ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
"17" ՀՈՒՆԻՍԻ 1997թ. |
N 105 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը /կցվում են/:
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1996 թ. ապրիլի 30-ի ‹‹ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին›› թիվ 102 որոշումը:
|
ԼՂՀ վարչապետ |
Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1997 թ. հունիսի 17-ի
թիվ 105 որոշմամբ |
Կանոնադրություն
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության
1. Ընդհանուր դրույթներ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը /հետագայում` նախարարություն/ ստեղծված է ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մասին›› ԼՂՀ օրենքին համապատասխան:
Նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը` ենթարկվելով ԼՂՀ կառավարությանը, իրականացնում է գյուղատնտեսության և գյուղատնտեսական մթերքների արտադրության համակարգի կառավարումը և ագրարային օրենսդրության կատարման վերահսկողությունը:
Նախարարությունը պատասխանատվություն է կրում իր գործունեության ոլորտում տիրող վիճակի և հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական ու կազմակերպչական քաղաքականության, գյուղատնտեսության բնագավառում շուկայական հարաբաերությունների արմատավորման անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:
Նախարարությունը իրավաբանական անձ է, ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմբ կնիք ու դրոշմակնիք:
2. Նախարարության խնդիրներն ու գործառույթները
2.1 Նախարարության հիմնական խնդիրներն են.
հանրապետության ագրարային համակարգի զարգացման հիմնական ուղղությունների և միասնական ծրագրերի, ագրարային պետական քաղաքականության մշակումը և իրագործումը.
գյուղատնտեսական մթերքների արտադրության զարգացման կանխատեսումը, ճյուղի սոցիալ-տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի խնդիրների լուծումը.
հողային, ջրային, աշխատանքային ռեսուրսների և արտադրության մյուս միջոցների նպատակամետ օգտագործումը: Հողօգտագործման ու հողաշինարարության, ջրօգտագործման ու ջրաշինարարության, հողաբարելավման /մելիորացիայի/, սերմնաբուծության ու սորտափորձարկման, երկրագործության, անասնաբուծության և տոհմային գործի նյութատեխնիկական մատակարարման գիտական սպասարկման, ագրարային բնագավառում խորհրդատվական ծառայությունների մատուցման միասնական արտադրատնտեսական քաղաքականության իրագործումը.
ագրարային համակարգում սեփականության տարբեր ձևերի վրա հիմնված արտադրատնտեսական հարաբերությունների շուկայական կառուցվածքների կազմավորման և զարգացման քաղաքականության իրագործումը.
տեսչական վերահսկողության իրականացումը գյուղատնտեսական հումքի, մթերքների արտադրության և այդ նպատակին ծառայող ագրոհամակարգի այլ կազմակերպությունների, ձեռնարկությունների, տնտեսությունների և մյուս սուբյեկտների գործունեության այն բնագավառներում, անկախ սեփականության ձևից, որոնք վերաբերում են սահմանված կանոնների, չափանիշների, ստանդարտների և այլ պահանջների պարտադիր կատարմանը կամ արգելված ձեռնարկումների և գործունեությունների կանխմանը.
ագրարային ոլորտում նախատեսված բարեփոխումների համալիր միջոցառումների իրականացումը և կառավարման կատարելագործումը.
գյուղատնտեսական մթերքների արտադրության ապահովման համար նպատակամետ միջոցների ձեռնարկումը.
գյուղատնտեսական մթերքների և հումքի, արտադրանքի և արտադրամիջոցների շուկայի իրավիճակի ուսումնասիրումը, գյուղատնտեսական հումք և մթերք արտադրողների շահերը պաշտպանող միջոցների ձեռնարկումը:
2.2 Նախարարությունն իր վրա դրված խնդիրներին համապատասխան.
- իր գործունեությունն իրականացնում է համաձայն տնտեսական, իրավական և օրենսդրական գործոնների.
- համագործակցում է հանրապետության նախարարությունների, պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների հետ.
- նպաստում է գյուղատնտեսական մթերքների և հումքի արտադրության կազմակերպմանը.
- դիտարկում և վերահսկում է ագրարային համակարգի գործունեությունը, իր իրավասության սահմաններում կանխարգելում է օրենքներից և օրենսդրական ակտերից շեղումներն ու խախտումները, սահմանում է ամբողջ համակարգի ձեռնարկությունների փոխհամաձայնեցված և փոխշահավետ գործունեությունն ու շրջակա միջավայրի պահպանության պահանջների կատարումը.
- իր իրավասության սահմաններում ԼՂՀ տարածքում տնտեսավարող սուբյեկտներին տալիս է տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու արտոնագրեր.
- մշակում է գիտատեխնիկական առաջընթացի հիմնական ուղղությունները, գիտահետազոտական պատվերների ձևակերպումը, կազմակերպում ագրոպարենային ոլորտի վարման առաջավոր փորձի ուսումնասիրումը և տարածումը.
- իր իրավասության սահմաններում ապահովում է ագրոպարենային ոլորտի կադրերի պատրաստումը, մասնագետների վերապատրաստումը և որակավորման բարձրացումը.
- մշակում և իրականացնում է ագրարային ինվեստիցիոն քաղաքականություն, արտադրության զարգացման ու տեղաբախշման համալիր սխեմաներ ու նախագծեր, մասնակցում գյուղի սոցիալական և տնտեսական ծրագրերի նախապատրաստմանն ու կենսագործմանը.
- կանխատեսում է նյութատեխնիկական միջոցների նկատմամբ համակարգի պահանջարկը, շահագրգիռ պայմաններ ստեղծում դրանց մատակարարման համար.
- իր իրավասության սահմաններում իրականացնում է անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների, նորմաների և նորմատիվների մշակման ու կատարելագործման աշխատանքներ.
- իրականացնում է աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի համալիր միջոցառումներ.
- պայմանագրային հիմունքներով գործունեություն է ծավալում տարբեր տնտեսավարող սուբյեկտների հետ, իր առջև դրված խնդիրները կատարելու համար.
- ապահովում է համակարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների եկամուտների ու ծախսերի հաշվեկշիռների կազմումը, որոշում է բյուջետային միջոցների օգտագործման ուղղությունները, հատկացված գումարները, ինչպես նաև ձեռնարկում միջոցներ պետական բյուջեի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ.
- տնօրինում է իր տրամադրության տակ գտնվող ֆինանսական, նյութատեխնիկական և այլ միջոցները, ապահովում նրանց նպատակային և արդյունավետ օգտագործումը` համակարգի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման, ինչպես նաև արտադրական, գիտատեխնիկական, փորձարարա-կոնստրուկտորական և այլ միջոցառումների կատարման համար.
- իրականացնում է հանրապետության հողային ռեսուրսների օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունը, հողերի վիճակի համակարգված դիտարկումը, հողային կադաստրի վարումը, հողաշինարարության կազմակերպումը, ԼՂՀ կառավարությանը ներկայացվող հողահատկացման փաստաթղթերի ձևակերպումը, մասնակցում հողային վեճերի լուծմանը, տնտեսավարող սուբյեկտների կողմից ԼՂՀ հողային օրենսդրության խախտումների վերացմանը.
- իրագործում է ջրերի, ջրատարների և ջրամբարների օգտագործման պետական կառավարումը և վերահսկումը.
- վերահսկողություն է իրականացնում անասնաբուծական և անասնաբուժական ծառայությունների վարման, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, անասնապահական մթերքների ու հումքի արտադրության և իրացման սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման, անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման, կարանտին միջոցառումների կազմակերպման, գյուղատնտեսական կենդանիների պահվածքի համար գործող օրենսդրական պահանջների ապահովման նկատմամբ.
- վերահսկողություն է իրականացնում ԼՂՀ տարածքում գործող պետական ձեռնարկությունների, կազմակերպությունների, բաժնետիրական ընկերությունների, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, կոոպերատիվների, անհատ քաղաքացիների և տնտեսավարող այլ սուբյեկտների սեփականությունը հանդիսացող տրակտորների, գյուղատնտեսական տեխնիկայի, սարքավորումների գրանցման, տեխնիկական վիճակի, շահագործման, պահպանման, դուրս գրման, օտարման, ինչպես նաև պետական ձեռնարկություններում և կազմակերպություններում տեխնիկայի նորոգման, տեխսպասարկման, նավթամթերքների փոխադրման, պահպանման և հաշվառման կարգի ապահովման նկատմամբ.
- վերահսկողություն է իրականացնում գյուղատնտեսական մթերքների արտադրանքի որակի, նախնական մշակման և վերամշակման, պահպանման, փոխադրման, ինչպես նաև պարենամթերքների արտադրության համար սահմանված ստանդարտների, տեխնիկական պայմանների, չափաբանական, սանիտարական պահանջների նկատմամբ.
- վերահսկողություն է իրականացնում մթերող կազմակերպությունների կողմից գյուղատնտեսական կազմակերպություններից, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից գնվող արտադրանքի ընդունման կարգի պահպանման նկատմամբ, իր իրավասության սահմաններում լուծում ծագող վեճերը.
- իր իրավասության սահմաններում ապահովում է համակարգի ձեռնարկությունների սեփականաշնորհման ծրագրերի իրականացումը.
- ապահովում է համակարգի` ձեռնարկություններում, կազմակերպություններում, պետական տեսչություններում, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում հաշվապահական հաշվառման կազմակերպման, մեթոդական ղեկավարման, ինչպես նաև հաշվապահական հաշվետվությունների կազմման, ապահովման և սահմանված կարգով ներկայացման աշխատանքների ժամանակին կատարումը.
- իր իրավասության սահմաններում իրականացնում է տեսչական վերահսկողություն
ա/ հանրապետության հողային, ջրային ռեսուրսների օգտագործման, հողի բերրիության պահպանման,
բ/ մշակաբույսերի պաշտպանության, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների կատարման, գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործման, կարանտինի կազմակերպման,
գ/ սորտերի շրջանցման, գենոֆոնդի պահպանման ու կատարելագործման, սերմերի և տնկանյութերի արտադրության տեխնոլոգիական պահանջների պահպանման,
դ/ անասնաբուծական, անասնաբուժական ծառայությունների վարման, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, անասնապահական մթերքների ու հումքի արտադրության և իրացման սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման, անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման,
ե/ անկախ տնտեսավարող սուբյեկտների սեփականության ձևից` գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների գրանցման, տեխնիկական ստուգատեսի անցկացման, դուրս գրման, օտարման, պետական ձեռնարկություններում տեխնիկայի նորոգման, տեխնիկական սպասարկման,
զ/ նավթամթերքների փոխադրման, հաշվառման, պահպանման,
է/ գյուղատնտեսական մթերքների և արտադրանքի որակի, նախնական մշակման և վերամշակման, պարենամթերքների արտադրության և պահպանման,
ը/ մթերող կազմակերպությունների կողմից գյուղատնտեսական կազմակերպություններից արտադրանքի գնման կարգի /պայմանագրերի/ պահպանման,
թ/ գյուղատնտեսության մեջ բարեփոխումների ծրագրերի իրականացման և օրինականության պահպանման,
ժ/ համակարգի ձեռնարկություններում, անկախ կազմակերպաիրավական տեսակից, հաշվապահական հաշվառման նկատմամբ.
- մասնակցում է համակարգին առնչվող միջպետական պայմանագրերի և տարբեր ծրագրերի մշակման, դրանց համար անհրաժեշտ նախադրյալների ապահովման, ֆինանսավորման և իրականացման աշխատանքներին:
3. Նախարարության գործունեության կազմակերպումը
3.1 Նախարարությունը իր գործունեությունը իրականացնում է տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև ենթակա պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների միջոցով:
3.2 Նախարարությունը իր իրավասության սահմաններում լուծում է ագրարային ոլորտին առնչվող հարցերը` չխախտելով ենթակա պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների, ԼՂՀ գործող օրենսդրությամբ սահմանված տնտեսավարման ինքնուրույնությունը:
3.3 Նախարարությունը ԼՂՀ կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ագրարային ոլորտի պետական գույքի սեփականատիրոջ գործառույթները, համակարգի պետական կառավարման մյուս մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկություններում ու կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության, այդ թվում` կազմակերպա-իրավական տարբեր տեսակների ձեռնարկություններում ներդրված պետական բաժնեմասի պահպանումը:
3.4 Նախարարությունը.
ա/ ղեկավարվում է ԼՂՀ գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է համակարգի պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.
բ/ հանրապետության մյուս նախարարությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.
գ/ սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի, նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
դ/ կասեցնում, անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից ընդունված, սակայն գործող օրենսդրությանը հակասող հրամանները, որոշումները և հրահանգները.
ե/ ընդհանրացնում է օրենսդրության կիրառման գործափորձը /պրակտիկան/ ագրոպարենային ոլորտում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և ներկայացնում ԼՂՀ կառավարության քննարկմանը:
3.5 Գործող օրենսդրությանը համապատասխան հաստատում է նախարարության ենթակա հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաև պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին (տեղական մարմինների ղեկավարների պարագայում հարցը համաձայնեցնելով համապատասխան շրջանային վարչակազմի հետ):
3.6 Նախարարությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալ և միանձնյա ղեկավարման զուգակցությամբ` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պարտականությունների և պատասխանատվության ճիշտ սահմանմամբ:
3.7 Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին ԼՂՀ նախագահը նշանակում և ազատում է պաշտոնից ԼՂՀ վարչապետի առաջարկությամբ, համաձայն ԼՂՀ գործող օրենսդրության:
Նախարարն ունի տեղակալ, որին նշանակում և ազատում է պաշտոնից ԼՂՀ կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
3.8 Նախարարը.
ա/ պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների կատարման համար.
բ/ առանց լիազորագրի գործում է նախարարության անունից, ներկայացնում է նրա շահերը, կնքում է պայմանագրեր` նախարարության գործունեության հետ կապված հարցերի վերաբերյալ.
գ/ աշխատանքային օրենսդրության համապատասխան` նշանակում, տեղաբաշխում, ազատում, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին.
դ/ ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը:
Նախարարն իրավունք ունի փոփոխելու կենտրոնական ապարատի կառուցվածքը` աշխատողների թվաքանակի ընդհանուր թվի և աշխատանքի վարձատրության ֆոնդի սահմաններում:
Հաստատում է նախարարության, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների կանոնադրությունները.
ե/ առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների քանակը և ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի կազմը.
զ/ կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.
է/ կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգում ընգրկված ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ:
3.9 Նախարարի բացակայության դեպքում, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:
3.10 Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը /նախագահ/, նախարարի տեղակալը` ի պաշտոնե, նախարարության և համակարգի ղեկավար աշխատողներ: Նախարարության կոլեգիայի անդամների քանակական և անվանական կազմը հաստատվում է ԼՂՀ կառավարության կողմից:
3.11.Նախարարության կոլեգիան նիստերում քննարկում է գյուղատնտեսական արտադրության զարգացման, ինչպես նաև նախարարության գործունեությանը վերաբերող այլ հիմնահարցեր:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնություններ առաջանալու դեպքում, նախարարը իրագործում է իր որոշումը, տարաձայնությունների մասին զեկուցելով ԼՂՀ կառավարությանը կամ վարչապետին:
3.12 Նախարարությունը կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացում, տեղեկության հավաքագրում և լրատվական միջոցներով լուսաբանում ու տարածում: Կոորդինացնում է համակարգի ձեռնարկությունների համագործակցությունը արտերկրի համապատասխան սուբյեկտների հետ:
3.13 Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, համակարգում գիտականորեն հիմնավորված միասնական, տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու նպատակով հանձնարարականներ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, փորձագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:
3.14 Նախարարությունը իրականացնում է ագրոպարենային ոլորտի աշխատողների մասնագիտական պիտանելիության և որակավորման ստուգման գործունեություն, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, տեղաբախշման և որակավորման բարձրացման աշխատանքները:
3.15 Նախարարությունը, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, վերահսկողություն է իրականացնում համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի և միջոցների օգտագործման նկատմամբ, ինչպես նաև տալիս է գույքի օտարման, միջոցների վարձակալության հանձնման կամ այլ ձեռնարկություններում ներդրման թույլտվություն:
3.16. Նախարարությունը իրականացնում է համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողություն, ներառյալ` հիմնադիր փաստաթղթերի, նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:
3.17 Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից:
3.18 Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող նախարարության համակարգի ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների գործունեության մեջ տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ:
3.19 Նախարարությունը դադարեցնում է իր գործունեությունը` վերակազմավորման, վերակառուցման կամ լուծարման ճանապարհով:
Նախարարության գործունեության դադարեցման մասին որոշումն ընդունում է ԼՂՀ կառավարությունը:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1997 թ. հունիսի 17-ի
թիվ 105 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակա հիմնարկ ձեռնարկությունների
1. Շրջանային գյուղավարչություններ
1. Ասկերանի շրջգյուղավարչություն:
2. Մարտակերտի շրջգյուղավարչություն:
3. Մարտունու շրջգյուղվարչություն:
4. Հադրութի շրջգյուղվարչություն:
5. Շուշիի շրջանի վարչակազմի գյուղբաժին:
6. Քաշաթաղի շրջգյուղավարչություն:
2. Պետական ձեռնարկություններ
1. ‹‹Արցախագրոսպասարկում›› պետական ձեռնարկություն:
2. ‹‹Արցախսերմ›› գիտաարտադրական պետական ձեռնարկություն:
3. ‹‹Արցախջրտնտ›› հատուկ նշանակության պետական ձեռնարկություն:
4. Տոհմային գործի պետական ձեռնարկություն:
5. Ստեփանակերտի ինկուբացիոն-ճտահանման կայան-պետական ձեռնարկություն:
6. Գյուղատնտեսական մթերքների առևտրի պետական ձեռնարկություն:
7. ‹‹Ագրոանասնաբուժմատ›› պետական ձեռնարկություն:
8. Թ 7 շարժական մեքենայացված շարասյուն – պետական ձեռնարկություն:
9. ‹‹Ինֆորմագրո›› պետական ձեռնարկություն:
10. ‹‹Բույսերի պաշտպանության և ագրոքիմիական ծառայության հանրապետական կայան›› պետական ձեռնարկություն:
11. Մարտունու թռչնաբուծական ֆաբրիկա – պետական ձեռնարկություն:
12. ‹‹Արցախանտառ›› անտառտնտեսային արտադրական պետական ձեռնարկություն:
13. Մեղվաբուծական պետական ձեռնարկություն:
14. ‹‹Արցախհողշիննախագիծ›› պետական ձեռնարկություն:
3. Բյուջետային կազմակերպություններ
1. Պետական սերմային տեսչություն:
2. Գյուղատնտեսական տեխնիկում: