Համարը 
N 175-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.03.29/05(195)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.03.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.03.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ  ԼՂՀ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 678-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» մարտի 2012թ.

N 175-Ն

ք.Ստեփանակերտ
 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 678-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 7-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 72-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել շարժական գույքի կադաստրի և շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ու վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարժական գույքի կադաստրի և շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական տեղեկատվական բանկի ստեղծման ու վարման կարգը հաստատելու մասին» N 678-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

 Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«28» մարտի 2012թ. N 175-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարժական գույքի կադաստրի և շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական տեղեկատվական համակարգի (այսուհետ` տեղեկատվական բանկ) ստեղծման, պահպանման, թարմացման, տեղեկատվության փոխանակման և տրամադրման կարգը:

2. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկը ստեղծվում և վարվում է որպես կենտրոնացված տեղեկատվական համակարգ, որը բաղկացած է շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների գրանցման համակարգից և շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական համակարգերից:

3. Շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն իրավունքի գրանցման հիմք հանդիսացած՝ շարժական գույքի գրավի կամ լիզինգի պայմանագրի կողմերին կամ դրանց ներկայացուցիչներին, իսկ երրորդ անձանց՝ միայն պայմանագրի կողմերի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

4. Շարժական գույքի կադաստրի միասնական տեղեկատվական բանկը ստեղծում և վարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

5. Շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական բանկերը ստեղծվում և վարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների կողմից:

6. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկը ստեղծվում և վարվում է միայն էլեկտրոնային տեսքով:

7. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական համակարգերի փաստաթղթերի (էլեկտրոնային) ձևատեսքերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինների կողմից` համաձայնեցնելով շարժական գույքի կադաստրի միասնական տեղեկատվական բանկը վարող լիազոր պետական մարմնի հետ:

8. Շարժական գույքի կադաստրի միասնական տեղեկատվական բանկի պահպանման և սպասարկման ծախսերը ֆինանսավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

9. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի բաղադրիչներն են`

1) շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների գրանցման կադաստրի տեղեկատվական բանկը,

2) ինքնագնաց մեքենաների (կառուցված ավտոմոբիլային հենասահքերի վրա) հաշվառման տեղեկատվական բանկը,

3) ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների հաշվառման տեղեկատվական բանկը,

4) օդային, երկաթուղային և ջրային տրանսպորտային միջոցների հաշվառման տեղեկատվական բանկը,

5) տեխնոլոգիական սարքավորումների հաշվառման տեղեկատվական բանկը,

6) գյուղատնտեսական կենդանիների, գյուղատնտեսական սարքավորումների, տրակտորների, այլ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների և ինքնագնաց շասսիների ու դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման տեղեկատվական բանկը:

10. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկը ստեղծվում է շարժական գույքի հաշվառման տվյալների, շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքների գրանցումների մասին տվյալների մուտքագրման, փոփոխման, թարմացման, շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական բանկերից միասնական տեղեկատվական բանկում տվյալների կենտրոնացման և շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի ելակետային նյութերի փաստաթղթերի տեսաներածման միջոցով:

11. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի ստեղծման համար ելակետային նյութերն են`

1) շարժական գույքի սկզբնական և ընթացիկ հաշվառման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը,

2) շարժական գույքի կադաստրային գործերը,

3) շարժական գույքի հաշվառման մատյանների տեղեկատվությունը,

4) շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքների գրանցման, փոփոխման և դադարեցման ժամանակ հավաքագրվող ու ստեղծվող փաստաթղթերը:

12. Շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքների գրանցումը և տեղեկատվության տրամադրումը կենտրոնացված կարգով իրականացնում է շարժական գույքի ռեգիստրը, որին նշանակում է շարժական գույքի կադաստրի միասնական տեղեկատվական բանկը վարող լիազոր պետական մարմնի ղեկավարը:

13. Oգտվողները շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքների գրանցման և տեղեկատվության տրամադրման մասին դիմումները կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած տարածքային ստորաբաժանում` անձամբ կամ լիազորված անձի միջոցով կամ ֆաքսով, փոստով, էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Ֆաքսով կամ փոստով ուղարկված դիմումների ընդունման ամսաթիվը (տարի, ամիս, օր, ժամ) համարվում է տարածքային ստորաբաժանման կողմից ֆաքսի կամ փոստի ընդունման ամսաթիվը:

14. Շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման և տեղեկատվության տրամադրման մասին դիմումները, բացառությամբ սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերում նշվածների, ներկայացվում են համապատասխան լիազոր պետական մարմին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի փաստաթղթերը պահվում են շարժական գույքի տեղեկատվական համակարգերը վարող լիազոր պետական մարմիններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներով:

16. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի առևտրային, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պահպանումը, օգտագործումն ու տեղեկատվության տրամադրումն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

17. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի տվյալների պահպանումը և պաշտպանությունը (էլեկտրաէներգիայի անջատման, հափշտակման, աղավաղման, ոչնչացման, ձևափոխման, տեղեկատվական համակարգեր ապօրինի ներթափանցման և ապօրինի միջամտության կանխում) ապահովում է համապատասխան տեղեկատվական բանկը վարող լիազոր պետական մարմինը:

18. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի փաստաթղթերը` ըստ նյութական կրիչների, բաժանվում են 2 դասի` թղթային (ձեռագիր և մեքենագիր) ու էլեկտրոնային (մագնիսական սկավառակներ, լազերային, մագնիսաօպտիկական սկավառակներ, մագնիսական ժապավեններ):

19. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի թղթային փաստաթղթերի (արխիվների) պահպանումը, թարմացումը, վերականգնումն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի էլեկտրոնային փաստաթղթերը, կախված օգտագործման և փոփոխման հաճախականությունից, բաժանվում են 2 դասի` օպերատիվ և ստատիկ:

21. Oպերատիվ էլեկտրոնային փաստաթղթերը պահվում են մագնիսական, լազերային, օպտիկական սկավառակների կամ դրանց զանգվածների վրա և օգտագործվում են տեղեկատվական գործընթացներն իրականացնելու նպատակով:

22. Ստատիկ էլեկտրոնային փաստաթղթերը` օպերատիվ փաստաթղթերի պահուստային պատճենները, պահպանվում են լազերային, օպտիկական սկավառակների և (կամ) մագնիսական ժապավենների վրա ու օգտագործվում են տեղեկատվական բանկի փաստաթղթերի երկարաժամկետ (անժամկետ) պահպանման և վթարների դեպքում` օպերատիվ փաստաթղթերը վերականգնելու համար:

23. Oպերատիվ էլեկտրոնային փաստաթղթերի պատճենները գրվում են պահուստային էլեկտրոնային կրիչների վրա, ամեն օր` աշխատանքային օրվա վերջում:

24. Ստատիկ էլեկտրոնային փաստաթղթերը պահվում են տեղեկատվական բանկը վարող լիազոր մարմինների տեղեկատվական կենտրոնում (այսուհետ` արխիվ)` 2 օրինակից, չհրկիզվող պահարաններում:

25. Ստատիկ էլեկտրոնային փաստաթղթերն արխիվներում թարմացվում են ամեն ամիս:

26. Ստատիկ էլեկտրոնային փաստաթղթերի կազմը, պահուստային պատճենների կրիչների պիտակավորման տեխնիկական պարամետրերը սահմանվում են համապատասխան տեղեկատվական բանկ վարող լիազոր պետական մարմնի կողմից:

27. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի փաստաթղթերը փչացնելու, ոչնչացնելու, հափշտակելու, կորցնելու, թաքցնելու, անփույթ պահպանելու, ինչպես նաև փաստաթղթերում պարունակվող պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու դեպքում պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ

 

28. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի և շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական բանկերի միջև տեղեկատվության փոխանակումը կատարվում է կապի միջոցներով (էլեկտրոնային կապ, հեռախոսակապ, ֆաքս և այլն):

29. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի և շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական բանկերի միջև փոխանակվող տեղեկատվության կազմը, ձևաչափերը (ֆորմատները), փոխանակման արձանագրությունը, հաճախականությունը սահմանում է շարժական գույքի կադաստրի միասնական տեղեկատվական բանկը վարող լիազոր պետական մարմնի ղեկավարը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների հետ:

 

IV. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱՆԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

30. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվության տրամադրումը բաց է, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերից:

31. Սույն կարգը չի տարածվում շարժական գույքի տեղեկատվական բանկից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գաղտնիք պարունակող տեղեկատվության տրամադրման վրա:

32. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվությունը տրամադրվում է համապատասխան լիազոր պետական մարմինների կողմից` կնքված և ստորագրված` նշելով տեղեկատվության տրամադրման ամսաթիվը, ժամը և րոպեն:

33. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվությունը տրամադրվում է կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներ դիմում ներկայացնելու կամ շարժական գույքի էլեկտրոնային համակարգի (այդ թվում` կայքէջի) միջոցով:

34. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ դիմում ներկայացնելու դեպքում, տրամադրվում է դիմումն ընդունելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

35. Շարժական գույքի էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկատվությունը տրամադրում է տեղեկատվական բանկ վարող լիազոր պետական մարմնի և օգտվողի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

36. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվության տրամադրումը վճարովի է:

37. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմիններին, դատական մարմիններին և դատախազությանը, օրենքով սահմանված կարգով իրենց լիազորություններն իրականացնելու համար, շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվությունը տրամադրվում է անվճար:

38. Շարժական գույքի տեղեկատվական բանկից տեղեկատվությունը տրամադրվում է տեղեկատվական բանկի փաստաթղթերից` քաղվածքի կամ փաստաթղթերի պատճենների տեսքով:

39. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից փաստաթղթերի բնօրինակները տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

40. Շարժական գույքի տեղեկատվական բանկից տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

41. Շարժական գույքի տեղեկատվական բանկից տեղեկատվության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

42. Մինչև շարժական գույքի տեղեկատվական բանկի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների անմիջական կապի ստեղծումը, որոնք շարժական գույքի տեղեկատվական բանկի հետ չունեն էլեկտրոնային կապ, շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման ու տեղեկատվության տրամադրման մասին դիմումներն ընդունելուց հետո, դիմումները հաղորդում են շարժական գույքի ռեգիստրին հեռատիպով, ֆաքսով, փոստով կամ էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Շարժական գույքի ռեգիստրը սահմանված փաստաթղթերը պատրաստելուց հետո (շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման վկայական կամ տեղեկանք) այն ուղարկում է կադաստրի տարածքային ստորաբաժանում` հեռատիպով կամ ֆաքսով:

43. Oգտվողը շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման վկայականները և (կամ) տեղեկատվությունը կարող է ստանալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի այն տարածքային ստորաբաժանումից, որտեղ տրվել է դիմումը:

44. Մինչև շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման միասնական համակարգչային ծրագրի ստեղծումը, շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական բանկեր վարող լիազոր պետական մարմինները շարժական գույքի հաշվառման տվյալները փոխանցում են շարժական գույքի միասնական տեղեկատվական բանկ վարող լիազոր պետական մարմնին յուրաքանչյուր 15 օրը մեկ անգամ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ