ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառներում պետական կառավարման մարմիններ լիազորելու և դրանց իրավասությունները սահմանելու մասին
‹‹Ընդերքի մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 4-րդ և 6-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառներում հատկապես լիազորված պետական կառավարման մարմիններ ճանաչել ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին, ԼՂՀ բնապահպանության վարչությանը, ԼՂՀ երկրաբանական լաբորատորիային և ԼՂՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչությանը:
2. Սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների հետևյալ հիմնական իրավասությունները`
ա) ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար`
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչության հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների շրջանակներում` հանքահումքային հենքի հեռանկարային ծրագրերի, օգտագործման ռազմավարության մշակումը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչության կողմից հանքավայրերի պաշարների մասին տրված տեղեկանքի հիման վրա օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման համար սահմանված կարգով թույլտվությունների (արտոնագրերի) տրամադրումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանք չեղյալ համարելը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչության հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հետախուզված, նոր շահագործվող հանքավայրերի թույլտվությունները (արտոնագրերը) սահմանված կարգով` մրցութային եղանակով տրամադրելը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանք չեղյալ համարելը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչություն`
ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառներում հատկապես պետական կառավարման և վերահսկողության իրականացումը,
ընդերքի երկրաբանական ուսումնասիրության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերի ձևավորումն ու տեղադրումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը,
լեռնային փորվածքներ և հորատանցքեր պահանջող կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչության կողմից հատուկ ցանկով սահմանված երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման թույլտվություններ տալը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանք չեղյալ հայտարարելը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդերքի երկրաբանական ուսումասիրությունների, օգտակար հանածոների հանքավայրերի մշակման հետևանքով առաջացած թափոնների, ինչպես նաև հանքահումքի վերամշակման արդյունքում գոյացած` լքված հանքապոչերի շահագործման, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով ընդերքն օգտագործման տրամադրելը և այն չեղյալ հայտարարելը,
օգտակար հանածոների հանքավայրերի, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդերքօգտագործման պայմանագրերի կնքումը, գրանցումը, հաշվառումը, ընդերքօգտագործողների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կնքված պայմանագրերը չեղյալ հայտարարելը,
ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության հավաքումը, պահպանումը, վերլուծությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրումը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ընդերքի օգտագործման բոլոր աշխատանքների նկատմամբ պետական երկրաբանական վերահսկողությունը,
ընդերքի օգտագործման, այդ թվում` օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի մշակման և վերամշակման հետ կապված նախագծերի երկրաբանական ու բնապահպանական փորձաքննության իրականացումը, հաստատված նախագծով կատարվող աշխատանքների համապատասխանության, օգտակար հանածոների (այդ թվում` նաև ստորգետնյա ջրերի, նավթի ու գազի) հանքավայրերի ռացիոնալ օգտագործման, պաշարների շարժի, կորստի և աղքատացման նկատմամբ վերահսկողությունը,
օգտակար հանածոների հանքավայրերի պետական հաշվեկշռի և հանքավայրերի ու երևակումների պետական կադաստրի վարումը, պաշարների շարժի հաշվառումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով պետական հաշվեկշռից օգտակար հանածոների պաշարների դուրսգրումը,
հազվագյուտ երկրաբանական մերկույթների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների և ընդերքի գիտական կամ մշակութային հատուկ արժեք ներկայացնող ու պետության կողմից պահպանվող երկրաբանական այլ տարածքների կամ պետական երկրաբանական արգելոցների, արգելավայրերի, հուշարձանների պահպանության նկատմամբ վերահսկողությունը,
ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի շահագործման համար սանիտարական գոտիների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով համաձայնեցումը,
սահմանված կարգով օգտակար հանածոների պահուստային և լքված հանքավայրերի, ինչպես նաև հեռանկարային հանքաերևակումների մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխումը և այլ նպատակներով դրանց օգտագործման կարգի պահպանումը, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների տեղաբաշխմանը համաձայնություն տալը,
ընդերքի մասի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար օրենքով սահմանված կարգով կազմակերպություններին ու քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելը և օգտակար հանածոների օգտագործման սահմանված նորմերի խախտման հետևանքով պետությանը հասցված վնասի փոխհատուցման համար հայտ ներկայացնելը,
օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նախագծի համապատասխան ամենամյա լեռնային աշխատանքների զարգացման ծրագրերի հաստատումը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության հետ.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրաբանական լաբորատորիա`
օգտակար հանածոների պաշարների դասակարգման, տարբեր հանքատեսակների նկատմամբ այդ դասակարգման կիրառման հրահանգների, հանքավայրերի արդյունաբերական գնահատման մեթոդական ու հրահանգչական փաստաթղթերի մշակման աշխատանքների համակարգումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով այդ փաստաթղթերի հաստատումը,
օգտակար հանածոների հանքավայրերի ուսումնասիրության և շահագործման ընթացքում դրանց արդյունաբերական գնահատման նյութերի քննարկումն ու համապատասխան կոնդիցիաների հաստատումը,
հանքավայրերի հետախուզման և վերագնահատման արդյունքների հիման վրա ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի քննարկումը և այդ պաշարների հաստատումն ու վերահաստատումը,
արդյունաբերական նշանակությունը կորցրած և հանքավայրերի հետագա երկրաբանահետախուզական ու մշակման աշխատանքների ընթացքում չարդարացված օգտակար հանածոների պաշարների դուրսգրումը հիմնավորող նյութերի քննարկումը և այդ պաշարների հաստատումն ու վերահաստատումը,
արդյունաբերական նշանակությունը կորցրած և հանքավայրի հետագա երկրաբանահետախուզական ու մշակման աշխատանքների ընթացքում չարդարացված օգտակար հանածոների պաշարների դուրսգրումը հիմնավորող նյութերի քննարկումը և այդ պաշարների դուրսգրումը,
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչություն.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչության կողմից կնքված ընդերքօգտագործման պայմանագրերի հիման վրա լեռնահատկացման ակտերի` սահմանված կարգով տրամադրումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանք չեղյալ հայտարարելը.
օգտակար հանածոների հանքավայրերի մշակման և դրանց արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության նախագծերի տեխնիկական փորձաքննությունը և նախագծին համապատասխան` կատարման նկատմամբ վերահսկողությունը,
օգտակար հանածոների հանքավայրերի մշակման և հետախուզության նախագծերով նախատեսված լեռնային աշխատանքների կատարման և անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը,
օգտակար հանածոների հանքավայրերի պահպանության և շահագործման անվտանգությունն ապահովելու նպատակով կորուստների և աղքատացման նկատմամբ վերահսկողությունը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լեռնաարդյունաբերական կազմակերպությունների, լեռնային փորվածքների, հորատանցքերի ու պոչամբարների լուծարման և կոնսերվացման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը,
հորատապայթեցման աշխատանքների, պոչամբարների ու թափոնակառույցների պահպանության և անվտանգ շահագործման նկատմամբ հսկողությունը,
սահմանված կարգով պայթեցման աշխատանքների կատարման թույլտվությունների տրամադրումը, կատարման նկատմամբ վերահսկողությունը և թույլտվությունները չեղյալ հայտարարելը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչությանը, ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրաբանական լաբորատորիային, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչությանը.
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընդերքի օգտագործման ու պահպանության տեխնիկական և տեխնոլոգիական չափանիշների մշակման ու հաստատման վերաբերյալ.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշումից բխող համապատասխան կարգերը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչությանը` մեկամսյա ժամկետում ԼՂՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված լիազորված մարմինների կանոնադրություններում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչությանը` սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել ‹‹Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքից օգտվելու կարգի մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |