Համարը 
N 385-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.06.25/13(232)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.06.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.06.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ  ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի
N 278 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» հունիսի 2013թ.

N 385-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 278 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 23-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 278 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգի 45-րդ կետի երկրորդ պարբերությունը «կողմից» բառից հետո լրացնել «`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով» բառերով:

2. Հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման կարգը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի հունիսի18-ի N 385-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետ` հուշարձան) տեղափոխմանն առնչվող փաստաթղթերի կազմման, հաստատման և գործառույթների իրականացման կարգը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը կատարվում է բացառիկ՝ նրա զբաղեցրած տարածքի բնակլիմայական, երկրաբանական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ և այլն) հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու և (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարևորություն ունեցող արդյունաբերական, հիդրոտեխնիկական, ինժեներատրանսպորտային հաղորդակցության և այլ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում:

3. Հուշարձանի տեղափոխումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության (այսուհետ` լիազորված մարմին) եզրակացության հիման վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

4. Հուշարձանի տեղափոխումն իրականացվում է հուշարձանի սեփականատիրոջ, օգտագործողի կամ հուշարձանի տարածքում քաղաքաշինական գործունեություն ծավալող կառուցապատողի (այսուհետ` ձեռնարկող) միջոցներով:

Պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող հուշարձանի տեղափոխումը, որպես պատվիրատու, իրականացնում է լիազորված մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Հուշարձանի տեղափոխումն իրականացվում է լիազորված մարմնի հսկողությամբ:

 

II. ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

6. Լիազորված մարմինը հուշարձանի տեղափոխման համար եզրակացություն է տալիս հուշարձանի վերականգնմանը (վերստեղծմանը) հատկացված նպատակահարմար տարածքի, նախագծային առաջադրանքի ու նախագծա-նախահաշվային լիարժեք փաստաթղթերի առկայության դեպքում` հաշվի առնելով գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը:

7. Գիտանախագծային աշխատանքները կատարող կազմակերպությունն ու մասնագետները նախագծի իրականացման ամբողջ ընթացքում, պատվիրատուի հետ կնքած պայմանագրի համաձայն, սահմանված կարգով կատարում են նաև գիտական ղեկավարում և հեղինակային հսկողություն, իսկ տեխնիկական հսկիչները` համապատասխանաբար տեխնիկական հսկողություն:

8. Հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման և վերականգնման աշխատանքների ամբողջ ընթացքը, նախագծա-նախահաշվային փաստաթղթերին, գիտամեթոդական ու տեխնոլոգիական պահանջներին, սահմանված նորմերին, պահանջվող որակին և ժամկետներին կատարված աշխատանքների համապատասխանությունը, ինչպես նաև դիտողությունների ու թերությունների մասին տեղեկությունները, դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունները պարբերաբար փաստագրվում և գրանցվում են հեղինակային ու տեխնիկական հսկողության մատյանում` համաձայն շինարարության որակի տեխնիկական հսկողության և շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման վերաբերյալ գործող իրավական ակտերի:

9. Հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման և վերակառուցման ընթացքում հուշարձանապատկան բեկորների ու տարրերի անվթարության ապահովման պատասխանատվությունը կրում է այդ աշխատանքներն իրականացնողը:

 

III. ԳԻՏԱՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

10. Հուշարձանը` նպատակահարմար տարածք տեղափոխելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից թույլտվություն ստանալուց հետո ձեռնարկողը հուշարձանը վերականգնող հեղինակի հետ մշակում է դրա տեղափոխման նախագծային առաջադրանքը՝ հաշվի առնելով լիազորված մարմնի առաջադրած պայմաններն ու դիտողությունները:

Առաջադրանքում պարտադիր նախատեսվում են հուշարձանի ու դրա տարածքի ուսումնասիրում (տեղահանույթ, ճարտարապետահնագիտական չափագրություն, լուսանկարում, մատենագիտական, արխիվային, գիտահետազոտական աղբյուրներից նյութերի հավաքում, հնագիտական, նյութաբանական հետազոտություններ), ինչպես նաև նոր տարածքի երկրաբանական, հնագիտական, հետազոտական աշխատանքների կատարում, որոնք պետք է նախորդեն և հիմք ծառայեն տեղափոխման նախագիծ կազմելու համար:

Առաջադրանքում նշվում է նաև նախագծի կազմը (ճարտարապետաշինարարական, կոնստրուկտորական, տեխնոլոգիական մասեր, շինարարական աշխատանքների կազմակերպման նախագիծ, նախահաշիվներ և այլն):

11. Գիտանախագծային փաստաթղթերի կազմումը՝ համապատասխան գիտամեթոդական հիմնավորմամբ, իրագործվում է 2 փուլով՝

1) էսքիզային նախագծային փուլ.

2) աշխատանքային գծագրերի մշակման փուլ:

Փոքրածավալ և ոչ խնդրահարույց աշխատանքների դեպքում (խաչքար, տապանաքար և այլն) փաստաթղթերի կազմումը թույլատրվում է մեկ` աշխատանքային գծագրեր փուլով:

12. Նախագծի համաձայնեցումների ու հաստատման, նախագծային փաստաթղթերի կազմը, դրանց կատարման և իրականացման, կատարված աշխատանքների գնահատման և ընդունման, կատարված աշխատանքներում բացահայտված խախտումների ու թերությունների վերացման, գիտական հաշվետվությունների կազմման, փաստաթղթերի արխիվավորման պայմանները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգին համապատասխան:

 

IV. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Ձեռնարկողը հուշարձանի տեղափոխման աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավում է վերականգնման բնագավառում մասնագիտացված, համապատասխան նախագծային և հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպությունների ու անձանց:

14. Ձեռնարկողը կարող է իր իրավունքները սահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց:

15. Ձեռնարկողն ապահովում և լիազոր մարմին է ներկայացնում հուշարձանի տեղափոխման համար պետական մարմինների համապատասխան որոշումները` վերականգնման տարածքի հատկացման փաստաթղթերը, հուշարձանի տեղափոխման և նոր տեղում վերականգնման (վերստեղծման) ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինժեներաերկրաբանական, տեխնիկական, հնագիտական պայմանները, հեղինակային իրավունքի նորմերը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

16. Հուշարձանի տեղափոխման աշխատանքները կատարում է ձեռնարկողը` իր միջոցներով` սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի և տեղափոխման ու վերականգնման շինարարական աշխատանքների կատարման թույլտվության հիման վրա:

17. Մինչև հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներն սկսելը ձեռնարկողը պարտավոր է համաձայնության գալ հուշարձանի տեղափոխման հետևանքով վնասներ կրող սուբյեկտներին հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:

18. Պետական մարմնի հետ համաձայնեցնելով` ձեռնարկողն իր միջոցներով մինչև տեղափոխելը կազմակերպում և ֆինանսավորում է հուշարձանի ուսումնասիրման, չափագրման, քարերի համարակալման, քանդման, տարածքի պեղման, ինչպես նաև տեղափոխման համար հատկացված տարածքի հնագիտական, երկրաբանական, հետախուզման և հուշարձանի վերականգնման նախագծային աշխատանքները:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ