ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» մայիսի 2012թ. |
N 348-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 278 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 23-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 278 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հուշարձանների պետական ցուցակում նոր օբյեկտ ընդգրկելը կատարվում է անկախ դրա էթնիկական (ազգային) ու կրոնական պատկանելիությունից, և այն պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներից առնվազն մեկին: Մասնավորապես, եթե`
1) հանդիսանում է.
ա) անհետացած հնագույն և հին քաղաքակրթությունների գոյությունը փաստող վկայություն,
բ) պատմական փուլերի ու քաղաքակրթությունների գոյությունը փաստող վկայություն, մշակույթների ձևավորման և զարգացման մասին տվյալներ պարունակող սկզբնաղբյուր,
գ) մարդու կողմից յուրացված կամ ստեղծված կենսաապահովման միջավայրի, բնական միջավայրի և կենսառեսուրսների օգտագործման արժեքավոր օրինակ կամ դրսևորում,
դ) պատմական վաղագույն փուլերում ստեղծված պատկերագրերի, գաղափարագրերի և այլնի արժեքավոր օրինակ կամ նմուշ,
ե) որևէ էթնիկական խմբի (միավորման) և (կամ) հայ ժողովրդի կողմից ստեղծված, կամ դրանցից որևէ մեկի (կամ մի քանիսի) կողմից էապես փոփոխված կամ վերաիմաստավորված երևույթի դրսևորում,
զ) նյութական մշակույթի անշարժ կամ ոչ նյութական մշակույթի նյութական անշարժ դրսևորում, որը բնորոշ է միայն հայ ժողովրդին,
է) տարածաշրջանի, պատմական Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար պատմական, հիշարժան, կարևորագույն իրադարձությունների և գործընթացների վիմագիր (անշարժ) վկայություն,
ը) պատմական Արցախի, նրա առանձին շրջանների պատմության, պատմական նշանակալից անցքերի, դեպքերի, թագավորական հարստությունների, իշխանական տների խորհրդանիշ կամ դրանց հետ կապված օբյեկտ,
թ) պատմական Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմական որևէ փուլին, պատմաազգագրական շրջանին կամ որևէ տարածքին, էթնիկ խմբին բնորոշ ավանդական (կամ ժողովրդական) նյութական ու տնտեսական կենցաղի անշարժ դրսևորում` կառույցի, շինվածքի, կերտվածքի արժեքավոր օրինակ կամ նմուշ (ժողովրդական բնակելի, արտադրական, տնտեսական, հասարակական-ընտանեկան կենցաղի կազմակերպման կառույց և այլն),
ժ) հայ ժողովրդի պատմության ազդեցությամբ, հայկական մտածելակերպի, միջավայրի և այլ գործոնների ներգործությամբ ստեղծված առանձնահատուկ գեղարվեստական ստեղծագործություն, ստեղծագործական տաղանդի գլուխգործոց,
ժա) ժողովրդական (կամ էթնիկ խմբի) ստեղծագործության, արվեստի որևէ ոլորտում տարածաշրջանային, ազգային, էթնիկ, տեղային, ոճի, ոճական առանձնահատկության արժեքավոր օրինակ կամ նմուշ,
ժբ) ստեղծագործական կամ գիտատեխնիկական փորձարարության ինքնատիպ կամ աննախադեպ արդյունք, արվեստի և գիտության մեջ մարդկության ձեռքբերումների, մարդկային տաղանդի վկայություն,
ժգ) պատմական, նշանավոր անհատների, ազգային-ազատագրական պայքարի, տարբեր պատերազմական գործողությունների, տարածաշրջանային ռազմական հակամարտությունների ժամանակ զոհվածների և մասսայական բռնությունների զոհերի գերեզման կամ նրանց հիշատակը հավերժացնող կոթող,
ժդ) արտադրական, տնտեսական, ամրաշինական, հաղորդակցության ինժեներատեխնիկական կազմակերպչական և այլ գործառնական նշանակության խնդիրների լուծման արժեքավոր օրինակ կամ նմուշ,
ժե) հնագույն կայանատեղիների, բնակատեղիների, գյուղատեղիների, քաղաքատեղիների շինությունների մնացորդ, պատմական հատակագծման և կառուցապատման հատված, հուշային (մեմորիալ) տարածք (դամբարան, առանձին գերեզման),
ժզ) նորագույն ժամանակաշրջանի պատմագեղարվեստական, ճարտարապետական որակները փաստող քաղաքաշինական կամ համալիրային տարածական-հատակագծային կազմակերպման արժեք, ճարտարապետական առանձնահատկությունները, ոճը, տիպը բնութագրող, անվանի ճարտարապետների ստեղծագործության արժեքավոր օրինակ կամ նմուշ կամ մրցանակի արժանացած աշխատանք,
2) անմիջականորեն կապված է.
ա) մարդկության, տարածաշրջանի կամ ազգային պատմության վրա նշանակալից ազդեցություն թողած իրադարձությունների, գաղափարների և համոզմունքների հետ,
բ) աշխարհի և հայ ականավոր անձանց կյանքի ու գործունեության հետ,
գ) ժողովրդական ավանդույթների, ավանդապատումների, այլ էպիկական ստեղծագործությունների հետ,
դ) հավատալիքների վաղ ձևերի հետ, և որոնց վերագրվել են հրաշագործ կամ բուժիչ հատկություններ.
3) համարվում է.
ա) ժողովրդական, կրոնական ծիսակատարությունների, ուխտագնացությունների հետ կապված վայր,
բ) սրբազնացված կամ ժողովրդական տոների կատարման ավանդական տարածք,
4) պարունակում է.
ա) չուսումնասիրված կամ մասամբ ուսումնասիրված մշակութային (հնագիտական) շերտեր,
բ) հումքի հնագույն արդյունահանման կամ տեղում մշակման վկայություն կամ հետք»:
2) լրացնել նոր` 16.1 կետով ` հետևյալ բովանդակությամբ.
«16.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընգրկված հուշարձանը կարող է զրկվել պատմամշակութային արժեքի կարգավիճակից և հանվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից սույն որոշմամբ սահմանված կարգով, եթե`
ա) հուշարձանը ոչնչացվել, ավերվել կամ անհետացել է բնական տարերային աղետների կամ չկանխատեսված իրավիճակների հետևանքով և ենթակա չէ գիտականորեն հիմնավորված վերականգնման կամ կորցրել է պատմաճարտարապետական ու գիտական արժեքը.
բ) հնագիտական հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարևորություն ունեցող արդյունաբերական, հիդրոտեխնիկական, ինժեներատրանսպորտային հաղորդակցության և այլ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով` ենթարկվել է հնագիտական ամբողջական և համակողմանի ուսումնասիրության»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |