Համարը 
ՀՕ-111
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.04.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.05.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.12.2006

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի

ապրիլի 14-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն), որի լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով:

 

Հոդված 2. Կառավարությունը կազմված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետից (այսուհետ՝ վարչապետ), փոխվարչապետերից, նախարարներից:

Կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

 

Հոդված 3. Կառավարությունը կազմավորում է Հանրապետության Նախագահը՝ նշանակում և ազատում է վարչապետին, իսկ վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին:

 

Հոդված 4. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է Հանրապետության Նախագահը կամ վարչապետը:

Վարչապետը հրավիրում և վարում է կառավարության նիստը՝ նաև կառավարության անդամների մեծամասնության պահանջով:

Կառավարության որոշումները ստորագրում է վարչապետը:

 

Հոդված 5. Վարչապետը ղեկավարում է կառավարության ընթացիկ գործունեությունը և համակարգում կառավարության անդամների աշխատանքը:

Վարչապետն ընդունում է որոշումներ:

 

Հոդված 6. Կառավարության անդամը չի կարող լինել որևէ ներկայացուցչական մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

 

Հոդված 7. Կառավարությունը հրաժարական է տալիս Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու, Հանրապետության Նախագահի կողմից վարչապետի հրաժարականն ընդունելու կամ վարչապետին ազատելու դեպքում:

Հրաժարական տված կառավարության անդամները շարունակում են իրենց գործունեությունը մինչև իրենց պաշտոններում նոր նշանակումներ կատարվելը կամ նոր կառավարության կազմավորվելը:

Կառավարության հրաժարականի դեպքում Հանրապետության Նախագահը քսանօրյա ժամկետում, օրենքով սահմանված կարգով, կազմավորում է նոր կառավարություն:

 

Հոդված 8. Կառավարությունը՝

1) նորընտիր Ազգային ժողովի կամ իր կազմավորումից հետո մեկամսյա ժամկետում Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը՝ Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը:

Անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում կառավարության հրաժարականի մասին:

Կառավարությանն անվստահություն չի հայտնվում պատերազմական գործողության ժամանակ.

2) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողովին.

3) կառավարում է պետական սեփականությունը.

4) ապահովում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականության իրականացումը.

5) ապահովում է պետական քաղաքականության իրականացումը արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և բնության պահպանության բնագավառներում.

6) ապահովում է հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության իրականացումը.

7) միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման, սեփականության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ.

8) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 9. Կառավարությունը Ազգային ժողովում ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք:

Կառավարությունը սահմանում է իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը և կարող է պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:

Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը Ազգային ժողովը քննարկում և քվեարկում է մեկամսյա ժամկետում:

Պետության եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերը Ազգային ժողովը քննարկում է միայն կառավարության եզրակացությամբ:

Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը՝ սակայն ոչ ավելի, քան նույն նստաշրջանի ընթացքում երկու անգամ:

Կառավարությունն ունի Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության իրավունք:

 

Հոդված 10. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն երեսուն օր առաջ և կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչև այդ ժամկետի ավարտը:

Բյուջեի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն կառավարության կողմից ընդունված ուղղումներով համարվում է հաստատված:

Բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր կառավարությունը Ազգային ժողովին բյուջեի նախագիծ է ներկայացնում քսան օրվա ընթացքում, որը քննարկվում և հաստատվում է սույն հոդվածով նախատեսված կարգով՝ երեսուն օրվա ընթացքում:

Մինչև բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

 

Հոդված 11. Կառավարության գործունեության ծրագրի օրենսդրական ապահովման նպատակով Ազգային ժողովը կարող է լիազորել կառավարությանն ընդունել օրենքի ուժ ունեցող որոշումներ, որոնք գործում են Ազգային ժողովի կողմից սահմանված ժամկետում և չեն կարող հակասել օրենքներին:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1994 թվականի դեկտեմբերի 22-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

22 մայիսի 2004թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-111