Համարը 
N 987-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.22/24(186)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.12.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«22» դեկտեմբերի 2011թ.

N 987-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետը, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ՆՀ-40 հրամանագրով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգի 15-րդ և 16-րդ կետերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգը վերակազմավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հաստատել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

     ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«22» դեկտեմբերի 2011թ. N 987-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

2. Գործակալությունը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

4. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

5. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

6. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

7. Գործակալությունը և գործակալության տարածքային ստորաբաժանումներն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց` հայերեն անվանմամբ կլոր կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, խորհրդանիշներ և այլ անհատականացման միջոցներ:

 

2. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Գործակալության նպատակները և խնդիրներն են`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց` բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշվածներից, պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների ապահովումը.

2) պետական միասնական, պետական և իրավաբանական անձանց մասնակիցների պետական գրանցամատյանների վարումը:

 

3. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Գործակալության համակարգը կազմված է կենտրոնական մարմնից և տարածքային ստորաբաժանումներից: Գործակալության կենտրոնական մարմինը կազմված է գործակալության պետից և գործակալության կենտրոնական մարմնի աշխատողներից: Գործակալության տարածքային ստորաբաժանումները պետական ռեգիստրի տարածքային բաժիններն են:

10. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթներն իրականացնում է կենտրոնական մարմնի ու տարածքային ստորաբաժանումների միջոցով:

11. Գործակալության կենտրոնական մարմինը`

1) կազմակերպում է պետական գրանցման գործընթացը.

2) հսկողություն է իրականացնում տարածքային ստորաբաժանումների գործունեության նկատմամբ, որի ընթացակարգը հաստատում է նախարարը.

3) իրականացնում է հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միությունների պետական գրանցումը, դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառումը.

4) իրականացնում է իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցումները.

5) իրականացնում է սույն կետի 3-րդ ենթակետում նշված գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականների, նրանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման վկայականների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների պետական գրանցման վկայականների ոչնչացումը.

6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լրատվության միջոցներով տեղեկություններ է հրապարակում իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին.

7) իրականացնում է հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միությունների պետական գրանցամատյանների և իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը.

8) օրենքով սահմանված դեպքերում վարում է իրավաբանական անձանց մասնակիցների ռեեստրը.

9) նախարարին ներկայացնում է առաջարկություն հասարակական միավորումների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների կամ իրենց կանոնադրության պահանջների խախտման դեպքում օրենքով նախատեսված կարգով նրանց գրավոր նախազգուշացնելու, ինչպես նաև նրանց գործունեությունը կասեցնելու, արգելելու կամ լուծարելու հայցապահանջով դատարան դիմելու վերաբերյալ.

10) նախարարությանը վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է վերահսկողություն զանգվածային լրատվության միջոցների կողմից օրենքի պահանջների պահպանման նկատմամբ և նախարարին ներկայացնում է առաջարկություններ օրենքը խախտողների նկատմամբ ներգործության միջոցներ կիրառելու վերաբերյալ.

11) օրենքով սահմանված դեպքերում և կարգով վարչական պատասխանատվության է ենթարկում զանգվածային լրատվության միջոցները թողարկողներին, հրապարակողներին և տարածողներին.

12) իրականացնում է անվճարունակ կազմակերպությունների գրանցամատյանի վարումը.

13) սահմանված կարգով վարում է փաստաթղթերի ընդունման մատյանները.

14) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական և պետական միասնական գրանցամատյաններից, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.

15) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծառայությունների ցանկին և այդ ծառայությունների վճարների չափերին համապատասխան իրականացնում է իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման ծառայություններ.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

12. Գործակալության տարածքային ստորաբաժանումը՝

1) օրենքով սահմանված կարգով իրականացնում է տվյալ տարածքում իրավաբանական անձանց պետական գրանցումը (բացառությամբ սույն կանոնադրության 11-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում նշված գրանցումների), իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը.

2) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

 

4. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը (պետական ռեգիստրի ղեկավարը), որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ օրենքով սահմանված կարգով: Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, նախարարության ու սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

14. Գործակալության պետը հաշվետու է նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

15. Գործակալության պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) կազմակերպում է գործակալության կենտրոնական մարմնի աշխատանքները.

3) կազմակերպում է գործակալության կենտրոնական մարմնի փաստաթղթերի ընդունման մատյանների վարումը.

4) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

5) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

6) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

7) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

8) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

9) կատարում է աշխատանքի բաշխում գործակալության կենտրոնական մարմնի աշխատողների միջև.

10) լսում է գործակալության կենտրոնական մարմնի աշխատողների և տարածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

11) իրականացնում է հսկողություն գործակալության կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

12) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման մասին.

13) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

14) կնքում է իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրեր.

15) օրենքով սահմանված դեպքերում ստորագրում և կնքում է պետական գրանցման (հաշվառման) վկայականներ և այլ փաստաթղթեր.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

16. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գործակալության պետի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

17. Գործակալության տարածքային ստորաբաժանման ղեկավարը`

1) կազմակերպում է համապատասխան տարածքային ստորաբաժանման աշխատանքները.

2) հսկողություն է իրականացնում տարածքային ստորաբաժանման աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, նրանց կողմից պաշտոնեական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ.

3) կատարում է գործակալության պետի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարականները և գրավոր ցուցումները.

4) օրենքով սահմանված դեպքերում ստորագրում և կնքում է պետական գրանցման (հաշվառման) վկայականներ և այլ փաստաթղթեր.

5) սահմանված կարգով վարում է տվյալ տարածքում գրանցված իրավաբանական անձանց պետական գրանցամատյանը, որը հանդիսանում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի մասը.

6) կազմակերպում է փաստաթղթերի ընդունման մատյանների վարումը.

7) նոր գրանցվող (ստեղծվող) առևտրային կազմակերպությունների պահանջով տրամադրում է գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևեր.

8) պետական գրանցամատյանի տեղեկությունները ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ սահմանված կարգով ներկայացնում է գործակալության կենտրոնական մարմնին.

9) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական և իրավաբանական անձանց մասնակիցների գրանցամատյաններից, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.

10) կրում է պատասխանատվություն տարածքային ստորաբաժանման խնդիրների և գործառույթների իրականացման համար:

 

5. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Օրենքով, նախարարության և սույն կանոնադրություններով, այլ իրավական ակտերով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

19. Գործակալության կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

20. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«22» դեկտեմբերի 2011թ. N 987-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. Կենտրոնական մարմին

II. Տարածքային ստորաբաժանումներ

 

Պետական ռեգիստրի Ստեփանակերտի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Ասկերանի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Մարտակերտի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Մարտունու տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Հադրութի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Շուշիի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Քաշաթաղի տարածքային բաժին

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ