Համարը 
N 334-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.06.11/10(172)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.05.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.05.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.07.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
24-Ի N 442 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«31» մայիսի 2011թ.

N 334-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 442 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու մասին» N 442 որոշմամբ հաստատված N1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` «դ», «ե», «զ», «է» և «ը» ենթակետերով.

«դ) յուրաքանչյուր քաղաքացու` իր ընդունակություններին և հակումներին համապատասխան առավել որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովումը, հասարակության ընդհանուր կրթվածության մակարդակի բարձրացմանը նպաստելը,

ե) պետական կրթական չափորոշիչներին կրթական ծրագրերի համապատասխանության ապահովումը,

զ) ուսումնական հաստատությունների կադրային, ուսումնամեթոդական և ուսումնանյութական ապահովվածությանը նպաստելը,

է) կրթական և գիտական համակարգերի գործունեության որակի ու արդյունավետության գնահատման, «Լեզվի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների կատարման ապահովումը,

ը) ուսումնական և գիտական հաստատություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության բնագավառների օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը, պետական քաղաքականության սկզբունքների պահպանումը:».

 2) II բաժինը շարադրել հետևյալ բովանդակությամբ` նոր խմբագրությամբ.

 

«II. Նախարարության գործառույթները

 

9. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) կրթության և գիտության բնագավառների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի ու կրթության և գիտության բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քաղաքականության մշակում.

բ) կրթության զարգացման երկարաժամկետ և միջնաժամկետ պետական ծրագրերի մշակում, դրանց մոնիթորինգ և գնահատում.

գ) կրթության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման կազմակերպում.

դ) կրթության և գիտության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը սահմանված կարգով մասնակցություն.

ե) դրսեկության ձևով հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության կազմակերպման կարգի սահմանում.

զ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաների տրամադրում.

է) իր իրավասության սահմաններում լիցենզավորման գործընթացների կազմակերպում և լիցենզավորված սուբյեկտների կողմից տվյալ գործունեությունն իրականացնելու համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման ուսումնասիրությունների և դրանց նկատմամբ հսկողության իրականացում.

ը) ըստ կրթական ծրագրերի և կրթության ձևերի` լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, համակարգչային դասարանի (լսարան) նյութատեխնիկական հագեցվածության չափաքանակների, ուսումնադիդակտիկ հագեցվածության, գեղարվեստական, տեղեկատվական և այլ գրականության չափաքանակների մշակում և հաստատում.

թ) ուսումնական հաստատությունների ղեկավար, մանկավարժական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերին ներկայացվող պահանջների սահմանում.

ժ) կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի հիման վրա հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու նպատակով տեղում ուսումնասիրությունների իրականացում.

ժա) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաների տրամադրում.

ժբ) օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման կարգի մշակում և հաստատում.

ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ուսումնադաստիարակչական բնույթի միջոցառումների, կրթության և գիտության հարցերով համաժողովների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպում.

ժդ) իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության, այդ թվում` զորահավաքային, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների գծով աշխատանքների համակարգում.

ժե) կրթության զարգացման պետական ծրագրի, պետական կրթական չափորոշիչների մշակում և դրանց իրականացման աշխատանքների համակարգում.

ժզ) պետական ռազմավարական ծրագրերի շրջանակներում կրթության ոլորտի ծրագրերի իրականացման կազմակերպում և մոնիթորինգ.

ժէ) կրթության բնագավառի զարգացման ծրագրերի մոնիթորինգ.

ժը) հանրակրթական պետական ծրագրերի, օրինակելի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների ապահովում, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովում.

ժթ) ուսումնական հաստատություններում սովորողների գիտելիքների փոխադրական և ամփոփիչ ստուգման և ատեստավորման կարգերի մշակում և հաստատում.

ի) տարրական և հիմնական ընդհանուր կրթության ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագրերը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառության կարգի սահմանում.

իա) պետական հանրակրթական հաստատությունների անվանակոչման չափանիշների մշակում և հաստատում.

իբ) «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն դաստիարակ», «Լավագույն դպրոց», «Լավագույն զինղեկ», «Լավագույն աշակերտ» ամենամյա մրցույթի անցկացման կարգերի մշակում և հաստատում.

իգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման կարգի մշակում և հաստատում.

իդ) ուսումնական հաստատությունների պետական նմուշի փաստաթղթերի հայտավորման և բաշխման աշխատանքների համակարգում.

իե) կրթության և գիտության բնագավառներում պետական պարգևների ներկայացման և գերատեսչական պարգևների շնորհման աշխատանքների համակարգում.

իզ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

իէ) նախարարության և նրա համակարգի բյուջետային գործընթացի ապահովում.

իը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության համակարգերի որակի և արդյունավետության մոնիթորինգ, այդ բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քաղաքականության իրականացման արդյունավետության գնահատում.

իթ) նախարարության և նրա համակարգի աշխատողներին խրախուսելու նպատակով գերատեսչական մեդալի սահմանում, այդ մեդալով պարգևատրման կարգի մշակում և հաստատում.

լ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորությունների իրականացում.

լա) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում և իրականացում.

լբ) հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկի և դրանք վարելու կարգի հաստատում.

լգ) լրացուցիչ կրթության զարգացման ապահովում, լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների նկատմամբ մոնիթորինգի իրականացում.

լդ) բարձրագույն, հետբուհական, միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթության, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերի հաստատում.

լե) իր ենթակայությանը հանձնված կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` համաձայնության տրամադրում դրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:».

3) III բաժնի 13-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ` նոր խմբագրությամբ.

«13. Նախարարը`

ա) իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նաև իր առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված նախարարության գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` նախարարը գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) եռօրյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ առաջարկություն.

է) աշխատակազմի ղեկավարի և նախարարության համակարգում գործող պետական մարմնի ղեկավարի նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին.

ը) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին.

թ) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

ժ) սահմանում է աշխատանքի բաշխում տեղակալի (տեղակալների) միջև.

ժա) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կանոնադրությունները և ցուցումները.

ժբ) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժգ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժդ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժզ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժԷ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժը) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված լիազորություններ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ