Համարը 
N 84
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.03.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.03.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2005

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''11'' մարտի 2003թ.

N 84

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» ԼՂՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և ԼՂՀ 2003թ. հունվարի 21-ի «Գնումների մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 7 որոշման համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .

Հաստատել՝

ա) ԼՂՀ պետական գնումների գործակալության կանոնադրությունը (կցվում է).

բ) ԼՂՀ պետական գնումների գործակալության կառուցվածքը (կցվում է):

գ) ԼՂՀ պետական գնումների գործակալության աշխատողների թվաքանակը՝ 16 միավոր:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա.Դանիելյան 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2003թ. մարտի 11-ի

թիվ 84 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼՂՀ պետական գնումների գործակալության

1. Ընդհանուր դրույթներ

 

1. ԼՂՀ պետական գնումների գործակալությունը (այսուհետև՝ գործակալություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է և ենթարկվում է ԼՂՀ կառավարությանը:

2. Գործակալությունը սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

3. Գործակալությունը ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ:

4. Գործակալության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

5. Գործակալությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ ու գանձապետական հաշիվ:

 

2. Գործակալության հիմնական խնդիրները

 

6. Գործակալության հիմնական խնդիրներն են՝

ա) պետության և համայնքների կարիքների համար կենտրոնացված գնումների կատարումը.

բ) իր իրավասության սահմաններում կենտրոնացված գնումների ընթացակարգին վերաբերող տեղեկությունների գրառումը՝ համապատասխան փաստաթղթեր կազմելով.

գ) կենտրոնացված գնումների մասնակիցների հակաօրինական գործողությունների նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի կիրառումը.

դ) կենտրոնացված գնումների մասնակցության հավասարության իրավունքի ապահովումը.

ե) կենտրոնացված գնումների հրապարակայնության ապահովումը.

զ) սահմանված կարգով մրցույթի հանձնաժողովների կազմավորումը, դրանց գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, մրցույթի հանձնաժողովների լուծարումը.

է) սահմանված կարգով մրցույթի հայտերի ընդունումը, գրանցումն ու մրցույթի հայտերի ընդունման մասին տեղեկանքների տրամադրումը.

ը) սահմանված կարգով ընտրված մասնակցին պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, պայմանագիր կնքելը և պայմանագիր կնքելու մասին որոշման հրապարակումը.

թ) գնումների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցությունը.

ժ) միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների՝ գնումների հետ կապված համագործակցության համակարգման աշխատանքներին մասնակցությունը.

ժա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գնումների գործընթացում ընդգրկված աշխատողների մասնագիտական ուսուցման, որակավորման և վերապատրաստման աշխատանքներին օժանդակությունը.

ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

3. Գործակալության աշխատանքների կազմակերպումը

 

7. Գործակալությունը՝

ա) ապահովում է իր առջև դրված խնդիրների իրականացումը.

բ) սահմանված կարգով մասնակցում է իր գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակմանը.

գ) աջակցում է գործակալության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացմանը, նրանց վերապատրաստման գործին և սահմանված կարգով ատեստավորում նրանց.

դ) սահմանված կարգով կազմակերպում է ստացված նամակների, դիմումների և բողոքների ժամանակին քննարկումը, միջոցներ ձեռնարկում դրանցում հաղորդվող խախտումների և թերությունների վերացման համար.

ե) սահմանված կարգով կազմում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում գործակալության գործունեության տարեկան ծրագիրն ու դրա կատարման մասին հաշվետվությունը:

8. Գործակալությունը ղեկավարում է գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

9. Գործակալության պետն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ գործակալության պետի ներկայացմամբ:

10. Գործակալության պետի բացակայության դեպքում գործակալության պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալը:

11. Գործակալության պետը՝

ա) ղեկավարում է գործակալության գործունեությունը, պատասխանատու է գործակալության՝ սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների իրականացման համար.

բ) սահմանում է գործակալության պետի տեղակալի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունները.

գ) հաստատում է գործակալության ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

դ) սահմանված կարգով տնօրինում է գործակալությանն ամրացված գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, տալիս լիազորագրեր, կնքում քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրեր.

ե) մրցույթով ընտրում և աշխատանքային պայմանագրերով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում գործակալության ապարատի աշխատողներին,

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, սահմանված կարգով խրախուսում համակարգի աշխատողներին և կարգապահական ներգործության միջոցներ կիրառում նրանց նկատմամբ.

է) կազմակերպում է գործակարգավարական և այլ խորհրդակցություններ, ստորագրում նիստերի արձանագրությունները.

ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում գործակալության ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը և պաշտոնային դրույքաչափերը.

թ) իր իրավասության սահմաններում պարզաբանումներ է տալիս կենտրոնացված գնումների հետ կապված հարցերի վերաբերյալ.

ժ) հաստատում է գործակալության ապարատի աշխատողների պաշտոնային հրահանգները.

ժա) ներկայացնում է գործակալությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում .

ժբ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2003թ. մարտի 11-ի

թիվ 84 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության

 

Գնումների կազմակերպման բաժին

Իրավաբանական բաժին

Ընդհանուր բաժին