Համարը 
Թ.Ն-0109-1
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
22.12.1994
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
22.12.1994
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.12.1994
Ուժը կորցնելու ամսաթիվը 
22.05.2004

Ծանուցում
Ուշադրություն դարձնել «Պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թ.-ի հոկտեմբերի 30-ի ՀՕ-11 օրենքի «Անցումային դրույթ»-ի պահանջին:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարությունն ապահովում է գործադիր իշխանության իրականացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:

Իր լիազորություններն իրականացնելիս Կառավարությունն ընդունում է որոշումներ:

Կառավարությունը պատասխանատու է Հանրապետության նախագահի և Գերագույն խորհրդի առջև:

 

Հոդված 2. Կառավարության գործունեությունը ղեկավարում է վարչապետը: Վարչապետն իր նախաձեռնությամբ կամ Հանրապետության նախագահի առաջարկությամբ հրավիրում է կառավարության նիստեր և նախագահում կառավարության նիստերը:

Վարչապետը հրավիրում է Կառավարության նիստ նաև Կառավարության անդամների կեսից ավելիի պահանջով և նախագահում Կառավարության նիստերը:

Վարչապետն ապահովում է օրենքների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության որոշումների կատարումը:

 

Հոդված 3. Վարչապետն արձակում է կարգադրություններ: Կառավարության գործունեության կարգով սահմանված դեպքերում վարչապետի կարգադրությունները ստորագրում են նաև դրանք իրագործող վարչապետի տեղակալները:

 

Հոդված 4. Կառավարության անդամը չի կարող լինել որևէ ներկայացուցչական մարմնի անդամ, զբաղեցնել այլ պետական պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք:

 

Հոդված 5. Կառավարությունը Գերագույն խորհրդին ներկայացնում է պետական բյուջեի նախագիծը և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

 

Հոդված 6. Վարչապետը Կառավարության որոշմամբ կարող է պետական բյուջեի կամ այլ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Գերագույն խորհրդի առջև հարուցել Կառավարության վստահության հարցը: Կառավարության վստահության հարցը կարող է քվեարկության դրվել այն հարուցելուց հետո ոչ շուտ, քան 24 ժամվա և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: Եթե այդ ժամկետում Գերագույն խորհուրդը Կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա Կառավարության պաշտպանած բյուջեի կամ այլ օրենքի նախագիծը համարվում է Գերագույն խորհրդի կողմից ընդունված:

Վարչապետը Կառավարության վստահության հարցը կարող է հարուցել ոչ ավելի, քան տարին երեք անգամ:

 

Հոդված 7. Բյուջեի ընդունման՝ օրենքով նախատեսված ժամկետները խախտելու դեպքում, մինչև բյուջեի ընդունումը, ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

 

Հոդված 8. Կառավարության պահանջով մինչև 30 օր ժամկետով հետաձգվում է բյուջեում չնախատեսված ծախսերի կամ եկամուտների նվազեցման հանգեցնող օրենքի նախագծի քննարկումը: Այդ ժամկետում Կառավարությունը Գերագույն խորհրդին ներկայացնում է իր առաջարկությունները օրենքի նախագծի վերաբերյալ:

 

Հոդված 9. Կառավարության առաջարկությամբ Գերագույն խորհուրդը կարող է օրենք ընդունել իր լիազորությունների շրջանակներում գտնվող առանձին հարցեր ժամանակավորապես Կառավարության որոշումներով կարգավորելու մասին:

 

Հոդված 10. Գերագույն խորհրդի կողմից Կառավարությանը անվստահություն հայտնելու դեպքում վարչապետը Հանրապետության նախագահին հայտարարություն է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:

 

ԼՂՀ Գերագույն խորհրդի

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Կ. ԲԱԲՈՒՐՅԱՆ

 

ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

ՔԱՐՏՈՒՂԱՐ`

 Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

22 դեկտեմբերի 1994 թվականի,

քաղ. Ստեփանակերտ