Համարը 
N 21
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.11.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.11.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“1” նոյեմբերի 2002թ.

N 21

 ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունն ու կառուցվածքը (կցվում են):

2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կենտրոնական աշխատակազմի աշխատողների թվաքանակը` 32 միավոր:

3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1997թ. հունիսի 17-ի «ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 105 որոշումը:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2002թ. նոյեմբերի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյմեբերի 1-ի

թիվ 21 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության

 

1. ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը իրականացնում է ագրոարդյունաբերության ոլորտի և երկրի պարենային ապահովվածության քաղաքականության մշակում, ագրոարդյունաբերության համալիրի կառավարում, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նշված բնագավառում գործադիր իշխանության մյուս հանրապետական մարմինների գործունեության համակարգում, ինչպես նաև ագրարային օրենսդրության կատարման վերահսկողություն:

2. Նախարարությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ նախագահի հրամանգրերով և կարգադրություններով, ԼՂՀ կառավարության և ԼՂՀ վարչապետի որոշումներով և սույն կանոնադրությամբ:

3. Նախարարությունը իր գործունեությունը իրականացնում է` համագործակցելով գործադիր իշխանության մյուս մարմինների, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ:

4. Նախարարությունը իրավաբանական անձ է, ունի ԼՂՀ պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գանձապետարանում բացում է հաշիվ:

5. Նախարարությունը հանդիսանում է պետական հատուկ լիազորված մարմին.

- գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության բնագավառում

- պեստիցիդների և ագրոքիմիկատների հետ անվտանգ վերաբերվելու, նրանց

պետական գրանցման կազմակերպական բնագավառում,

- բույսերի կարանտին ապահովելու բնագավառում,

- անասնաբուժության բնագավառում,

- տոհմային անասնաբուծության բնագավառում,

- գյուղատնտեսական հումքի վերամշակման բնագավառում,

- գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության ապահովման բնագավառում,

- հողերի մելիորացիայի բնագավառում,

- անտառային ֆոնդի պահպանման, պաշտպանման և օգտագործման, անտառների վերարտադրության բնագավառում,

- գյուղատնտեսական և այլ ինքնագնաց մեքենաների հաշվառման, նրանց տեխնիկական վիճակի ու շահագործման կանոնների պահպանման բնագավառում

6. Նախարարության հիմնական խնդիրներն են.

1) ԼՂՀ օրենսդրության համապատասխան, գործադիր իշխանության այլ շահագրգիռ հանրապետական մարմինների հետ համատեղ (իրենց իրավասության սահմաններում), այնպիսի միջոցառումների մշակումն ու իրագործումը, որոնք ուղղված են գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և պարենամթերքի արտադրության, սննդամթերքի շուկայի, ագրոարդյունաբերական համալիրի նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովման, սննդամթերքի անվտանգության և գյուղատնտեսական արտադրանքի որակի ապահովման, ինչպես նաև ներդրումային գործունեության, արտադրական, սոցիալական և ճարտարագիտական ենթակառուցվածքների զարգացման, ագրոարդյունաբերական համալիրում աշխատողների սոցիալական պաշտպանության և աշխատանքի պահպանման պետական կարգավորմանը.

2) ագրոարդյունաբերական համալիրում շուկայական հարաբերությունների զարգացման և արմատավորման, ձեռնարկատիրության, կոոպերացիայի, ագրոարդյունաբերական ինտեգրացիայի զարգացման օժանդակումը, գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և պարենամթերքի շուկայի կազմակերպումը.

3) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և պարենամթերքի արտահանման և ներմուծման պետական կարգավորման միջոցառումների մշակման և իրագործման մասնակցումը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս ագրոարդյունաբերական համալիրի արտադրողների շահերի պաշտպանության ապահովումը.

4) ագրարային վերահսկումների իրականացումը և գյուղում հողային բարեփոխումների իրականացմանը մասնակցելը.

5) անասնաբուժական ծառայության բնագավառում և անսանապահական մթերքների անվտանգության ապահովման պետական քաղաքականության իրականացումը.

6) բույսերի կարանտինի ապահովման պետական քաղաքականության իրականացումը.

7) գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության ապահովման, հողերի քիմիզացման և մելիորացիայի, բույսերի կարանտինի, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության, գյուղատնտեսական մշակաբույսերը վնասատուներից պաշտպանման, պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձարկումների կազմակերպման և պետական գրանցման, տոհմային անսանապահության, անտառային ֆոնդի օգտագործման, պահպանման և պաշտպանման, անտառների վերարտադրության, ինչպես նաև իր իրավասության սահմաններում ագրոարդյունաբերական համալիրում արտակարգ իրավիճակների կանխատեսման և հետևանքների վերացման պետական քաղաքականության իրագործումը և պետական կառավարման իրականացումը.

8) ԼՂՀ առողջապահության նախարարության հետ համագործակցելով պեստիցիդների և ագրոքիմիկատների, ինչպես նաև անասնաբուժական պատրաստուկների անվտանգ օգտագործման բնագավառում միասնական պետական քաղաքականության իրականացումը.

9) ԼՂՀ գործադիր իշխանության հանրապետական համապատասխան մարմինների հետ համատեղ ագրոարդյունաբերական համալիրում միասնական գիտա-տեխնիկական և նորամուծության (իննովացիոն) քաղաքականության, գիտության և նորամուծության գործունեության զարգացման, գիտության և կրթության ինտեգրացման, կադրերի պատրաստման և վերապատրաստման կազմակերպման բնագավառներում պետական քաղաքականության ձևավորումն ու իրագործման ապահովումը.

10) ագրարային ոլորտում տեսչական վերահսկողության իրականացումը.

11) ագրոարդյունաբերական համալիրի հարցերով արտերկրների հետ փոխշահավետ տնտեսական և գիտա-տեխնիկական կապերի զարգացման ապահովումը.

12) ագրոարդյունաբերական համալիրի ճարտարագիտա-տեխնիկական համակարգի զարգացման բնագավառում պետական քաղաքականության իրագործումը:

7. ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունն իր վրա դրված խնդիրներին համապատասխան.

1) մշակում է ագրարային քաղաքականության հիմնական ուղղություններին, ագրոարդյունաբերական համալիրի կազմակերպական, ֆինանսա-տնտեսական և կառավարման նորմատիվային իրավական բազայի ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ագրոարդյունաբերական համալիրի կառուցվածքային վերակառուցմանը վերաբերող առաջարկություններ, կանխատեսում ճյուղի զարգացումը.

2) մասնակցում է ագրոարդյունաբերական համալիրի գործունեությանն ու զարգացմանը վերաբերող նորմատիվային իրավական ակտերի մշակմանը.

3) աջակցում է ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերում սեփականության և տնտեսավարման տարբեր ձևերի զարգացմանը, շուկայական ենթակառուցվածքների ձևավորմանը և գործունեությանը, առաջարկություններ է մշակում սեփականաշնորհման, կոոպերացման և ագրոարդյունաբերական ինտեգրացման վերաբերյալ.

4) մասնակցում է գյուղատնտեսական հիմնական մթերքների, հումքի և պարենամթերքի արտադրության և օգտագործման հաշվարկային հաշվեկշռի մշակման գործին, այդ թվում` ըստ շրջանների, համակարգում մթերող կառույցների և ագրոարդյունաբերական համալիրի ապրանքարտադրողների համագործակցությունը` պետական կարիքների համար արտադրանքի գնման ժամանակ.

5) մշակում է ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման կարճատև և երկարատև ծրագրերը.

6) մշակում և իրագործում է գյուղատնտեսական արտադրանքի որակի բարձրացման, ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանն ուղղված միջոցներ, մասնակցում է գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և պարենամթերքի որակի ապահովմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակմանն ու իրագործմանը.

7) հանդիսանում է որպես պետական պատվիրատու և իրականացնում է միջոցառումներ` ուղղված պետական կարիքների համար տոհմային գյուղատնտեսական կենդանիների գնման (մրցութային հիմունքներով), ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի ապահովագրական ֆոնդի ձևավորմանը.

8) իր իրավասության սահմաններում անցկացնում է ԼՂՀ կառավարության քննարկմանը ներկայացված տեխնիկա-տնտեսական հիմնավորումների, նախագծերի և բիզնես-պլանների փորձաքննությունը.

9) հանդիսանում է որպես պետական պատվիրատու պաշտպանիչ անտառատնկվածքների ստեղծման, բույսերի պաշտպանության միջոցների պահուստի ստեծման և օգտագործման, նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի ստեղծման, ագրոարդյունաբերական համալիրի համար մեքենաների և սարքավորումների արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի էլիտային սերմերի արտասահմանյան երկրներից գնումները կազմակերպելու բնագավառներում.

10) մշակում և առաջարկություններ է ներկայացնում ագրոարդյունաբերական համալիրում լիզինգային գործունեության զարգացման և կատարելագործման ուղղությամբ, վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի միջոցների հաշվին լիզինգային գործարքների ֆինանսավորման և այդ միջոցների վերադարձման ուղղությամբ.

11) սահմանված կարգով ԼՂՀ կառավարություն առաջարկություններ է ներկայացնում հատկացված պետական կենտրոնացված կապիտալ ներդրումների սահմաններում բյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորվող օբյեկտների ցանկի և բյուջետային հատկացումների նպատակային բաշխման մասին.

12) մշակում է առաջարկություններ` ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերում կառավարման ձևերի և մեթոդների կատարելագործման ուղղությամբ.

13) կազմակերպում է ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերի նպատակային վերակառուցքավորման, ագրարային և հողային բարեփոխումների ծրագրերի ու զարգացման ռազմավարության մշակումը, փորձաքննությունը և իրագործումը, ինչպես նաև գործադիր իշխանության այլ շահագրգիռ հանրապետական մարմինների հետ մասնակցում է գյուղական բնակավայրերի սոցիալական զարգացման և բարեկարգման, էկոլոգիական ծրագրերի մշակմանը, փորձաքննությանն ու իրագործմանը.

14) մասնակցում է ալկոհոլային և ալկոհոլ պարունակող արտադրանքի արտադրության և իրացման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ուղղված միջոցների մշակմանն ու իրագործմանը.

15) ստեղծում և իրականացնում է կենդանիների և բույսերի քաղաքպաշտպանության ծառայության կազմակերպա-մեթոդական ղեկավարումը.

16) ԼՂՀ գործադիր իշխանության հանրապետական մարմինների հետ համատեղ և ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության հետ համագործակցելով կազմակերպում է ագրոարդյունաբերական համալիրում արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման աշխատանքները.

17) մշակում և իրագործում է ագրոարդյունաբերական համալիրում արտակարգ իրավիճակների կանխատեսման և հետևանքների վերացման, շրջակա բնական միջավայրի պաշտպանությանն ուղղված միջոցառումները.

18) մասնակցում է ագրոարդյունաբերական համալիրի աջակցմանն ու զարգացմանն ուղղված պետական բյուջեի միջոցների և նյութական ռեսուրսների նպատակային օգտագործման վերահսկողության իրականացմանը.

19) մշակում է գյուղատնտեսական մթերքներ արտադրողների և սպառողների ուղղակի կապերի զարգացմանն ուղղված առաջարկություններ.

20) ստեղծում է գյուղատնտեսական արտադրանքի և մթերքների շուկայի մասին ինֆորմացիոն համակարգ.

21) ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ իրականացնում է գյուղատնտեսության մեջ օգտագործվող նյութատեխնիկական ռեսուրսների, գյուղատնտեսական արտադրանքի և մթերքների գների մոնիտորինգը, ներկայացնում է առաջարկություններ` ուղղված գյուղատնտեսության ապրանքարտադրողների եկամուտների մակարդակի պահպանմանը.

22) ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով մշակում և հաստատում է նախարարության համակարգի կառույցների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները.

23) աջակցում է ձեռնարկատիրության զարգացմանը և ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանն ուղղված արտաբյուջետային միջոցների ներգրավմանը.

24) աջակցություն է ցուցաբերում առաջատար տեխնոլոգիաների և տնտեսավարման նոր մեթոդների յուրացման, ինչպես նաև ագրոարդյունաբերական համալիրի կազմակերպությունների տեխնիկական վերազինման գործում.

25) գործադիր իշխանության հանրապետական համապատասխան շահագրգիռ մարմինների հետ կազմակերպում է ագրոարդյունաբերական համալիրի հարցերով արտասահմանյան երկրների հետ տնտեսական և գիտա-տեխնիկական համագործակցությունը, ապահովում է ագրոարդյունաբերական բնագավառում գործունեություն իրականացնող ճյուղային, տնտեսական, առևտրային և գիտա-տեխնիկական միջազգային կազմակերպությունների (միավորումների, միությունների) հետ համագործակցությունը.

26) մասնակցում է նորամուծական և ներդրումային ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավում և օգտագործում է արտասահմանյան ներդրումներ և վարկեր.

27) համապատասխան շահագրգիռ մարմինների հետ մասնակցում է գյուղատնտեսական հումքի, արտադրանքի և պարենամթերքների արտահանման և ներմուծման հետ կապված մաքսային քաղաքականության մշակմանը.

28) ապահովում է բույսերի կարանտինի պահպանումը, ԼՂՀ տարածքում իրականացնում է պետական կարանտինային ֆիտոսանիտարական վերահսկողությունը և կարանտինի ենթակա արտադրանքի (նյութերի, բեռի) ֆիտոսանիտարական հավաստագրումը.

29) աջակցություն է ցուցաբերում ԼՂՀ տարածքային կառավարման մարմիններին` ագրոարդյունաբերական համալիրում հողերի, անտառային, ջրային և բնական այլ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, վերարտադրության և պաշտպանության (ներառյալ բերրիության վերականգնումը և բնահողի պահպանումը) գործում.

30) համապատասխան մարմինների հետ համագործակցելով կազմակերպում է ագրոարդյունաբերական համալիրում բնական ռեսուրսների և շրջակա բնական միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների մշակումն ու իրականացումը.

31) իրականացնում է մելիորատիվ միջոցառումների, մելիորատիվ համակարգի վիճակի և հիդրոտեխնիկական կառույցների նկատմամբ վերահսկողությունը` նրանք այցելելու, դիտարկելու, արտոնագրեր կազմելու, գյուղատնտեսական նշանակության հողերի մելիորացիայի բնագավառում վարչական իրավախախտումների գործերը քննարկելու և վարչական տույժեր նշանակելու իրավունքով.

32) իրականացնում է պետական վերահսկողություն հողերի մելիորացիայի բնագավառում, մելիորատիվ համակարգերի վիճակի և գյուղատնտեսական ջրամատակարարման համակարգերի օգտագործման նկատմամբ, իսկ ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ` մելիորացված հողերի վիճակի և օգտագործման նկատմամբ.

33) կազմակերպում է պետական մելիորատիվ համակարգերի և հիդրոտեխնիկական կառույցների շահագործումը, ինչպես նաև մելիորացված հողերի հաշվառումն ու դիտարկումը և մելիորատիվ համակարգերի ու հիդրոտեխնիկական կառույցների անձնագրավորումը.

34) ապահովում է մելիորատիվ միջոցառումներ կատարելիս հիդրոտեխնիկական կառույցների անվտանգությունը.

35) ԼՂՀ օրենսդրության համաձայն իրականացնում է անտառային ֆոնդի օգտագործման, պահպանման, պաշտպանման և անտառների վերարտադրության բնագավառի պետական կառավարումը, շահագրգիռ մարմինների հետ համատեղ մասնակցում է այդ ուղղություններով նպատակային ծրագրերի մշակմանը.

36) կազմակերպում է սերմնաբուծությունը, տոհմային գործը, սելեկցիոն նվաճումների փորձարկումն ու պահպանումը, բույսերի քիմիացումն ու պաշտպանությունը, սորտային և սերմային հսկողությունը, ինչպես նաև տնկանյութի արտադրությունը.

37) կազմակերպում է անասնաբուժական ծառայության գործունեությունը, լիարժեք և անասնաբուժական տեսակետից անվտանգ սննդամթերքի և կենդանական ծագում ունեցող մթերքների թողարկման նկատմամբ հսկողությունը, բնակչությանը մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից պաշտպանությունը, առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ տարածքում կարանտինի, այլ սահմանափակումների հաստատման և վերացման վերաբերյալ, որոնք ուղղված են կենդանիների վարակիչ և մասսայական ոչ վարակիչ հիվանդությունների օջախների վերացմանը, իրականացնում է անասնաբուժական նշանակության դեղամիջոցների պետական գրանցումը.

38) կազմակերպում է ԼՂՀ տարածքի պաշտպանությունը` այնտեղ կենդանիների և բույսերի հիվանդությունների հրահրիչների և կարանտինային այլ օբյեկտների ներթափանցումը կանխելու նպատակով.

39) վերահսկողություն է իրականացնում տոհմային ռեսուրսների վիճակի և օգտագործման, տոհմային արտադրանքի ԼՂՀ տարածք ներմուծման և ԼՂՀ տարածքից արտահանման նկատմամբ, վարում է տոհմային կենդանիների, սելեկցիոն նվաճումների պետական գրանցումը, ինչպես նաև անցկացնում տոհմային արտադրանքի պետական փորձաքննությունն ու փորձարկումը.

40) սահմանված կարգով իրականացնում է ագրոարդյունաբերական համալիրում ստանդարտացման, չափաբանական ապահովման և անասնաբուժասանիտարական նորմերի պահպանման աշխատանքները, ձևավորում և վարում է ստանդարտների ճյուղային ինֆորմացիոն ֆոնդը և այդ ֆոնդի օգտատերերին ապահովում ինֆորմացիայով.

41) սահմանված կարգով իրականացնում է ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի հավաստագրման աշխատանքները.

42) իրականացնում է միջոցներ, ուղղված միջազգային ստանդարտների կիրառմանը, ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի հայրենական ստանդարտների միջազգային ճանաչմանը, գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և վերամշակման ճյուղի արտադրանքի հավաստագրման արդյունավետության բարձրացմանը.

43) իրականացնում է պետական հսկողություն պեստիցիդների և ագրոքիմիկատների հետ վարման, վերահսկողություն` գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության վերարտադրության, նրանց արդյունավետ օգտագործման, բույսերի պաշտպանության միջոցների անվտանգ կիրառման տեխնիկայի, նրանց տեղափոխման ու պահպանման, ինչպես նաև սերմերի և տնկանյութի որակի նկատմամբ.

44) իրականացնում է պեստիցիդների և ագրոքիմիկատների, բիոտեխնիկական միջոցների և կերերի պետական գրանցում, սահմանում է պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձարկումների արդյունքների փորձաքննության անցկացման կարգը, պեստիցիդների և ագրոքիմիկատների հավաստագրման կարգը, նրանց տեղափոխման, կիրառման և պահպանման հանձնարարականների ձևերի և հաստատման կարգին ներկայացվող պահանջները, համապատասխան մարմինների հետ համատեղ սահմանում է պեստիցիդների և ագրոքիմիկատների ներկրման և արտահանման կարգը, վարում է ԼՂՀ տարածքում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների քարտագրացուցակը.

45) սահմանված կարգով իրականացնում է գյուղատնտեսական տեխնիկայի, ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի տեխնիկայի տեխնիկական վիճակի պետական հսկողությունը.

46) իրականացնում է վարորդական իրավունքների բլանկների, պետհամարանիշների, հաշիվ-տեղեկանքների և համապատասխան տեխնիկան, մեքենաները և նրանց վարորդներին երթևեկությանը մասնակցելու թույլտվություն տալու համար այլ հատուկ արտադրանքի պատրաստումը.

47) սահմանված կարգով քննարկում է պեստիցիդների և ագրոքիմիկատների հետ անվտանգ վարման, բույսերի պաշտպանության և կարանտինի, անասնաբուժության, գյուղտեխհսկողության մարմինների վերահսկողության տակ գտնվող տրակտորների, այլ ինքնագնաց մեքենաների և սարքավորումների օգտագործման, իր հսկողության ներքո գտնվող ագրարային այլ կանոնների խախտման բնագավառների վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը և նշանակում վարչական տույժեր.

48) սահմանված կարգով բաշխում է հողերի մելիորացիայի համար ջրային օբյեկտներից վերցվող ջրային ռեսուրսները.

49) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնում է ագրոարդյունաբերական համալիրին վերաբերվող գործունեության լիցենզավորումը.

50) կազմակերպում է ագրոարդյունաբերական համալիրի գիտական, նորամուծական, ինֆորմացիոն և խորհրդատվական ապահովումը, ցուցահանդեսա-տոնավաճառային գործունեությունը, գիտատեխնիկական նվաճումների պրոպագանդան և աջակցում է ԼՂՀ գործադիր իշխանության սուբյեկտների ինֆորմացիոն-խորհրդատվական ծառայությունների ձևավորման և գիտական ապահովման գործին.

51) հանդիսանում է որպես պետական պատվիրատու և միջոցառումներ է իրականացնում ագրոարդյունաբերական համալիրին վերաբերվող հարցերով գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական պատվերների սահմանված կարգով տեղադրման, նորմատիվային փաստաթղթերի, նոր տեխնոլոգիաների և սարքավորումների մշակման և ներդրման գործում.

52) սահմանված կարգով մասնակցում է պետական սեփականության օբյեկտների` ներառյալ ագրոարդյունաբերական համալիրի բաժնետիրական ընկերություններում պետական սեփականության բաժնետոմսերի կառավարման լիազորությունների իրականացմանը, մշակում է առաջարկություններ ագրոարդյունաբերական համալիրում պետական ունեցածքի օգտագործման և տնօրինման կարգի վերաբերյալ` այն համաձայնեցնելով համապատասխան մարմինների հետ.

53) ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացնում է համակարգի պետական կրթական հիմնարկների պետական ունեցվածքի սեփականատերի լիազորությունները.

54) մշակում և ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն առաջարկություն է ներկայացնում ուսման համար նախատեսվող մասնագիտությունների ցանկի, պետական պատվերի շրջանակներում կատարվող ընդունելության տեղերի քանակի վերաբերյալ.

55) մշակում և սահմանված կարգով միջոցառումներ է իրականացնում ագրոարդյունաբերական համալիրի պետական ձեռնարկությունների, ընկերությունների, հիմնարկների ղեկավարների ատեստավորման և նրանց պաշտոնների զբաղեցման համար մրցույթների անցկացման ուղղությամբ.

56) մշակում և իրականացնում է միջոցառումներ` ուղղված ագրոարդյունաբերական համալիրում աշխատանքային ռեսուրսների ներգրավմանն ու նրանց զբաղվածության ապահովմանը.

57) մշակում է աշխատանքի արտադրողականության բարձրացմանն ուղղված առաջարկություններ և վերահսկողություն է իրականացնում ագրոարդյունաբերական համալիրում աշխատողների սոցիալական պաշտպանությանն ուղղված ԼՂՀ օրենսդրության կատարման նկատմամբ.

58) իրականացնում է պետական քաղաքականություն` ագրոարդյունաբերական համալիրում աշխատանքի պահպանության բնագավառում, ապահովում է հսկողություն ճյուղում աշխատանքի պահպանման վիճակի նկատմամբ, մշակում և իրագործում է աշխատանքի պահպանման և պայմանների բարելավման համապատասխան նպատակային ծրագրեր, աշխատանքի պահպանման ճյուղային կանոններն ու կազմակերպա-մեթոդական փաստաթղթերը, անցկացնում աշխատանքի պահպանման գծով գիտելիքների ստուգումն ու ուսուցանումը, սահմանված կարգով մասնակցում է արտադրությունում դժբախտ պատահարների և պրոֆեսիոնալ հիվանդությունների դեպքերի քննմանը.

59) գործադիր իշխանության հանրապետական շահագրգիռ մարմինների հետ համատեղ իրականացնում է ագրոարդյունաբերական համալիրում մոբիլիզացիոն պատրաստականության ապահովման միջոցառումներ.

60) կազմակերպում է ագրոարդյունաբերական համալիրում հաշվապահական հաշվառման, հաշվետվության, վիճակագրական դիտարկման վարումը և սահմանված կարգով իրականացնում է հաշվապահական և այլ հաշվետվության հավաքագրումը, մշակումը, վերլուծությունը և համապատասխան մարմիններին ներկայացնելը, սահմանված կարգով ապահովում է ագրոարդյունաբերական համալիրում տեսչական և վերահսկիչ-ռևիզիոն աշխատանքների իրականացումը, իրականացնում է ներգերատեսչական ֆինանսական հսկողություն` պետական միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ:

8. Իր վրա դրված գործառույթները իրականացնելու համար ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը իրավունք ունի.

1) գործադիր իշխանության հանրապետական, տեղական կառավարման մարմիններից և կազմակերպություններից հարցում կատարել` նախարարությանը անհրաժեշտ ինֆորմացիայի մասին.

2) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել նախարարության համակարգի ընկերությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները, պաշտոնի նշանակել և պաշտոնից ազատել նրանց ղեկավարներին` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց հետ կնքելով և դադարեցնելով աշխատանքային պայմանագրեր.

3) սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել ագրոարդյունաբերական համալիրի տնտեսավարող սուբյեկտների ղեկավար մարմիններում պետության ներկայացուցիչների թեկնածությունների մասին.

4) մշակել և սահմանված կարգով ԼՂՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ԼՂՀ օենքների և այլ նորմատիվային իրավական ակտերի նախագծերը, նախարարության իրավասության ներքո գտնվող հարցերի առնչությամբ հրատարակել նորմատիվային իրավական ակտեր, ինչպես նաև մեթոդական և հրահանգչական-տեխնիկական փաստաթղթեր` նրանք գրանցելով ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը ղեկավարում է նախարարը, որը պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատվում ԼՂՀ վարչապետի նարկայացմամբ ԼՂՀ նախագահի կողմից: Նախարարի տեղակալը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում ԼՂՀ կառավարության կողմից:

10. ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը.

1) իրականացնում է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության ղեկավարումը, կրում է անձնական պատասխանատվություն նախարարության վրա դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.

2) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքն ու հաստիքացուցակը, պետական պատվերի շրջանակներում գործունեություն իրականացնող և պետական բյուջեի հաշվին պահվող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը ու աշխատավարձի ֆոնդը` ԼՂՀ կառավարության կողմից սահմանված աշխատողների և աշխատավարձի ֆոնդի առավելագույն չափերի սահմաններում, ինչպես նաև համապատասխան տարվա բյուջեով նախատեսված գումարների սահմաններում` նրանց ծախսերի նախահաշիվները.

3) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների կանոնակարգերը.

4) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին.

5) սահմանված կարգով ագրոարդյունաբերական համալիրի աչքի ընկած աշխատողներին ներկայացնում է պատվավոր կոչում շնորհմաը և ԼՂՀ պետական պարգևներով պարգևատրմանը, կիրառում է նյութական և բարոյական խրախուսման միջոցներ.

6) պետական ծառայության մասին ԼՂՀ օրենսդրության համաձայն կարգավորում է նախարարությունում պետական ծառայության անցման հետ կապված հարցերը.

7) արձակում է հրամաններ ու կարգադրություններ և ապահովում է նրանց կատարման նկատմամբ հսկողությունը:

11. Նախարարի բացակայության դեպքում նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:

12. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալը` ի պաշտոնե, նախարարության և համակարգի ղեկավար աշխատողներ և մասնագետներ: Նախարարության կոլեգիայի անդամների քանակական և անվանական կազմը հաստատվում է ԼՂՀ կառավարության կողմից:

Նախարարության կոլեգիան նիստերում քննարկում է գյուղատնտեսական արտադրության զարգացման, ինչպես նաև նախարարության գործունեությանը վերաբերվող այլ հիմնահարցեր:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնություններ առաջանալու դեպքում, նախարարը իրագործում է իր որոշումը, տարաձայնությունների մասին զեկուցելով ԼՂՀ կառավարությանը կամ վարչապետին:

13. Նախարարությունը կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացում, տեղեկության հավաքագրում և լրատվական միջոցներով լուսաբանում ու տարածում: Կոորդինացնում է համակարգի ձեռնարկությունների համագործակցությունը արտերկրի համապատասխան սուբյեկտների հետ:

Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, համակարգում գիտականորեն հիմնավորված միասնական, տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու նպատակով հանձնարարականներ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, փորձագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:

14. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 1-ի

թիվ 21 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության

 

1. Երկրագործության բաժին, երկրագործության պետական տեսչություն

2. Անասնապահության բաժին, անասնապահության պետական տեսչություն

3. Հողաշինարարության բաժին

4. Գյուղտեխնիկայի շահագործման բաժին, գյուղտեխնիկայի պետական տեսչություն

5. Ֆինանսա-տնտեսագիտական բաժին

6. Հումքի և վերամշակման բաժին

7. Հաշվապահական հաշվառման բաժին

8. Ընդհանուր բաժին