Համարը 
N 170
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.06.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.06.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.06.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ՍՏԵՂԾՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“19” հունիսի 2001թ.

N 170

 ք.Ստեփանակերտ

 

Մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը ստեղծված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպման մասին

 

Համաձայն ‹‹Հայաստանի Հանրապետության 1998 թվականի քաղաքացիական օրենսգիրքը ԼՂՀ-ում կիրարկման մեջ դնելու մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով չնախատեսված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպման կարգը (կցվում է):

2. Ընդունել ի գիտություն, որ

ա) գործող իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների վրա տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով իրավաբանական անձանց համար նախատեսված կանոնները.

բ) սույն որոշման համաձայն ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպումն իրականացվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով.

գ) սույն որոշմամբ սահմանված կարգով վերակազմակերպված կամ վերագրանցված ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և այլ իրավաբանական անձինք ազատվում են գրանցման կամ վերագրանցման համար նախատեսված պետական տուրքերի վճարումից, անկախ այն հանգամանքից, թե գրանցումը կամ վերագրանցումն իրականացնելիս դրանց կանոնադրություններում գրանցման կամ վերագրանցման հետ չառնչվող փոփոխություններ կատարվել են թե ոչ.

դ) համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` իրավաբանական անձի հիմնադրման պայմանագիրը հիմնադիր փաստաթուղթ չէ և չի ներկայացվում իրավաբանական անձը գրանցող մարմիններ.

ե) լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակներով զբաղվելու համար` իրավաբանական անձանց հատուկ թույլտվությունը (լիցենզիան) տրվում է միայն իրավաբանական անձանց պետական գրանցումից հետո.

զ) առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն զբաղվելու օրենքով չարգելված կամ լիցենզավորման ենթակա ցանկացած գործունեությամբ անկախ այն հանգամանքից, թե դրանց կանոնադրության մեջ կամ գրանցման վկայականում, դրա մասին նշված է թե ոչ.

3. (կետն ուժը կորցրել է 25.06.2002 N 152)

4. Սահմանել, որ համաձայն ‹‹Հայաստանի Հանրապետության 1998 թվականի քաղաքացիական օրենսգիրքը ԼՂՀ-ում կիրարկման մեջ դնելու մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, բաժնետիրական ընկերությունները, կոոպերատիվները, լիակատար և կոմանդիտային տնտեսական ընկերակցությունները, հասարակական, հասարակական-քաղաքական ու կրոնական կազմակերպությունները, պետական բյուջետային և ոչ բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը իրենց հիմնադիր փաստաթղթերը պետք է համապատասխանեցնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի նորմերի պահանջներին և վերագրանցվեն:

5. Մինչև 2002 թ. հուլիսի 1-ը սույն որոշմամբ սահմանված կարգով չգրանցված կամ չվերակազմակերպված ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և այլ իրավաբանական անձինք ենթակա են լուծարման օրենքով սահմանված կարգով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001թ. հուլիսի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2001թ. հունիսի 19-ի

թիվ 170 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով չնախատեսված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված այն ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և այլ իրավաբանական անձինք, որոնց կազմակերպական իրավական տեսակները նախատեսված չեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով, մինչև 2002թ. հուլիսի 1-ը ենթակա են վերակազմակերպման հետևյալ կարգով.

1. Անհատական ձեռնարկությունները և մեկ անդամից բաղկացած գյուղացիական տնտեսություններն իրենց հիմնադրի (սեփականատիրոջ) որոշմամբ կարող են վերակազմակերպվել ցանկացած ձևի տնտեսական ընկերությունների:

2. Ընտանեկան ձեռնարկությունները, մեկից ավելի անդամներից բաղկացած գյուղացիական տնտեսությունները, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններն իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ կարող են վերակազմակերպվել ցանկացած ձևի տնտեսական ընկերության կամ արտադրական կոոպերատիվի:

Եթե լիակատար կամ կոմանդիտային տնտեսական ընկերակցությունների բոլոր լիակատար անդամներն առևտրային կազմակերպություններ (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններ) կամ անհատ ձեռնարկատերեր (անհատ ձեռներեցներ) են, ապա նրանք կարող են վերակազմակերպվել նաև լիակատար կամ վստահության վրա հիմնված ընկերակցությունների:

3. Դուստր ձեռնարկություններն իրենց հիմնադիրների (սեփականատերերի) որոշմամբ կարող են վերակազմակերպվել ցանկացած ձևի տնտեսական ընկերության:

Եթե դուստր ձեռնարկության հիմնադիրը մեկ անձինց կազմված ընկերություն է և այն չի վերակազմակերպվում մեկից ավելի անդամ ունեցող ընկերության, ապա հիմնադրի բարձրագույն մարմնի որոշմամբ դուստր ձեռնարկությունը միացվում կամ միաձուլվում է հիմնադիր ընկերությանը կամ լուծարվում է:

Եթե դուստր ընկերությունն ունի շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կարգավիճակ, ապա հիմնադրի որոշմամբ կարող է վերակազմակերպվել նաև հիմնադրամի:

4. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններն իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ կարող են վերակազմակերպվել հիմնադրամների:

5. Եթե միավորման բոլոր անդամներն առևտրային կազմակերպություններ (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններ) են, ապա ձեռնարկությունների տնտեսական միավորումներն իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ կարող են վերակազմակերպվել ցանկացած ձևի տնտեսական ընկերության, ինչպես նաև իրավաբանական անձանց միության:

6. Պետական ձեռնարկությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ նրա լիազորված մարմնի որոշմամբ կարող են վերակազմակերպվել ցանկացած ձևերի տնտեսական ընկերության:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով չնախատեսված կազմակերպա-իրավական ձևի իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներն իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ կարող են վերակազմակերպվել ցանկացած ձևի տնտեսական ընկերության, իսկ եթե լրատվության միջոցների բոլոր հիմնադիրներն առևտրային կազմակերպություններ (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններ) կամ անհատ ձեռնարկատերեր (անհատ ձեռներեցներ) են, ապա նրանք կարող են վերակազմակերպվել նաև լիակատար կամ վստահության վրա հիմնված ընկերակցությունների:

Եթե մամուլի և զանգվածային լրատվության միջոցների հիմնադիրները միայն քաղաքացիներ են, ապա նրանք կարող են վերակազմակերպվել նաև արտադրական կոոպերատիվի:

Վերակազմակերպված ու գրանցված մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներն իրենց խմբագրությունների կանոնադրությունները պետք է համապատասխանեցնեն իրենց կանոնադրություններին:

8. Որպես հիմնադրամ գրանցված հասարակական կազմակերպություններն իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ կարող են վերակազմակերպվել հիմնադրամի կամ հասարակական միավորման (հասարակական կազմակերպության):

9. Համատիրությունների, հասարակական և այլ կազմակերպությունների միավորումներն իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ կարող են վերակազմակերպվել իրավաբանական անձանց միությունների:

10. Օտարերկրյա պետությունների հասարակական կազմակերպությունների իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն իրենց հիմնադիրների որոշմամբ կարող են վերակազմակերպվել իրավաբական անձի կարգավիճակ չունեցող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների:

11. Հասարակական-քաղաքական կազմակերպությունների (կուսակցությունների) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները (մասնաճյուղեր, մարզային, շրջանային կազմակերպություններ և այլն) իրենց իրավասու մարմինների որոշմամբ կարող են վերակազմակերպվել իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների կամ ցանկացած ձևի տնտեսական ընկերության:

12. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բյուջետային հիմնարկները իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող հիմնարկներ են:

13. Պետական բյուջետային և ոչ բյուջետային կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ նրա լիազորված մարմնի որոշմամբ կարող են վերակազմակերպվել ցանկացած ձևի տնտեսական ընկերության կամ հիմնարկի:

14. Այգեգործական ընկերությունները կարող են իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ վերակազմակերպվել սպառողական կամ արտադրական կոոպերատիվի, կամ ցանկացած ձևի տնտեսական ընկերության:

15. Սույն կարգի համաձայն ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպումն իրականացվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: