ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը (կցվում է):
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2003թ. մարտի 11-ի
թիվ 64 որոշմամբ |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության (այսուհետև՝ Հարկային ծառայություն) մրցութային և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետև՝ Օրենք), սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով: Հանձնաժողովի անդամները մրցույթի և ատեստավորման կազմակերպման համար վարձատրվում են պետի հրամանով:
3. Հանձնաժողովի անհատական կազմը Հարկային ծառայության մարմնի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Նույն որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
4. Հարկային ծառայության մարմնի ղեկավարը անհրաժեշտության դեպքում հիմնավորված առաջարկություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն Հանձնաժողովի անդամի փոփոխման վերաբերյալ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Հանձնաժողովի խնդիրներն են՝
ա) ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
բ) արդյունավետ կերպով իրականացնել հարկային ծառայության համար արհեստավարժ կադրերի ընտրությունը և ծառայողական առաջխաղացումը.
գ) համաձայն հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի, ապահովել անցկացվող մրցույթների թափանցիկությունն ու հրապարակայնությունը.
դ) ատեստավորման միջոցով գնահատել հարկային ծառայողի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին, ինչպես նաև վերջինիս ծառայողական առաջխաղացման նպատակահարմարությունը:
6. Հանձնաժողովը՝
ա) Օրենքով նախատեսված հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ընդունում է որոշում բաց մրցույթ կազմակերպելու մասին.
բ) բաց մրցույթ անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ առնվազն հինգ հարյուր տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը, տվյալ պաշտոնի նկարագրին համապատասխան ներկայացվող պարտադիր պահանջները և թեստերի հարցաշարը.
գ) Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ընդունում է որոշում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Ա, Բ և Գ խմբերի թափուր պաշտոնները համալրելու նպատակով փակ մրցույթ կազմակերպելու մասին և հրապարակում է այն.
դ) ընդունում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների և հարկային ծառայողների (այսուհետև՝ քաղաքացիների) փաստաթղթերը.
ե) ստուգում է քաղաքացիների կողմից ներկայացրած փաստաթղթերի օրինականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.
զ) ընդունում է կրկնակի մրցույթ անցկացնելու որոշում և անցկացնում է կրկնակի մրցույթ, եթե մրցույթի հարցազրույցի մաս ոչ մի մասնակից չի անցել կամ եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել կամ եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է օրենսդրությամբ ներկայացվող պարտադիր պահանջներին անհամապատասխանություն կամ օրենքով սահմանված սահմանափակում կամ անցկացված մրցույթը դատական կարգով անվավեր է ճանաչվել.
է) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ և կայացնում որոշումներ.
ը) կազմում և հաստատում է թեստավորման առաջադրանքներ.
թ) մինչև թեստավորումը և հարցազրույցը սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեաթերթերի համար նախատեսված ծրարները (արկղերը).
ժ) կազմում է թեստեր՝ մրցույթի և ատեստավորման թեստավորման մասն անցկացնելու համար.
ժա) գաղտնիությունն ապահովելու նպատակով թեստավորումն անց է կացնում մասնակիցների համար կոդերի կիրառմամբ.
ժբ) իրականացնում է մրցույթի մասնակիցների և ատեստավորման ենթակա հարկային ծառայողների թեստավորում.
ժգ) ստուգում և գնահատում է մրցույթի մասնակիցների և ատեստավորվող հարկային ծառայողների թեստավորման արդյունքները.
ժդ) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
ժե) հաստատում և հրապարակում է մրցույթի և ատեստավորման հաջորդ՝ հարցազրույցի մաս անցած մասնակիցների և ատեստավորվողների ցուցակը.
ժզ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.
ժէ) մրցույթի և ատեստավորման մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.
ժը) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.
ժթ) քվեարկության արդյունքում կայացնում է որոշում հաղթող (հաղթողներ) ճանաչելու վերաբերյալ.
ի) համապատասխան պաշտոնի համար թեկնածուի ընտրության և ատեստավորման ժամանակ առաջնորդվում է տվյալ պաշտոնի նկարագրին համապատասխանող պահանջներով.
իա) ամփոփում է մրցույթի և ատեստավորման արդյունքները.
իբ) մրցույթի պայմանները չբավարարած անձանց այդ մասին հայտնում է գրավոր մրցույթի ավարտից հետո յոթնօրյա ժամկետում.
իգ) հրապարակում է մրցույթի կամ ատեստավորման արդյունքները.
իդ) մրցույթի ավարտից հետո եռօրյա ժամկետում մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ Հարկային ծառայության մարմնի ղեկավարին տալիս է գրավոր եզրակացություն.
իե) ատեստավորման ավարտից հետո եռօրյա ժամկետում հարկային ծառայողի վերաբերյալ կայացրած գրավոր եզրակացությունը ներկայացնում է Հարկային ծառայության մարմնի ղեկավարին.
իզ) Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամի թեկնածուի վերաբերյալ տալիս է եզրակացություն.
իէ) վարում է հարկային ծառայողների՝ սույն կետի «իե» ենթակետով նախատեսված եզրակացությունների ռեեստրը, ինչպես նաև հետևում է, որ նշված եզրակացությունները կցվեն հարկային ծառայողի անձնական գործին.
իը) քննարկում է մրցույթի և ատեստավորման արդյունքների հետ կապված մրցույթի մասնակիցների և ատեստավորվողների բողոքները, անհրաժեշտության դեպքում տալիս է նոր եզրակացություն.
իթ) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով վերապահված լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:
8. Հանձնաժողովը որոշումներ է ընդունում քվեարկության միջոցով:
9. Հանձնաժողովի կայացրած որոշումներն իրավազոր են, եթե դրանց կայացմանը մասնակցել է Հանձնաժողովի առնվազն վեց անդամ:
10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ:
11. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են գրավոր և ստորագրվում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից: Սույն աշխատակարգի 6-րդ կետի «ժթ», «իդ», «իե», «իզ» ենթակետերով նախատեսված որոշումները (եզրակացությունները) ստորագրում են Հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած բոլոր անդամները:
12. Հանձնաժողովն ունի իր անվամբ կնիք և ձևաթղթեր:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
13. Հանձնաժողովի նախագահը՝
ա) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է հանձնաժողովի նիստերը.
գ) տնօրինում է Հանձնաժողովի կնիքը.
դ) համաձայն սահմանված կարգի կազմակերպում և իրականացնում է թեստերի կազմման և թեստավորման անցկացման աշխատանքների հսկողությունը.
ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
զ) որոշում է մրցույթի և ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
է) կնքում է թեստերի ամփոփաթերթերը, քվեաթերթերը և Հանձնաժողովի որոշումները.
ը) Հարկային ծառայության մարմնի ղեկավարի համաձայնությամբ, իր բացակայության ժամանակ ժամանակավորապես իր գործառույթների իրականացումը վերալիազորում է Հանձնաժողովի այլ անդամի.
թ) Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում վերջինիս պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարում է Հանձնաժողովի այլ անդամի.
ժ) Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում գրավոր տեղյակ է պահում Հարկային ծառայության մարմնի ղեկավարին.
ժա) իրականացնում է սույն աշխատակարգի VI բաժնով և այլ իրավական ակտերով վերապահված լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
14. Հանձնաժողովի քարտուղարը՝
ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
բ) բացատրում է մրցույթի մասնակիցներին և ատեստավորվողներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
գ) կազմում է սույն աշխատակարգի 6-րդ կետի «իե» և «իզ» ենթակետերով նախատեսված եզրակացությունները.
դ) իրականացնում է սույն աշխատակարգի VI բաժնով և այլ իրավական ակտերով վերապահված լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
15. Հանձնաժողովի անդամը՝
ա) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է Հանձնաժողովի նիստը.
բ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.
գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը, իրավունք ունի հարցեր տալ մասնակիցներին.
դ) հարցազրույցից հետո մասնակցում է Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի (ատեստավորվողի) համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը՝ քվեարկելով կողմ կամ դեմ.
ե) մասնակցում է քվեաթերթիկների կողմ և դեմ ձայների հաշվմանը և հետևում հանձնաժողովի քարտուղարի կողմից դրանց գրանցմանը եզրակացության մեջ.
զ) ստորագրում է մրցույթի կամ ատեստավորման եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը, եզրակացությանը կցելով թղթի վրա շարադրած և ստորագրած կարծիքը.
է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
ը) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով վերապահված լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
16. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին կամ դատարան: