Համարը 
N 333
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.11.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
31.12.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՒ «ԸՆԴԵՐՔՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“28” նոյեմբերի 2003թ.

 N 333

ք.Ստեփանակերտ

 

Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառներում լիազորված պետական մարմիններ սահմանելու, դրանց իրավասությունները սահմանազատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի ու «Ընդերքն ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 5-րդ ու «Ընդերքն ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) նախատեսված լիազորված մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը՝ բացառությամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման լիազորության, որն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը:

2. «Ընդերքն ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ կոնցեսիայի օրենք) նախատեսված լիազորված մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը՝ բացառությամբ սույն որոշման 3-րդ կետով սահմանված լիազորությունների:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը վերապահել կոնցեսիայի օրենքով սահմանված ուսումնասիրության և ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով հավաստվող հանքային իրավունքների տրամադրման, ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում սահմանված նորմերի և կանոնների պահանջների կատարման նկատմամբ երկրաբանական ու բնապահպանական պետական վերահսկողության իրականացման, ինչպես նաև կոնցեսիայի մասին օրենքի «Շրջակա միջավայրի պահպանությունը» VII բաժնով սահմանված լիազորությունները:

4. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը հանքարդյունահանման լիցենզառուի և հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի հետ օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով և կոնցեսիայի օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ընդերքօգտագործման պայմանագիրը կնքում է ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության հետ համատեղ:

5. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված լիազոր մարմիններն ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ապահովում են հետևյալ գործառույթների իրականացումը՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը՝

- հանքարդյունաբերության զարգացման քաղաքականության (ռազմավարություն, հեռանկարային ծրագրեր, իրավական ակտեր և այլն) մշակում.

- կայունացման և կոնցեսիոն պայմանագրերի կնքում.

- լեռնահատկացման ակտի և պայթեցման աշխատանքների կատարման թույլտվությունների տրամադրում.

- օգտակար հանածոների արդյունահանման և դրանց արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության նախագծերի տեխնիկական ու տեխնոլոգիական փորձաքննություն.

- լեռնային աշխատանքների կատարման, անվտանգության կանոնների պահպանման, օգտակար հանածոների կորստի և աղքատացման, լեռնային փորվածքների, հորատանցքերի ու պոչամբարների լուծման և սառեցման (կոնսերվացման) աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողություն.

-իր իրավասության սահմաններում հանքարդյունաբերության զարգացման բնագավառում միջազգային համագործակցություն:

բ) ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը՝

- ընդերքի պահպանության և օգտագործման քաղաքականության (հանքահումքային հենքի զարգացման ռազմավարություն, հեռանկարային ծրագրեր, իրավական ակտեր և այլն) մշակում.

- երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ընդերքօգտագործման, ինչպես նաև պահուստային հանքավայրերի մակերեսների կառուցապատման իրավունքի՝ թույլտվությունների (լիցենզիաների, համաձայնությունների) տրամադրում, այդ թվում՝ երկրաբանական հատկացումների տրամադրում, պետական գրանցում և պայմանագրերի կնքում.

- ընդհանուր տարածում ու ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկերի և երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկերի մշակում.

- օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատում, օգտակար հանածոների պաշարների հաստատում.

- ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական փորձաքննություն.

- ընդերքօգտագործման պետական ֆոնդերի, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի, հանքավայրերի ու երևակումների պետական կադաստրի վարում.

- ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման (ջրօգտագործման) թույլտվությունների տրամադրում և ստորերկրյա ջրերի հանքավայրերի սանիտարական պահպանման գոտիների համաձայնեցում.

- ընդերքօգտագործման նախագծերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննություն.

- իր իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում միջազգային համագործակցություն:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարին՝ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել՝

ա) կոնցեսիայի օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված՝ ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագիծը.

բ) օրենսգրքից, կոնցեսիայի օրենքից և սույն որոշումից բխող անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը, կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև կոնցեսիայի օրենքի V բաժնի 1-ին գլխից բխող իրավական ակտերի նախագծերը:

7. ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել կոնցեսիայի օրենքի 65-րդ հոդվածով սահմանված՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին՝ համատեղ մշակել և հաստատել սույն որոշումով վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում ծագող փոխհարաբերությունների կանոնակարգումն ապահովող համապատասխան գերատեսչական ակտեր:

9. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2002 թվականի մայիսի 6-ի «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառներում պետական կառավարման մարմիններ լիազորելու և դրանց իրավասությունները սահմանելու մասին» թիվ 95 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ