Համարը 
N 278
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.06.08/15(24)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.05.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.05.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈԻՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՕԳՏԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» մայիսի 2006թ.

N 278

 ք.Ստեփանակերտ

 

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին

 

Ի կատարումն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ» կետի պահանջների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

Հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը ՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2006թ. մայիսի 23-ի

թիվ 278 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման,

նորոգման, վերականգնման և օգտագործման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների /այսուհետև` հուշարձաններ/ պետական հաշվառման, պահպանության, հնագիտական ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման բնագավառներին առնչվող սուբյեկտների իրավասությունները, փաստաթղթերի կազմման, հաստատման և գործառույթների իրականացման կարգը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, հնագիտական ուսումնասիրման, ամրակայման, վերականգնման և օգտագործման բնագավառներում գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում է պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական լիազորված մարմինը /այսուհետև` լիազորված մարմին/:

3. Սույն կարգի դրույթները վերաբերվում են ինչպես պետական հաշվառման վերցված /Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված/ հուշարձաններին, այնպես էլ լիազորված մարմնի փորձագիտական հանձնաժողովի կողմից ընդունված նորահայտ հուշարձաններին, որոնք ենթակա են ընդգրկվելու նշված պետական ցուցակի նախագծում:

 

II. Հուշարձանների պետական հաշվառումը և կադաստրի վարումը

 

4. Լիազորված մարմինը պատմամշակութային արժեք ունեցող անշարժ օբյեկտների հայտնաբերման, հաշվառման և ուսումնասիրման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի /այսուհետև` հուշարձանների պետական ցուցակ/ տվյալների արդիականացման, ճշտման և լրամշակման նպատակով պարբերաբար կազմակերպում է երթուղային գիտարշավներ` համակարգված կերպով ընդգրկելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր շրջանների և բնակավայրերի տարածքները:

5. Արշավախմբի կազմում ընդգրկվում են անհրաժեշտ բնագավառների համապատասխան մասնագետներ` ճարտարապետ, հնագետ, վիմագրագետ, արվեստաբան, տոպոգրաֆ, լուսանկարիչ, ովքեր նախապես ուսումնասիրում և համակարգում են տվյալ տարածաշրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերաբերյալ մատենագրական, արխիվային, տեղեկատվական, ուղեգրական, գիտահետազոտական և վավերագրական նյութերը:

6. Գիտարշավի ընթացքում հայտնաբերված պատմամշակութային արժեք ունեցող անշարժ օբյեկտին վերաբերող հաշվառման փաստաթղթերի /վկայագիր, վավերագրեր և ցուցակ/ կազմման կամ ճշգրտման նպատակով տեղում, ըստ անհրաժեշտության, գրառվում են նկարագրական, տեղագրական, բնութագրական տվյալները, սխեմատիկ կերպով չափագրվում է օբյեկտը /համալիրները` 1: 500, առանձին կառույցները` 1:50 կամ 1:100 մասշտաբներով/, լուսանկարվում և 1:25000 մասշտաբի տեղագրական հիմքի վրա նշվում է օբյեկտի տեղը: Հնագիտական հուշարձաններում, վերգետնյա հետազոտություններից բացի, անհրաժեշտության դեպքում` սահմանված կարգով կատարվում են նաև փոքրածավալ հետախուզական պեղումներ:

7. Գիտարշավի ավարտից հետո` սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված նյութերի հիման վրա կազմվում է օբյեկտի վկայագիրը /N 1 ձևը կցվում է/, որը համալրվում է նշված գրաֆիկական ու լուսանկարչական վավերագրերով:

8. Միասնական տարածք զբաղեցնող հուշարձանախմբի, համալիրի կամ համակառույցի համար կազմվում է մեկ ընդհանուր վկայագիր, որին ենթահամարակալմամբ կցվում են դրա` պատմամշակութային ինքնուրույն արժեք ներկայացնող տարրերի առանձին վկայագրերը:

9. Վկայագրի տվյալների հիման վրա կազմվում է մարզի հուշարձանների պետական ցուցակի /N 2 ձևը կցվում է/ կամ արդեն հաստատված ցուցակում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկության նախագիծը:

10. Հուշարձանների պետական ցուցակի կառուցվածքը համապատասխանում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կառուցվածքին` շրջանի և համայնքների նույն համարակալմամբ:

Նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հուշարձանները դասակարգվում են իրենց տիպային անվանումների այբբենական կարգով: Նույն տիպային անվանումն ունեցող հուշարձաններն իրենց խմբում դասավորվում են հատուկ անվանումների այբբենական կարգով, իսկ հատուկ անվանումների բացակայության դեպքում իրենց ստեղծման /կառուցման/ ժամանակագրական կարգով:

12. Հուշարձանների պետական ցուցակի նախագծում նշվում են նաև հուշարձանի կառուցման և էական վերակառուցումների ժամանակները, հասցեն կամ դիրքը բնակավայրի նկատմամբ, հաստատման առաջարկվող կարգավիճակը /հանրապետության կամ տեղական նշանակության/ և ծանոթագրություն ըստ անհրաժեշտության /հեղինակ, տեղեկագրական կողմնորոշիչներ, բնութագրող տվյալներ և այլն/:

13. Լիազորված մարմինը հուշարձանների պետական ցուցակի կամ արդեն հաստատված ցուցակում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկության նախագիծը քննարկման է ներկայացնում պետական կառավարման համապատասխան տարածքային մարմիններ և շահագրգիռ գիտական հաստատություններ: Նշված նախագիծը ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա քննարկվում է լիազորված մարմնին կից գործող փորձագիտական հանձնաժողովում և սահմանված կարգով ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը:

14. Հուշարձանների պետական ցուցակի նախագծում ընդգրկված նորահայտ օբյեկտները, փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո, մինչև նշված ցուցակի սահմանված կարգով հաստատումը, ենթակա են պահպանության` հուշարձանի կարգավիճակով, ինչի մասին լիազորված մարմինն անմիջապես հայտնում է օբյեկտի սեփականատիրոջը կամ օգտագործողին:

15. Հուշարձանների պետական ցուցակում նոր օբյեկտ ընդգրկելու կամ նշված ցուցակից օբյեկտ հանելու վերաբերյալ առաջարկություն կարող են ներկայացնել նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, գիտական հաստատությունները, կրոնական ու մշակութային կազմակերպությունները և ստեղծագործական միությունները` համապատասխան հիմնավորմամբ դիմելով լիազորված մարմին:

16. Հուշարձանների պետական ցուցակից օբյեկտը կարող է հանվել միայն այն դեպքում, եթե այն բնական կամ արհեստական գործոնների ազդեցությամբ ամբողջովին ավերվել է և ենթակա չէ վերականգնման կամ կորցրել է պատմամշակութային ու գիտական արժեքը:

17. Հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերում նշված տվյալները պարբերաբար /առավելագույնը 5 տարին մեկ անգամ/ ճշգրտվում և լրամշակվում են` ըստ նոր հայտնաբերումների, հետազոտությունների, պահպանության վիճակի և կարգավիճակի փոփոխման մասին տվյալների: Նոր տվյալները վկայագրերում գրանցվում են առանձին ներդիրների վրա, որտեղ նշվում են դրանց աղբյուրները, հեղինակը և ժամանակը:

18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանների հաշվառումը և հետազոտումը կատարում է լիազորված մարմինը` միջազգային նորմերին համապատասխան` համագործակցելով արտասահմանյան համապատասխան պետական ու հասարակական կազմակերպությունների, գիտական հաստատությունների, սփյուռքահայ կրոնական և մշակութային կազմակերպությունների հետ:

19. Հուշարձանների հետազոտման, հաշվառման, վավերագրման վերաբերյալ նյութերն ու փաստաթղթերն անժամկետ պահվում են լիազորված մարմնի արխիվում: Դրանց հիման վրա լիազորված մարմինը ստեղծում է հուշարձանների գիտատեղեկատու շտեմարան, և հրատարակում գրքեր, գրքույկ-բուկլետներ, ուղեցույցներ և հուշարձաններին, Արցախի պատմական տեղանվանումներին վերաբերող այլ նյութեր, կազմում և վարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրը /այսուհետև՝ հուշարձանների կադաստր/:

20. Հուշարձանների կադաստրը պետական տեղեկատվական համակարգ է, որը պարունակում է տեղեկություններ հուշարձանների, դրանց պահպանական գոտիների, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի, բնապատմական և պատմամշակութային արգելոցների, ինչպես նաև այդ բնագավառի իրավական, նորմատիվային և այլ փաստաթղթերի մասին:

21. Հուշարձանների կադաստրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կադաստրային համակարգի բաղկացուցիչ մասն է, որի հիմքն անշարժ գույքի պետական կադաստրն է:

22. Հուշարձանների կադաստրի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ու նրա սահմաններից դուրս գտնվող պատմության և մշակույթի հայկական անշարժ հուշարձանների գրանցումն ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական ու ֆիզիկական անձանց անշարժ հուշարձանների մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովումն է:

23. Հուշարձանների կադաստրը, բացի հուշարձանների վկայագրերում նշված տվյալներից, ներառում է նաև`

ա/ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի իրավական, նորմատիվային ակտերն ու փաստաթղթերը,

բ/ հուշարձանների և դրանց պահպանական գոտիների նպատակային ու գործառնական նշանակության մասին տվյալները,

գ/ հուշարձանների սեփականատիրոջ և օգտագործման ձևի մասին տվյալները և դրանց փոփոխությունները,

դ/ հուշարձանի տեխնիկական վիճակի մասին տվյալները,

ե/ տեղեկություններ հուշարձանների տարածքների ինժեներաերկրաբանական պայմանների, մասնավորապես, տեղանքի կայունությանն սպառնացող վտանգավոր երևույթների մասին,

զ/ պատմաճարտարապետական հենակետային հատակագծերը, բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագծերը, քարտեզագրման ու վավերագրման վերաբերյալ նյութերը,

է/ հուշարձանների ուսումնասիրման, չափագրման, ամրակայման, նորոգման և վերականգնման մասին նյութերն ու տեղեկությունները:

24. Հուշարձանների կադաստրի վարման հիմնական խնդիրներն են`

ա/ տվյալների հավաստիության և լիակատարության ապահովումը,

բ/ հուշարձանների պահպանության, օգտագործման և սեփականատիրոջ փոփոխման մասին տվյալների թարմացումը /մոնիտորինգ/,

գ/ հուշարձանների կադաստրի փոխկապակցումն ու փոխհամաձայնեցումը պետական այլ կադաստրների ու տեղեկատվական համակարգերի հետ,

դ/ տեղեկատվության դասակարգման ու ծածկագրման միասնական համակարգի կիրառումը,

ե/ տեղեկատվության տրամադրումը:

25. Հուշարձանների կադաստրը կիրառում է անշարժ գույքի միասնական կադաստրի համար հաստատված ծածկագրման դասակարգիչները:

26. Տեղեկատվությունը տրամադրվում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. Հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ապահովումը

 

27. Հուշարձանների և պատմական միջավայրի պահպանությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հուշարձանների և դրանց զբաղեցրած տարածքների, պահպանական գոտիների ու մշակութային շերտերի անխաթարության ապահովման վերաբերյալ դրույթների համաձայն, որոնց կատարումը պարտադիր է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի սուբյեկտների համար:

28. Հիմնարկները, իրավաբանական ու ֆիզիկական անձինք պարտավոր են ապահովել իրենց տնօրինությանը, տիրապետմանը կամ օգտագործմանը հանձնված, ինչպես նաև սեփականության, օգտագործման կամ վարձակալության իրավունքով իրենց ամրակցված հողերում գտնվող հուշարձանների անխաթարությունը:

Հիմնարկների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, համայնքների օգտագործմանը չհանձնված ու նրանց սեփականությունը չհանդիսացող հուշարձանների անխաթարության ապահովման միջոցառումներն իրականացնում են պետական կառավարման տարածքային մարմինները և լիազորված մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կամ բարեգործական, հովանավորչական ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման այլ միջոցների հաշվին:

29. Լիազորված մարմինը, համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, կազմում է հուշարձանների պահպանության և օգտագործման միջոցառումների ծրագրեր` առանձին դեպքերում ընդգրկելով համապատասխան այլ պետական մարմինների:

Ծրագրերը կազմվում են` հաշվի առնելով տվյալ շրջանի և հանրապետական ճյուղային բնագավառների սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման հեռանկարները:

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ծրագրերը լիազորված մարմնի ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հաշվի առնելով առանձին հուշարձանների, հուշարձանային համալիրների պատմամշակութային մեծ նշանակությունը և ելնելով դրանց անխաթարության պահպանման անհրաժեշտությունից` լիազորված մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն դրանք պետական պահպանության ենթակա հատուկ օբյեկտների ցանկում ընգրկելու վերաբերյալ:

30. Հուշարձանների պահպանությունն իրականացնում են սեփականատերերը, տնօրինողը կամ օգտագործողը: Պետական սեփականություն հանդիսացող և իրավաբանական, ֆիզիկական անձանց ու հիմնարկների տնօրինմանը կամ օգտագործմանը չհանձնված հուշարձանների պահպանությունն իրականացնում է լիազորված մարմինը:

31. Լիազորված մարմինը հուշարձանային համալիրներում և առանձին հուշարձանների մոտ տեղադրում է միասնական նմուշով պատրաստված տեղեկատու ցուցանակներ:

32. Հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում են հուշարձանի նպատակային օգտագործմանը չհամապատասխանող շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաև տնտեսական ու արտադրական գործունեությունը: Այդ տարածքում կարող են կատարվել միայն հուշարձանի ուսումնասիրման, պահպանման, թանգարանացման և ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հուշարձանի նպատակային օգտագործմանը նպաստող վերականգնողական և նորոգման աշխատանքներ:

33. Հուշարձանի զբաղեցրած տարածքի շուրջը սահմանված պահպանական գոտիների նախագծերում նշվում են հուշարձանի համառոտ բնութագիրը, զբաղեցրած տարածքը, պահպանական գոտիների սահմանները, դրանց որոշման հենակետերը, մոտենալու ուղիները /N 3 ձևը կցվում է/:

34. Լիազորված մարմինը սահմանում է պահպանական գոտիներում տարածքի օգտագործման /շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարման ու տարածքի օգտագործման որոշակի սահմանափակումներով/ պայմանակարգ` նպատակաուղղված հուշարձանի անխաթար պահպանման, քաղաքաշինական դերի և տեսողական ընկալման նպաստավոր պայմանների ապահովմանը:

35. Հուշարձանի պահպանական գոտիների նախագիծը փորձագիտական եզրակացության հիման վրա հաստատում է լիազորված մարմինը` նախապես համաձայնեցնելով պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

36. Լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն փորձագիտական եզրակացության հիման վրա սահմանափակելու կամ արգելելու ծանր տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների երթևեկությունը հուշարձաններին հարող ճանապարհներով, եթե այն սպառնալիք է ստեղծում հուշարձանների անվթար պահպանման համար:

37. Հուշարձաններ ունեցող բնակավայրերում հուշարձանների պահպանությունը և անխաթարությունն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մշակվում են բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, որոնք, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, ծրագրային փաստաթղթեր են բնակավայրի գլխավոր հատակագծի, մանրամասն հատակագծման և գոտևորման նախագծերի կազմման համար:

Պատմամշակութային հիմնավորման նախագիծը կազմվում է տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի պատվերով:

Բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծը համաձայնեցվում է լիազորված մարմնի հետ:

38. Բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման և հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի մշակման համար քաղաքաշինության ու հուշարձանների պահպանության բնագավառներում մասնագիտացված կազմակերպությունների և գիտական հիմնարկների կողմից կատարվում են պատմաճարտարապետական ու քաղաքաշինական հետազոտություններ` լիազորված մարմնի հետ համաձայնեցված ծրագրային առաջադրանքների հիման վրա:

39. Ըստ անհրաժեշտության, պահպանական գոտիների համակարգ է սահմանվում նաև պատմամշակութային և բնապատմական արգելոցների տարածքների շուրջը: Դրանց պահպանման և օգտագործման պայմանակարգը սահմանվում է արգելոցների կանոնադրությամբ:

40. Տարածքային հատակագծման նախագծերը, պատմական բնակավայրերի գլխավոր հատակագծերը և մանրամասն հատակագծման նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

Համաձայնեցման ներկայացված նախագծերը պետք է ներառեն հետևյալ բաժինները` պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիներ, պատմության և մշակույթի հուշարձանների և դրանց միջավայրի պահպանության օգտագործման վերաբերյալ առաջարկություններ:

41. Հուշարձաններ ընդգրկող տարածքներում շինարարական ճանապարհաշինարարական, ջրարբիացման, երկրաբանական և այլ աշխատանքների նախագծերը լիազորված մարմնի հետ համաձայնեցվում են նոր շինարարության նախագծման ու տեխնիկատնտեսական հիմնավորման առաջադրանքի մշակման նախապատրաստման փուլում:

Պատվիրատու կազմակերպությունները նախագծային առաջադրանքները մշակելիս նշված տարածքում հուշարձանների, պատմամշակութային արժեքների առկայության մասին պետք է հարցում կատարեն լիազորված մարմնին:

42. Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական ու մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրանց մասին անհապաղ հայտնել լիազորված մարմնին: Լիազորված մարմինն ապահովում է հայտնաբերված պատմամշակութային արժեքների հետազոտումը և դրանց պատմական, գիտական, գեղարվեստական կամ այլ մշակութային նշանակության բացահայտումը, ինչպես նաև սահմանում է այն միջոցառումները, որոնք պետք է ապահովեն պատմամշակութային արժեքների պահպանությունը:

43. Շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքներ կատարելիս այդ տարածքում գտնվող հուշարձաններին վտանգ սպառնալու դեպքում լիազորված մարմինը գրավոր դիմում է պատվիրատուին` աշխատանքները դադարեցնելու պահանջով` նշելով նաև հուշարձանի անխաթարությունն ապահովող անհրաժեշտ միջոցառումները: Աշխատանքների դադարեցման մասին տեղեկացվում են նաև համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:

Նշված աշխատանքների ընթացքում հուշարձաններին վտանգ սպառնալու դեպքում աշխատանքները դադարեցնելու պահանջ են ներկայացնում նաև պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինները` դրա մասին տեղեկացնելով լիազորված մարմին:

44. Լիազորված մարմնի կողմից դադարեցված աշխատանքները կարող են վերսկսվել նրա գրավոր թույլտվությամբ` հուշարձանի համար ստեղծված վտանգը վերացվելուց հետո:

45. Հուշարձանների տեղափոխություն կամ փոփոխություն կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ դրանք ձեռնարկողն ապահովում է հուշարձանի տեղափոխման կամ փոփոխության աշխատանքների կատարման համար լիազորված մարմնի կողմից սահմանված միջոցառումները: Տեղափոխման նպատակով հուշարձանների ապամոնտաժումը կարող է իրականացվել միայն հուշարձանն ուսումնասիրվելուց և մանրամասն վավերագրվելուց հետո, ինչպես նաև տեղափոխման տարածքի հատկացման ու վերակառուցման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի առկայության դեպքում:

Նշված աշխատանքները կատարվում են հուշարձանի տեղափոխումը ձեռնարկողի միջոցներով` հուշարձանների վերականգնման բնագավառում մասնագիտացված կազմակերպությունների, ինչպես նաև համապատասխան նախագծային ու շինարարական գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների ու անձանց կողմից:

46. Հուշարձանների հետազոտման հատուկ աշխատանքները /զոնդավորում, պեղումներ, ֆիզիկական հետազոտության նպատակով փորձանմուշների առանձնացում և այլն/ կատարվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` համաձայն սույն կարգի IV բաժնի պահանջների:

 

IV. Հուշարձանների հետախուզումը և հնագիտական պեղումները

 

47. Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների հիմնական տեսակներն են` վերգետնյա հետազոտումը, հետախուզական ու պարբերական հնագիտական պեղումները, տեխնիկական կամ բնագիտական մեթոդներով հուշարձանի վավերագրման և հետազոտման աշխատանքները:

48. Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների արդյունավետությունը գնահատվում է հետևյալ չափանիշներով`

ա/ հուշարձանի նախնական վիճակի հնարավորինս նվազագույն ձևափոխման դեպքում ձեռք բերված փաստերի ճշգրտություն և ամբողջականություն, ինչպես նաև դրանց համակողմանի մեկնաբանման գիտական արժեք,

բ/ հուշարձանի վավերագրման և ուսումնասիրման մեթոդների կատարելություն ու դրանց ճշգրիտ կիրառում,

գ/ ուսումնասիրության ընթացքում հուշարձանի տեխնիկական վիճակի գնահատում, դրա կայունությանն սպառնացող գործոնների բացահայտում, անվթար պահպանության ապահովում և ամրակայման միջոցառումների իրականացում,

դ/ հայտնաբերված գտածոների վերականգնում, դրանց անվտանգության ապահովում և դրանք համապատասխան պետական թանգարաններին հանձնում,

ե/ հետախուզման և հնագիտական պեղումների արդյունքների մասին գիտական լիակատար հաշվետվությունների ներկայացում և դրանց հրատարակում:

49. Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների յուրաքանչյուր ամբողջական գործաշրջան հաջորդաբար ընդգրկում է`

ա/ հուշարձանի վերաբերյալ արխիվային նյութերի և հրատարակություններում առկա տեղեկությունների ուսումնասիրում, իրավիճակի մանրամասն ու ամբողջական վավերագրում /տեղահանույթի կազմում, չափագրում, լուսանկարում և այլն/,

բ/ հուշարձանի ուսումնասիրումը տեխնիկական և բնագիտական մեթոդներով` առանց դրա առկա վիճակի էական փոփոխման,

գ/ հուշարձանի տարածքից վերգետնյա նյութերի հավաքում, վավերագրում և քարտեզագրում,

դ/ հուշարձանի հնագիտական պեղումներ` զուգահեռաբար կատարելով նաև հուշարձանի վավերագրման ու ամրակայման ընթացիկ աշխատանքներ,

ե/ պեղումների մեկամյա փուլի ավարտից հետո պեղված հատվածի ամբողջական վավերագրում և հետագա պահպանությունն ապահովող ամրակայման աշխատանքների իրականացում,

զ/ հայտնաբերված գտածոների ամրակայում, վերականգնում և թանգարանացում,

է/ պեղումների յուրաքանչյուր գործաշրջանից հետո և ավարտին գիտական ամփոփ հաշվետվության կազմում, որի մեկական օրինակները հանձնվում են համապատասխան գիտական հաստատությանը և լիազորված մարմնին:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված աշխատանքները կարող են կատարվել հաջորդ փուլերից անկախ, իսկ «գ» և «դ» ենթակետերում նշված աշխատանքների իրականացման համար ամբողջ գործաշրջանի բոլոր փուլերի աշխատանքների կատարումը պարտադիր է:

50. Հուշարձանի ու դրա պեղումներով հայտնաբերված կառույցների և գտածոների լիարժեք ու գիտական պատշաճ մակարդակով վավերագրումը և համակողմանի հետազոտությունն ապահովելու նպատակով հնագիտական արշավախումբը պետք է համալրված լինի համապատասխան մասնագետներով:

Տվյալ դարաշրջանի աշխատանքներին որպես հիմնական անդամ պետք է մասնակցեն`

ա/ մասնագետ-հնագետը կամ հնագետները` բազմաշերտ հուշարձանի դեպքում,

բ/ հնագիտական հուշարձանների վավերագրման և հետազոտման փորձ ունեցող ճարտարապետը,

գ/ լուսանկարիչը:

Ըստ անհրաժեշտության, արշավախմբի աշխատանքներում կարող են ներգրավվել նաև համապատասխան այլ մասնագետներ /հուշարձանի և հնագիտական գտածոների ամրակայող-վերականգնող, գեոդեզիստ, նկարիչ, հնամարդաբան, հնակենդանաբան, հնաբուսաբան, երկրաբան և այլն/:

51. Հուշարձանների հետախուզական և հնագիտական պեղումների թույլտվություն /N 4 ձևը կցվում է/ օրենքով սահմանված կարգով տալիս է լիազորված մարմինը` իրեն կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի /այսուհետև` հանձնաժողով/ դրական եզրակացության հիման վրա: Լիազորված մարմնի որոշումների, հրահանգների և հանձնարարականների կատարումը պարտադիր է հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկողների /այսուհետև` ձեռնարկող/ ու հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարների /այսուհետև` ղեկավար/ համար:

52. Ղեկավարը հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների ամբողջական ծրագրի անմիջական իրագործողն է: Ղեկավարը կարող է լինել նաև հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումներ ձեռնարկող:

53. Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների ամբողջ ընթացքում սահմանված մեթոդների ճշգրիտ կիրառման, հուշարձանի անվթար պահպանության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը:

54. Ձեռնարկողն իրավունք ունի`

ա/ հանձնաժողովին ներկայացնելու ղեկավարի թեկնածություն,

բ/ հաջորդ գործաշրջանում շարունակելու նույն հուշարձանի հետախուզումը և հնագիտական պեղումները, եթե հանձնաժողովը դրական է գնահատել տվյալ հուշարձանում մինչև այդ նրա կատարած աշխատանքը,

գ/ պեղումներով հայտնաբերված գտածոները հանձնելու համապատասխան պետական թանգարան,

դ/ օգտագործելու հուշարձանը թանգարանացման, զբոսաշրջության, ուսումնառության, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աշխատանքներից շահույթ ստանալու նպատակով` այդ ծրագրերը, հուշարձանի օգտագործման կարգը և պայմանները նախօրոք համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:

55. Ղեկավարն իրավունք ունի`

ա/ թույլտվության իրավազորության ժամանակահատվածում իրագործելու հուշարձանի հետախուզումը և հնագիտական պեղումները,

բ/ հաջորդ գործաշրջանում շարունակելու նույն հուշարձանի հետախուզումը և հնագիտական պեղումները, եթե հանձնաժողովը դրական է գնահատել տվյալ հուշարձանում մինչև այդ նրա կատարած աշխատանքը,

գ/ հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների թույլտվության ստացման օրվանից մինչև հետազոտության արդյունքների հրատարակումը պահպանելու ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված նյութերի, նորահայտ հուշարձանների ու տեղեկատվության գիտական օգտագործման իրավունքը` որպես հեղինակ:

56. Հանձնաժողովի որոշմամբ ղեկավարը կարող է փոխվել, եթե`

ա/ ղեկավարը հրաժարվում է շարունակել աշխատանքը,

բ/ հանձնաժողովը բացասական է գնահատում նրա աշխատանքը տվյալ հուշարձանում,

գ/ ձեռնարկողը ղեկավարի կողմից աշխատանքի կատարման անհնարինության հիմքով առաջադրում է ղեկավարի նոր թեկնածություն` դրա մասին ունենալով նախորդի գրավոր համաձայնությունը:

57. Ձեռնարկողը պարտավոր է`

ա/ կազմակերպել և ֆինանսավորել հուշարձանի վավերագրման, տեղային հետազոտման, ամրակայման, իսկ առանձին դեպքերում՝ նաև վերականգնման աշխատանքները: Պեղումների ընթացքում հուշարձանը վնասվելու կամ խաթարվելու դեպքում իր միջոցներով վերականգնել հուշարձանի նախնական վիճակը,

բ/ կազմակերպել գտածոների մաքրումը, վերականգնումը, լաբորատոր հետազոտությունները և վավերագրումը /գրչանկարների պատրաստում, լուսանկարում, չափագրում և այլն/,

գ/ ապահովել հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների արդյունքներին նվիրված գիտական աշխատությունների հրատարակումը` դրանք ղեկավարի կողմից ներկայացվելուց հետո 2 տարվա ընթացքում:

58. Ղեկավարը պարտավոր է`

ա/ կատարել սույն կարգի 48-րդ կետի պահանջները,

բ/ անձամբ ղեկավարել հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների ամբողջ գործաշրջանի բոլոր աշխատանքները և այդ ընթացքում երկար ժամանակով չբացակայել հուշարձանի տարածքից,

գ/ տեղային ուսումնասիրության ամբողջ ընթացքը պարբերաբար գրառել դաշտային օրագրում և այն հետազոտությունների արդյունքներն ամփոփող աշխատության հրատարակությունից հետո հանձնել լիազորված մարմնին` արխիվային պահպանության համար,

դ/ լիազորված մարմին ներկայացնել յուրաքանչյուր տարվա պեղումների մասին գիտական ամփոփ հաշվետվություն,

ե/ հայտնաբերված գտածոները վերականգնումից, լաբորատոր հետազոտումից և ուսումնասիրությունից հետո, սակայն ոչ ուշ, քան 2 տարվա ընթացքում, հանձնել համապատասխան պետական թանգարան,

զ/ հուշարձանի հետազոտման կամ հնագիտական պեղումների ավարտից հետո 3 տարվա ընթացքում ձեռնարկողին ներկայացնել հետազոտման արդյունքներն ամփոփող գիտական աշխատություն` հրատարակության համար:

59. Լիազորված մարմինը`

ա/ հուշարձանի երկարատև և պարբերաբար պեղումների դեպքում ձեռնարկողի և ղեկավարի հետ կնքում է համապատասխան պայմանագիր հուշարձանը տեղային ուսումնասիրության ամբողջ ընթացքում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով նրանց ժամանակավոր օգտագործման հանձնելու մասին,

բ/ արխիվային պահպանության է վերցնում տեղային ուսումնասիրությունների վերաբերյալ վավերագրական նյութերը և գիտական հաշվետվությունները` հեղինակային իրավունքի պահպանման երաշխիքով,

գ/ իրականացնում է հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների մասին տարեկան համառոտ հաշվետվությունների հրատարակումը:

60. Լիազորված մարմինն իրավունք ունի`

ա/ մերժելու հուշարձանի հետախուզում և հնագիտական պեղումներ կատարելու թույլտվության հայտը, եթե այդ աշխատանքների ծրագրում ու նախահաշվում նախատեսված չեն պեղվող հուշարձանի պահպանության և ամրակայման միջոցառումները, կամ, եթե հանձնաժողովը նախորդ գործաշրջանի աշխատանքները գնահատել է անբավարար,

բ/ ձեռնարկողի և ղեկավարի առջև դնելու հուշարձանի հետախուզման ու հնագիտական պեղումների հատուկ պայմաններ` կապված հուշարձանի պահպանության և ամրակայման առանձնահատկությունների կամ իր կողմից ձեռնարկվող վերականգնման աշխատանքների բնույթի ու ժամկետների հետ,

գ/ դադարեցնելու հուշարձանի հետախուզումը և հնագիտական պեղումները, եթե դրանք վնասել են կամ, եթե դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանի պահպանությանը:

61. Հանձնաժողովը`

ա/ մշակում և լիազորված մարնի հաստատմանն է ներկայացնում հետախուզման և հնագիտական պեղումների ընթացքում հուշարձանի պահպանության մասին գիտամեթոդական եզրակացություններ,

բ/ մասնակցում է հնագիտական հետազոտություններ կատարող գիտական հաստատությունների հնագիտական հետազոտությունների միասնական հեռանկարային ծրագրի կազմմանը և աշխատանքների համակարգմանը,

գ/ ընդունում և քննարկում է հուշարձանների հետախուզման ու հնագիտական պեղումների հայտերը և համապատասխան թույլտվություն տալու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում լիազորված մարմնին` յուրաքանչյուր դեպքում որոշելով տվյալ հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների նպատակահարմարությունն ու ծավալը:

Քննարկում է նաև հուշարձանի հետագա ամրակայման և պահպանության միջոցների ու հնարավորությունների հարցը,

դ/ ընդունում, քննարկում և գնահատում է հետախուզման ու հնագիտական պեղումների արդյունքների մասին տարեկան և ամփոփ հաշվետվությունները,

ե/ գիտամեթոդական վերահսկողություն է իրականացնում հուշարձանի պատշաճ վավերագրման և հայտնաբերված հնագիտական գտածոների վերականգնման, ամրակայման, մշակման ու թանգարաններին հանձնման գործընթացի նկատմամբ,

զ/ քննարկում է հուշարձանի հետախուզման ու հնագիտական պեղումների ընթացքում և աշխատանքների ավարտից հետո ամրակայման միջոցառումների նախագծերը, դրանց իրականացման ընթացքն ու արդյունքները և տալիս համապատասխան եզրակացություն,

է/ լիազորված մարմին ներկայացնում է առաջարկություն հուշարձանի հետախուզումն ու հնագիտական պեղումները դադարեցնելու վերաբերյալ, եթե դրանք վտանգում են հուշարձանի պահպանությունը, կամ, եթե անտեսվում են սույն կարգով սահմանված նորմերը,

ը/ ձեռնարկողից կամ ղեկավարից պահանջում է նրանց կողմից նախկինում պեղված հուշարձանների մասին դեռևս չներկայացված հաշվետվությունները, վավերագրերը, ինչպես նաև` թանգարան հանձնել դեռևս չհանձնված գտածոները,

թ/ քննարկում և լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ նախկինում պեղված հուշարձանների ամրակայման և պահպանության վերաբերյալ:

62. Ձեռնարկողը հուշարձանի հետախուզում և հնագիտական պեղումներ կատարելու նպատակով աշխատանքներն սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ լիազորված մարմին է ներկայացնում հայտ` առաջարկելով նաև ղեկավարի թեկնածությունը` երաշխավորված մասնագիտական հիմնարկի կողմից: Հայտի հետ միասին ներկայացվում է ղեկավարի կազմած զեկուցագիրը` հուշարձանի հետախուզման և պեղման նպատակների, ծավալի, կիրառվելիք մեթոդների ու հետագա ամրակայման հնարավորությունների հիմնավորմամբ:

63. Առանձին դեպքերում, երբ հուշարձանի շուտափույթ պեղումը հրամայական պահանջ է, ելնելով հուշարձանը կորստից փրկելու անհրաժեշտությունից` լիազորված մարմնի հրահանգով կարող են անմիջապես ձեռնարկվել փոքրածավալ պեղումներ` եռամսյա ժամկետում փորձագիտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով հարցը և պեղումների նախնական արդյունքները:

64. Հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների թույլտվության իրավազորությունը սահմանվում է մեկ օրացուցային տարի:

65. Ղեկավարը նախքան պեղումներն սկսելը` նշված թույլտվությունը ներկայացնում է համապատասխան տարածքային և տեղական ինքնակառավարման մարմին` գրանցման համար:

66. Գործաշրջանի ավարտից անմիջապես հետո կամ անհետաձգելիության դեպքում նաև դրա ընթացքում լիազորված մարմին է ներկայացնում պեղումներից ի հայտ եկած գտածոների ցանկը, ինչպես նաև` զեկուցագիր հետազոտվող հուշարձանի պահպանության վիճակի և ամրակայման միջոցառումների մասին: Պեղվող կառույցների ամրակայման աշխատանքներն իրականացնում է ղեկավարը կամ, անհրաժեշտության դեպքում, մասնագիտացված կազմակերպությունը` ղեկավարի գիտական ղեկավարությամբ և ձեռնարկողի ֆինանսավորմամբ:

67. Յուրաքանչյուր գործաշրջանի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը, ղեկավարը լիազորված մարմին է ներկայացնում գիտական հաշվետվություն գործաշրջանի ընթացքում կատարված հետազոտությունների, հուշարձանի վիճակի, ամրակայման և իրականացված վերականգնման աշխատանքների մասին:

Հաշվետվության հանձնումից հետո մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովը քննարկում և լիազորված մարմնին, ձեռնարկողին ու ղեկավարին հայտնում է հաշվետվության հիմնավորված գնահատականը` իր դիտողություններով և հանձնարարականներով: Հանձնաժողովի նիստերին հրավիրյալի կարգավիճակով կարող է մասնակցել նաև ղեկավարը:

68. Ղեկավարը յուրաքանչյուր գործաշրջանի ավարտից հետո 2 տարվա ընթացքում համապատասխան պետական թանգարան է հանձնում հուշարձանի հետախուզման և պեղումների ընթացքում հայտնաբերված թանգարանային և գիտական արժեք ներկայացնող բոլոր գտածոները, իսկ հանձնման-ընդունման մասին արձանագրության պատճենը ներկայացնում է հանձնաժողով:

69. Գիտական հաշվետվությունները լիազորված մարմնի կողմից կարող են հրատարակվել` պահպանելով ղեկավարի հեղինակային իրավունքը:

70. Եթե թույլտվությունն ստանալուց հետո հուշարձանի հետախուզման աշխատանքներ և հնագիտական պեղումներ չեն կատարվել, ղեկավարը չօգտագործված թույլտվությունը վերադարձնում է մարմնին` գրավոր նշելով աշխատանքները չկատարելու պատճառները:

71. Օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ նախաձեռնել կամ նշված աշխատանքներին մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեռնարկող սուբյեկտի հետ համատեղ` նրանց միջև համագործակցության հետևյալ տարբերակներով`

ա/ նրանք հանդես են գալիս որպես համատեղ ձեռնարկող` լիազորված մարմնի հետ սահմանված կարգով կնքելով եռակողմ պայմանագիր, որով սահմանվում են յուրաքանչյուր կողմի ֆինանսական, մասնագիտական և այլ պարտականություններն ու հեղինակային իրավունքը: Այս դեպքում ամբողջ աշխատանքի կատարման համար պատասխանատվություն են ստանձնում ձեռնարկող 2 կողմերը` պայմանագրով իրենց վերապահված իրավասությունների սահմաններում,

բ/ օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձինք հանդես են գալիս միայն որպես աշխատանքը ֆինանսավորող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեռնարկող սուբյեկտի հետ կնքում են համապատասխան պայմանագիր: Այս պայմանագրի առկայության դեպքում ձեռնարկողը լիազորված մարմնի հետ կնքում է երկկողմ պայմանագիր և ամբողջ աշխատանքի կատարման պատասխանատվությունը վերցնում իր վրա,

գ/ նախորդ կետում նշված սկզբունքով է իրականացվում նաև համագործակցությունն այն դեպքում, երբ օտարերկրյա սուբյեկտը, չունենալով ֆինանսական ուղղակի ներդրում, մասնակցում է միայն գիտահետազոտական աշխատանքներին,

72. Հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս տարվել գտածոների` վերականգնման չենթարկվող բեկորներ և փորձանմուշներ` բնագիտական մեթոդներով ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

73. Օտարերկրյա ղեկավարը գտածոների հետ միասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան պետական թանգարան է հանձնում նաև իր դաշտային օրագրի պատճենը, որի նկատմամբ օրենքով սահմանված կարգով պահպանվում է հեղինակային իրավունքը:

74. Հնավայրի /բնակատեղի, դամբարանադաշտ, ամրոց/ ամբողջական պեղում չի թույլատրվում: Բացառություն են կազմում բնական կամ արհեստական գործոնների ազդեցությամբ անխուսափելի և արագ ոչնչացման դատապարտված հնավայրերը:

 

V. Հուշարձանների ամրակայումը, նորոգումը և վերականգնումը

 

75. Հանրապետական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները կատարվում են լիազորված մարմնի համաձայնությամբ և վերահսկողությամբ:

Տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման թույլտվություն սահմանված կարգով տալիս է պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինը` նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:

Տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են պետական կառավարման տարածքային մարմինները և լիազորված մարմինը:

76. Լիազորված մարմինը հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման համար համաձայնություն տալիս է նախագծային առաջադրանքների ու նախագծա-նախահաշվային լիարժեք փաստաթղթերի առկայության դեպքում և գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացության հիման վրա:

Գիտամեթոդական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը գործում է լիազորված մարմնի կազմում և բաղկացած է հուշարձանների հետազոտման, պահպանության, վերականգնման ու օգտագործման բնագավառների առավել փորձառու մասնագետներից:

77. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են գիտավերականգնման հատուկ նորմերին համապատասխան, որոնք հաստատվում են լիազորված մարմնի կողմից: Շինարարական նորմերը կարող են կիրառվել ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներին ուղեկցող զուտ շինարարական աշխատանքների դեպքում, եթե դրանց կիրառումը չի խոչընդոտում հուշարձանի գիտագեղարվեստական լիարժեք վերականգնմանը:

78. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային աշխատանքներ կատարող կազմակերպություններն ու մասնագետները նախագծերի իրականացման ամբողջ ընթացքում սահմանված կարգով կատարում են նաև գիտական ղեկավարում և հեղինակային հսկողություն:

Հեղինակային հսկողությունը, որպես կանոն, իրականացնում է հուշարձանի ամրակայման, նորոգման կամ վերականգնման նախագծի հեղինակը կամ համահեղինակը: Նրանց հրաժարվելու կամ բացակայության դեպքում հեղինակային հսկողություն կարող է իրականացնել պատվիրատուի կողմից առաջադրված և լիազորված մարմնի հետ համաձայնեցված այլ մասնագետ, որն ունի նախագծման համապատասխան լիցենզիա:

79. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողությունը սահմանված կարգով իրականացնում է պատվիրատուն` տեխնիկական հսկիչի միջոցով:

80. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ամբողջ ընթացքը, նախագծանախահաշվային փաստաթղթերին, գիտամեթոդական և տեխնոլոգիական պահանջներին, սահմանված նորմերին, պահանջվող որակին և ժամկետներին` կատարված աշխատանքների համապատասխանությունը, ինչպես նաև դիտողությունների ու թերությունների մասին տեղեկությունները, դրանց վերացման վերաբերյալ առաջարկություններն պարբերաբար փաստագրվում են հեղինակային հսկողության և տեխնիկական հսկողության մատյաններում:

81. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ընթացքում հուշարձանների, դրանց տարածքի ու պատմական միջավայրի պահպանության և անվթար պահպանության ապահովման պատասխանատվությունը կրում է աշխատանքներ իրականացնողը:

Եթե այդ աշխատանքները կարող են վտանգել հուշարձանների կամ դրանց տարածքի անվթար պահպանությունը, պատվիրատուի միջոցներով նախապես իրականացվում են հուշարձանի անվթար պահպանության միջոցառումներ, որոնք համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

82. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները ֆինանսավորվում են դրանց սեփականատերերի ու օգտագործողների միջոցների հաշվին:

Պետական սեփականություն համարվող և համայնքների, կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց տնօրինությանը կամ օգտագործմանը չհանձնված /այսուհետ` չօգտագործվող/ հուշարձանների ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքները ֆինանսավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` լիազորված մարմնի միջոցով, որը և հանդես է գալիս որպես պատվիրատու:

Պետական սեփականություն համարվող և համայնքների, կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց տնօրինությանը կամ օգտագործմանը հանձնված /այսուհետ` օգտագործվող/ հուշարձանների ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքները ֆինանսավորում են օգտագործողները, որոնք հանդես են գալիս որպես պատվիրատուներ:

Անհրաժեշտության դեպքում, սեփականատիրոջ համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կարող են ֆինանսավորվել նաև ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների ամրակայման և վերականգնման հրատապ աշխատանքները` հուշարձանի կորուստը կանխելու նպատակով: Այս աշխատանքների համար որպես պատվիրատու են հանդես գալիս լիազորված մարմինը /հանրապետական նշանակության հուշարձանի համար/ և պետական կառավարման տարածքային մարմինը /տեղական նշանակության հուշարձանի համար/:

Հուշարձանների ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքները կարող են ֆինանսավորվել նաև մշակութային, հասարակական և այլ կազմակերպությունների միջոցների հաշվին, ինչպես նաև բարեգործական ու հովանավորչական նախաձեռնությամբ:

83. Պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների ամրակայման, նորոգման ու վերականգնման տարեկան և հեռանկարային ծրագրերը, որպես պատվիրատու, կազմում և իրագործում է լիազորված մարմինը:

84. Պետական սեփականություն համարվող և օգտագործվող հուշարձաններն օգտագործողները, ինչպես նաև ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների սեփականատերերն ու օգտագործողներն իրենց տնօրինության տակ գտնվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների կատարման համար նախնական համաձայնություն ստանալու նպատակով դիմում են լիազորված մարմին: Դիմումում նշվում են կատարվելիք աշխատանքների նպատակը, անհրաժեշտությունը, բնույթը և ծավալը:

85. Նախնական համաձայնություն ստանալուց հետո հուշարձանի սեփականատերը կամ օգտագործողը` որպես պատվիրատու, նախագծող հեղինակի հետ մշակում է հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման նախագծային առաջադրանքները` հաշվի առնելով լիազորված մարմնի առաջադրած պայմաններն ու դիտողությունները:Նախագծային առաջադրանքը կազմվում է հուշարձանի տեխնիկական վիճակի մասին ակտի հիման վրա: Առաջադրանքում, ըստ անհրաժեշտության, նախատեսվում են հուշարձանի ու դրա տարածքի վավերագրման /տեղագրական հանույթ, չափագրություն, լուսանկարահանում/ և ուսումնասիրման /մատենագրական, արխիվային, գիտահետազոտական աղբյուրներից նյութերի հավաքում, հնագիտական, երկրաբանական, նյութագիտական հետազոտություններ/ աշխատանքների կատարումը, որոնք պետք է նախորդեն և հիմք ծառայեն նախագծման համար:

Հուշարձանի տարածքի բարեկարգման նախագծի կազմման դեպքում անհրաժեշտ է փորձագիտական եզրակացություն հնագիտական շերտերի հնարավոր առկայության և դրանց պահպանության մասին:

Առաջադրանքում նշվում են նաև նախագծային աշխատանքների նպատակը, բնույթը, գծագրերի կազմը և մասշտաբը:

Հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման նախագծային առաջադրանքը համաձայնեցվում է լիազորված մարմնի հետ:

86. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմումը` համապատասխան գիտական հիմնավորումներով, որպես կանոն, իրագործվում է 2 փուլով`

ա/ նախագծային էսքիզային փուլ,

բ/ աշխատանքային գծագրերի մշակման փուլ:

Փոքրածավալ և ոչ խնդրահարույց աշխատանքների դեպքում թույլատրվում է նախագծային փաստաթղթերի կազմումը նաև մեկ փուլով:

87. Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո նախագծային փաստաթղթերը մասնագիտացված կազմակերպության կամ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կամ մասնագետի փորձաքննական եզրակացության հետ միասին ներկայացվում են լիազորված մարմին` համաձայնեցման: Նախագծային փաստաթղթերը` պատվիրատուի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի և հեղինակի մասնակցությամբ, քննարկվում են լիազորված մարմնի գիտամեթոդական խորհրդի նիստում, որի դրական եզրակացության հիման վրա տրվում է համաձայնությունը:

Լիազորված մարմնի հետ համաձայնեցված նախագծային փաստաթղթերը հաստատում է պատվիրատուն:

Պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող հուշարձանի ամրակայման, նորոգման ու վերականգնման նախագծային փաստաթղթերը հաստատում է լիազորված մարմինը` որպես պատվիրատու:

88. Երկու մշակված նախագծային փաստաթղթերը ներառում են`

ա/ առաջին` էսքիզային փուլում`

- նախնական թույլտվություն,

- նախագծային առաջադրանք,

- համալիր հետազոտությունների արդյունքների մասին հաշվետվություններ,

- գիտանախագծային խնդիրների լուծումների հիմնավորում,

- էսքիզային նախագիծ,

- իրականացման աշխատանքների կազմակերպման հիմնադրույթներ.

բ/ երկրորդ` աշխատանքային գծագրերի մշակման փուլում`

- աշխատանքային գծագրեր:

89. Մեկ փուլով մշակված նախագծային փաստաթղթերը ներառում են սույն կարգի 88-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը` բացառությամբ էսքիզային նախագծի:

90. Թույլատրվում է հուշարձանների ամրակայման և վերականգնման վթարային ու անհետաձգելի աշխատանքները կատարել արտահերթ և հրատապ` լիազորված մարմնի համապատասխան հանձնարարականով:

91. Պատվիրատուն հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման նախագծերի կազմման ու դրանց իրականացման աշխատանքները կատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` այդ բնագավառում հատուկ մասնագիտացված կազմակերպությունների կամ լիցենզավորված կազմակերպությունների ու մասնագետների միջոցով:

92. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում պատվիրատուն սահմանված կարգով իրականացնում է հեղինակային ու տեխնիկական հսկողություն` հեղինակի և տեխնիկական հսկիչի հետ կնքելով պայմանագիր:

93. Եթե աշխատանքների կատարման ընթացքում նոր հայտնաբերված փաստերի, նոր մեկնաբանությունների կամ այլ պատճառով հաստատված նախագիծը վերանայելու կամ փոփոխելու անհրաժեշտություն է առաջանում, ապա դրանք նախապես համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

94. Հուշարձանների ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքների ավարտից հետո կատարված գործերը գնահատելու և ընդունելու նպատակով ստեղծվում է ընդունող հանձնաժողով` պատվիրատուի ներկայացուցչի նախագահությամբ և գիտանախագծային ու գիտավերականգնող կազմակերպությունների ներկայացուցիչների, հեղինակի /հեղինակային հսկողությունն իրականացնողի/ ու տեխնիկական հսկիչի մասնակցությամբ:

Ընդունող հանձնաժողովի ակտի մեկական օրինակները հանձնվում են լիազորված մարմնին, պատվիրատուին և գիտանախագծային ու վերականգնողական աշխատանքներն իրականացնող սուբյեկտներին:

Կատարված աշխատանքներում խախտումների կամ թերությունների բացահայտման դեպքում ընդունող հանձնաժողովն իրավասու է կատարողից պահանջելու դրանց վերացումը` սահմանելով համապատասխան ժամկետ:

Ընդունող հանձնաժողովի պահանջը չկատարելու դեպքում հարցը լուծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

95. Հուշարձանի ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքների ավարտից և ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում նախագծի հեղինակը /նախագծային փաստաթղթեր մշակող կազմակերպությունը/ պարտավոր է կազմել և լիազորված մարմին ներկայացնել կատարված աշխատանքների մասին գիտական հաշվետվություն:

96. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծային բոլոր փաստաթղթերը կամ դրանց պատճենները, ինչպես նաև գիտական հաշվետվությունը, որ կատարում է պատվիրատուն, հանձնվում են լիազորված մարմնին և անժամկետ պահպանվում արխիվում:

 

VI. Սեփականությունը հուշարձանների նկատմամբ

 

97. Պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող հուշարձանները տնօրինում, տիրապետում և օգտագործում է լիազորված մարմինը:

98. Սեփականատերն իրեն պատկանող հուշարձանի նկատմամբ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած գործունեություն:

99. Հուշարձանն օտարվելու կամ գրավ դրվելու դեպքում չեղյալ է համարվում սեփականատիրոջ հետ կնքված պահպանական պարտավորագիրը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքը նոր սեփականատիրոջն անցնելուց հետո նրա հետ կնքվում է համապատասխան պարտավորագիր:

100. Հուշարձանի օտարման ժամանակ լիազորված մարմինն ունի հուշարձանը գնելու /ձեռք բերելու/ նախապատվության իրավունք:

101. Տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակներում հուշարձանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ համայնքի ավագանու որոշմամբ /ըստ իրավասության/ կարող է վերցվել սեփականատիրոջից` ի շահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` դրա արժեքը վճարելու պայմանով /ռեկվիզիցիա/` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ընթացակարգով:

102. Հուշարձանի պահպանական գոտու տարածքը, սեփականատիրոջ համաձայնությամբ, կարող է սահմանափակ օգտագործման իրավունքով /սերվիտուտ/ տրամադրվել այլ անձանց, այդ տարածքով անցնելու և երթևեկելու, հաղորդակցուղիների` էլեկտրահաղորդման, կապի գծերի, ջրագծերի անցկացման, ինչպես նաև այլ կարիքների համար, եթե դրանք չեն վնասում պատմամշակութային արժեքները, կամ վտանգ չի սպառնում դրանց անխաթարությանը:

103. Բաժնային սեփականություն հանդիսացող հուշարձանների օտարման դեպքում գնման նախապատվությունը տրվում է հուշարձանի նկատմամբ մյուս բաժնային սեփականատերերին:

104. Հուշարձանը սեփականատիրոջից հետ է վերցվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և պահպանական պարտավորագրով նախատեսված պարտավորությունների պարբերաբար խախտման դեպքում:

 

VII. Հուշարձանների և դրանց պահպանական գոտիների օգտագործումը

 

105. Հուշարձանների օգտագործման բնագավառի օբյեկտներն են՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները` իրենց զբաղեցրած տարածքով և դրանց պահպանական գոտիները:

106. Լիազորված մարմինը պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող հուշարձանների, դրանց զբաղեցրած տարածքների ու պահպանության գոտիների օգտագործման հնարավոր եղանակների մասին, փորձագիտական հանձնաժողովի տված եզրակացության հիման վրա, կարող է իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև համայնքների օգտագործմանը հանձնել պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող առանձին հուշարձաններ, հուշարձանախմբեր /մրցութային կարգով/:

Հուշարձանների և դրանց պահպանական գոտիների օգտագործման հետ կապված ծրագրերն ու խնդիրները համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ և վերահսկվում նրա կողմից` անկախ հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքից:

107. Հուշարձանների և դրանց պահպանական գոտիների օգտագործման ընթացքում անհրաժեշտ է`

ա/ անխաթար պահպանել հուշարձանի հատակագծային-ծավալատարածական հորինվածքը, ինժեներակոնստրուկտորական կառուցվածքը, դեկորատիվ մանրամասներն ու հարդարանքը,

բ/ հաշվի առնել հուշարձանի գործառնական նշանակության համապատասխանությունը շրջակա քաղաքաշինական կամ բնական ու պատմական միջավայրին,

գ/ պահպանել հուշարձանի և դրա պահպանական գոտու տարածքում առկա շինությունները, պարտեզները, պուրակները, այլ պատմական տարրերը, ինչպես նաև բնական ու պատմամշակութային լանդշաֆտը,

դ/ ապահովել ժամանակակից հիդրոերկրաբանական, ինժեներատեխնիկական, սանիտարահիգիենիկ ու հուշարձանի շահագործման պայմանների կատարումը` միաժամանակ պահպանելով հուշարձանի գեղարվեստական և կառուցվածքային առանձնահատկություններն ու անաղարտությունը,

ե/ ղեկավարվել հուշարձանի շահագործման ու պահպանության վերաբերյալ լիազորված մարմնի մեթոդական ցուցումներով:

Ըստ օգտագործման բնույթի հուշարձանները բաժանվում են 2 խմբի`

ա/ հուշարձաններ, որոնք կարող են օգտագործվել բացառապես գիտահետազոտական, գիտաճանաչողական, կրթական, մշակութային և զբոսաշրջության նպատակներով:

Դրանք են` հին և միջնադարյան բնակատեղիները, ամրոցները, կոթողային հուշարձանները, դամբարանադաշտերը, միջնադարյան գերեզմանոցները, հնագիտական շերտերը, պատմամշակութային և այլ տիպի կառույցներն ու համալիրները, որոնք ենթակա չեն ամբողջական վերականգնման և օգտագործման` իրենց սկզբնական կամ դրան մոտ գործառնական նշանակությամբ:

Այսպիսի հուշարձաններում կամ դրանց տարածքում կարող են ստեղծվել թանգարաններ, բացօդյա ցուցադրություններ, պատմամշակութային կամ բնապատմական արգելոցներ` այցելուներին սպասարկելու համար անհրաժեշտ ծառայություններով,

բ/ հուշարձաններ, որոնք օգտագործվում են կամ ամրակայման և ամբողջական վերականգնման աշխատանքների կատարումից հետո կարող են օգտագործվել իրենց սկզբնական կամ դրան մոտ գործառնական նշանակությամբ:

Դրանք են` մշակութային կառույցներն ու համալիրները, վարչական, հասարակական, արդյունաբերական, առևտրային, ուսումնական, առողջարանային, հանդիսատեսային շենքերը, բնակելի, պարտեզապուրակային, լանդշաֆտային ճարտարապետության հուշարձանները, ինժեներական և ջրաշինարարական կառույցները:

109. Լիազորված մարմնի կողմից տնօրինվող հուշարձանները ստորև նշված նպատակներով օգտագործման տրամադրելիս, բացառությամբ զբոսաշրջությունը խթանող դեպքերի, կնքվում է օգտագործման պայմանագիր և վճարվում վարձավճար`

ա/ հուշարձանները կամ դրանց ֆոտոպատկերները, տեսապատկերները կամ գծապատկերները գովազդային նպատակով որպես խորհրդանիշ, պիտակ` հուշանվերների և այլ ապրանքների արտադրության համար,

բ/ հուշարձանները և դրանց պահպանական գոտու տարածքները` գեղարվեստական, հեռուստատեսային հաղորդումների, կինոնկարահանումների, ներկայացումների, տոնախմբությունների, համերգների, մասսայական բնույթի այլ միջոցառումների կազմակերպման համար:

110. Պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող հուշարձանները, պատմամշակութային արգելոցները գիտական, կրթական, մշակութային նպատակներով օգտագործելու վճարների չափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Ստացված գումարները կարող են օգտագործվել միայն հուշարձանների հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման, դրանք բարեկարգ վիճակում պահելու և գովազդելու նպատակներով:

111. Հուշարձանների և դրանց պահպանական գոտիների տարածքների օգտագործման տրամադրման պայմանագրի կողմեր կարող են հանդիսանալ`

ա/ լիազորված մարմինը,

բ/ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները,

գ/ իրավաբանական և ֆիզիկական անձինք,

դ/ հասարակական կազմակերպությունները:

112. Վարձակալական պայմանագրերին կցվում են`

ա/ հուշարձանների տեխնիկական վիճակի մասին ակտը,

բ/ հուշարձանում կամ դրա պահպանական գոտում գտնվող պատմական, գիտական կամ մշակութային արժեք ներկայացնող շարժական հուշարձանների և առարկաների ցուցակը` նշելով դրանց պահպանման ու օգտագործման պայմանները,

գ/ հուշարձանների տարածքի ընդհանուր և շենքերի ու շինությունների հատակագծերը:

113. Վարձակալական պայմանագիրը կնքելուց հետո մեկ ամսվա ընթացքում օգտագործողը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է գույքային իրավունքի պետական գրանցում, որի վկայականի պատճենը ներկայացնում է լիազորված մարմին:

114. Օգտագործողը կնքված պայմանագրերի համաձայն պարտավոր է`

ա/ չխաթարել հուշարձանի ներքին ու արտաքին տեսքը,

բ/ ապահովել հակահրդեհային նորմերը,

գ/ չխախտել հուշարձանի պահպանական գոտիների օգտագործման սահմանված պայմանակարգը,

դ/ չիրականացնել այնպիսի գործունեություն, որը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ հուշարձանի կամ պատմական միջավայրի վրա,

ե/ հուշարձանի տարածքում և դրա պահպանական գոտու սահմաններում վերականգնման, նորոգման, բարեկարգման ու այլ շինարարական, տնտեսական և այլ բնույթի աշխատանքներ կատարելիս դրանք համաձայնեցնել լիազորված մարմնի հետ,

զ/ օգտագործման ընթացքում հնագիտական նյութերի և այլ արժեքների /գանձ և այլն/ հայտնաբերման փաստի մասին տեղեկացնել լիազորված մարմնին:

115. Արգելվում է հուշարձանների և դրանց տարածքների օգտագործումը որպես`

ա/ պայթուցիկ, հրդեհավտանգ, գոլորշագազանման և այլ վնասակար արտադրություն ունեցող նյութերի պահեստներ ու արտադրամասեր,

բ/ տրանսպորտային, գյուղատնտեսական և այլ մեքենաների հավաքակայաններ,

գ/ դինամիկ և վիբրացիոն ազդեցությամբ հաստոցների, հարմարանքների և մեխանիկական այլ շարժիչների արտադրամասեր,

դ/ հուշարձանների համար ջերմային ոչ նպաստավոր ռեժիմ ստեղծող և քիմիական գործուն նյութերի կիրառման արտադրամասեր ու լաբորատորիաներ:

116. Լիազորված մարմինը պարտավոր է վարձակալական պայմանագրերով և պահպանական պարտավորագրերով սահմանել հուշարձանների ու դրանց պահպանական գոտիների օգտագործման պայմանակարգը:

117. Վարձակալական պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե`

ա/ օգտագործման ընթացքում էական վնաս է հասցվել հուշարձանին կամ դրա պահպանական գոտուն,

բ/ պարբերաբար խախտվել է հուշարձանի, դրա պահպանական գոտու օգտագործման պայմանակարգը,

գ/ հուշարձանը հայտնվել է վթարային վիճակում,

դ/ հուշարձանը կամ դրա պահպանական գոտին վերցվում է պետական կարիքների համար,

ե/ պարբերաբար չեն կատարվել պայմանագրային պարտավորությունները,

զ/ օրենքով սահմանված այլ դեպքերում:

118. Հուշարձանի, դրա պահպանական գոտու օգտագործումը վաղաժամկետ դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան