Համարը 
N 25
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.11.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.11.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.03.2004

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“21” նոյեմբերի 2002թ.

 N 25

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը (կցվում է հավելված 1).

բ) ԼՂՀ ֆինանսների և էկոնմիկայի նախարարության կառուցվածքը (կցվում է հավելված 2):

գ) ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստիքների թիվը 105 միավոր, այդ թվում` կենտրոնական աշխատակազմինը 71 միավոր:

 

 

ԼՂՀ վարչապետ

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի «21-ի»

թիվ 25 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը /այսուհետև` նախարարություն/ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի համակարգման բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթցթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) բյուջետային գործընթացի կազմակերպումը

բ) միջազգային ֆինանսական համագործակցության, ֆինանսա-տնտեսական, վարկային, հարկային և ոչ հարկային եկամուտների, բյուջետային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովումը,

գ) կապիտալի, ֆինանսական, այդ թվում` ապահովագրական, աուդիտորական, գրավատների, վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, օրենքով կամ իրավական այլ ակտերով համապատասխան լիազորությունների տրամադրման դեպքում այդպիսի գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը,

դ) աուդիտի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների մեթոդաբանության մշակումը,

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հարկային, ոչ հարկային, պարտադիր վճարներով (այսուհետ` բյուջետային եկամուտներ) եկամուտների ձևավորման քաղաքականության մշակումը, պետական մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային եկամուտների հավաքագրման նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հսկողության իրականացումը,

զ) ստուգումների միջոցով պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման (աուդիտի) կազմակերպումը և իրականացումը,

է) միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող փոխառությունների և նվիրատվությունների համակարգումը և ծրագրերի իրականացման ընթացիկ մոնիտորինգը,

ը) իր րավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը,

թ) պետության և համայնքների կարիքների համար գնումների գործընթացի պետական կարգավորումը,

ժ) պետական պարտքի կառավարումը,

ժա) պետական ռեզերվների ձևավորումն ու կառավարումը,

ժբ) տնտեսական զարգացման ծրագրերի համակարգումը:

 

II. Նախարարության գործառույթները

 

7. Նախարարությունը իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Մակրոտնտեսական և միկրոտնտեսական քաղաքականության ոլորտում`

պետական պարտքի գնահատումը և կառավարումը.

տնտեսության զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների համակարգումը և հաստատված ծրագրերի կատարման մոնիտորինգը

մակրոտնտեսական հիմնական նպատակային ցուցանիշների որոշումն ու սահմանումը, տնտեսության, զարգացման մակրոտնտեսական ծրագրավորումը, մակրոտնտեսական հետազոտությունների և վերլուծությունների իրականացումը,

ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ Նախագահի հրամանագրերով, կառավարության որոշումներով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում առանձին արտադրանքների և ծառայությունների սակագների հաստատումը կամ համաձայնեցումը,

բ) բյուջետային եկամուտների քաղաքականության ոլորտում`

հարկային և ոչ հարկային եկամուտների ընթացիկ քաղաքականության և դրա կիրարկման վերլուծությունը,

միջնաժամկետ և հեռանկարային հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության մշակումը,

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կազմանն ոլորտում`

առաջիկա տարվա բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպումը, այդ թվում` պետական և համայնքների բյուջեների կազմանն համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերի և դրանց ներկայացման կարգերի մշակումը և դրանց տրամադրումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին,

պետական կառավարման մարմիններից առաջիկա բյուջետային տարվա բյուջետային մուտքերի կանխատեսումների ու բյուջետային ֆինանսավորման հայտերի ստացումը, դրանց վերլուծությունը և առաջիկա տարվա` ԼՂՀ պետական բյուջեի մուտքերի և ելքերի ֆինանսական ծրագրավորումը,

առաջիկա տարվա` ԼՂՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի մշակումը,

առաջիկա տարվա` ԼՂՀ կառավարության բյուջետային ուղերձի մշակումը,

ԼՂՀ պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների մշակումը,

ԼՂՀ պետական և համայնքների բյուջեների միջև հարաբերությունների կարգավորումը,

առաջիկա տարվա ԼՂՀ համախմբված բյուջեի ծրագրավորվող նախնական ցուցանիշների ամփոփումը,

ԼՂՀ պետական բյուջեով նախատեսվող ԼՂՀ կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից ԼՂՀ կառավարության որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ԼՂՀ պետական բյուջեում նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման ու նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման մասին ԼՂՀ կառավարություն առաջարկությունների ներկայացումը,

ԼՂՀ միջին ժամկետ ծախսային ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը,

բյուջետային հատկացումների վերաբաշխումների կատարման մեթոդաբանության մշակումը և ներդրումը

դ) բյուջեների կատարման ոլոտում`

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպումը.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովման կազմակերպումը.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը.

պետական հիմնարկների ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու և ամփոփելու հետ կապված հարաբերությունների և բյուջետային հատվածում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը,

պետական և համայնքների բյուջեների կատարման ընթացքում պետական հիմնարկների կողմից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողության իրականացումը.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների ֆինանսական հոսքերի սպասարկման կազմակերպումը, պետական բյուջեից վարկերի, փոխատվությունների, սուբսիդիաների, սուբվենցիաների, բյուջետային երաշխիքների տրամադրումը.

պետական հիմնարկի արտաբյուջետային ֆոնդերով (հաշիվներով) գործառնությունների հաշվառումը.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների, արտաբյուջետային միջոցներով գործառնությունների կատարման մասին ֆինանսական հաշվետվությունների ստանալը, դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելը, ամփոփելը և դրանց հիման վրա ԼՂՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմելը և ներկայացնելը.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկումը.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին պետական պարտքի ընթացիկ կառավարումը.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ առաջացած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների սպասարկումը.

բյուջեների կատարումն ապահովող օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումների իրականացումը,

օրենքով սահմանված շրջանակներում ԼՂՀ կառավարության կողմից նախարարությանը և պետական կառավարման այլ մարմիններին, ինչպես նաև օրենքով պետական կառավարման մարմիններին վերապահված իրավասության սահմաններում ԼՂՀ պետական բյուջեով սահմանված բյուջետային հատկացումների և այլ ցուցանիշների համապատասխանաբար վերաբաշխումների ու փոփոխությունների իրականացումը և հաշվառումը,

ԼՂՀ համայնքների բյուջեների և ԼՂՀ համախմբված բյուջեի տվյալ տարվա համար ծրագրավորված և փաստացի կատարված ամփոփ ցուցանիշների հաշվառումը:

ե) գնումների գործընթացի պետական կարգավորման և համակարգման ոլորտում`

գնումների ընթացակարգերի կազմակերպման և անցկացման գործընթացի նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովումը.

գնումների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի նախագծերի մշակումը և դրանց ներկայացումը կառավարության և (կամ) վարչապետի հաստատմանը.

գնումների անցկացման գործում պետական մարմիններին օժանդակության ցուցաբերումը և նրանց կողմից «Գնումների մասին» ԼՂՀ օրենքի դրույթների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկումը.

պետական մարմիններին մեթոդական օգնության ցուցաբերումը, ներառյալ` գնումներ կատարելու ժամանակ օգտագործվող փաստաթղթերի նմուշների մշակումը և հրապարակումը.

մասնակիցների բողոքների հիման վրա ստուգումների կազմակերպումը և պատվիրատուների համար պարտադիր կատարման ենթակա որոշումների ընդունումը.

«Գնումների մասին» ԼՂՀ օրենքով նախատեսված դեպքերում` գնումների կատարման ձևի մասին պատվիրատուների որոշումների հաստատումը կամ մերժումը.

պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` գնումների գծով աշխատակիցների մասնագիտական ուսուցման, որակավորման և վերապատրաստման գործի կազմակերպումը.

գնումների ընթացակարգերի և դրանց մաս կազմող արձանագրությունների ստուգումը.

գնումների պաշտոնական տեղեկագրի հրապարակումը.

«Գնումների մասին» ԼՂՀ օրենքով նախատեսված դեպքերում` պայմանագիր կնքելու մասին պատվիրատուների որոշումների հաստատումը կամ մերժումը.

գնումների ակտերի, ներառյալ` հրահանգների, կարգադրությունների և հրամանների պարբերական հաշվառումը:

զ) հաշվապահական հաշվառման և աուդիտի կարգավորման ոլորտում`

հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտների մշակումն ու հաստատումը,

հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների ձևերի մշակումն ու հաստատումը,

հաշվապահական հաշվառումը և աուդիտորական գործունեությունը կարգավորող ստանդարտներից բացի այլ իրավական ակտերի մշակումը և օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում` գերատեսչական նորմատիվ ակտերի հաստատումը,

հաշվապահների որակավորումը,

աուդիտորական գործունեության ընթացիկ կարգավորումը (աուդիտորների որակավորման կազմակերպում և անցկացում, աուդիտորական գործունեության լիցենզավորում, լիցենզավորման պայմանների ու պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացում),

է) արժութային կարգավորման ոլորտում`

թանկարժեք մետաղներով ու բնական քարերով կատարվող գործառնությունների քաղաքականության մշակումը, հարգադրոշմային հսկողության և մետաղափորձական վերահսկողության իրականացումը,

ը) ապահովագրական գործունեության կարգավորման և վերահսկողության ոլորտում`

ապահովագրական ոլորտում պետական քաղաքականության, ինչպես նաև ապահովագրական գործունեության կարգավորման քաղաքականության մշակումը,

ապահովագրական գործունեության ու ապահովագրական բրոքերային և ապահովագրության գծով միջնորդային գործունեության լիցենզավորումը,

ապահովագրական ընկերություններից սահմանված ձևերի հաշվետվությունների ընդունումը, դրանց ամփոփումը, վերլուծությունների իրականացումը, ապահովագրական շուկայի վերաբերյալ վիճակագրական տվյալների և հիմնական ցուցանիշների հաշվարկումը, զարգացման միտումների բացահայտումը,

ապահովագրական ընկերությունների և ապահովագրական բրոքերների (միջնորդների) կողմից ապահովագրության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովման, ինչպես նաև ապահովագրողների կողմից ներկայացվող հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ստուգումների իրականացումը,

ապահովագրողների, ապահովադիրների, այլ շահագրգիռ անձանց, ինչպես նաև պետության շահերի պաշտպանության ապահովումը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրական ընկերությունների տնտեսական նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ապահովագրական գործունեության և ապահովագրական բրոքերային գործունեության և ապահովագրության գծով միջնորդային գործունեության լիցենզավորման պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրական ընկերությունների և ապահովագրական բրոքերների (միջնորդների) ղեկավարների, հաշվապահների, աուդիտորների, ապահովագրական դեպքի հետևանքով առաջացող վնասի չափը գնահատողների, ակտուարների որակավորումը,

թ) վիճակախաղերի, խաղատների, շահումով խաղերի և գրավատնային գործունեության կարգավորման ոլորտում`

շահումով խաղերի, վիճակախաղային, խաղատնային գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, այդ գործունեությունների լիցենզավորումը և լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը,

գրավատնային գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, գրավատների գործունեության լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը:

ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հսկողության իրականացման և ֆինանսական վերահսկողության ոլորտում`

50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների, կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության նկատմամբ հսկողության իրականացումը,

բյուջետային եկամուտներ հավաքագրող կամ բյուջետային եկամուտների գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների ու լիազորված իրավաբանական անձանց կողմից բյուջետային եկամուտների հավաքագրման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների ապահովման նկատմամբ հսկողության իրականացումը` բացառելով դրա շրաջանակներում հարկեր, տուրքեր, այլ պարտադիր վճարներ, վարձակալական վճարներ, տոկոսներ ու վարչական տուգանքներ վճարողների և հարկային գործակալների մոտ իրականացվող ստուգումները

պետական և տարածքային կառավարման մարմինների ու համայնքների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների, ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը,

պետական մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրված հատկացումների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման ուղղությամբ հսկողության իրականացումը, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումների (աուդիտի) իրականացումը` ստոգումների միջոցով,

պետական կառավարչական հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կատարման նկատմամբ հսկողության իրականացումը` ստուգումների միջոցով,

իրավապահ մարմինների հետ համատեղ ֆինանսական իրավախախտումների կանխարգելումը, նախաքննության մարմինների ու դատարանի որոշումներով համապատասխան վերստուգումների կատարումը,

օրենքով նախատեսված դեպքերում` հաշվապահական և դրամարկղային գործառնությունների կատարման վերահսկողությունը,

օրենքով ԼՂՀ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքների բյուջեների կատարման նկատմամբ հսկողությունը` ստուգումների միջոցով:

ժա) պետական սեփականության կառավարման ոլորտում

բանկերի, առևտրային այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության հաշվառումը, պետական մասնակցության դիմաց շահաբաժինների հաշվարկման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարման նկատմամբ հսկողություն, 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգիչ հանձնաժողովների (հսկիչների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը` բացառելով այդ նպատակով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ստուգումները,

լուծարված առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների (դեբիտորական պարտքերի) կառավարումը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք քարերի ու մետաղների պահուստների կառավարումը,

հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվությամբ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի տնօրինման, ինչպես նաև հարկային և ոչ հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձված գույքի իրացման աշխատանքների նկատմամբ հսկողություն,

պետական գույքի մասնավորեցման հայեցակարգի և ճյուղային քաղաքականության մշակմանը մասնակցությունը

ժբ) պետական ռեզերվների ձևավորման ու կառավարման ոլորտում`

պետական ռեզերվի նյութական արժեքների տեղաբաշխումը պատասխանատու պահպանման կետերում, թարմացումը և պահպանման վիճակի հսկողությունը,

ժգ) պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում`

նախարարության կողմից, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված քաղաքացիաիրավական գործարքներից բխող պահանջներով դատարանում որպես հայցվոր հանդես գալը,

պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գումարի բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական հիմնարկների դեմ հայցերով դտարանում որպես պատասխանող կամ երրորդ անձ ներգրավվելը և պետության գույքային շահերի պաշտպանությունը,

պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների դատախազության կամ դատարանի ապօրինի գործողություններով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցման պահանջներով ընդդեմ պետության ներկայացված հայցերով դատարանում որպես պատասխանող հանդես գալը,

պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների դատախազության կամ դատարանի գործողություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից հատուցվելու դեպքում պետության հետադարձ պահանջները ներկայացնելը,

մի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, մյուս կողմից` քաղաքացիների կամ իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող փոխադարձ դրամական պարտավորությունների երկկողմանի կարգավորման նախաձեռնումը:

 

III. Նախարարության կառավարումը

 

8. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ԼՂՀ Նախագահը` ԼՂՀ վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ԼՂՀ վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ու վարչապետի որոշումներով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:

9. Նախարարը իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

10. Նախարարը հաշվետու է ԼՂՀ Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և ԼՂՀ վարչապետին:

11. Նախարարը`

ա) նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառին, նպատականերին և խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս ԼՂՀ անունից, տալիս է բյուջետային երաշխիքներ, ինչպես նաև` ԼՂՀ կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր,.

ե) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների սահմանները.

է) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

թ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժ) ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը.

ժա) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին, ԼՂՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին օրենքների նախագծերը:

ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արցախբանկ» ՓԲԸ խորհրդի նիստերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի թեկնածության վերաբերյալ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

12. Նախարարի տեղակալը`

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

13. Գլխավոր գանձապետն ի պաշտոնե հանդիսանում է նախարարի տեղակալ և իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ:

14. Նախարարի բացակայության դեպքում, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի հանձնարարությամբ նախարարի տեղակալներից մեկը:

 

IV. Նախարարության աշխատակազմը

 

15. Նախարարության նպատակը և խնդիրները (այդ թվում` դրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

16. Նախարարությանը վերապահված իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կնքել գործարքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:

17. Նախարարությունը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության կատարած գործառնությունների և մատուցված ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով: Նախարարության լիազորությանը վերապահված բյուջետայաին ծրագրերի շրջանակներում վարկային և այլ հատուցելի պայմանագրերի կնքումը չի համարվում նախարարության աշխատակազմի ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գործառնություններից ստացված եկամուտները անմիջականորեն չեն օգտագործվում նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար:

18. Նախարարությունը իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

19. Նախարարության պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

20. Նախարարության գտնվելու վայրն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց:

 

V. Նախարարության գույքը

 

21. Նախարարության գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից նախարարության կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարությանը կարող են վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

22. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության գույքը:

23. Նախարարությունը իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և նախարարության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. Նախարարության կառուցվածքը

 

24. Նախարարության կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժնումները (վարչություններ, բաժիններ, ծառայություններ) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

25. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը հաստատում է նախարարը:

26. Նախարարության առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:

27. Նախարարության առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

28. Նախարարության առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

29. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:

30. Նախարարության առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

VII. Նախարարության կառավարումը

 

31. Նախարարության կառավարումն իրականացնում է նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

32. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության կառուցվածքը,

 

VIII. Հաշվառումը և հաշվետվությունները

 

33. Նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

34. Նախարարության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

 

IX. Նախարարության վերակազմակերպումը և գործունեության դադարումը

 

35. Նախարարության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի «21-ի»

թիվ 25 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԼՂՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ`

 

Բյուջետային գործընթացի ծրագրավորման, կատարման և վերլուծության բաժին

Կառավարման մարմինների ու կապիտալ ծախսերի ծրագրավորման, կատարման և վերլուծության բաժին

Գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության բաժին

Տնտեսական ծրագրերի, մակրոտնտեսական և պետական եկամուտների քաղաքականության բաժին

Ծախսերի ֆինանսավորման բաժին

Գործառնական բաժին

Ապահովագրության, վիճակախաղերի և ֆինանսական շուկայի կարգավորման բաժին

Լիցենզավորման, հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության բաժին

Ֆինանսական վերահսկողության վարչություն

Գործերի կառավարչություն

Համակարգչային ծառայության սպասարկման բաժին

Հաշվապահություն

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ