միջազգային պայմանագրերի նախագծերի մշակումը, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ սահմանված կարգով համագործակցության իրականացումը.

իա) առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, չափանիշների մշակումը:»:

3) 9-րդ կետի «տեղակալ» բառից հետո լրացնել «(տեղակալներ)» բառով, «որին» բառից հետո «(որոնց)» բառով,

4)13-րդ կետի «տեղակալը» բառից հետո լրացնել «(տեղակալներից մեկը)» բառերով,

5) 26-րդ կետի «Վ.Մամիկոնյան 15» բառերը փոխարինել «Փետրվարի 20» բառերով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ